Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐ 2014

 ԶՐՈՒՅՑ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԹԵՄԱՅԻ ՇՈՒՐՋ

Ե՞րբ է Աստծու Թագավորությունը սկսել իշխել (մաս 1)

Ե՞րբ է Աստծու Թագավորությունը սկսել իշխել (մաս 1)

Ներկայացնում ենք մի զրույց, որը տեղի է ունենում Եհովայի վկայի և մեկ ուրիշ տղամարդու միջև։ Վկային կանվանենք Տիգրան, որը այցելել է Վահան անունով մի տղամարդու։

«ՓՆՏՐԻՐ» ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ

Տիգրան — Վահա՛ն ջան, ինձ շատ հաճելի են Աստվածաշնչի շուրջ մեր կանոնավոր զրույցները *։ Անցած անգամ մեր զրույցի ժամանակ դու հարց տվեցիր Աստծու Թագավորության մասին՝ թե ինչու են Եհովայի վկաները հավատում, որ Թագավորությունը սկսել է իշխել 1914թ.-ին։

Վահան — Այո՛, ես կարդացի ձեր հրատարակություններից մեկը, և այնտեղ ասվում էր, որ Աստծու Թագավորությունը սկսել է իշխել 1914թ.-ին։ Ինձ դա հետաքրքրեց, քանի որ դու ասում ես, որ ձեր բոլոր հավատալիքները հիմնում եք Աստվածաշնչի վրա։

Տիգրան — Ճիշտ է, մենք այդպես ենք անում։

Վահան — Ես սկզբից մինչև վերջ կարդացել եմ Աստվածաշունչը, բայց չեմ հիշում, որ հանդիպած լինեմ մի համարի, որտեղ նշված լինի 1914 թվականը։ Օնլայն Աստվածաշնչում փնտրեցի «1914 թվականը», բայց որոնման արդյունքները ցույց տվեցին «0»։

Տիգրան — Վահա՛ն, ես պետք է գովեմ քեզ երկու բանի համար։ Նախ որ կարդացել ես ամբողջ Աստվածաշունչը։ Դու իսկապես սիրում ես Աստծու Խոսքը։

Վահան — Այո՛։ Այդ գրքի նման գիրք չկա։

Տիգրան — Համաձայն եմ։ Նաև ուզում եմ գովել քեզ, որ քո հարցի պատասխանը իմանալու համար դիմել ես Աստվածաշնչին։ Դու վարվել ես ճիշտ այնպես, ինչպես հորդորում է մեզ վարվել Աստծու Խոսքը, այսինքն՝ «փնտրել» հասկացողություն *։ Լավ է, որ այդպիսի ջանքեր ես թափում։

Վահան — Շնորհակալություն։ Իրոք ուզում եմ ավելի շատ բան իմանալ։ Ես ավելի շատ փնտրտուքներ արեցի և 1914 թվականի վերաբերյալ որոշ տեղեկություն գտա այս գրքում, որն ուսումնասիրում ենք։ Այնտեղ նկարագրվում է թագավորի տեսած երազը մեծ ծառի մասին, որը կտրվեց, հետո նորից աճեց, նման մի բան։

Տիգրան — Հասկացա, թե ինչ նկատի ունես։ Դա մարգարեություն է, որը գրված է «Դանիել» գրքի 4-րդ գլխում։ Դրանում խոսվում է Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի տեսած երազի մասին։

Վահան — Հենց դա։ Ես մի քանի անգամ կարդացի այդ մարգարեությունը։ Բայց անկեղծ ասած՝ դեռ չեմ հասկանում, թե այն ինչ կապ ունի Աստծու Թագավորության կամ 1914 թվականի հետ։

Տիգրան — Իրականում, Վահա՛ն ջան, նույնիսկ Դանիել մարգարեն լիովին չէր հասկանում, թե սուրբ ոգուց ներշնչված՝ ինչ էր գրում։

Վահան — Իսկապե՞ս։

Տիգրան — Այո՛։ Այստեղ՝ Դանիել 12։8-ում, նա ասում է. «Ես լսեցի, բայց չհասկացա»։

Վահան — Ուրեմն ես միակը չեմ, որ չեմ հասկանում։ Դա մխիթարական է։

Տիգրան — Դանիելը չէր հասկանում, քանի որ դեռևս Աստծու սահմանած ժամանակը չէր եկել, որպեսզի մարդիկ լիովին հասկանային «Դանիել» գրքի մարգարեությունների նշանակությունը։ Բայց  հիմա՝ մեր ժամանակներում, մենք կարող ենք հասկանալ դրանք։

Վահան — Ինչո՞ւ։

Տիգրան — Ուշադրություն դարձրու, թե ինչ է գրված հաջորդ համարում։ Դանիել 12։9-ում ասվում է. «Այդ խոսքերը գաղտնի են պահված ու կնքված են մինչև վերջի ժամանակը»։ Փաստորեն, այդ մարգարեությունները հասկանալի էին դառնալու շատ ավելի ուշ՝ «վերջի ժամանակի» ընթացքում։ Ու, ինչպես շուտով կիմանանք Աստվածաշնչի մեր ուսումնասիրության ժամանակ, բոլոր փաստերը ցույց են տալիս, որ մենք այժմ ապրում ենք հենց այդ ժամանակահատվածում *։

Վահան — Ուրեմն դու կարո՞ղ ես ինձ բացատրել «Դանիել» գրքի մարգարեությունը։

Տիգրան — Փորձեմ։

ՆԱԲՈՒԳՈԴՈՆՈՍՈՐԻ ԵՐԱԶԸ

Տիգրան — Նախ ուզում եմ հակիրճ պատմել, թե երազում ինչ տեսավ Նաբուգոդոնոսոր թագավորը։ Հետո կխոսենք դրա նշանակության մասին։

Վահան — Լա՛վ։

Տիգրան — Նաբուգոդոնոսորը մի վիթխարի ծառ տեսավ, որը հասնում էր երկնքին։ Հետո նա լսեց, որ Աստծու հրեշտակը պատվիրեց կտրել այն։ Բայց Աստված ասաց, որ դրա կոճղը թողեն երկրում։ «Յոթ ժամանակ» հետո ծառը նորից պետք է աճեր *։ Այս մարգարեությունը առաջին հերթին վերաբերում էր Նաբուգոդոնոսոր թագավորին։ Թեև նա ականավոր թագավոր էր՝ մինչև երկինք հասնող ծառի նման, բայց կտրվեց «յոթ ժամանակով»։ Հիշո՞ւմ ես, թե ինչ տեղի ունեցավ։

Վահան — Չէ՛, չեմ հիշում։

Տիգրան — Ոչինչ։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Նաբուգոդոնոսորը խելագարվեց, ինչը ակներևաբար տևեց յոթ տարի։ Այդ ընթացքում նա չէր կարող թագավորել։ Սակայն յոթ ժամանակի վերջում նրա հասկացողությունը հետ դարձավ, ու նա նորից սկսեց իշխել *։

Վահան — Մինչև հիմա քո ասածները ինձ համար հասկանալի են, բայց այդ ամենը ի՞նչ կապ ունի Աստծու Թագավորության ու 1914 թվականի հետ։

Տիգրան — Կարճ ասած՝ այս մարգարեությունը երկու կատարում ունի։ Առաջին կատարումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Նաբուգոդոնոսոր թագավորի իշխանությունը ընդհատվեց։ Երկրորդ կատարումը վերաբերում էր Աստծու իշխանության ընդհատմանը։ Այսպիսով՝ երկրորդ կատարումն է վերաբերում Աստծու Թագավորությանը։

Վահան — Որտեղի՞ց գիտես, որ այդ մարգարեությունը երկրորդ կատարում ունի, որը վերաբերում է Աստծու Թագավորությանը։

Տիգրան — Առաջին հերթին հենց մարգարեությունն է դա ցույց տալիս։ Համաձայն Դանիել 4։17-ի՝ մարգարեությունը տրվել էր, «որպեսզի ապրողներն իմանան, որ Բարձրյալը Իշխան է մարդկային թագավորության վրա և այն տալիս է նրան, ում ուզում է»։ Ուշադրություն դարձրի՞ր «մարդկային թագավորություն» արտահայտությանը։

Վահան — Այո՛, գրված է, որ «Բարձրյալը Իշխան է մարդկային թագավորության վրա»։

Տիգրան — Ճիշտ է։ Իսկ քո կարծիքով՝ ո՞վ է «Բարձրյալը»։

Վահան — Կարծում եմ՝ խոսքը Աստծու մասին է։

Տիգրան — Այո՛։ Փաստորեն, դա ցույց է տալիս, որ այս մարգարեությունը միայն Նաբուգոդոնոսորի մասին չէ։ Այն նաև ընդգրկում է «մարդկային թագավորությունը», այսինքն՝ Աստծու իշխանությունը մարդկության վրա։ Եվ դա երևում է համատեքստից։

Վահան — Այսի՞նքն։

ԳՐՔԻ ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱՆ

Տիգրան — «Դանիել» գիրքը նորից ու նորից անդրադառնում է միևնույն թեմային։ Այն շարունակ մատնացույց է անում Աստծու Թագավորության հաստատումը նրա Որդու՝ Հիսուսի իշխանության ներքո։ Մի քանի գլուխ հետ գնանք։ Կկարդա՞ս Դանիել 2։44-ը։

Վահան — Լա՛վ։ «Այն թագավորների օրերում երկնքի Աստվածը մի թագավորություն է հաստատելու, որը երբեք չի ավերվելու։ Այդ թագավորությունը ուրիշ ժողովրդի չի տրվելու։ Այն փշրելու է և վերջ է դնելու այս բոլոր թագավորություններին, իսկ ինքը մնալու է հավիտյան»։

 Տիգրան — Շնորհակալություն։ Ի՞նչ ես կարծում՝ այս համարը վերաբերո՞ւմ է Աստծու Թագավորությանը։

Վահան — Ըը՜մ, չգիտեմ։

Տիգրան — Նկատիր, որ Թագավորությունը «մնալու է հավիտյան»։ Դա ճշմարիտ է Աստծու Թագավորության դեպքում, բայց նույնը չենք կարող ասել մարդկային որևէ կառավարության մասին, ճի՞շտ է։

Վահան — Ճիշտ է։

Տիգրան — «Դանիել» գրքում մեկ ուրիշ մարգարեություն էլ կա, որը մատնացույց է անում Աստծու Թագավորությունը։ Այն գրված է Դանիել 7։13, 14-ում։ Ապագա ղեկավարի մասին մարգարեությունն ասում է. «Նրան տրվեց իշխանություն, պատիվ ու թագավորություն, որպեսզի բոլոր ժողովուրդները, ազգություններն ու լեզուները ծառայեն նրան։ Նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, որը չի անցնի, և նրա թագավորությունը չի ավերվի»։ Այս մարգարեության մեջ ինչ-որ բան քեզ ծանո՞թ է։

Վահան — Նշվեց թագավորության մասին։

Տիգրան — Ճիշտ ես, և ոչ թե պարզապես ցանկացած թագավորության։ Ուշադրություն դարձրու, որ այդ Թագավորությունը իշխանություն էր ունենալու «ժողովուրդների, ազգությունների ու լեզուների» վրա։ Այլ խոսքերով՝ Թագավորությունը համաշխարհային իշխանություն էր ունենալու։

Վահան — Չէի մտածել այդ մասին, բայց դու ճիշտ ես։ Համարը դա է ասում։

Տիգրան — Ուշադրություն դարձրու նաև, թե ուրիշ ինչ է ասում մարգարեությունը. «Նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, որը չի անցնի, և նրա թագավորությունը չի ավերվի»։ Այս խոսքերը շատ նման են Դանիել 2։44-ի խոսքերին, որ հենց նոր կարդացինք, չէ՞։

Վահան — Ճիշտ է, նման են։

Տիգրան — Արի կարճ ամփոփենք մինչև հիմա մեր քննարկածը։ «Դանիել» գրքի 4-րդ գլխի մարգարեությունը տրվել էր, որպեսզի մարդիկ իմանային, որ «Բարձրյալը Իշխան է մարդկային թագավորության վրա»։ Այս խոսքերն արդեն իսկ ցույց են տալիս, որ մարգարեությունը ավելի մեծ կատարում ունի և չի վերաբերում միայն Նաբուգոդոնոսորին։ Եվ ողջ «Դանիել» գրքում մենք կարող ենք տեսնել մարգարեություններ Աստծու Թագավորության հաստատման մասին իր Որդու իշխանության ներքո։ Ուրեմն ի՞նչ ես կարծում՝ խելամիտ կլինի՞ եզրակացնել, որ Դանիել 4-րդ գլխի մարգարեությունը նաև վերաբերում է Աստծու Թագավորությանը։

Վահան — Կարծում եմ՝ այո՛։ Բայց դեռևս կապ չեմ տեսնում 1914 թվականի հետ։

«ԹՈՂ.... ՅՈԹ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑՆԻ»

Տիգրան — Հիմա նորից անդրադառնանք Նաբուգոդոնոսոր թագավորին։ Մարգարեության առաջին կատարման մեջ նա ներկայացված էր ծառով։ Նրա իշխանությունը ընդհատվեց, երբ ծառը կտրվեց ու թողնվեց յոթ ժամանակով, այսինքն՝ երբ որոշ ժամանակով նա խելագարվեց։ Յոթ ժամանակ տևած ժամանակահատվածն ավարտվեց, երբ Նաբուգոդոնոսորի հասկացողությունը հետ դարձավ, և նա նորից սկսեց իշխել։ Մարգարեության երկրորդ կատարման մեջ Աստծու իշխանությունը պետք է ընդհատվեր որոշ ժամանակով, բայց ոչ այն պատճառով, որ Աստված էր ինչ-որ բանում թերացել։

Վահան — Ի՞նչ նկատի ունես։

Տիգրան — Աստվածաշնչյան ժամանակներում Երուսաղեմում իշխող իսրայելացի թագավորների մասին ասվում է, որ նրանք նստում էին «Եհովայի գահին» *։ Այդ թագավորները ներկայացնում էին Աստծուն՝ իշխելով նրա ժողովրդի վրա։ Ուստի նրանց իշխանությունը իրականում Աստծու իշխանության արտահայտումն էր։ Սակայն ժամանակի ընթացքում այդ թագավորներից շատերը անհնազանդություն դրսևորեցին Աստծու նկատմամբ, ու նրանց հպատակներից շատերը հետևեցին նրանց  օրինակին։ Իսրայելացիների անհնազանդության պատճառով Աստված թույլ տվեց, որ բաբելոնացիները մ.թ.ա. 607-ին հաղթանակ տանեն նրանց հանդեպ։ Այդ ժամանակից ի վեր Երուսաղեմում ուրիշ ոչ մի թագավոր չի ներկայացրել Եհովային։ Փաստորեն, այդ իմաստով է, որ Աստծու իշխանությունը ընդհատվեց։ Քեզ համար պա՞րզ են մինչև հիմա իմ ասածները։

Վահան — Այո՛։

Տիգրան — Այսպիսով մ.թ.ա. 607թ. նշանավորեց յոթ ժամանակի սկիզբը, կամ՝ այն ժամանակահատվածը, երբ Աստծու իշխանությունը պետք է ընդհատված լիներ։ Յոթ ժամանակի ավարտին Աստված պետք է նոր ղեկավար նշանակեր, որը կներկայացներ իրեն, սակայն այս անգամ՝ երկնքում։ Այդ ժամանակ էր, որ կատարվելու էին Դանիելի մյուս մարգարեությունները, որոնց մասին կարդացինք։ Ուստի կարևոր հարց է առաջ գալիս՝ ե՞րբ ավարտվեց յոթ ժամանակը։ Եթե կարողանանք պատասխանել այս հարցին, կիմանանք, թե երբ է Աստծու Թագավորությունը սկսել իշխել։

Վահան — Պարզ է։ Երևի յոթ ժամանակը ավարտվեց 1914 թվականի՞ն։

Տիգրան — Շատ ճիշտ է։

Վահան — Բայց որտեղի՞ց դա գիտենք։

Տիգրան — Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը ցույց տվեց, որ յոթ ժամանակը դեռ չէր ավարտվել *։ Հետևաբար, դա պետք է որ շատ երկար ժամանակահատված լինի։ Յոթ ժամանակը սկսվեց Հիսուսի՝ երկիր գալուց հարյուրավոր տարիներ առաջ ու շարունակվեց մի որոշ ժամանակ այն բանից հետո, երբ նա վերադարձավ երկինք։ Հիշիր, որ Դանիելի մարգարեությունների նշանակությունը պարզ չէր դառնալու մինչև «վերջի ժամանակը» *։ Հետաքրքիր է, որ 1800-ականների վերջում Աստվածաշնչի անկեղծ ուսումնասիրողները մղվեցին մեծ ուշադրությամբ քննելու այս և ուրիշ մարգարեություններ։ Նրանք հասկացան, որ յոթ ժամանակը ավարտվելու էր 1914թ.-ին։ Այդ ժամանակից ի վեր տեղի ունեցող համաշխարհային նշանակալից իրադարձությունները հաստատում են, որ 1914 թվականը իսկապես այն տարին է, երբ Աստծու Թագավորությունը սկսեց իշխել երկնքում։ Այդ տարի էր, որ սկսվեցին այս աշխարհի վերջին օրերը, կամ՝ վերջի ժամանակը։ Գիտեմ, որ սա նոր ու ծավալուն տեղեկություն է, որի շուրջ դեռ պետք է մտածես...

Վահան — Այո՛, ես հաստատ պետք է այս տեղեկությունը նորից կարդամ, որ ավելի լավ յուրացնեմ։

Տիգրան — Մի՛ անհանգստացիր։ Ինձնից նույնպես որոշ ժամանակ պահանջվեց, որ հասկանամ այս մարգարեություններն ու դրանց կատարումը։ Բայց հուսով եմ, որ մեր քննարկումը գոնե օգնեց քեզ տեսնելու, որ Եհովայի վկաները Թագավորության հետ կապված իրենց հավատալիքները հիմնում են Աստվածաշնչի վրա։

Վահան — Վստահ եմ դրանում։ Ինձ միշտ տպավորել է այն, թե ինչպես եք դուք հիմնավորում ձեր հավատալիքները Աստվածաշնչով։

Տիգրան — Տեսնում եմ, որ դու էլ նույն ցանկությունն ունես։ Ինչպես ասացի, այս տեղեկությունը շատ է, որ միանգամից ընկալես։ Գուցե դեռ որոշ հարցեր ունես։ Օրինակ՝ մենք տեսանք, որ յոթ ժամանակը վերաբերում է Աստծու Թագավորությանը, և որ այդ ժամանակը սկսվեց մ.թ.ա. 607-ին։ Բայց որտեղի՞ց հաստատ գիտենք, որ յոթ ժամանակը ավարտվել է 1914-ին *։

Վահան — Այո՛, ես էլ եմ մտածում այդ մասին։

Տիգրան — Աստվածաշունչը օգնում է մեզ որոշելու յոթ ժամանակի ճշգրիտ տևողությունը։ Կցանկանա՞ս, որ խոսենք այդ մասին հաջորդ անգամ։ *

Վահան — Լավ միտք է։

Հավանաբար ունեք այնպիսի աստվածաշնչյան հարց, որի պատասխանն ուզում եք իմանալ։ Կամ գուցե ցանկանում եք տեղեկանալ Եհովայի վկաների հավատալիքներին և գործունեությանը։ Երբ հաջորդ անգամ հանդիպեք Վկաներին, մի՛ վարանեք խոսել նրանց հետ։ Նրանք հաճույքով կպատասխանեն ձեր հարցերին։

^ պարբ. 5 Աստվածաշնչի տնային անվճար ուսումնասիրության միջոցով Եհովայի վկաները հաճախ աստվածաշնչյան կանոնավոր քննարկումներ են ունենում մարդկանց հետ։

^ պարբ. 21 Տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 9-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

^ պարբ. 63 Վերջին օրերի վերաբերյալ իր մարգարեության մեջ Հիսուսն ասաց. «Ազգերը կկոխկռտեն Երուսաղեմը [որը ներկայացնում էր Աստծու իշխանությունը], մինչև որ ազգերին սահմանված ժամանակները լրանան» (Ղուկաս 21։24)։ Ուստի Հիսուսի ժամանակներում Աստծու իշխանությունը դեռ ընդհատված էր ու այդպես մնալու էր մինչև վերջին օրերը։

^ պարբ. 67 Տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 1914 թվական. հատկանշական տարի Աստվածաշնչի մարգարեություններում հավելվածը։

^ պարբ. 69 Այս խորագրի հաջորդ հոդվածում նկատի կառնվեն աստվածաշնչյան այն համարները, որոնք լույս են սփռում յոթ ժամանակի տևողության վրա։

Իմացիր ավելին

Ե՞րբ է Աստծու Թագավորությունը սկսել իշխել (մաս 2)

Աստվածաշնչյան մարգարեությունը և Բաբելոնի թագավորին Աստծու տված երազը մատնանշում են այն տարին, երբ այն սկսեց իշխել։

Հաճախ տրվող հարցեր Եհովայի վկաների մասին

Ստացեք հաճախ տրվող հարցերի հակիրճ պատասխանները, որոնք հետաքրքրում են շատերին։