Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՆՈՅԵՄԲԵՐ 2014

 ԶՐՈՒՅՑ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԹԵՄԱՅԻ ՇՈՒՐՋ

Ե՞րբ է Աստծու Թագավորությունը սկսել իշխել (մաս 2)

Ե՞րբ է Աստծու Թագավորությունը սկսել իշխել (մաս 2)

Ներկայացնում ենք մի զրույց, որը տեղի է ունենում Եհովայի վկայի և մեկ ուրիշ տղամարդու միջև։ Վկային կանվանենք Տիգրան, որը վերայցելել է Վահան անունով մի տղամարդու։

ՆԱԲՈՒԳՈԴՈՆՈՍՈՐԻ ԵՐԱԶԸ. ՀԱԿԻՐՃ ԱՄՓՈՓՈՒՄ

Տիգրան — Ուրախ եմ քեզ նորից տեսնել, Վահա՛ն ջան։ Ինձ շատ հաճելի է ամեն շաբաթ զրուցել քեզ հետ աստվածաշնչյան թեմաների շուրջ *։ Ինչպե՞ս ես։

Վահան — Լավ եմ, շնորհակալություն։

Տիգրան — Ուրախ եմ, որ լավ ես։ Անցած անգամ մենք խոսեցինք այն մասին, թե ինչու են Եհովայի վկաները ասում, որ Աստծու Թագավորությունը սկսել է իշխել 1914թ.-ին *։ Ինչպես քննարկեցինք, կարևոր ապացույցներից մեկը գտնվում է Աստվածաշնչի «Դանիել» գրքի 4-րդ գլխում արձանագրված մարգարեության մեջ։ Հիշո՞ւմ ես՝ ինչ է գրված այնտեղ։

Վահան — Գրված է մեծ ծառի վերաբերյալ Նաբուգոդոնոսոր թագավորի երազի մասին։

Տիգրան — Շատ ճիշտ է։ Երազում Նաբուգոդոնոսորը տեսավ մի վիթխարի ծառ, որը հասնում էր երկնքին։ Նա լսեց, որ Աստծու հրեշտակը հրամայեց, որ ծառը կտրեն, բայց դրա կոճղն ու արմատները պետք է թողնվեին երկրում։ «Յոթ ժամանակ» հետո ծառը նորից աճելու էր *։ Մենք նաև քննարկեցինք, թե ինչու այդ մարգարեությունը երկու կատարում ունի։ Հիշո՞ւմ ես, թե որն էր առաջին կատարումը։

Վահան — Դա կապված էր Նաբուգոդոնոսորի հետ, չէ՞։ Նա խելագարվեց, և դա տևեց յոթ տարի։

Տիգրան — Շատ ճիշտ է։ Նաբուգոդոնոսորը խելագարվեց, ինչը մի որոշ ժամանակ տևեց։ Այդ պատճառով նրա իշխանությունը ընդհատվեց։ Սակայն այդ մարգարեությունը ավելի մեծ կատարում ուներ. երկրի վրա Աստծու իշխանությունը յոթ ժամանակով պետք է ընդհատվեր։ Ինչպես տեսանք, յոթ ժամանակը սկսվեց, երբ Երուսաղեմը մ.թ.ա. 607-ին կործանվեց։ Այդ ժամանակից ի վեր երկրի վրա ուրիշ ոչ մի թագավոր չի ներկայացրել Եհովա Աստծուն՝ իշխելով նրա ժողովրդի վրա։ Սակայն յոթ ժամանակի ավարտին Աստված պետք է նոր Ղեկավար նշանակեր իր ժողովրդի վրա, բայց այս անգամ երկնքում։ Այլ խոսքերով՝ յոթ ժամանակի ավարտը նշանավորելու էր Աստծու երկնային Թագավորության ղեկավարման սկիզբը։ Մենք քննարկեցինք, թե երբ է սկսվել յոթ ժամանակը։ Ու եթե կարողանանք որոշել դրա տևողությունը, կիմանանք, թե երբ է Աստծու Թագավորությունը սկսել իշխել։ Այսքանը հասկանալի՞ է։

Վահան — Այո՛։ Եվ այս ամփոփումը օգնեց ինձ հիշելու մեր քննարկած մտքերը։

Տիգրան — Շատ լավ։ Այդ դեպքում արի շարունակենք ու տեսնենք, թե որքան է յոթ ժամանակի տևողությունը։ Նոր եմ կարդացել այդ մասին, որ վերհիշեմ գլխավոր մտքերը։ Կփորձեմ հնարավորինս պարզ բացատրել։

Վահան — Եղավ։

 ՅՈԹ ԺԱՄԱՆԱԿԻ ԱՎԱՐՏԸ. ՍԿՍՎՈՒՄ ԵՆ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ

Տիգրան — Մարգարեության առաջին կատարման դեպքում, որը վերաբերում էր Նաբուգոդոնոսորին, յոթ ժամանակը, ակներևաբար, ներկայացնում էր յոթ բառացի տարիներ։ Բայց ավելի մեծ կատարման դեպքում, որը վերաբերում է Աստծու Թագավորությանը, յոթ ժամանակը պետք է որ յոթ բառացի տարիներից ավելի երկար տևողություն ունենա։

Վահան — Ինչո՞ւ։

Տիգրան — Հիշիր, որ յոթ ժամանակը սկսվեց, երբ Երուսաղեմը կործանվեց մ.թ.ա. 607-ին։ Եթե այդ թվականից հաշվենք յոթ բառացի տարիներ, կհասնենք մ.թ.ա. 600թ.-ին։ Սակայն այդ տարի Աստծու իշխանության հետ կապված ոչ մի նշանակալից իրադարձություն տեղի չունեցավ։ Բացի դա, ինչպես տեսանք նախորդ անգամ, դարեր հետո, երբ Հիսուսը այստեղ՝ երկրի վրա էր, ցույց տվեց, որ յոթ ժամանակը դեռ չէր ավարտվել։

Վահան — Ճիշտ է։ Հիմա հիշեցի։

Տիգրան — Ուստի յոթ ժամանակը ոչ թե բառացի յոթ տարի է, այլ թերևս ընդգրկում է ավելի երկար ժամանակահատված։

Վահան — Որքա՞ն երկար։

Տիգրան — Աստվածաշնչի «Հայտնություն» գիրքը, որը սերտորեն կապված է «Դանիել» գրքի հետ, օգնում է մեզ որոշելու յոթ ժամանակի կոնկրետ տևողությունը։ Նրանում ցույց է տրվում, որ երեքուկես ժամանակը հավասար է 1260 օրվա *։ Ուստի յոթ ժամանակը՝ երկու անգամ երեքուկես, հավասար կլինի 2520 օրվա։ Պա՞րզ է այսքանը։

Վահան — Այո՛, պարզ է։ Բայց չեմ հասկանում, թե ինչպես է դա ցույց տալիս, որ Աստծու Թագավորությունը սկսել է իշխել 1914թ.-ին։

Տիգրան — Լավ, արի տեսնենք։ Աստվածաշնչյան մարգարեության մեջ երբեմն օրը տարի է խորհրդանշում *։ Եթե կիրառենք մեկ օրվա տեղ՝ մեկ տարի սկզբունքը, յոթ ժամանակը հավասար կլինի 2520 տարվա։ Մ.թ.ա. 607թ.-ից հաշվելով 2520 տարի՝ կհասնենք 1914թ.-ին *։ Այս հաշվարկի արդյունքում ենք ստանում 1914 թվականը՝ այն տարին, երբ ավարտվեց յոթ ժամանակը, և Հիսուսը սկսեց իշխել որպես Աստծու Թագավորության Թագավոր։ Հետաքրքիր է, որ 1914թ.-ից ի վեր համաշխարհային կարևոր իրադարձություններ են տեղի ունենում, իրադարձություններ, որոնց մասին կանխագուշակվել է Աստվածաշնչում՝ կապված վերջին օրերի հետ։

Վահան — Ի՞նչ իրադարձություններ։

Տիգրան — Ուշադրություն դարձրու Հիսուսի խոսքերին, որոնք արձանագրված են Մատթեոս 24։7-ում։ Այն ժամանակի վերաբերյալ, երբ ինքը սկսելու էր իշխել երկնքում, նա ասաց. «Ազգ ազգի դեմ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ, և տեղ-տեղ սովեր ու երկրաշարժեր կլինեն»։ Նկատի առ, որ Հիսուսը կանխագուշակեց, որ այդ ժամանակահատվածում սովեր ու երկրաշարժեր էին լինելու։ Ինչ խոսք, այս աշխարհը այդպիսի աղետներ շատ տեսավ անցած դարում, համաձա՞յն ես։

Վահան — Համաձայն եմ։

Տիգրան — Այս համարում Հիսուսը նաև կանխագուշակեց, որ որպես Աստծու Թագավորության Թագավոր իր ներկայության ընթացքում պատերազմներ էին լինելու։ Իսկ Աստվածաշնչի «Հայտնություն» գրքում կանխագուշակվել է ոչ միայն առանձին վայրերում տեղի ունեցող պատերազմների, այլև այնպիսի պատերազմների մասին, որոնք վերջին օրերում ընդգրկելու էին ողջ երկիրը *։ Հիշո՞ւմ ես, թե երբ բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը։

Վահան — 1914թ.-ին՝ այն նույն տարի, երբ, ինչպես դու ասացիր, Հիսուսը սկսեց իշխել։ Ես դրանք երբեք իրար հետ չեմ կապել։

 Տիգրան — Եթե համադրենք այս բոլոր մասերը՝ յոթ ժամանակի մասին մարգարեությունը, ինչպես նաև վերջին օրերի վերաբերյալ աստվածաշնչյան մյուս մարգարեությունները, դա շատ տրամաբանական կլինի։ Եհովայի վկաները համոզված են, որ Հիսուսը սկսեց իշխել որպես Աստծու Թագավորության Թագավոր 1914թ.-ին, և որ այդ նույն տարի սկսվեցին վերջին օրերը *։

Վահան — Ես դեռ փորձում եմ յուրացնել այդ ամենը։

Տիգրան — Դա լիովին հասկանալի է։ Ինչպես արդեն ասել եմ, ինձնից նույնպես ժամանակ պահանջվեց, որ լավ հասկանամ դա։ Բայց հուսով եմ, որ մեր քննարկումը գոնե օգնեց քեզ տեսնելու, որ թեև 1914 տարեթիվը կոնկրետ նշված չէ Աստծու Խոսքում, բայց Եհովայի վկաները այդ տարեթվի հետ կապված իրենց հավատալիքները իսկապես հիմնում են Աստվածաշնչի վրա։

Վահան — Այո՛, ինձ միշտ տպավորել է այն, որ դուք ձեր ասածները հիմնավորում եք աստվածաշնչյան համարով։ Պարզապես մտածում եմ, թե ինչու է դա այդքան բարդ։ Ինչո՞ւ Աստված ուղղակի չի նշել Աստվածաշնչում, որ 1914 թվականն էր լինելու այն տարին, երբ Հիսուսը սկսելու էր իշխել երկնքում։

Տիգրան — Շատ լավ հարց է, Վահա՛ն։ Իրականում, շատ բաներ կան, որոնք հստակ նշված չեն Աստծու Խոսքում։ Ուրեմն ինչո՞ւ է Աստվածաշունչը այնպես գրի առնվել, որ մարդկանցից ջանքեր են պահանջվում այն հասկանալու համար։ Գուցե այդ մասին խոսենք իմ հաջորդ այցելության ժամանակ։

Վահան — Մեծ հաճույքով։

Հավանաբար ունեք այնպիսի աստվածաշնչյան հարց, որի պատասխանն ուզում եք իմանալ։ Կամ գուցե ցանկանում եք տեղեկանալ Եհովայի վկաների հավատալիքներին և գործունեությանը։ Երբ հաջորդ անգամ հանդիպեք Վկաներին, մի՛ վարանեք խոսել նրանց հետ։ Նրանք հաճույքով կպատասխանեն ձեր հարցերին։

^ պարբ. 5 Աստվածաշնչի անվճար ուսումնասիրության միջոցով Եհովայի վկաները հաճախ աստվածաշնչյան կանոնավոր քննարկումներ են ունենում մարդկանց հետ։

^ պարբ. 24 Տե՛ս «Ծառի մասին Նաբուգոդոնոսորի երազը» աղյուսակը։

Իմացիր ավելին

Ի՞նչ է Աստվածաշնչի ժամանակագրությունը ցույց տալիս 1914 թվականի մասին

Դանիել 4-րդ գլխի «յոթ ժամանակների» վերաբերյալ մարգարեությունը մատնանշում է մարդկային իշխանության համար կրիտիկական ժամանակ։

Արդյո՞ք ապրում ենք «վերջին օրերում»

Ուշադրություն դարձրու, թե ինչպես են աշխարհի իրադարձությունները և մարդկանց վերաբերմունքը փաստում, որ մենք ապրում ենք Աստվածաշնչի կանխագուշակած «վերջին օրերում»։