Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՓԵՏՐՎԱՐ 2015

 ԸՆԴՕՐԻՆԱԿԵՔ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՏԸ | ՀՈՎՍԵՓ

«Չէ՞ որ մեկնությունը Աստծուց է»

«Չէ՞ որ մեկնությունը Աստծուց է»

ՀՈՎՍԵՓԸ դանդաղ քայլերով անցնում էր մութ միջանցքով։ Նա տքնաջան աշխատել էր հեղձուցիչ տապին, և նրա մարմնի վրայով հոսում էին քրտինքի կաթիլները։ Եգիպտոսի բարկ արևը այնպես էր տաքացրել բանտի պատերը, որ այն կարծես տաք վառարան լիներ։ Հովսեփին երբեմն թվում էր, թե իրեն ծանոթ է պատերի ամեն մի աղյուսը, ամեն մի ճաքը։ Այժմ դա իր ողջ աշխարհն էր։ Թեև նա բանտում մեծ հարգանք էր վայելում, բայց, միևնույնն է, նա բանտարկյալ էր՝ զրկված ազատությունից։

Հավանաբար, Հովսեփը հաճախ էր մտաբերում իր կյանքը Քեբրոնի բարձրաբերձ լեռներում, որտեղ նա արածեցնում էր իր հոր հոտերը։ Նա մոտ 17 տարեկան էր, երբ իր հոր՝ Հակոբի հանձնարարությունը կատարելու համար ճանապարհ ընկավ՝ անցնելով տասնյակ կիլոմետրեր։ Սակայն այժմ Հովսեփը բանտում էր, որտեղ ազատության մասին կարող էր միայն երազել։ Հովսեփի եղբայրները, նախանձից և ուժգին ատելությունից դրդված, վաճառել էին նրան ստրկության։ Ապա նրան բերել էին Եգիպտոս, և նա սկսել էր ծառայել փարավոնի պալատականներից մեկի՝ Պետափրեսի տանը։ Սկզբում Հովսեփը վայելում էր իր տիրոջ վստահությունը։ Բայց Պետափրեսի կինը Հովսեփին անարդարացիորեն մեղադրեց բռնաբարության մեջ, և արդյունքում Հովսեփը հայտնվեց այստեղ՝ բանտում * («Ծննդոց» գիրք, 37-րդ, 39-րդ գլուխներ)։

Հովսեփն արդեն 28 տարեկան էր. նրա երիտասարդության մոտ տասը տարին անցել էր ստրկության և բանտարկության մեջ։ Հովսեփի կյանքը, մեղմ ասած, բոլորովին այնպիսին չէր, ինչպիսին որ նա էր երազել։ Նա, հավանաբար, մտածում էր. «Երբևիցե ազատ կարձակվե՞մ բանտից։ Կրկին կտեսնե՞մ իմ տարեց հորը և իմ սիրելի փոքր եղբորը՝ Բենիամինին։ Դեռ որքա՞ն պետք է մնամ այս մռայլ բանտում»։

Իսկ դու երբևէ ունեցե՞լ ես նման զգացումներ։ Հաճախ կյանքը ամենևին էլ այնպիսին չի լինում, ինչպիսին պատկերացրել ենք մեր պատանեկան երազանքներում։ Իսկապես, երբեմն կարող է թվալ, թե ճնշող իրավիճակները վերջ չունեն, ոչ մի ելք չկա և այլևս անհնար է դիմանալ։ Բայց եկեք տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել Հովսեփի հավատից։

«ԵՀՈՎԱՆ ՀՈՎՍԵՓԻ ՀԵՏ ԷՐ»

Հովսեփը գիտեր, որ Եհովան՝ իր Աստվածը, երբեք չի մոռանա իրեն, և դա, անկասկած, նրան ուժ էր տալիս տոկալու։ Եհովան շարունակում էր տարբեր կերպերով օրհնել ու օգնել Հովսեփին, անգամ, երբ նա բանտում էր, օտարության մեջ։ Աստվածաշնչում կարդում ենք. «Եհովան Հովսեփի հետ էր ու շարունակ սիրառատ բարություն էր ցույց տալիս նրա հանդեպ և այնպես արեց, որ նա հաճություն գտնի բանտապետի աչքին» (Ծննդոց 39։21–23)։ Եհովան հիմնավոր պատճառներ ուներ օրհնելու Հովսեփին, քանի որ վերջինս շարունակում էր մեծ ջանասիրությամբ աշխատել, որտեղ էլ, որ լիներ։ Ինչ խոսք, Հովսեփի համար անչափ մխիթարական էր իմանալ, որ իր Աստվածը միշտ իր հետ է։

Արդյո՞ք Եհովան թույլ էր տալու, որ Հովսեփն ընդմիշտ մնար բանտում։ Հովսեփը չգիտեր պատասխանը, բայց նա, անկասկած, այդ մասին անդադար խնդրում էր իր աղոթքներում։ Եվ ինչպես հաճախ է լինում, Եհովան նրա աղոթքներին պատասխանեց անսպասելի կերպով։ Մի օր բանտում իրարանցում սկսվեց. բերել էին երկու նոր բանտարկյալների, որոնք փարավոնի պալատականներից էին։ Նրանցից մեկը՝ գլխավոր հացագործն էր, մյուսը՝ գլխավոր գինեմատույցը (Ծննդոց 40։1–3

 Թիկնապահների պետը Հովսեփին հանձնարարեց հոգ տանել այդ երկու մարդկանց մասին *։ Մի օր այդ պալատականները արտասովոր երազ տեսան։ Երբ առավոտյան Հովսեփը հանդիպեց նրանց, հասկացավ, որ ինչ-որ բան է պատահել։ Ուստի հարցրեց. «Ինչո՞ւ է ձեր դեմքը այսօր մռայլ» (Ծննդոց 40։3–7)։ Հավանաբար, Հովսեփի հոգատար վերաբերմունքը վստահեցրեց այդ մարդկանց, որ կարող են ազատորեն արտահայտել իրենց մտահոգությունները։ Հովսեփը չէր էլ պատկերացնում, թե ինչ կարևոր դեր էր ունենալու այդ զրույցն իր կյանքում։ Ինչ խոսք, այդպիսի զրույց տեղի չէր ունենա, եթե Հովսեփը սիրալիր հոգատարություն չդրսևորեր իր կողքին գտնվող մարդկանց հանդեպ։ Նրա օրինակը կարող է մղել մեզ մտածելու. «Իսկ ես գործերով արտահայտո՞ւմ եմ իմ հավատը՝ անկեղծ հետաքրքրություն դրսևորելով մարդկանց նկատմամբ»։

Հովսեփը մյուս բանտարկյալներին բարությամբ ու հարգանքով էր վերաբերվում

Այդ երկու մարդիկ Հովսեփին ասացին, որ իրենք մտահոգված էին իրենց տեսած անհասկանալի, խորհրդավոր երազների պատճառով, նաև այն պատճառով, որ չկար մեկը, ով կմեկներ այդ երազները։ Եգիպտացիները մեծ նշանակություն էին տալիս երազներին և շատ էին կարևորում այն մարդկանց, ովքեր ասում էին, թե կարող են մեկնաբանել դրանք։ Այդ երկու նախկին պաշտոնյաները չգիտեին, որ իրենց տեսած երազները Եհովայից էին՝ Հովսեփի Աստծուց։ Բայց Հովսեփը գիտեր։ Նա ասաց այդ մարդկանց. «Չէ՞ որ մեկնությունը Աստծուց է։ Պատմեք ինձ [ձեր երազները], խնդրեմ» (Ծննդոց 40։8)։ Հովսեփի խոսքերը այսօր կարևոր նշանակություն ունեն բոլոր նրանց համար, ովքեր անկեղծորեն ուսումնասիրում են Աստվածաշունչը։ Իսկապես, անչափ կարևոր է, որ ամեն կրոնասեր անհատ, Հովսեփի նման, խոնարհություն դրսևորի, խուսափի ինքնավստահությունից և ապավինի Աստծուն՝ նրա Խոսքը ճիշտ հասկանալու համար (1 Թեսաղոնիկեցիներ 2։13; Հակոբոս 4։6

Սկզբում իր երազը պատմեց գինեմատույցը։ Նա ասաց, որ երազում տեսավ խաղողի մի որթատունկ՝ վրան երեք ոստեր, որոնց վրա խաղողի ողկույզներ աճեցին։ Խաղողը հասունացավ, և գինեմատույցը դրա հյութը քամեց փարավոնի գավաթի մեջ։ Եհովայի օգնությամբ Հովսեփն անմիջապես հասկացավ երազի նշանակությունը։ Նա գինեմատույցին ասաց, որ երեք ոստերը խորհրդանշում էին երեք օրեր, և որ այդքան ժամանակ հետո փարավոնը նրան կվերադարձներ իր նախկին պաշտոնին։ Գինեմատույցը թեթևացած շունչ քաշեց, և նրա դեմքին խաղաղություն իջավ։ Այդ ժամանակ Հովսեփը ասաց նրան. «Խնդրում եմ, սիրառատ բարություն ցույց տուր իմ հանդեպ ու իմ մասին ասա փարավոնին»։ Նա գինեմատույցին պատմեց, որ իրեն առևանգել էին իր երկրից, իսկ հետո անարդարացիորեն բանտարկել (Ծննդոց 40։9–15

Տեսնելով, որ Հովսեփը լավ լուր հաղորդեց գինեմատույցին՝ հացագործը խնդրեց նրան, որ մեկնաբանի նաև իր երազը։ Նա ասաց, որ երազում տեսավ իր գլխի վրա դրված երեք զամբյուղ՝ հացով լի, և դրանցից մեկից թռչունները հաց էին ուտում։ Եհովան Հովսեփին տվեց նաև այդ երազի մեկնությունը, որը, սակայն, բոլորովին էլ լավ լուր չէր լինելու հացագործի համար։  Հովսեփն ասաց. «Սա է դրա մեկնությունը. երեք զամբյուղը երեք օրեր են։ Երեք օր հետո փարավոնը քեզ ազատ կարձակի և գլուխդ կկտրի ու ցցից կկախի քեզ, և թռչունները կուտեն քո մարմինը» (Ծննդոց 40։16–19)։ Եհովայի մյուս հավատարիմ ծառաների նման, Հովսեփը համարձակորեն հայտնեց Աստծու հաղորդած տեղեկությունը՝ անկախ նրանից դա բարի լուր էր, թե վերահաս դատաստանի մասին լուր (Եսայիա 61։2

Երեք օր անց Հովսեփի խոսքերն իրականացան։ Փարավոնը իր ծննդյան օրվա առթիվ խնջույք կազմակերպեց (Աստծու ժողովրդի մեջ այդպիսի սովորություն չկար)։ Այդ խնջույքի ժամանակ փարավոնը հրապարակեց, թե ինչ վճիռ է կայացրել իր երկու նախկին պալատականների վերաբերյալ։ Հացագործը մահվան դատապարտվեց, ճիշտ ինչպես Հովսեփն էր հայտնել, իսկ գինեմատույցը վերադարձավ իր նախկին պաշտոնին։ Սակայն, ցավոք, գինեմատույցը այդպես էլ չհիշեց Հովսեփի մասին (Ծննդոց 40։20–23

«ՈՉ ԹԵ ԵՍ, ԱՅԼ ԱՍՏՎԱԾ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ»

Անցավ երկու տարի (Ծննդոց 41։1)։ Կարելի է պատկերացնել, թե որքան ընկճված էր Հովսեփը։ Նա թերևս մեծ հույսեր էր տածում այն դեպքից հետո, երբ Եհովայի օգնությամբ մեկնել էր գինեմատույցի և հացագործի երազները։ Հավանաբար, նա ամեն բացվող արշալույսին արթնանում էր նոր սպասումով, որ այդ օրը իրեն ազատ կարձակեն, բայց, ավա՜ղ, ոչինչ չէր փոխվում, և բանտի միօրինակ ու տաղտկալի կյանքը շարունակում էր ընթանալ իր հունով։ Այդ երկու տարիները, ըստ ամենայնի, ամենադժվար տարիներն էին Հովսեփի համար, բայց նա երբեք չդադարեց Եհովային՝ իր Աստծուն ապավինելուց։ Նա չէր հուսալքվում, այլ վճռակամությամբ տոկում էր դժվարություններին։ Իր առջև ծառացած փորձությունները հաղթահարելով՝ նա դարձավ ավելի ուժեղ անձնավորություն (Հակոբոս 1։4

Բոլորս էլ այս դժվարին ժամանակներում տոկունություն զարգացնելու կարիք ունենք։ Մեր կյանքում շարունակ բախվում ենք զանազան փորձությունների, ուստի մեզ անհրաժեշտ են վճռականություն, համբերություն և ներքին խաղաղություն, որոնք մեզ կարող է տալ միայն Աստված։ Ինչպես որ նա օգնեց Հովսեփին, այդպես էլ կարող է օգնել մեզ, որ պայքարենք հուսահատության դեմ և ամուր հույս ունենանք (Հռոմեացիներ 12։12; 15։13

Ճիշտ է, գինեմատույցը մոռացել էր Հովսեփին, բայց Եհովան չէր մոռացել։ Մի օր Աստված փարավոնին արտասովոր երազներ տվեց։ Առաջին երազում թագավորը տեսավ, որ Նեղոս գետից դուրս եկան տեսքով գեղեցիկ և գեր մարմնով յոթ կովեր, իսկ նրանց հետևից դուրս եկան տգեղ և նիհար ուրիշ յոթ կովեր։ Նիհար կովերը կերան գեր կովերին։ Հետո փարավոնը մեկ այլ երազ տեսավ. ցորենի մի ցողունի վրա դուրս եկան յոթ պարարտ հասկեր, ապա դուրս եկան ուրիշ յոթ հասկեր՝ բարակ և քամուց խանձված, որոնք կուլ տվեցին այն յոթ լավ հասկերը։ Առավոտյան փարավոնը արթնացավ՝ իր տեսած երազներից խիստ մտահոգված ու շփոթված, ուստի կանչեց իր բոլոր իմաստուններին և մոգությամբ զբաղվող քրմերին, որ մեկնեն իր երազը։ Բայց դա նրանց չհաջողվեց (Ծննդոց 41։1–8)։ Գուցե նրանք ոչինչ չկարողացան ասել կամ էլ տարբեր հակասական բացատրություններ տվեցին։ Ինչևէ, փարավոնը դժգոհ էր ու հիասթափված, բայց այժմ նա ավելի շատ էր փափագում իմանալ իր երազի մեկնությունը։

Վերջապես գինեմատույցը հիշեց Հովսեփին։ Նրա խիղճը սկսեց տանջել, և նա փարավոնին պատմեց, որ երկու տարի առաջ բանտում հանդիպել էր մի շնորհալի երիտասարդի, որը ճշգրտորեն մեկնել էր իր ու հացագործի երազները։ Փարավոնն անմիջապես մարդ ուղարկեց, որ Հովսեփին բերեն բանտից (Ծննդոց 41։9–13

Կարելի է պատկերացնել, թե ինչ զգաց Հովսեփը, երբ փարավոնի ուղարկած մարդիկ հայտնեցին արքայական հրամանը։ Հովսեփն անմիջապես փոխեց իր հանդերձները և սափրվեց՝ հավանաբար ածիլելով իր գլխի մազերը, քանի որ եգիպտացիները այդպիսի սովորություն ունեին։ Նա, անկասկած, նաև ջերմեռանդորեն աղոթեց Եհովային, որ օրհնի ու աջակցի իրեն։ Եվ ահա Հովսեփը կանգնած էր շքեղ թագավորական պալատում՝ հզոր միապետի առջև։ Աստվածաշնչում կարդում ենք. «Փարավոնն ասաց Հովսեփին. «Ես երազ եմ տեսել, բայց այն մեկնող չկա։ Իսկ քո մասին լսել եմ, որ եթե քեզ երազ պատմեն, կարող ես մեկնել այն»»։ Հովսեփի պատասխանը կրկին ցույց տվեց նրա խոնարհությունը և Աստծու հանդեպ հավատը։ Նա ասաց. «Ոչ թե ես, այլ Աստված մեկնություն կտա ի նպաստ փարավոնին» (Ծննդոց 41։14–16

Հովսեփը խոնարհաբար ասաց փարավոնին. «Ոչ թե ես, այլ Աստված մեկնություն կտա»

Եհովան սիրում է խոնարհ, հավատարիմ մարդկանց, ուստի զարմանալի չէ, որ նա Հովսեփին հայտնեց երազի մեկնությունը, որը Եգիպտոսի իմաստուններն ու քրմերը այդպես էլ չկարողացան գտնել։ Հովսեփն ասաց փարավոնին, որ երկու երազները միևնույն նշանակությունը ունեն։ Փարավոնին երկու անգամ երազ տալով՝ Եհովան ցանկանում էր ցույց տալ, որ իր ասածը «հաստատապես վճռված է», այսինքն՝ հաստատ կատարվելու է։ Գեր կովերը և ցորենի առողջ հասկերը նշանակում էին, որ Եգիպտոսում յոթ տարի առատություն էր լինելու, իսկ նիհար կովերը և դատարկ ու խանձված հասկերը խորհրդանշում էին սովի յոթ տարիներ, որոնք հաջորդելու էին առատության տարիներին։ Սովն  այնքան սաստիկ էր լինելու, որ երկրի առատ պաշարները սպառվելու էին (Ծննդոց 41։25–32

Փարավոնը հասկացավ, որ Հովսեփը ճիշտ մեկնեց երազը։ Բայց այժմ ի՞նչ քայլեր էր անհրաժեշտ ձեռնարկել։ Հովսեփը մի խելամիտ առաջարկ արեց։ Նա ասաց, որ փարավոնը պետք է մի «խոհեմ ու իմաստուն մարդ» գտնի, որպեսզի նա հոգ տանի, որ առատության տարիներին հացահատիկը հավաքվի պահեստներում, իսկ հետո, երբ սկսվեն սովի տարիները, մատակարարվի մարդկանց (Ծննդոց 41։33–36)։ Հովսեփն, անկասկած, կարող էր այդ գործը լավագույն կերպով անել, քանի որ ուներ անհրաժեշտ փորձ և ունակություններ, բայց նա չառաջադրեց իրեն։ Հովսեփն այնքան խոնարհ էր, որ նրա մտքով անգամ չէր անցնում այդպիսի փառատենչ նպատակ հետապնդել։ Բացի այդ, նա այնքան ամուր հավատ ուներ Եհովայի հանդեպ, որ երբեք ինքնավստահ քայլեր չէր ձեռնարկի։ Եթե իսկապես հավատում ենք Եհովային, փառասիրական նպատակներ չենք հետապնդի և ինքնավստահ չենք լինի։ Նաև չենք մտահոգվի, այլ վստահությամբ ամեն բան կհանձնենք Եհովայի հոգատար ձեռքը։

«ՄԻ՞ԹԵ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՅՍ ՄԱՐԴՈՒ ՆՄԱՆ ՄԵԿ ՈՒՐԻՇԻ ԳՏՆԵԼ»

Փարավոնը և նրա բոլոր ծառաները հասկացան, որ Հովսեփի տված խորհուրդը շատ իմաստուն էր։ Թագավորը նաև ընդունեց, որ իրականում Հովսեփի Աստվածն է հայտնել նրան այդ իմաստուն խոսքերը։ Նա ասաց իր ծառաներին. «Մի՞թե հնարավոր է այս մարդու նման մեկ ուրիշի գտնել, որի մեջ Աստծու ոգին կա»։ Ապա դիմելով Հովսեփին՝ ասաց. «Քանի որ Աստված քեզ է հայտնել այս ամենը, ուստի քեզ պես խոհեմ և իմաստուն ոչ ոք չկա։ Անձամբ դու կլինես իմ տան վրա, և իմ ամբողջ ժողովուրդը լիովին կհնազանդվի քեզ։ Քեզնից միայն գահով մեծ կլինեմ» (Ծննդոց 41։38–41

Փարավոնը իր խոսքի տերը եղավ։ Շուտով Հովսեփին բարձրորակ կտավից հանդերձ հագցրին, ու փարավոնը նրան տվեց ոսկե վզնոց, կնքամատանի և արքայական կառք։ Հովսեփին լիակատար իշխանություն տրվեց, որ շրջի երկրով մեկ և իրագործի իր առաջարկած ծրագիրը (Ծննդոց 41։42–44)։ Փաստորեն, ընդամենը մեկ օրում Հովսեփի կյանքը փոխվեց. նա առավոտյան արթնացավ որպես անարգված դատապարտյալ, իսկ երեկոյան քուն մտավ որպես փարավոնից հետո երկրորդ ղեկավար։ Ակնհայտ է, որ Եհովայի հանդեպ Հովսեփի հավատը լիովին վարձատրվեց։ Եհովան տեսնում էր այն բոլոր անարդարությունները, որոնց տարիներ շարունակ բախվում էր իր հավատարիմ ծառան, և ճիշտ ժամանակին ու ճիշտ կերպով լուծեց բոլոր խնդիրները։ Եհովան նպատակ ուներ ոչ միայն վերջ դնելու Հովսեփի տառապանքներին, այլ նաև պահպանելու իր այն ծառաների կյանքը, որոնցից հետագայում կազմավորվելու էր Իսրայել ժողովուրդը։ Այս խորագրի հաջորդ հոդվածում մենք կիմանանք, թե Եհովան ինչպես իրագործեց իր այդ նպատակը։

Եթե դու էլ ես ծանր իրավիճակում, տարիներ շարունակ անարդարության ես բախվում և քեզ թվում է, թե ելք չկա, մի՛ հուսահատվիր։ Հիշիր Հովսեփին։ Նա ցանկացած իրավիճակում դրսևորում էր բարություն, խոնարհություն, տոկունություն և անսասան հավատ, այնպես որ Եհովան ամեն հիմնավոր պատճառն ուներ վարձատրելու իր հավատարիմ ծառային։

^ պարբ. 4 Տե՛ս «Դիտարանի» 2014թ. օգոստոսի 1-ի և նոյեմբերի 1-ի «Ընդօրինակեք նրանց հավատը» խորագրի հոդվածները։

^ պարբ. 10 Հին Եգիպտոսում մարդիկ օգտագործում էին հացերի և թխվածքեղենի ավելի քան 90 տեսակ, ուստի կարելի է եզրակացնել, որ փարավոնի հացագործների պետը բարձրաստիճան անձնավորություն էր։ Իսկ գլխավոր գինեմատույցը վերահսկում էր այն ծառաներին, ովքեր հոգ էին տանում, որ փարավոնի գինին, հավանաբար նաև գարեջուրը, բարձրորակ լինեն, նաև հետևում էին, որ դրանք թունավորված չլինեն, քանի որ միապետի դեմ ուղղված դավադրություններն ու մահափորձերը տարածված էին արքունիքում։ Ուստի սովորաբար գինեմատույցը թագավորի վստահելի խորհրդատուներից մեկն էր լինում։

Իմացիր ավելին

«Խնդրում եմ, լսեցեք, թե ինչ երազ եմ տեսել»

Հովսեփի բարդ ընտանիքը արժեքավոր բան է սովորեցնում խառը ընտանիքներ ունեցողներին։

«Ինչպե՞ս կարող եմ անել այս մեծ չարիքը»

Ինչպե՞ս Հովսեփը դիմադրեց իրեն գայթակղելու Պետափրեսի կնոջ վճռական ջանքերին։

Ընդօրինակեք նրանց հավատը

Ինչպե՞ս կարող ենք այսօր օգուտներ քաղել՝ կարդալով Աստվածաշնչում հիշատակված հավատարիմ մարդկանց հավատի մասին։