Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐ 2014

Պե՞տք է պարտքով փող վերցնեմ

Պե՞տք է պարտքով փող վերցնեմ

«Պարտք վերցնելը հարսանիք է, պարտք տալը՝ սուգ» (սվահիլերեն ասացվածք)

ԱՅՍ ասացվածքը շատ հայտնի է Արևելյան Աֆրիկայի բնակիչներին և, անկասկած, արտացոլում է աշխարհի տարբեր երկրներում բնակվող բազմաթիվ մարդկանց կարծիքը։ Դու է՞լ ես այդպես մտածում ընկերոջից կամ այլ տեղերից պարտք վերցնելու մասին։ Երբեմն գուցե պարտք անելը խելամիտ թվա, բայց մի՞թե դա այդպես է։ Ի՞նչ վտանգներ և ծուղակներ է պարունակում պարտք վերցնելը։

Սվահիլերեն մեկ ուրիշ ասացվածք պարզաբանում է, թե որն է հիմնական խնդիրը։ Այն հնչում է այսպես. «Պարտք վերցնելն ու պարտք տալը փչացնում են ընկերությունը»։ Իսկապես, պարտքերը կարող են վտանգի ենթարկել ընկերական և այլ փոխհարաբերություններ։ Նույնիսկ լավագույն ծրագրեր և անկեղծ մղումներ ունենալու դեպքում միշտ չէ, որ ամեն բան ընթանում է այնպես, ինչպես ակնկալում ենք։ Օրինակ՝ եթե ժամանակն անցնի, և սահմանված վճարումը չարվի, պարտատերը թերևս բարկանա։ Վրդովմունքը կարող է մեծանալ, և գուցե լարվածություն առաջանա պարտք տվողի ու պարտք վերցնողի փոխհարաբերություններում, անգամ նրանց ընտանիքների միջև։ Քանի որ պարտք անելը տարաձայնությունների պոտենցիալ աղբյուր է, կարող ենք այն դիտել ոչ թե մեր ֆինանսական խնդիրների հեշտ լուծում, այլ վերջին տարբերակ։

Պարտք վերցնելը կարող է նաև վտանգել Աստծու հետ անհատի ունեցած փոխհարաբերությունները։ Ինչպե՞ս։ Նախ՝ Աստվածաշունչն ասում է, որ ամբարիշտն է, որ դիտավորյալ ու գիտակցաբար հրաժարվում է իր պարտքերը վերադարձնելուց (Սաղմոս 37։21)։ Այն նաև հստակ ցույց է տալիս, որ «պարտք վերցնողը պարտք տվողին ծառա է» (Առակներ 22։7)։ Պարտք վերցնողը պետք է գիտակցի, որ քանի դեռ փողը չի վերադարձրել, նա պարտավորություն ունի պարտատիրոջ առաջ։ Ճշմարիտ է նաև աֆրիկական հետևյալ ասացվածքը. «Եթե պարտք վերցնես մարդու ոտքը, կգնաս այնտեղ, ուր նա քեզ կառաջնորդի»։ Միտքն այն է, որ մեծ պարտքերի տակ գտնվողը այլևս ազատություն չունի անելու այն, ինչ ուզում է։

Ուստի գլխավոր առաջնահերթությունը հարկավոր է տալ պարտքը վճարելուն։ Հակառակ դեպքում՝ հավանաբար դժվարություններ կծագեն։ Մեծացող պարտքերը մտատանջությունների, ինչպես նաև անքուն գիշերների, արտաժամյա աշխատանքի, ամուսնու և կնոջ միջև վիճաբանությունների և նույնիսկ ընտանիքի քայքայման պատճառ կարող են լինել, էլ չենք խոսում դատավարությունների կամ  բանտարկության մասին։ Իմաստուն են Հռոմեացիներ 13։8-ում արձանագրված խոսքերը. «Ոչ ոքի ոչ մի բան պարտք մի՛ եղեք, բացի իրար սիրելուց»։

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԿԱ՞

Այս ամենը հաշվի առնելով՝ լավ կլինի զգուշություն դրսևորել պարտք վերցնելիս։ Խելամիտ կլինի հարցնել՝ իսկապե՞ս կարիք կա պարտք անելու, պարտք եմ վերցնում, որ հոգամ ընտանիքիս անհրաժեշտ կարիքնե՞րը, թե՞ ինչ-որ չափով ագահություն եմ դրսևորում՝ թերևս չցանկանալով ապրել իմ հնարավորությունների սահմաններում։ Շատ դեպքերում լավ է քչով բավարարվել, քան պարտք անել ու պարտավորության տակ ընկնել։

Ինչ խոսք, բացառություններ կարող են լինել, օրինակ՝ երբ արտակարգ իրավիճակ է ստեղծվում, և թվում է՝ այլ ելք չկա։ Եթե անգամ այդ դեպքում որոշես պարտք անել, պետք է ազնվորեն վարվես։ Ինչպե՞ս։

Նախևառաջ շահադիտական նպատակներ մի՛ ունեցիր նրա հանդեպ, ով ուրիշներից ավելի ապահովված է։ Չպետք է մտածենք, որ եթե անհատը բարեկեցիկ կյանքով է ապրում, նա պարտավոր է ֆինանսապես օգնել մեզ։ Մենք նաև չպետք է մտածենք, որ չունենք որևէ բարոյական պարտականություն այդպիսի մարդու հետ ազնվորեն վարվելու։ Մի՛ նախանձիր նրանց, ովքեր ֆինանսապես ապահովված են (Առակներ 28։22

Հետո ամեն ինչ արա, որ վճարես պարտքը, և արա դա անհապաղ։ Եթե պարտատերը կոնկրետ ժամկետ չի սահմանել, դո՛ւ պետք է սահմանես ու վճարես ճիշտ ժամանակին։ Խորհուրդ է տրվում գրավոր կերպով ամրագրել համաձայնությունը, որպեսզի խուսափեք երկուստեք թյուրիմացություններից (Երեմիա 32։9, 10)։ Եթե հնարավոր է, անձամբ վերադարձրու պարտքդ, որպեսզի կարողանաս շնորհակալություն հայտնել։ Պարտքը բարեխղճորեն վերադարձնելը կնպաստի լավ փոխհարաբերություններին։ Լեռան քարոզում Հիսուսն ասաց. «Թող ձեր «այո»-ն այո լինի, և «ոչ»-ը՝ ոչ» (Մատթեոս 5։37)։ Բացի այդ, միշտ հիշիր Ոսկե կանոնը. «Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Մատթեոս 7։12

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՕԳՏԱԿԱՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Աստվածաշունչը պարզ հակաթույն է առաջարկում պարտքով փող վերցնելու ցանկության դեմ։ Նրանում ասվում է. «Եվ իրոք, Աստծու հանդեպ նվիրվածությունը մեծ շահ ստանալու միջոց է, եթե բավարարված ենք մեր ունեցածով» (1 Տիմոթեոս 6։6)։ Այլ խոսքերով՝ ունեցածով բավարարված լինելը լավագույն կերպն է խուսափելու պարտք վերցնելու ցավալի հետևանքներից։ Պետք է ընդունել, սակայն, որ հեշտ չէ բավարարված լինել այսօրվա աշխարհում, որտեղ մարդիկ սովոր են անհապաղ բավարարելու իրենց ցանկությունները։ Բայց հենց այդ ժամանակ է, որ «Աստծու հանդեպ նվիրվածությունը» օգնում է։ Ինչպե՞ս։

Քննենք Ասիայում բնակվող մի քրիստոնեական զույգի օրինակը։ Երիտասարդ տարիքում ամուսինները հիանում էին այն մարդկանցով, ովքեր տուն գնելու հնարավորություն ունեին։ Ուստի նրանք որոշեցին տուն գնել իրենց խնայողություններով և բանկից ու բարեկամներից պարտք անելով։ Շուտով, սակայն, զույգը սկսեց զգալ ամսական վճարումների ծանր բեռը։ Նրանք սկսեցին ավելի շատ աշխատել, ինչի պատճառով քիչ ժամանակ էին կարողանում տրամադրել երեխաներին։ «Սթրեսը, ցավն ու անքնությունը գլխիս հոգս էին դարձել։ Շնչահեղձ էի լինում»,— ասաց ամուսինը։

«Նյութական բաներին հոգևոր տեսանկյունից նայելը պաշտպանություն է»

Որոշ ժամանակ անց ամուսինները հիշեցին 1 Տիմոթեոս 6։6-ում արձանագրված խոսքերը և հասկացան, որ խնդրի միակ լուծումը տունը վաճառելն է։ Երկու տարի անց միայն նրանք կարողացան ի վերջո թոթափել իրենց բեռը։ Ի՞նչ սովորեց այս զույգը իր հետ տեղի ունեցածից։ «Նյութական բաներին հոգևոր տեսանկյունից նայելը պաշտպանություն է»,— եզրակացրին նրանք։

Հոդվածի սկզբում նշված սվահիլերեն ասացվածքը շատերին է հայտնի։ Այնուամենայնիվ, այն հետ չի պահել մարդկանց պարտք անելուց։ Ուստի վերոնշյալ աստվածաշնչյան սկզբունքների լույսի ներքո իմաստուն չի՞ լինի արդյոք լրջորեն մտածել այս հարցի շուրջ. «Պե՞տք է պարտքով փող վերցնեմ»։

Իմացիր ավելին

Ֆինանսական խնդիրներ ու պարտքեր. Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել

Փողով չես կարող գնել երջանկություն, բայց աստվածաշնչյան չորս սկզբունքներ կօգնեն քեզ հաղթահարելու ֆինանսական խնդիրներդ։

Երեք բան, որ փողով չես կարող գնել

Փողը հնարավորություն է տալիս մեզ որոշ իրեր ձեռք բերելու, բայց իսկական բավարարվածություն ստանում ենք այնպիսի բաներից, որոնք փողով հնարավոր չէ գնել։