Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՆՈՅԵՄԲԵՐ 2014

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՍԱՏԱՆԱՆ ԻՐԱԿԱ՞Ն ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է

Սատանան պարզապես չարության խորհրդանի՞շ է

Սատանան պարզապես չարության խորհրդանի՞շ է

Բավականին հեշտ է պնդել, թե Սատանան, որի մասին կարդում ենք Աստվածաշնչում, պարզապես չարության խորհրդանիշ է։ Բայց արդյո՞ք դա է սովորեցնում Աստվածաշունչը։ Եթե այդպես է, ինչո՞ւ է Աստվածաշունչը Սատանայի մասին ասում, որ նա զրուցել է Հիսուս Քրիստոսի և Ամենակարող Աստծու հետ։ Քննենք այդպիսի զրույցներից երկուսը։

ԶՐՈՒՅՑ ՍԱՏԱՆԱՅԻ ԵՎ ՀԻՍՈՒՍԻ ՄԻՋԵՎ

Երբ Հիսուսը սկսեց իր ծառայությունը, Սատանան երեք անգամ փորձեց նրան։ Սկզբում նա ջանաց ճնշում բանեցնել Հիսուսի վրա, որ օգտագործի իր աստվածատուր զորությունը եսասիրական նպատակով՝ հագեցնել քաղցը։ Հետո Բանսարկուն հանդգնեց ասել Հիսուսին, որ անմտորեն վտանգի իր կյանքը և ուշադրություն հրավիրի իր անձի վրա։ Վերջում Սատանան առաջարկեց Հիսուսին դառնալ աշխարհի բոլոր թագավորությունների ղեկավարը այն պայմանով, որ նա մեկ անգամ երկրպագություն անի իրեն։ Հիսուսը դիմադրեց բոլոր երեք մտածված հարձակումներին՝ ամեն անգամ մեջբերելով Սուրբ Գրքից (Մատթեոս 4։1–11; Ղուկաս 4։1–13

Ո՞ւմ հետ էր Հիսուսը խոսում։ Իր մեջ եղող չարությա՞ն հետ։ Աստվածաշնչի համաձայն՝ Հիսուսը «փորձվել է բոլոր առումներով, բայց մնացել է առանց մեղքի» (Եբրայեցիներ 4։15)։ Աստծու Խոսքում նաև ասվում է. «Նա ոչ մի մեղք չգործեց, ոչ էլ խաբեություն կար նրա բերանում» (1 Պետրոս 2։22)։ Հիսուսը կատարելապես պահեց իր անարատությունը։ Նա երբեք թույլ չտվեց, որ իր մեջ չարություն զարգանա։ Հստակ է, որ Հիսուսը չէր խոսում իր մեջ եղող ինչ-որ չարության հետ, նա խոսում էր իրական անձնավորության հետ։

Այս զրույցը լրացուցիչ ապացույցներ է պարունակում այն մասին, որ Սատանան իրական անձնավորություն է։

  • Հիշիր, որ Սատանան Հիսուսին առաջարկեց իշխել ողջ աշխարհի վրա այն պայմանով, որ նա մեկ անգամ երկրպագություն անի իրեն (Մատթեոս 4։8, 9)։ Այս առաջարկը անիմաստ կլիներ, եթե Սատանան իրական չլիներ։ Ավելին, Հիսուսը հարցականի տակ չդրեց Սատանայի պնդումը, որ նա այդքան մեծ իշխանություն ունի։

  • Այն բանից հետո, երբ Հիսուսը դիմադրեց փորձություններին, Բանսարկուն «հեռացավ նրանից մինչև մեկ ուրիշ հարմար ժամանակ» (Ղուկաս 4։13)։ Այս դեպքում ո՞րն է ավելի հավանական՝ որ Սատանան չարության խորհրդանի՞շ է, թե՞ համառ, հաստատակամ թշնամի։

  • Նկատի առ, որ «հրեշտակները եկան ու սկսեցին ծառայել» Հիսուսին (Մատթեոս 4։11)։ Այս հրեշտակները իրական ոգեղեն անձնավորություննե՞ր էին, որոնք քաջալերեցին ու գործնական օգնություն ցույց տվեցին Հիսուսին։ Անշուշտ, այդպես է։ Ուրեմն ինչո՞ւ պետք է ենթադրենք, որ Սատանան իրական ոգեղեն արարած չէր։

 ԶՐՈՒՅՑ ՍԱՏԱՆԱՅԻ ԵՎ ԱՍՏԾՈՒ ՄԻՋԵՎ

Երկրորդ օրինակը առնչվում է աստվածավախ Հոբի մասին արձանագրությանը։ Այս արձանագրությունը երկու զրույց է պարունակում, որ տեղի ունեցան Սատանայի և Աստծու միջև։ Երկու դեպքում էլ Աստված գովեց Հոբին իր անարատության համար։ Սատանան պնդում էր, թե Հոբը ծառայում է Աստծուն միայն եսասիրական նկատառումներով՝ ակնարկելով, որ Աստված գնել է Հոբի նվիրվածությունը։ Իրականում, Սատանան ուզում էր ասել, որ ինքը Հոբին ավելի լավ է ճանաչում, քան Աստված։ Եհովան թույլ տվեց Սատանային զրկել Հոբին ունեցվածքից, երեխաներից և նույնիսկ վնաս հասցնել նրա առողջությանը *։ Ժամանակի ընթացքում ակնհայտ դարձավ, որ Եհովան իրավացի էր Հոբի առնչությամբ, իսկ Սատանան ստախոս էր։ Աստված օրհնեց Հոբին իր անարատության համար (Հոբ 1։6–12; 2։1–7

Իր և Սատանայի միջև տեղի ունեցած այդ զրույցներում մի՞թե Եհովան խոսում էր իր մեջ եղող չարության հետ։ Աստվածաշունչն ասում է. «Ճշմարիտ Աստծու ճանապարհը կատարյալ է» (2 Սամուել 22։31)։ Աստծու Խոսքում նաև նշվում է. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Եհովա Աստված՝ Ամենակարողը» (Հայտնություն 4։8)։ Սուրբ նշանակում է մաքուր, սրբացված, մեղքից զերծ։ Եհովան կատարյալ է և անբիծ։ Նրա մեջ ուղղակի չի կարող որևէ չարություն լինել։

Սատանայի ու Աստծու միջև տեղի ունեցած զրույցը իրական հետևանքներ ունեցավ Հոբի համար

Այնուհանդերձ, ոմանք գուցե պնդեն, թե անգամ Հոբն է մտացածին կերպար, ուստի ողջ զրույցը այլաբանություն է։ Բայց արդյո՞ք այս պնդումը խելամիտ է։ Աստվածաշնչյան այլ հատվածներ ցույց են տալիս, որ Հոբը իրական անձնավորություն էր։ Հակոբոս 5։7–11-ում Հոբը որպես օրինակ է բերվում մղելու համար քրիստոնյաներին, որ տոկան դժվարին ժամանակներում։ Այդ համարներում նաև նշվում է, որ նրա օրինակը մխիթարական հիշեցում է այն մասին, որ Եհովան վարձատրում է այդպիսի տոկունությունը։ Ի՞նչ ուժ կունենար այդ օրինակը, եթե Հոբը իրական անձնավորություն չլիներ, և Սատանայի հարձակումները պարզապես հորինված լինեին։ Ավելին, Եզեկիել 14։14, 20 համարներում նշվում են երեք արդար մարդկանց՝ Նոյի, Դանիելի, այդ թվում նաև Հոբի անունները։ Նոյի և Դանիելի նման՝ Հոբը իրական անձնավորություն էր ու մեծ հավատի տեր մարդ։ Եթե Հոբը իրական էր, ուրեմն մի՞թե նրա դեմ հարձակվողը՝ նրա հալածանքի աղբյուրը, չպետք է նույնպես իրական լիներ։

Հստակ է, որ Աստվածաշունչը Սատանային ներկայացնում է որպես իրական ոգեղեն անձնավորություն։ Սակայն գուցե մտածես. «Այսօր այս աշխարհում նա ինչ-որ վտանգ ներկայացնո՞ւմ է ինձ և իմ ընտանիքի համար»։

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՍԵԼ ՄԵՐ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ

Պատկերացրու, որ ձեր քաղաք հանկարծակի ներխուժում է հանցագործների խումբ։ Պարզ է, որ անձնական ապահովությունը կվտանգվի, իսկ շրջապատի բարոյական չափանիշները կընկնեն։ Հիմա նկատի առ հետևյալ տեսարանը. Սատանան ու իր դևերը, որոնք նույնպես իրական ոգեղեն արարածներ են և Սատանայի նման՝ ըմբոստացել են Աստծու դեմ, հանկարծակի հայտնվել են երկրի սահմաններում։ Ի՞նչ կլինի արդյունքը։ Մի պահ մտածիր, թե ինչ ես դու տեսնում՝ դիտելով նորությունները։

  • Տեսնո՞ւմ ես, որ անմիտ, դաժան արարքները շատացել են, չնայած որ ողջ աշխարհում քայլեր են ձեռնարկվում դրանք կանգնեցնելու համար։

  • Նկատո՞ւմ ես, որ ոգեհարցությամբ համեմված զվարճության ձևերը շատացել են՝ չնայած բազմաթիվ ծնողների անհանգստությանը։

  • Տեսնո՞ւմ ես, որ շրջակա միջավայրը անխնա ոչնչացվում է՝ չնայած այն փրկելու համար գործադրված անկեղծ ջանքերին։

  • Թվո՞ւմ է քեզ, որ հասարակության հետ կապված ինչ-որ բան այն չէ, ասես ինչ-որ ուժ մարդկությանը դեպի կործանում է տանում։

Խնդրում ենք, ուշադրություն դարձրու, թե Աստվածաշնչի համաձայն՝ ով է կանգնած ներկայիս դժվարությունների հետևում. «Ցած գցվեց մեծ վիշապը՝ առաջին օձը, որ Բանսարկու և Սատանա է կոչվում, որ մոլորեցնում է ողջ երկիրը. նա ցած գցվեց երկրի վրա, ու նրա հրեշտակներն էլ նրա հետ ցած գցվեցին.... Վա՜յ երկրին և ծովին, որովհետև Բանսարկուն ցած է իջել ձեզ մոտ. նա մեծ բարկությամբ է լցված՝ գիտենալով, որ քիչ ժամանակ ունի» (Հայտնություն 12։9, 12)։ Ապացույցները քննելուց հետո շատ մարդիկ եզրակացնում են, որ Սատանան վտանգավոր ոգեղեն անձնավորություն է, որը ակտիվորեն ազդեցություն է բանեցնում մեզ շրջապատող աշխարհի վրա։

Գուցե հարցնես, թե ինչպես կարող ես պաշտպանվել նրանից։ Դա լուրջ մտահոգություն է։ Հաջորդ հոդվածը կառաջարկի մի քանի գործնական միջոցներ։

^ պարբ. 12 «Եհովան» Աստծու անունն է, որ գրված է Աստվածաշնչում։