Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Հունվար 2015

 ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ

Աստվածաշնչյան ճշմարտությունը հագեցրեց իմ հոգևոր ծարավը

Աստվածաշնչյան ճշմարտությունը հագեցրեց իմ հոգևոր ծարավը
  • ԾՆՎԵԼ Է՝ 1987

  • ԵՐԿԻՐԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆ

  • ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ՈՒ ՀՐԵԱԿԱՆ ԿՐՈՆՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՐԴ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։

Ես ծնվել եմ Ադրբեջանի Բաքու քաղաքում։ Մեր ընտանիքի երկու երեխաներից կրտսերն եմ։ Հայրս մահմեդական էր, իսկ մայրս՝ հրեա։ Նրանք շատ էին սիրում իրար և ընդունում էին միմյանց համոզմունքները, թեև տարբեր հավատալիքներ ունեին։ Մայրս թիկունք էր կանգնում հորս, երբ հայրս ծոմ էր պահում ռամադանի ժամանակ, իսկ հայրս չէր արգելում, որ մայրս տոնի Պասեքը։ Մենք մեր տանը ունեինք Ղուրան, Թորա և Աստվածաշունչ։

Ես ինձ մահմեդական էի համարում։ Թեև երբեք չեմ կասկածել Աստծու գոյությանը, բայց կային հարցեր, որ մտատանջում էին ինձ։ Ես մտածում էի. «Ինչո՞ւ է Աստված ստեղծել մարդկանց, և ի՞նչ օգուտ կա, որ մարդը տառապի իր ողջ կյանքում, իսկ հետո տանջանքների ենթարկվի դժոխքում»։ Մարդիկ ասում էին, որ ամեն բան, ինչ պատահում է, Աստծու կամքն է։ Ուստի մտածում էի. «Մի՞թե մարդիկ խաղատիկնիկներ են Աստծու ձեռքում, որը տառապանք է պատճառում նրանց և ուրախանում՝ տեսնելով, թե ինչպես են նրանք տառապում»։

Տասներկու տարեկանում սկսեցի նամազ անել. դա մահմեդականների ծիսական աղոթքն է, որը մատուցվում է օրը հինգ անգամ։ Մոտավորապես այդ նույն ժամանակահատվածում հայրս ինձ ու քրոջս ուղարկեց հրեական դպրոց։ Այնտեղ հիմնական առարկաներից բացի, մենք սովորում էինք եբրայերեն, ինչպես նաև Թորայում գրված ավանդույթները։ Համաձայն հրեական սովորույթի՝ ամեն օր դասընթացներից առաջ մենք պետք է աղոթեինք։ Այսպիսով՝ առավոտները տանը նամազ էի անում, իսկ ավելի ուշ դպրոցում հրեական աղոթքի էի մասնակցում։

Ես շատ էի ցանկանում գտնել ինձ հուզող հարցերի տրամաբանական պատասխանները։ Դպրոցում հաճախ հարցնում էի ռաբբիներին. «Ինչո՞ւ է Աստված ստեղծել մարդկանց։ Ինչպե՞ս է Աստված վերաբերվում հորս, որը մահմեդական է։ Հայրս լավ մարդ է, այդ դեպքում ինչո՞ւ է անմաքուր համարվում։ Աստված ինչո՞ւ է կյանք տվել նրան»։ Նրանց պատասխանները անտրամաբանական էին ու բոլորովին համոզիչ չէին։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։

2002թ.-ին տեղի ունեցավ մի դեպք, որի պատճառով Աստծու հանդեպ  իմ հավատը սասանվեց։ Մենք նոր էինք գաղթել Գերմանիա, երբ մեկ շաբաթ անց հայրս կաթված ստացավ և ընկավ կոմայի մեջ։ Տարիներ շարունակ ես աղոթում էի ընտանիքիս անդամների առողջության և բարօրության համար։ Այդ ժամանակ էլ համոզված լինելով, որ կյանքն ու մահը միայն Ամենակարողի ձեռքում են՝ ամեն օր աղերսում էի նրան, որ հայրս չմահանա։ Ես մտածում էի. «Փոքրիկ աղջկա սրտի ցանկությունը կատարելը Աստծու համար չնչին բան է»։ Ուստի վստահ էի, որ նա կլսի իմ աղաչանքները։ Բայց հայրս մահացավ։

Ես ցնցվել էի ու խորապես հիասթափվել. ինձ թվում էր, որ Աստված անտարբեր է մեր հանդեպ։ Մտածում էի. «Կա՛մ սխալ եմ աղոթում, կա՛մ էլ Աստված գոյություն չունի»։ Ես տարակուսանքի մեջ էի ու այլևս չէի կարողանում նամազ անել։ Քանի որ մյուս կրոնների ուսմունքներն ինձ համար անտրամաբանական էին, եկա այն եզրահանգման, որ Աստված չկա։

Վեց ամիս անց մեր դուռը թակեցին Եհովայի վկաները։ Քանի որ ես ու քույրս լավ կարծիք չունեինք քրիստոնեության մասին, ցանկացանք քաղաքավարի կերպով ցույց տալ, որ նրանք սխալ են։ Մենք հարցրինք. «Ինչո՞ւ են քրիստոնյաները պաշտում Հիսուսին, Մարիամին, խաչը կամ այլ կուռքեր. չէ՞ որ դա հակասում է Տասը պատվիրաններին»։ Վկաները Աստվածաշնչից համոզիչ ապացույցներ բերեցին, որ կուռքեր երկրպագելը անընդունելի է ճշմարիտ քրիստոնյաների համար, և որ աղոթքները պետք է ուղղվեն միմիայն Աստծուն։ Դա ինձ անչափ զարմացրեց։

Հետո մենք հարցրինք. «Իսկ ի՞նչ կասեք Երրորդության մասին։ Եթե Հիսուսն Աստված է, ինչպե՞ս նա կարող էր ապրել երկրի վրա ու սպանվել մարդկանց կողմից»։ Վկաները կրկին մեր հարցին Աստվածաշնչի օգնությամբ պատասխանեցին և բացատրեցին, որ Հիսուսը Աստված չէ, ոչ էլ հավասար է Աստծուն։ Նաև ասացին, որ հենց այդ պատճառով նրանք չեն հավատում Երրորդությանը։ Ես ապշել էի և մտքիս մեջ ասում էի. «Սրանք շատ տարօրինակ քրիստոնյաներ են»։

Բայց ես ուզում էի իմանալ, թե ինչու են մարդիկ մահանում, և թե ինչու է Աստված թույլատրում տառապանքը։ Վկաները ինձ ցույց տվեցին «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը *, որտեղ տրվում էին իմ հարցերի պատասխանները։ Նրանք հենց այդ օրը Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեցին ինձ հետ։

Ամեն անգամ ուսումնասիրության ժամանակ ես տրամաբանական պատասխաններ էի ստանում Աստվածաշնչից։ Իմացա, որ Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83։18)։ Նաև իմացա, որ նրա գլխավոր հատկությունը անշահախնդիր սերն է (1 Հովհաննես 4։8)։ Նա ստեղծել է մարդկանց, քանի որ ցանկացել է, որ մարդիկ էլ վայելեն կյանքի պարգևը։ Թեև Աստված թույլատրում է անարդարությունը, սակայն նա ատում է այն և շուտով իսպառ վերացնելու է ամեն չարիք։ Ես նաև իմացա, որ Ադամի ու Եվայի անհնազանդությունը կործանարար հետևանքներ է ունեցել ողջ մարդկության համար (Հռոմեացիներ 5։12)։ Այդ հետևանքներից է այն, որ մահանում են մեզ համար թանկ մարդիկ, ինչպես որ մահացավ հայրս։ Սակայն Աստված այդ դառը հետևանքները կվերացնի գալիք նոր աշխարհում, որտեղ մահացած մարդիկ կրկին կյանք կստանան (Գործեր 24։15

Աստվածաշնչյան ճշմարտությունը հագեցրեց իմ հոգևոր ծարավը։ Ես կրկին սկսեցի հավատալ Աստծուն։ Երբ ավելի լավ ճանաչեցի Եհովայի վկաներին, հասկացա, որ նրանք համաշխարհային եղբայրություն են։ Ինձ տպավորում էր նրանց սերն ու միասնականությունը (Հովհաննես 13։34, 35)։ Այն ամենը, ինչ սովորում էի Եհովայի մասին, իմ մեջ ցանկություն էր առաջացնում ծառայելու նրան, ուստի որոշեցի դառնալ Եհովայի վկա։ 2005թ. հունվարի 8-ին ես մկրտվեցի։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։

Աստվածաշնչի համոզիչ ու խելամիտ պատասխանները օգնել են ինձ, որ լավատեսորեն նայեմ կյանքին։ Աստծու Խոսքից ստացած վստահելի տեղեկությունների շնորհիվ ձեռք եմ բերել ներքին խաղաղություն։ Նաև ինձ մեծ ուրախություն է պատճառում այն հույսը, որ կրկին կտեսնեմ հորս, երբ նա հարություն առնի, ինչպես որ Աստվածաշունչն է խոստանում (Հովհաննես 5։28, 29

Վեց տարի է, ինչ ամուսնացած եմ և անչափ երջանիկ եմ իմ ամուսնու՝ Ջոնաթանի հետ։ Երկուսս էլ հասկացել ենք, որ Աստծու մասին ճշմարտությունը պարզ է ու տրամաբանական։ Այն անգին գանձ է։ Ահա թե ինչու ենք ձգտում մեր հավատի և մեր հիանալի հույսի մասին պատմել ուրիշներին։ Հիմա ես հստակ գիտեմ, որ Եհովայի վկաները «տարօրինակ» քրիստոնյաներ չեն, այլ ճշմարիտ քրիստոնյաներ են։

^ պարբ. 15 Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։ Այժմ չի տպագրվում։

Իմացիր ավելին

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

Ո՞րն է ճշմարտությունը Աստծու մասին

Աստված հոգ տանո՞ւմ է քո մասին։ Իմացիր, թե ինչպիսի անձնավորություն է Աստված և թե ինչպես կարող ես մտերմանալ նրա հետ։

ԲԱՐԻ ԼՈՒՐ ԱՍՏԾՈՒՑ

Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ

Աստվածաշնչում ասվում է, թե ինչու է Աստված ստեղծել երկիրը, երբ վերջ կդրվի տառապանքին, և ինչ է ապագայում սպասվում երկրին և նրա բնակիչներին։