Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐ 2014

Թիմգադ. ավազներում թաքնված քաղաքը հայտնում է իր գաղտնիքները

Թիմգադ. ավազներում թաքնված քաղաքը հայտնում է իր գաղտնիքները

ԱՆՎԱԽ հետազոտողը չէր կարողանում հավատալ իր աչքերին։ Այնտեղ՝ Ալժիրյան անապատում, հռոմեական հաղթակամարն էր՝ մասամբ թաղված ավազներում։ Երբ շոտլանդացի Ջեյմս Բրյուսը 1765-ին հայտնաբերեց այն, նա չէր էլ գիտակցում, որ իրականում կանգնած է Հյուսիսային Աֆրիկայում երբևէ կառուցված հռոմեական ամենամեծ գաղութի ավերակների վրա. դա հնագույն քաղաք Թամուգադին էր, որն այժմ կոչվում է Թիմգադ։

Ավելի քան մեկ դար անց՝ 1881-ին, ֆրանսիացի հնագետները սկսեցին պեղել Թիմգադի լավ պահպանված մնացորդները։ Նրանք եզրակացրին, որ չնայած ամայի միջավայրին ու անբարենպաստ պայմաններին՝ քաղաքի բնակիչները շատ հարմարավետ ու ճոխ կենսակերպ են ունեցել։ Բայց ի՞նչն էր մղել հռոմեացիներին կառուցելու բարգավաճող գաղութ այսպիսի վայրում։ Եվ ի՞նչ դասեր կարող ենք քաղել այս հին քաղաքից և նրա բնակիչներից։

ԹԱՔՆՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ

Երբ մ.թ.ա. առաջին դարում հռոմեացիները իրենց իշխանությունը տարածեցին Հյուսիսային Աֆրիկայում, նրանք կատաղի հակառակության հանդիպեցին որոշ քոչվոր ցեղերի կողմից։ Ինչպե՞ս էր հնարավոր խաղաղ հարաբերություններ հաստատել տեղացիների հետ։ Սկզբում Օգոստոսյան երրորդ լեգեոնի զինվորները ներկայիս հյուսիսային Ալժիրի լայնարձակ լեռնային շրջանում կառուցեցին բազմաթիվ ամրացված ճամբարներ ու պահակակետեր։ Հետագայում նրանք կառուցեցին Թիմգադ քաղաքը, բայց լրիվ այլ նպատակով։

Պաշտոնապես հռոմեացիները հիմնեցին Թիմգադը թոշակի անցած զինծառայողների համար, բայց իրականում նրանք կառուցեցին այն տեղի ցեղերի դիմադրությունը թուլացնելու նպատակով։ Նրանց ծրագիրը հաջողվեց։ Թիմգադի հարմարավետ կենսակերպը շուտով հրապուրիչ դարձավ տեղացիների համար, որոնք գալիս էին քաղաք՝ ապրանքներ վաճառելու։ Հույս ունենալով օրերից մի օր ապրել Թիմգադում՝ որտեղ միայն Հռոմի քաղաքացիներին էր թույլատրվում ապրել, շատ բնիկներ պատրաստակամորեն 25 տարով միացան հռոմեական լեգեոնին, որպեսզի Հռոմի քաղաքացիություն ստանան իրենց և իրենց որդիների համար։

Չբավարարվելով միայն Հռոմի քաղաքացիություն ստանալով՝ որոշ աֆրիկացիներ նույնիսկ բարձր դիրքեր զբաղեցրին Թիմգադում կամ այլ գաղութային քաղաքներում։ Հռոմեացիների աննկատ գործող ծրագիրը՝ ինտեգրել տեղացիներին իրենց հասարակության մեջ, մեծ հաջողություն ունեցավ, քանի որ հիմնադրվելուց ընդամենը կես դար անց Թիմգադը բնակեցված էր մեծ մասամբ Հյուսիսային Աֆրիկայի բնակիչներով։

ԻՆՉՊԵՍ ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԸ ՏԻՐԱՑԱՆ ՍՐՏԵՐԻՆ

Նրբագեղ սյունաշարերով ու տաղավարներով շուկայի հրապարակ

Ինչպե՞ս հռոմեացիներին հաջողվեց այդքան արագ տիրանալ տեղացիների սրտերին։ Գործոններից  մեկն այն էր, որ նրանք քաղաքացիների միջև հավասարություն սահմանեցին, ինչը հռոմեացի քաղաքական գործիչ Ցիցերոնի սովորեցրած սկզբունքն էր։ Երկիրը հավասարապես բաժանված էր հռոմեացի վետերանների և աֆրիկյան ծագում ունեցող քաղաքացիների միջև։ Քաղաքը մանրամասնորեն նախագծված էր. բնակելի թաղամասերը քառակուսի էին՝ 20x20 մ վրա, և բաժանված էին նեղ փողոցներով։ Այսպիսի հավասարությունն ու կարգուկանոնը, անկասկած, շատ գրավիչ էին բնակիչների համար։

Ինչպես շատ հռոմեական քաղաքներում, եռուզեռով լի շուկայի օրերին բնակիչները կարող էին հավաքվել ֆորումներում՝ լսելու վերջին նորությունները կամ խաղեր խաղալու։ Մոտակայքում գտնվող անջուր, լերկ լեռների բնակիչները, անշուշտ, պատկերացնում էին, թե ինչպես են իրենք շոգ ու չոր եղանակին քայլում արևից պաշտպանող սյունաշարերի տակ կամ հանգստանում բազմաթիվ անվճար հանրային բաղնիքներից մեկում կաթկթող ջրի ձայնի տակ։ Նրանք թերևս պատկերացնում էին, որ նստած են թարմացնող շատրվանների մոտ ու զրուցում են ընկերների հետ։ Այս ամենը նրանց համար ասես երազ լիներ։

Տապանաքար, որի վերևի մասում եռաստվածություն է պատկերված

Բացօթյա թատրոնները նույնպես մեծ դեր խաղացին ժողովրդի սրտերին տիրանալու հարցում։ Թատրոնը, որն ավելի քան 3500 նստատեղ ուներ, հյուրընկալում էր Թիմգադից ու հարևան քաղաքներից եկած աղմկոտ ամբոխներին։ Բեմի վրա իրենց խաղերի միջոցով, որոնք հաճախ ողողված էին անբարոյությամբ կամ բռնությամբ, դերասանները հանդիսատեսին ծանոթացնում էին Հռոմի այլասերված զվարճություններին։

Հռոմի կրոնը նույնպես անմասն չմնաց։ Բաղնիքների հատակներն ու պատերը զարդարված էին գունագեղ խճանկարներով, որոնք պատկերում էին հեթանոսական դիցաբանության տեսարաններ։ Քանի որ լոգանք ընդունելը առօրյայի կարևոր մասն էր, բնակիչները աստիճանաբար ծանոթացան հռոմեական աստվածներին ու կրոնին։ Հռոմեացիները մեծ հաջողությունների հասան աֆրիկացիներին իրենց մշակույթին հաղորդ դարձնելու հարցում։ Բնիկները նույնիսկ իրենց տապանաքարերը սկսեցին զարդարել տեղի և հռոմեական եռաստվածությունների պատկերներով։

ԳԵՂԵՑԻԿ ՔԱՂԱՔԸ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ Է ՄԱՏՆՎՈՒՄ

Այն բանից հետո, երբ Տրայանոս կայսրը հիմնադրեց քաղաքը մ.թ. 100-ին, հռոմեացիները Հյուսիսային Աֆրիկայում զարկ տվեցին հացահատիկի, ձիթապտղի յուղի և գինու արտադրությանը։ Տարածաշրջանը շուտով ամբար դարձավ Հռոմի համար, քանի որ կայսրությանը մատակարարում էր այս անհրաժեշտ ապրանքներով։ Մյուս գաղութային քաղաքների նման՝ Թիմգադը բարգավաճում էր Հռոմի իշխանության տակ։ Ժամանակի ընթացքում Թիմգադի բնակչությունը աճեց, և քաղաքն ընդարձակվեց իր ամուր պարիսպներից այն կողմ։

Քաղաքի բնակիչները և կալվածատերերը բարգավաճում էին Հռոմի հետ առևտրի շնորհիվ, սակայն ֆերմերները քիչ օգուտ էին ստանում։ Մ.թ. երրորդ դարում սոցիալական անարդարությունը և չափազանց բարձր հարկերը փոքր ֆերմերների շրջանում ապստամբությունների պատճառ դարձան։ Նրանցից ոմանք, որ կաթոլիկություն էին ընդունել, միացան դոնատականներին՝ այսպես կոչված քրիստոնյաների մի խմբի, որը դուրս եկավ կաթոլիկ եկեղեցում տարածված կոռուպցիայի դեմ։ Տե՛ս  «Դոնատականներ. ոչ «մաքուր եկեղեցի»» շրջանակը։

 Դարեր տևած կրոնական բախումներից, քաղաքացիական պատերազմներից ու բարբարոսների արշավանքներից հետո հռոմեական քաղաքակրթությունը կորցրեց իր ազդեցությունը Հյուսիսային Աֆրիկայում։ Արդեն մ.թ. վեցերորդ դարում Թիմգադը հիմնահատակ այրված էր տեղի արաբական ցեղերի կողմից և ի վերջո մոռացության մատնվեց ավելի քան 1000 տարով։

«ՍԱ՛ Է ԿՅԱՆՔԸ»

Ֆորումում գտնված լատիներեն մի մակագրություն, որն ասում է. «Որս անել, լոգանք ընդունել, խաղ խաղալ, ծիծաղել. սա՛ է կյանքը»

Ֆորումում գտնված լատիներեն մի մակագրություն ծիծաղ առաջացրեց Թիմգադի մնացորդները պեղած հնագետների մեջ։ Նրանում ասվում է. «Որս անել, լոգանք ընդունել, խաղ խաղալ, ծիծաղել. սա՛ է կյանքը»։ Ֆրանսիացի մի պատմաբան նշեց, որ դա «այն փիլիսոփայության արձագանքն է, որը թեև զերծ է փառասիրությունից, բայց այնպիսին է, որ ոմանք չեն սխալվի, եթե համարեն իմաստության գաղտնիքը»։

Իրականում, հռոմեացիները որոշ ժամանակ այդպիսի կենսակերպ էին որդեգրել։ Առաջին դարում ապրած Պողոս առաքյալը խոսեց այն մարդկանց մասին, որոնց կյանքի փիլիսոփայությունը հետևյալն էր. «Եկեք ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք»։ Թեև հռոմեացիները կրոնասեր էին, նրանք ապրում էին տվյալ պահին հաճույք ստանալու համար և շատ չէին մտածում կյանքի իրական նշանակության և իմաստի մասին։ Պողոսը իր քրիստոնյա հավատակիցներին ասաց, որ զգուշանան այդպիսի մարդկանցից. «Մի՛ մոլորվեք։ Վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները» (1 Կորնթացիներ 15։32, 33

Թեև Թիմգադի ժողովուրդը ապրել է մոտ 1500 տարի առաջ, կյանքի հանդեպ մարդկանց տեսակետը շատ չի փոխվել։ Այսօր շատերը միայն ներկայով են ապրում։ Նրանց համար կյանքի հանդեպ հռոմեացիների տեսակետը լիովին տրամաբանական է, ինչ հետևանքներ էլ որ այն ունենա։ Սակայն Աստվածաշունչը հակիրճ և իրատեսորեն ասում է. «Այս աշխարհի տեսարանը փոխվում է»։ Ուստի այն հորդորում է մեզ լիովին չօգտվել աշխարհից (1 Կորնթացիներ 7։31

Թիմգադի ավերակները վկայում են, որ երջանիկ ու իմաստալից կյանքի գաղտնիքը ոչ թե Հյուսիսային Աֆրիկայի ավազներում երկար դարեր թաղված մակագրության խոսքերին հետևելու մեջ է, այլ աստվածաշնչյան հետևյալ հիշեցմանը ուշադրություն դարձնելու մեջ. «Աշխարհն անցնում է, և նրա ցանկությունն էլ, բայց Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան» (1 Հովհաննես 2։17

Իմացիր ավելին

Ինչպիսի՞ն կլինի ապագան

Իմացիր երկու պատճառ, թե ինչու կարող ենք հավատալ երջանիկ ապագայի մասին Աստվածաշնչի խոսքերին։