Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՆՈՅԵՄԲԵՐ 2014

 ԸՆԴՕՐԻՆԱԿԵՔ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՏԸ | ՀՈՎՍԵՓ

«Ինչպե՞ս կարող եմ անել այս մեծ չարիքը»

«Ինչպե՞ս կարող եմ անել այս մեծ չարիքը»

ՀՈՎՍԵՓԸ շնչում էր լոտոսի ծաղիկների և այլ ջրային բույսերի հոտով հագեցած խոնավ ու տաք օդը։ Նրան տանում էր առևտրականների քարավանը, որն այժմ անցնում էր Նեղոսի հսկայական դելտայի հովտով։ Պատկերացրու շարք կազմած տղամարդկանց, որոնք գետի երկայնքով ուղտերով գնում էին դեպի մեկ ուրիշ եգիպտական քաղաք։ Ջրի մեջ եղող ձկնկուլներն ու քաջահավերը, ճամփորդներին տեսնելով, վախից բացում էին թևերը և ճախրում երկինք։ Հովսեփը նորից մտածում էր իր տան մասին, որը, քամուց անպաշտպան, լեռներով շրջապատված Քեբրոնում էր՝ հարյուրավոր մղոններ հեռու. հիմա նա հայտնվել էր բոլորովին անծանոթ աշխարհում։

Պատկերացրու կապիկներին, որ «շաղակրատում» ու ճիչեր էին արձակում արմավենիների և թզենիների վրա։ Հովսեփի համար անցորդների լեզուն դժվար թե ավելի հասկանալի լիներ։ Գուցե նա փորձում էր որսալ ցանկացած բառ կամ արտահայտություն։ Տղան թերևս նաև սովորում էր։ Նա գիտակցում էր, որ այլևս երբեք չի տեսնելու իր տունը։

Հովսեփը ընդամենը 17–18 տարեկան տղա էր, բայց այնպիսի դժվարությունների բախվեց, որոնք կվախեցնեին բազմաթիվ հասուն տղամարդկանց։ Նրա հարազատ եղբայրները նախանձով էին լցվել, քանի որ Հովսեփը իրենց հոր սիրելի որդին էր, և ուր որ է՝ պետք է սպանեին նրան։ Բայց վաճառեցին առևտրականներին (Ծննդոց 37։2, 5, 18–28)։ Հիմա, երբ արդեն շաբաթներ էր, ինչ ճանապարհին էին, վաճառականները թերևս գնալով ավելի անհոգ և ուրախ էին դառնում, քանի որ մոտենում էին մեծ քաղաքին, որտեղ մտադիր էին շահույթ ձեռք բերել՝ վաճառելով Հովսեփին և իրենց թանկ ապրանքները։ Ինչպե՞ս էր Հովսեփին հաջողվելու թույլ չտալ, որ վհատությունը բույն դնի իր սրտում և կոտրի իր ոգին։ Ինչպե՞ս մենք կարող ենք այսօր թույլ չտալ, որ կյանքի դժվարությունները և անհաջողությունները կործանեն մեր հավատը։ Մենք Հովսեփից շատ բան ունենք սովորելու։

«ԵՀՈՎԱՆ ՀՈՎՍԵՓԻ ՀԵՏ ԷՐ»

«Հովսեփին տարան Եգիպտոս, և եգիպտացի Պետափրեսը՝ փարավոնի պալատականն ու թիկնապահների պետը, գնեց նրան իսմայելացիների ձեռքից, որոնք նրան բերել էին այնտեղ» (Ծննդոց 39։1)։ Այս մի քանի խոսքերով Աստվածաշնչի արձանագրությունը օգնում է մեզ պատկերացնելու երիտասարդի նվաստացած վիճակը, որին կրկին ստրկության վաճառեցին. նա ընդամենը սեփականություն էր։ Կարող ենք պատկերացնել Հովսեփին, որը գնում էր իր նոր տիրոջ՝ եգիպտացի պալատականի հետևից՝ անցնելով քաղաքի աղմկոտ փողոցների ու արևելյան շուկաների միջով և քայլերն ուղղելով դեպի իր նոր տուն։

Տուն... Այն շատ հեռու էր նրանից, ինչը Հովսեփը տուն էր կոչում։ Նա մեծացել էր մի ընտանիքում, որը վրաններում էր ապրում, քանի որ հաճախ տեղից տեղ էր գնում և ոչխարների հոտեր էր պահում։ Իսկ այստեղ Պետափրեսի նման հարուստ եգիպտացիները ապրում էին նրբագեղ, վառ գույներով ներկված տներում։ Հնագետները ասում են, որ հին եպիգպտացիները սիրում էին փարթամ, պարսպապատ այգիներ՝ ստվերաշուք ծառերով և հանդարտ լճակներով, որոնց մեջ աճեցնում էին պապիրուսներ, լոտոսներ և այլ ջրային բույսեր։ Որոշ տներ այգու խորքում էին շինված. դրանք ունեին պատշգամբներ՝ մեղմ զեփյուռը վայելելու համար, բարձր պատուհաններ՝ օդափոխության համար, և շատ սենյակներ, այդ թվում մեծ ճաշասենյակ ու ծառաների համար կացարաններ։

 Արդյոք Հովսեփին չափազանց տպավորեցի՞ն այս ճոխությունները։ Քիչ հավանական է։ Թերևս նա ավելի ուժգին համակվեց մենակության զգացումով։ Եգիպտացիների լեզուն, հագուստը, հարդարանքը և հատկապես կրոնը խորթ էին նրա համար։ Նրանք մեծ թվով աստվածների էին երկրպագում, զբաղվում էին ոգեհարցությամբ ու գուշակությամբ և հիվանդագին հետաքրքրություն ունեին մահվան ու հանդերձյալ կյանքի հանդեպ։ Սակայն կար մի բան, որի շնորհիվ Հովսեփը չընկավ մենության հորձանուտը։ Աստվածաշունչը հայտնում է մեզ. «Եհովան Հովսեփի հետ էր» (Ծննդոց 39։2)։ Հովսեփն, անշուշտ, իր սիրտը թափում էր իր Աստծու առաջ։ Իսկ Սուրբ Գիրքն ասում է, որ «Եհովան մոտ է բոլոր իրեն կանչողներին» (Սաղմոս 145։18)։ Ուրիշ ի՞նչ կերպով Հովսեփը մտերմացավ իր Աստծու հետ։

Երիտասարդը չցանկացավ ընկնել վհատության գիրկը և գործի լծվեց՝ լավագույնս կատարելով իր աշխատանքը։ Այդպիսով նա Եհովային շատ հնարավորություններ տվեց օրհնելու իրեն և շուտով արժանացավ իր նոր տիրոջ բարեհաճությանը։ Պետափրեսը տեսավ, որ իր երիտասարդ ծառան օրհնվում է Եհովայի՝ Հովսեփի ընտանիքի Աստծու կողմից, իսկ այդ օրհնություններն, անկասկած, նպաստում էին եգիպտացու տան բարգավաճմանը։ Հովսեփը աստիճանաբար ձեռք բերեց իր տիրոջ հարգանքը, և նա այդ շնորհալի երիտասարդի ձեռքը հանձնեց ամեն բան (Ծննդոց 39։3–6

Հովսեփը հրաշալի օրինակ է այսօրվա երիտասարդների համար, ովքեր ծառայում են Աստծուն։ Օրինակ՝ երբ նրանք դպրոցում են, գուցե երբեմն իրենց զգան անսովոր և օտար միջավայրում՝ աշխարհ, որը հրապուրված է ոգեհարցությամբ և պտտվում է այնպիսի նպատակների շուրջ, որոնք մռայլ ու անհույս հեռանկար ունեն։ Եթե դու այդպիսի իրավիճակում ես, հիշիր, որ Եհովան չի փոխվել (Հակոբոս 1։17)։ Նա շարունակում է լինել բոլոր նրանց հետ, ովքեր նվիրված են մնում իրեն և մեծ ջանքեր են թափում իրեն հաճեցնելու համար։ Նա առատապես օրհնում է նրանց և այդպես կվարվի նաև քեզ հետ։

Արձանագրության մեջ նաև կարդում ենք, որ երիտասարդ Հովսեփը մեծանալով «վայելչակազմ ու արտաքնապես գեղեցիկ տղամարդ» դարձավ։ Այս խոսքերից կարելի է ենթադրել, որ առջևում վտանգ էր նշմարվում, քանի որ գեղեցիկ արտաքինի պատճառով հաճախ մարդու վրա անցանկալի և անտեղի ուշադրություն է հրավիրվում։

Պետափրեսի կինը ուշադրություն դարձրեց նվիրված երիտասարդ Հովսեփին

«ԵՐԲԵՔ ՉԷՐ ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ»

Հովսեփը կարևորում էր նվիրվածությունը, իսկ Պետափրեսի կինը՝ ոչ։ Կարդում ենք. «Հովսեփի տիրոջ կինը սկսեց աչք դնել նրա վրա ու ասել. «Պառկի՛ր ինձ հետ»» (Ծննդոց 39։7)։ Արդյոք Հովսեփին գայթակղեցրի՞ն այս հեթանոս կնոջ լկտի սիրահետումները։ Աստվածաշունչը ոչ մի հիմք չի տալիս ենթադրելու, որ Հովսեփը պաշտպանված էր երիտասարդներին հատուկ ցանկություններից ու հակումներից, կամ որ հարուստ և ազդեցիկ պալատականի երեսառած կինը ֆիզիկապես գրավիչ չէր։ Հովսեփը  մտածե՞ց, թե իր տերը երբեք չի իմանա այդ մասին։ Նրան գայթակղե՞ց նյութապես ապահով կյանք վայելելու միտքը, ինչն իր հետ կբերեր այս սիրային կապը։

Իրականում, չգիտենք, թե ինչեր անցան Հովսեփի մտքով։ Բայց հստակ գիտենք, թե ինչ կար նրա սրտում։ Դա արտացոլված է նրա խոսքերում. «Իմ տերը իր տանը ոչնչով չի մտահոգվում և իմ ձեռքն է հանձնել իր ողջ ունեցվածքը։ Այս տան մեջ ինձնից մեծը չկա, և իմ տերը ոչինչ չի արգելել ինձ, բացի քեզնից, քանի որ դու նրա կինն ես։ Ուստի ինչպե՞ս կարող եմ անել այս մեծ չարիքը և մեղք գործել Աստծու դեմ» (Ծննդոց 39։8, 9)։ Պատկերացրու, թե ինչպես էր երիտասարդ տղամարդը լուրջ ու լարված ասում այս խոսքերը։ Նա իրեն վիրավորված էր զգում այդ կնոջ առաջարկի մասին մտածելուց անգամ։ Ինչո՞ւ։

Ինչպես Հովսեփն ասաց, իր տերը վստահում էր իրեն։ Պետափրեսը իր ողջ տունը նրա ձեռքն էր տվել՝ ամեն ինչ, բացի իր կնոջից։ Ինչպե՞ս կարող էր Հովսեփը չարաշահել նրա վստահությունը։ Այդ միտքն անգամ գարշելի էր իր համար։ Բայց ավելի գարշելի էր իր Աստծու՝ Եհովայի դեմ մեղք գործելու միտքը։ Հովսեփը իր ծնողներից շատ բան էր սովորել ամուսնության ու հավատարմության վերաբերյալ Աստծու տեսակետի մասին։ Երբ Եհովան հաստատեց առաջին ամուսնությունը, հստակ ցույց տվեց իր վերաբերմունքը։ Տղամարդն ու կինը պետք է միանային՝ դառնալով «մեկ մարմին» (Ծննդոց 2։24)։ Նրանք, ովքեր փորձում էին խզել այդ կապը, կարող էին Աստծու բարկությունը իրենց վրա բերել։ Օրինակ՝ այն մարդիկ, ովքեր քիչ էր մնում պղծեին Աբրահամի կնոջը, որը Հովսեփի նախատատն էր, ինչպես նաև Իսահակի կնոջը, որը նրա տատն էր, շատ վտանգավոր իրավիճակում հայտնվեցին (Ծննդոց 20։1–3; 26։7–11)։ Հովսեփը քաջ գիտեր այդ մասին և մտադրվել էր ապրել իր իմացածին ներդաշնակ։

Պետափրեսի կնոջը դուր չեկավ այն, ինչ լսեց։ Պատկերացրու, որ այս նվաստ ծառան մերժում է իր տիրուհուն՝ նրա առաջարկը համարելով «մեծ չարիք»։ Այնուհանդերձ, կինը համառեց։ Գուցե նրա փառասիրությունն ու հպարտությունը խոցվեցին, և նա վճռեց Հովսեփի «ոչ»-ը «այո» դարձնել։ Պետափրեսի կինն այդպիսով դրսևորեց Սատանայի ոգին, որը փորձեց Հիսուսին։ Սատանայի հարձակումները նույնպես ձախողվեցին, բայց հանձնվելու փոխարեն՝ նա սպասեց «մեկ ուրիշ հարմար ժամանակի» (Ղուկաս 4։13)։ Հավատարիմ մարդիկ պետք է լինեն վճռական ու հաստատուն։ Հենց այդպես իրեն դրսևորեց Հովսեփը։ Թեև այս իրավիճակը շարունակվում էր «ամեն օր», նա չսասանվեց։ Կարդում ենք. «Նա երբեք չէր համաձայնվում» (Ծննդոց 39։10)։ Պետափրեսի կինը, սակայն, համառ էր։

Նա օգտվեց առիթից, երբ ծառաներից ոչ մեկը տանը չէր։ Իմանալով, որ Հովսեփը պետք է տուն մտներ իր գործերը անելու համար՝ կինը փորձեց նրան ծուղակը գցել։ Նա բռնեց նրա հանդերձից և վերջին անգամ խնդրեց. «Պառկի՛ր ինձ հետ»։ Հակառակվելով կնոջը՝ Հովսեփը անմիջապես փորձեց ազատվել նրանից ու հետ գնաց, բայց կինը ամուր բռնել էր նրա հանդերձից։ Հովսեփը մի կերպ հանեց հանդերձը՝ այն նրա ձեռքում թողնելով, ու տնից դուրս փախավ (Ծննդոց 39։11, 12

Թերևս հիշեցինք Պողոսի ներշնչյալ խորհուրդը. «Փախե՛ք պոռնկությունից» (1 Կորնթացիներ 6։18)։ Ի՜նչ հրաշալի օրինակ Հովսեփը թողեց բոլոր ճշմարիտ քրիստոնյաների համար։ Կյանքում հնարավոր է մոտիկից առնչվենք այնպիսի մարդկանց, ովքեր չեն հարգում Աստծու բարոյական օրենքները, բայց դա չի նշանակում, որ պետք է տրվենք բացասական ազդեցությանը։ Մենք պետք է փախչենք, ինչ գնով էլ որ լինի։

Հովսեփը թանկ գին վճարեց դրա համար։ Պետափրեսի կինը ցանկացավ վրեժխնդիր լինել։ Նա անմիջապես սկսեց ամբողջ ձայնով գոռալ, որ մյուս ծառաներին տուն կանչի։ Կինը պնդում էր, թե Հովսեփը փորձել էր բռնաբարել իրեն ու փախել էր, երբ ինքը սկսել էր գոռալ։ Նա պահեց հանցանշանը՝ հանդերձը, և սպասեց, մինչև ամուսինը տուն վերադառնա։ Երբ Պետափրեսը տուն եկավ, նա նույն սուտն ասաց՝ ակնարկելով, թե ողջ մեղքը իր ամուսնունն էր, քանի որ նա էր այդ օտարականին իրենց տուն բերել։ Ինչպե՞ս արձագանքեց Պետափրեսը։ Կարդում ենք. «Նրա բարկությունը բորբոքվեց»։ Նա Հովսեփին բանտ նետեց (Ծննդոց 39։13–20

«ՆՐԱ ՈՏՔԵՐԸ ՇՂԹԱՆԵՐՈՎ ՆԵՂԵՑԻՆ»

Մեզ շատ բան հայտնի չէ այն մասին, թե հին ժամանակներում ինչպիսին են եղել եգիպտական բանտերը։ Հնագետները գտել են այդպիսի վայրերի ավերակներ. դրանք նման էին մեծ ամրոցների՝ խցերով ու զնդաններով։ Հետագայում Հովսեփը նկարագրեց այդ տեղը մի բառով, որը բառացի նշանակում է «փոս», ինչից կարելի է ենթադրել, որ այնտեղ մութ էր ու դուրս գալու հույս չկար (Ծննդոց 40։15)։ «Սաղմոսներ» գրքից իմանում ենք, որ Հովսեփը տանջանքների էր ենթարկվում. «Նրա ոտքերը շղթաներով նեղեցին, նրա վզին երկաթե օղակ անցկացրին» (Սաղմոս 105։17, 18, ԱՆԹ)։ Եգիպտացիները երբեմն բանտարկյալներին շղթայում էին՝  ձեռքերը կապելով հետևում՝ արմունկների մոտ, իսկ մյուս բանտարկյալները իրենց պարանոցին կրում էին երկաթե օղակներ։ Որքա՜ն է տառապել Հովսեփը վատ վերաբերմունքի պատճառով, թեև ոչ մի վատ բան չէր արել դրան արժանանալու համար։

Ավելին, դա պարզապես կարճատև դժվարություն չէր։ Արձանագրությունն ասում է, որ Հովսեփը «մնաց բանտում»։ Նա տարիներ շարունակ մնաց այդ սարսափելի վայրում *։ Եվ Հովսեփը չգիտեր, թե երբևէ ազատ կարձակվի բանտից։ Մինչ առաջին դժվար օրերը անցնում էին՝ դառնալով շաբաթներ, հետո ամիսներ, ինչպե՞ս էր նրան հաջողվում չընկնել հուսալքության ու վհատության գիրկը։

Արձանագրությունը հետևյալ մխիթարական պատասխանն է տալիս. «Եհովան Հովսեփի հետ էր ու շարունակ սիրառատ բարություն էր ցույց տալիս նրա հանդեպ» (Ծննդոց 39։21)։ Ո՛չ բանտի պատերը, ո՛չ կապանքները, ո՛չ մութ զնդանները չեն կարող հետ պահել Եհովային, որ իր սիրառատ բարությունը հասցնի իր ծառաներին (Հռոմեացիներ 8։38, 39)։ Կարող ենք պատկերացնել, թե ինչպես էր Հովսեփը աղոթքի միջոցով իր վիշտը թափում իր սիրելի երկնային Հոր առաջ ու ստանում այնպիսի խաղաղություն և հանգստություն, որը միայն «ամենայն մխիթարության Աստվածը» կարող է տալ (2 Կորնթացիներ 1։3, 4; Փիլիպպեցիներ 4։6, 7)։ Ուրիշ ի՞նչ արեց Եհովան Հովսեփի համար։ Կարդում ենք, որ նա «այնպես արեց, որ նա [Հովսեփը] հաճություն գտնի բանտապետի աչքին»։

Ակներևաբար, բանտարկյալներին գործի էին լծում, և Հովսեփը նորից հնարավորություն տվեց Եհովային օրհնելու իրեն։ Նա ծանր էր աշխատում՝ իր լավագույնն անելով ցանկացած գործում, որ հանձնարարում էին իրեն, և մնացածը թողնում էր Եհովային։ Նրա օրհնությամբ Հովսեփը շահեց ուրիշների վստահությունն ու հարգանքը, ինչպես եղավ Պետափրեսի տանը ծառայելիս։ Կարդում ենք. «Ուստի բանտապետը Հովսեփի ձեռքը հանձնեց բանտում գտնվող բոլոր բանտարկյալներին, և ամեն ինչ, որ այնտեղ անում էին, նրա ասածով էին անում։ Բանտապետը բացարձակապես չէր մտահոգվում այն ամենով, ինչ նրա ձեռքում էր, քանի որ Եհովան Հովսեփի հետ էր, և ամեն ինչ, որ նա անում էր, Եհովան հաջողեցնում էր» (Ծննդոց 39։22, 23)։ Որքա՜ն մխիթարական էր Հովսեփի համար իմանալ, որ Եհովան հոգ էր տանում իր մասին։

Հովսեփը տքնաջան աշխատում էր բանտում, ու Եհովան օրհնեց նրան

Կյանքում մենք գուցե ծանր իրավիճակներում հայտնվենք, նույնիսկ դաժան անարդարության բախվենք, բայց շատ բան կարող ենք սովորել Հովսեփի հավատից։ Եթե աղոթքի միջոցով շարունակենք մոտ մնալ Եհովային, հավատարմորեն պահենք նրա պատվիրանները և ջանադրաբար անենք այն, ինչ ճիշտ է նրա աչքում, հնարավորություն կտանք նրան օրհնելու մեզ։ Հովսեփի համար Եհովան ավելի մեծ օրհնություններ ուներ պահած, ինչպես դեռ կտեսնենք այս հոդվածաշարի հաջորդ հոդվածներում։

^ պարբ. 23 Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Հովսեփը մոտ 17 կամ 18 տարեկան էր, երբ Պետափրեսի ծառան դարձավ։ Նրա տանը նա բավականին ժամանակ մնաց՝ թերևս մի քանի տարի, մինչև որ հասուն տղամարդ դարձավ։ Հովսեփը երեսուն տարեկան էր, երբ բանտից ազատ արձակվեց (Ծննդոց 37։2; 39։6; 41։46

 

Իմացիր ավելին

Կվստահե՞ս Աստծուն

Դու բավարարվածության զգացում կունենաս, երբ ճանաչես Աստծուն, և նա կդառնա քո վստահելի Ընկերը։