Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐ 2014

«Մարդու ըմբռնողականությունը հանդարտեցնում է իր բարկությունը»

«Մարդու ըմբռնողականությունը հանդարտեցնում է իր բարկությունը»

Քոլեջում բասկետբոլի մարզչին ազատում են աշխատանքից բարկության անկառավարելի պոռթկումների պատճառով։

Երեխան ջղայնանում է, քանի որ չի ստանում իր ուզածը։

Մայր ու որդի գոռում են իրար վրա, քանի որ վերջինիս սենյակը թափթփված է։

ԲՈԼՈՐՍ տեսել ենք բարկացած մարդկանց, և, անկասկած, մենք ինքներս ենք երբեմն զայրանում։ Թեև գուցե բարկությունը համարենք բացասական էմոցիա, որը հարկավոր է ճնշել, հաճախ կարծում ենք, որ հիմնավոր պատճառ ունենք նեղվելու, հատկապես եթե ինչ-որ մեկը թվում է՝ վիրավորել է մեր զգացումները։ Հոգեբանների ամերիկյան ասոցիացիայի կողմից հրատարակված մի հոդվածում նույնիսկ ենթադրվում է, որ «բարկությունը միանգամայն նորմալ, առհասարակ մարդկային առողջ էմոցիա է»։

Այսպիսի տեսակետը գուցե ընդունելի լինի, եթե հաշվի առնենք այն, ինչ գրեց Պողոս առաքյալը՝ ներշնչված լինելով Աստծու կողմից։ Ընդունելով, որ հնարավոր է, որ ժամանակ առ ժամանակ մարդիկ բարկանան՝ նա ասաց. «Եթե զայրանաք, մեղք մի՛ գործեք։ Թող արևը մայր չմտնի, քանի դեռ զայրացած եք» (Եփեսացիներ 4։26)։ Ուստի հարց է առաջանում՝ պե՞տք է թափենք մեր բարկությունը, թե՞ ամեն ինչ պետք է անենք, որ վերահսկենք այն։

ՊԵ՞ՏՔ Է ԲԱՐԿԱՆԱՍ

Երբ Պողոսը տվեց բարկության վերաբերյալ վերոհիշյալ խորհուրդը, նա, ակներևաբար, իր մտքում ուներ սաղմոսերգուի հետևյալ խոսքերը. «Թե բարկանաք էլ, մեղք մի՛ գործեք» (Սաղմոս 4։4)։ Սակայն ի՞նչ նպատակով Պողոսը, ներշնչված լինելով, տվեց այդ խորհուրդը։ Նա շարունակեց՝ բացատրելով. «Ամեն չարասիրտ դառնություն, բարկություն և զայրույթ, գոռգոռոց և վիրավորական խոսք թող հեռացվի ձեզանից, ինչպես նաև ամեն չարություն» (Եփեսացիներ 4։31)։ Պողոսը իրականում քաջալերում էր քրիստոնյաներին խուսափել բարկությունը թափելուց։ Հետաքրքիր է, որ Հոգեբանների ամերիկյան ասոցիացիայի կողմից հրատարակված նույն հոդվածում նաև ասվում է. «Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բարկությունը թափելը բորբոքում է զայրույթն ու ագրեսիան և ոչնչով չի օգնում քեզ.... որ հարթես իրավիճակը»։

Այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք «հեռացնել» բարկությունը և դրանից բխող բոլոր վատ հետևանքները։ Հին Իսրայելի իմաստուն Սողոմոն թագավորը գրեց. «Մարդու ըմբռնողականությունը հանդարտեցնում է իր բարկությունը, և նրա գեղեցկությունը հանցանքին ուշադրություն չդարձնելն է» (Առակներ 19։11)։ Իսկ ինչպե՞ս է «մարդու ըմբռնողականությունը» օգնում նրան, երբ նրա ներսում փոթորիկ է։

 ԻՆՉՊԵՍ Է ԸՄԲՌՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԱՐՏԵՑՆՈՒՄ ԲԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Ըմբռնողականությունը ունակություն է, որն օգնում է տեսնելու խնդրի արմատը։ Ըմբռնողականություն ունենալ նշանակում է տեսնել ավելին, քան երևում է։ Ինչպե՞ս դա կարող է օգնել, եթե մեզ վիրավորել կամ սադրանքի են ենթարկել։

Երբ անարդարություն ենք տեսնում, հնարավոր է՝ զայրանանք։ Սակայն եթե տրվենք մեր զգացումներին և բուռն կերպով արձագանքենք, գուցե վնասենք ինքներս մեզ կամ մեկ ուրիշի։ Ինչպես որ անկառավարելի հրդեհը բռնկվելով կարող է ամբողջությամբ այրել տունը, այնպես էլ զայրույթի պոռթկումը կարող է արատավորել մեր անունը և փչացնել ուրիշների, նույնիսկ Աստծու հետ փոխհարաբերությունները։ Ուստի երբ զգում ենք, որ բարկությունը մեր մեջ սաստկանում է, ժամանակն է, որ խորությամբ նայենք հարցին։ Տեղի ունեցածի ամբողջական պատկերը տեսնելը, անկասկած, կօգնի մեզ վերահսկելու մեր էմոցիաները։

Սողոմոնի հայրը՝ Դավիթ թագավորը, քիչ էր մնում արյունապարտ դառնար Նաբաղ անունով մի մարդու պատճառով, բայց նման բան տեղի չունեցավ, քանի որ նրան օգնեցին տեսնելու խնդրի արմատը։ Դավիթն ու իր մարդիկ պաշտպանում էին Նաբաղի հոտերը Հուդայի անապատում։ Երբ եկավ ոչխարներին խուզելու ժամանակը, Դավիթը Նաբաղին խնդրեց, որ իրենց սննդով ապահովի։ Սակայն Նաբաղը պատասխանեց. «Ուրեմն իմ հացը, ջուրը և խուզողներիս համար մորթած անասունի միսն առնեմ ու այս մարդկա՞նց տամ, երբ նույնիսկ չգիտեմ, թե նրանք որտեղից են»։ Ինչպիսի՜ անարգանք։ Երբ Դավիթը լսեց այդ խոսքերը, նա և մոտ 400 մարդիկ ճանապարհ ընկան, որ ոչնչացնեն Նաբաղին ու նրա տունը (1 Սամուել 25։4–13

Նաբաղի կինը՝ Աբիգեան, լսելով տեղի ունեցածի մասին, գնաց տեսնելու Դավթին։ Երբ հանդիպեց Դավթին ու նրա մարդկանց, նրա ոտքերն ընկավ ու ասաց. «Թույլ տուր, խնդրում եմ, որ քո աղախինը խոսի քեզ հետ, և լսիր քո աղախնի խոսքերը»։ Ապա նա Դավթին բացատրեց, թե որքան անմիտ մարդ է Նաբաղը, և ցույց տվեց, որ նա կափսոսա վրեժ առնելու և արյուն թափելու համար (1 Սամուել 25։24–31

Ինչպե՞ս Աբիգեայի խոսքերը օգնեցին լիցքաթափելու լարված իրավիճակը և մղեցին Դավթին ըմբռնողականություն դրսևորելու։ Առաջին՝ նա տեսավ, որ Նաբաղը իր էությամբ անմիտ մարդ էր։ Երկրորդ՝ հասկացավ, որ եթե վրեժ առներ, արյունապարտ կլիներ։ Դավթի պես՝ դու էլ գուցե ինչ-որ բանի պատճառով ցասումով լցվես։ Ի՞նչ պետք է անես։ «Մի քանի վայրկյան խորը շնչիր ու հաշվիր մինչև 10»,— առաջարկվում է բարկությունը վերահսկելու վերաբերյալ Մեյո կլինիկայի կողմից հրատարակված մի հոդվածում։ Այո՛, կանգ առ ու մտածիր, թե որն է խնդրի պատճառը, և թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այն, ինչ մտադրել ես անել։ Թող որ ըմբռնողականությունը հանդարտեցնի բարկությունդ և նույնիսկ վերջ դնի դրան (1 Սամուել 25։32–35

Այսօր էլ շատերը օգնություն ստանալու շնորհիվ վերահսկում են բարկությունը։ Սեբաստիանը պատմեց, թե ինչպես 23 տարեկանում գտնվելով Լեհաստանի բանտերից մեկում՝ Աստվածաշունչ ուսումնասիրելու շնորհիվ սովորեց տիրապետել իրեն և վերահսկել իր ուժգին էմոցիաները։ «Նախ՝ ես մտածում եմ խնդրի մասին,— ասաց նա։— Հետո՝ փորձում եմ կիրառել աստվածաշնչյան խորհուրդները։ Հասկացել եմ, որ Աստվածաշունչը լավագույն ուղեցույցն է»։

Աստվածաշնչյան խորհուրդները կիրառելը կօգնի քեզ վերահսկելու ուժգին էմոցիաները

Սետսուոն, ըստ էության, նույն մոտեցումը կիրառեց։ Նա ասաց. «Երբ աշխատանքի վայրում ինձ բարկացնում էին, ես գոռում էի աշխատողների վրա։ Սակայն Աստվածաշունչը ուսումնասիրելուց հետո գոռալու փոխարեն՝ հարցնում եմ ինքս ինձ. «Բայց ո՞վ է մեղավոր։ Ես չե՞մ խնդրի պատճառը»»։ Այսպիսի հարցերի շուրջ մտածելը օգնեց Սետսուոին հանդարտեցնելու բարկությունը, և նա կարողացավ վերահսկել ուժգին էմոցիաները, որ փոթորկվում էին իր սրտում։

Բարկության զգացումը գուցեև շատ ուժգին լինի, սակայն Աստծու Խոսքի խորհուրդները շատ ավելի զորեղ են։ Կիրառելով աստվածաշնչյան իմաստուն խորհուրդները և աղոթելով Աստծուն օգնության համար՝ դու նույնպես կարող ես թույլ տալ, որ ըմբռնողականությունդ հանդարտեցնի կամ վերահսկի քո բարկությունը։

Իմացիր ավելին

Ինչպես խուսափել վիրավորական խոսքից

Ի՞նչ կարող ես անել, եթե դու կամ կողակիցդ թույլ եք տալիս, որ վիրավորական խոսքն ազդի ձեր հարաբերությունների վրա։

Ինչո՞վ են օգտակար Աստվածաշնչի սկզբունքները

Հիսուսն ասաց, թե ինչու մենք առաջնորդության կարիք ունենք և որ երկու սկզբունքները առաջնային կարևորություն ունեն։