Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈՒՆՎԱՐ 2015

Ամուսիննե՛ր, ձեր տունը ապահով հանգրվան դարձրեք

Ամուսիննե՛ր, ձեր տունը ապահով հանգրվան դարձրեք

Ի՞ՆՉ ապահովություն պետք է ամուսինը տա իր կնոջը։ Շատերին մանկուց սովորեցրել են, որ ամուսնու հիմնական դերը ընտանիքին ֆինանսապես ապահովելն է։ Բայցևայնպես, նյութապես ապահովված որոշ կանայք չունեն ապահովության զգացում և անգամ վախի մեջ են ապրում։ Իսպանիայում ապրող Ռոզա անունով մի կին իր ամուսնու մասին պատմում է. «Ուրիշների համար նա հաճելի անձնավորություն էր, բայց տանը շատ կոպիտ էր»։ Նիգերիայում ապրող Ջոյն ասում է. «Երբ չէի համաձայնվում ամուսնուս հետ, նա ասում էր. «Դու ամեն ինչ իմ ասածով պիտի անես, քանի որ ես քո ամուսինն եմ»»։

Ինչպե՞ս կարող է ամուսինը իր դերը հոգատարությամբ ու սիրով կատարել։ Ինչպե՞ս նա կարող է իր տունը դարձնել ապահով հանգրվան, որտեղ իր կինը «հանգստություն կգտնի» (Հռութ 1։9

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԱՄՈՒՍՆՈՒ ԴԵՐԻ ՄԱՍԻՆ

Թեև ամուսինն ու կինը հավասար են Աստծու աչքում, սակայն Աստվածաշունչն ասում է, որ ընտանիքում նրանց ունեցած դերերը տարբեր են։ Հռոմեացիներ 7։2-ում ասվում է, որ ամուսնացած կինը իր «ամուսնու օրենքի» տակ է։ Ինչպես որ տարբեր հաստատություններում տնօրեն է նշանակվում գործերը ղեկավարելու համար, այնպես էլ Աստված ամուսնուն կնոջ գլուխ է նշանակել (1 Կորնթացիներ 11։3)։ Ամուսինը պետք է առաջնորդություն վերցնի իր ընտանիքում։

Որպես ամուսիններ՝ ինչպե՞ս պետք է կատարեք Աստծուց ստացած ձեր դերը։ Աստվածաշունչն ասում է. «Շարունակեք սիրել ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսը սիրեց ժողովը և իր անձը տվեց նրա համար» (Եփեսացիներ 5։25)։ Թեև Հիսուս Քրիստոսը ամուսնացած չէր, նրա օրինակը կարող է օգնել ձեզ լավ ամուսին լինելու։ Տեսնենք, թե ինչպես։

ՀԻՍՈՒՍԸ ԿԱՏԱՐՅԱԼ ՕՐԻՆԱԿ Է ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հիսուսը ցանկանում էր թարմություն պատճառել մարդկանց և թեթևացնել նրանց բեռը։ Հիսուսը բոլոր ճնշվածներին և բեռնավորվածներին ասաց. «Ինձ մոտ եկեք.... և ես կթարմացնեմ ձեզ» (Մատթեոս 11։28, 29)։ Նա հաճախ թեթևացնում էր մարդկանց ֆիզիկական ցավը և հոգևոր թարմություն պարգևում նրանց։ Ուստի զարմանալի չէ, որ շատերը մղվում էին դեպի Հիսուսը՝ համոզված լինելով, որ նա կթեթևացնի իրենց բեռը։

Ինչպես ամուսինները կարող են ընդօրինակել Հիսուսին։ Միջոցներ փնտրեք ձեր կանանց բեռը թեթևացնելու համար։ Որոշ կանայք ունեն նույն զգացումները, որ Ռոզան ուներ։ Նա ասում է. «Ամուսնուս համար ես ընդամենը ծառա էի»։ Ի տարբերություն  Ռոզայի ամուսնու՝ Քվեյկու անունով մի տղամարդ այլ վերաբերմունք ունի իր կնոջ հանդեպ։ Նա պատմում է. «Հաճախ կնոջս հարցնում եմ, թե ինչ կարող եմ անել նրա բեռը թեթևացնելու համար։ Ես սիրում եմ կնոջս և հաճախ եմ օգնում նրան տնային գործերում»։

Հիսուսը նրբազգաց էր ու կարեկից։ Մի աղքատ կին 12 տարի շարունակ տառապում էր ծանր հիվանդությամբ։ Լսելով, որ Հիսուսը հրաշքներ անելու զորություն ունի՝ նա ասաց. «Եթե միայն նրա վերնահագուստին դիպչեմ, կլավանամ»։ Նա իրավացի էր։ Մոտենալով Հիսուսին՝ նա դիպավ նրա վերնահագուստի եզրին և իսկույն բուժվեց։ Թեև որոշ ներկաներ, հավանաբար, մտածեցին, որ այս կինը հանդգնաբար վարվեց, սակայն Հիսուսը հասկացավ, որ նա այդպես վարվեց՝ հուսահատությունից մղված *։ Ուստի մեղմորեն ասաց կնոջը. «Դո՛ւստր.... քեզ տանջող հիվանդությունից առո՛ղջ եղիր»։ Հիսուսը անհարմար դրության մեջ չգցեց այդ կնոջը, չհանդիմանեց նրան, այլ հասկացողությամբ վերաբերվեց։ Այդպես նա  ցույց տվեց, որ շատ կարեկից անձնավորություն է (Մարկոս 5։25–34

Ինչպես ամուսինները կարող են ընդօրինակել Հիսուսին։ Երբ ձեր կինը լավ չի զգում իրեն, ավելի հասկացող և համբերատար եղեք։ Փորձեք նրա դրության մեջ մտնել և հասկանալ, թե ինչու է նա այս կամ այն կերպ արձագանքում։ Օրինակ՝ Ռիկարդո անունով մի տղամարդ ասում է. «Երբ կինս չափազանց զգայուն է լինում, հատուկ ջանք եմ թափում, որ չասեմ այնպիսի բան, ինչը նրան ավելի շատ կնյարդայնացնի»։

Հիսուսը հաղորդակցվում էր իր աշակերտների հետ։ Հիսուսն իր աշակերտների հետ զրուցում էր տարբեր հարցերի մասին։ Նա ասաց. «Այն ամենը, ինչ իմ Հորից լսեցի, հայտնեցի ձեզ» (Հովհաննես 15։15)։ Ճիշտ է, Հիսուսը երբեմն ցանկանում էր մենակ մնալ, խորհրդածել ու աղոթել, բայց նա հաճախ էր աշակերտների հետ խոսում իր խորունկ զգացումների մասին։ Որպես հանցագործ մահվան դատապարտվելու նախորդ գիշերը նա անկեղծորեն ասաց աշակերտներին, որ «խորապես տրտմած է» (Մատթեոս 26։38)։ Անգամ երբ աշակերտների արարքները տխրեցնում էին Հիսուսին, նա երբեք չէր դադարում նրանց հետ խոսելուց (Մատթեոս 26։40, 41

Հիսուսի օրինակի մասին մտածելը կօգնի ձեզ լինելու ավելի լավ ամուսին և հայր

Ինչպես ամուսինները կարող են ընդօրինակել Հիսուսին։ Խոսեք ձեր կանանց հետ այն մասին, թե ինչ եք զգում և ինչ եք մտածում։ Երբեմն կանայք ասում են, որ իրենց ամուսինները ազատորեն շփվում են ուրիշների հետ, բայց տանը լուռ են մնում։ Դրան հակառակ՝ Աննա անունով մի կին պատմում է, թե որքան լավ է զգում, երբ ամուսինը խոսում է իր խորունկ մտքերի ու զգացումների մասին։ Նա ասում է. «Զգում եմ, որ նա իսկապես սիրում է ինձ և ավելի հարազատ է դառնում»։

Լռությունը որպես զենք մի՛ օգտագործեք ձեր կնոջը պատժելու համար։ Մի կին ասում է. «Երբ ամուսինս բարկանում էր ինձ վրա, օրերով չէր խոսում ինձ հետ։ Ես ինձ մեղավոր ու անտեսված էի զգում»։ Դրան հակառակ՝ Էդվինը փորձում է ընդօրինակել Հիսուսին։ Նա ասում է. «Երբ որևէ բան ինձ բարկացնում է, միանգամից չեմ արտահայտվում, այլ սպասում եմ ավելի հարմար պահի, որ խոսենք այդ մասին»։

Ջոյը, որի խոսքերը մեջբերվեցին սկզբում, նկատել է, որ իր ամուսինը շատ է փոխվել այն բանից հետո, երբ սկսել է Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ Նա պատմում է. «Ամուսինս այժմ ամեն բան անում է, որ լինի ավելի ջերմ ու սիրող կողակից և ընդօրինակի Հիսուսին»։ Միլիոնավոր ամուսնական զույգեր օգուտներ են քաղում աստվածաշնչյան կրթությունից։ Կցանկանա՞ք դուք էլ այդպիսի օգուտներ քաղել։ Եթե այո, ապա կարող եք դիմել Եհովայի վկաներից որևէ մեկին, որ ձեզ հետ Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն անցկացնի։

^ պարբ. 10 Ըստ Մովսիսական օրենքի՝ այս կնոջ հիվանդությունը նրան ծիսականորեն անմաքուր էր դարձնում, և յուրաքանչյուր մարդ, ում նա դիպչեր նույնպես անմաքուր կհամարվեր (Ղևտական 15։19, 25

Իմացիր ավելին

Ի՞նչ է Աստվածաշնչի ուսումնասիրությունը

Ստացեք Աստվածաշնչի ուսումնասիրության մեր ծրագրին վերաբերող հարցերի պատասխանները։

Ինչպե՞ս կարող է ընտանիքդ երջանիկ լինել

Եհովան երջանիկ Աստված է և ուզում է, որ ընտանիքներն էլ երջանիկ լինեն։ Իմացիր՝ ինչ գործնական խորհուրդներ կան Աստվածաշնչում ամուսնու, կնոջ, ծնողների և երեխաների համար։