Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՓԵՏՐՎԱՐ 2015

 ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ

Աստվածաշնչում գտա ինձ հուզող հարցերի պատասխանները

Աստվածաշնչում գտա ինձ հուզող հարցերի պատասխանները
  • ԾՆՎԵԼ Է՝ 1948

  • ԵՐԿԻՐԸ՝ ՀՈՒՆԳԱՐԻԱ

  • ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՓՆՏՐՈՂ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։

Ես ծնվել եմ Հունգարիայի Սեկեշֆեհերվար քաղաքում, որն ունի ավելի քան 1000 տարվա հարուստ պատմություն։ Մինչ օրս ցավով եմ հիշում, թե երկրորդ համաշխարհային պատերազմը ինչ սարսափելի հետևանքներ էր թողել մեր քաղաքի վրա։

Մանկությանս վաղ տարիները անցկացրել եմ տատիկիս ու պապիկիս հետ։ Ջերմությամբ եմ հիշում նրանց, հատկապես տատիկիս՝ Էլիզաբեթին։ Նա իմ մեջ սերմանել է խոր հավատ Աստծու հանդեպ։ Երեք տարեկանից սկսած՝ ես ամեն երեկո նրա հետ ասում էի «Հայր մեր» աղոթքը։ Սակայն այդ աղոթքի իմաստը հասկացա միայն մոտ 30 տարեկանում։

Փոքր տարիքում իմ մասին հոգ էին տանում տատիկս ու պապիկս, քանի որ ծնողներս օրնիբուն աշխատում էին, որպեսզի կարողանան մեզ համար հարմար բնակարան գնել։ Մեր ընտանիքը միասին հավաքվում էր միայն երկու շաբաթը մեկ՝ շաբաթ օրերին։ Մենք բոլորս միասին ճաշում էինք։ Դրանք ինձ համար ամենահաճելի օրերն էին։

1958թ.-ին ծնողներիս երազանքը կատարվեց։ Նրանք գնեցին բնակարան, որտեղ կարող էինք երեքով միասին ապրել։ Ուրախությունից ցնծում էի, քանի որ վերջապես ապրելու էի ծնողներիս հետ։ Սակայն այդ ուրախությունը երկար չտևեց. վեց ամիս անց հայրս մահացավ քաղցկեղից։

Դա ինձ անասելի վիշտ պատճառեց։ Հիշում եմ, թե ինչպես էի Աստծուն աղոթում՝ ասելով. «Չէ՞, որ ես քեզ աղերսում էի, որ փրկես իմ հայրիկին։ Ախր ես նրա կարիքը շատ ունեմ։ Ինչո՞ւ չպատասխանեցիր իմ աղոթքներին»։ Ես շատ էի ուզում իմանալ, թե որտեղ է գտնվում հայրս։ Մտածում էի. «Նա երկի՞նք է գնացել, թե՞ այլևս գոյություն չունի»։ Ես նախանձում էի բոլոր այն երեխաներին, ովքեր հայր ունեին։

Տարիներ շարունակ գրեթե ամեն օր գերեզմանոց էի գնում։ Ծնկի էի գալիս հորս գերեզմանաքարի մոտ և աղոթում Աստծուն. «Ես շատ եմ ուզում իմանալ, թե որտեղ է հայրիկս»։ Նաև աղոթում էի, որ օգնի ինձ հասկանալու կյանքի իմաստը։

13 տարեկանում որոշեցի գերմաներեն սովորել։ Մտածում էի, որ հարուստ ու բազմազան գերմանական գրականության մեջ գուցե կարողանամ գտնել իմ հարցերի պատասխանները։ 1967թ.-ին ուսումս շարունակեցի Ենա քաղաքում, որն այդ ժամանակ  Արևելյան Գերմանիայի մաս էր կազմում։ Ես անհագորեն կարդում էի գերմանացի փիլիսոփաների գրքերը, հատկապես այն գրքերը, որտեղ խոսվում էր կյանքի իմաստի մասին։ Թեև գտա որոշ հետաքրքիր մտքեր, սակայն դրանք ինձ չգոհացրին։ Ուստի շարունակում էի աղոթել Աստծուն, որ օգնի գտնելու հարցերիս պատասխանները։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։

1970թ.-ին վերադարձա Հունգարիա, որտեղ էլ հանդիպեցի իմ ապագա կնոջը՝ Ռոզային։ Այդ ժամանակ Հունգարիայում իշխում էր կոմունիստական վարչակարգը։ Մեր ամուսնությունից կարճ ժամանակ անց ես ու Ռոզան պետությունից գաղտնի փախանք Ավստրիա։ Իսկ այնտեղից ուզում էինք ներգաղթել Ավստրալիա և բնակություն հաստատել Սիդնեյ քաղաքում, որտեղ ապրում էր իմ քեռին։

Շուտով Ավստրիայում աշխատանք գտա։ Մի օր աշխատակիցներիցս մեկն ասաց, որ կարող է օգնել ինձ Աստվածաշնչից գտնելու ինձ հուզող հարցերի պատասխանները։ Նա մի քանի գիրք տվեց, որտեղ քննարկվում էին աստվածաշնչյան տարբեր հարցեր։ Ես մի շնչով կարդացի այդ գրքերը և ցանկացա ավելի շատ բան իմանալ։ Ուստի նամակ գրեցի Եհովայի վկաներին՝ այդ գրքերի հրատարակիչներին, և խնդրեցի, որ ինձ գրականություն ուղարկեն։

Մեր ամուսնության առաջին տարեդարձի օրը մեզ այցելեց մի երիտասարդ ավստրիացի Վկա։ Նա բերեց իմ պատվիրած գրականությունը և առաջարկեց Աստվածաշնչի ուսումնասիրություն։ Ես համաձայնվեցի։ Քանի որ սովորելու ցանկությունս մեծ էր, որոշեցի շաբաթը երկու անգամ ուսումնասիրել։ Մեր ուսումնասիրությունները տևում էին մոտ չորս ժամ։

Ինձ շատ էր տպավորում այն, ինչ սովորում էի։ Երբ Վկաները իմ հունգարերեն Աստվածաշնչում ցույց տվեցին Աստծու անունը՝ Եհովա, չէի կարողանում հավատալ աչքերիս։ 27 տարի շարունակ եկեղեցի էի հաճախել, բայց երբեք չէի լսել Աստծու անունը։ Ինձ անչափ տպավորեցին Աստվածաշնչի պարզ ու տրամաբանական պատասխանները։ Օրինակ՝ իմացա, որ մահացածները անգիտակից վիճակում են, ասես, խոր քնի մեջ լինեն (Ժողովող 9։5, 10; Հովհաննես 11։ 11–15)։ Նաև իմացա, որ Աստծու խոստացած նոր աշխարհում «մահ այլևս չի լինի» (Հայտնություն 21։3, 4)։ Ես հույս ունեմ, որ նորից կտեսնեմ իմ հորը, քանի որ նոր աշխարհում «հարություն պիտի լինի» (Գործեր 24։15

Ռոզան նույնպես սիրով համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Մենք կարճ ժամանակում առաջադիմեցինք և ուսումնասիրության ձեռնարկը ամբողջությամբ ուսումնասիրեցինք ընդամենը երկու ամսում։ Ես ու կինս մասնակցում էինք Թագավորության սրահում անցկացվող բոլոր հանդիպումներին։ Մեզ հիացնում էին Վկաների դրսևորած սերը, հոգատարությունը և նրանց մեջ տիրող միասնությունը (Հովհաննես 13։34, 35

1976թ.-ին ես ու Ռոզան Ավստրալիա մուտք գործելու թույլտվություն ստացանք։ Այնտեղ մենք անմիջապես գտանք Եհովայի վկաներին։ Տեղի Վկաները մեզ այնքան ջերմ ընդունեցին, որ մենք շատ արագ հարմարվեցինք նոր պայմաններին։ 1978թ.-ին ես ու կինս մկրտվեցինք։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։

Վերջապես Աստվածաշնչում գտա ինձ հուզող հարցերի պատասխանները, որ այդքան երկար ժամանակ փնտրում էի։ Մտերմանալով Եհովա Աստծու հետ՝ հասկացա, որ նա ամենալավ ու հոգատար Հայրն է (Հակոբոս 4։8)։ Նաև ինձ համար մխիթարական է այն, որ գալիք նոր աշխարհում կկարողանամ նորից տեսնել իմ մահացած հորը (Հովհաննես 5։28, 29

1989թ.-ին ես ու Ռոզան որոշեցինք վերադառնալ Հունգարիա, որպեսզի մեր նոր հավատի մասին պատմենք հարազատներին, ընկերներին և ուրիշ մարդկանց։ Մենք առանձնաշնորհում ունեցանք Աստվածաշունչ ուսումնասիրելու հարյուրից ավելի մարդկանց հետ։ Նրանցից ավելի քան 70-ը, այդ թվում նաև մայրս, դարձան Եհովայի վկաներ։

17 տարի շարունակ ես աղոթում էի Աստծուն, որ գտնեմ ինձ հուզող հարցերի պատասխանները։ Անցել է 39 տարի ևս, և ես դեռ շարունակում եմ աղոթել։ Սակայն այժմ կարող եմ վստահորեն ասել նրան. «Շնորհակալ եմ իմ սիրելի երկնային Հայր, որ պատասխանեցիր մանկության տարիներին արած իմ աղոթքներին»։

Իմացիր ավելին

Հույս, որ կարող ենք ունենալ մահացածների համար

Քո սիրելի հարազատը մահացե՞լ է։ Հնարավո՞ր է կրկին տեսնել նրան։ Իմացիր, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը հարության մասին։

Հնարավո՞ր է իմաստալից կյանքով ապրել

Հատկապես երբ նեղություններ ենք կրում, մեզ անհրաժեշտ է իմանալ, թե արդյոք հնարավոր է իմաստալից կյանքով ապրել։

Ի՞նչ են անում Թագավորության սրահում

Այցելիր Թագավորության սրահ և իմացիր, թե մարդիկ ինչու են հավաքվում այնտեղ։