Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐ 2014

 ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Բովանդակալից կյանքով եմ ապրում՝ ծառայելով Աստծուն

Բովանդակալից կյանքով եմ ապրում՝ ծառայելով Աստծուն

Դեռ փոքր տարիքից բախվել եմ ռասայական խտրականությանը, ինձ անհանգստացրել է սխալվելու վախը, ինչպես նաև իմ երկչոտ բնավորությունը։ Հույս ունենալով մխիթարություն ստանալ Աստվածաշնչից՝ գնացի մեր տեղանքում գտնվող կաթոլիկ եկեղեցի։ Մտածում էի, որ այնտեղ կօգնեն ինձ հասկանալու այն։ Սակայն ոչ մի օգնություն չստացա, ուստի տրվեցի սպորտին։

Շուտով խորամուխ եղա մարմնամարզության ու բոդիբիլդինգի մեջ։ Ի վերջո, Սան Լեանդրոյում (Կալիֆորնիա, ԱՄՆ) մարզասրահ բացեցի և աշխատեցի բոդիբիլդերների հետ, այդ թվում այն անհատի հետ, որը արժանացավ «Միստր Ամերիկա» տիտղոսին։ Սակայն մկանոտ մարմին ունենալը չլցրեց իմ մեջ եղող դատարկությունը։

ՈՐՈՆՈՒՄՆԵՐՍ ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ ԵՆ

Ինձ հետ աշխատող ընկերներիցս մեկը, իմանալով Աստվածաշունչը հասկանալու իմ ցանկության մասին, առաջարկեց, որ հանդիպեմ իր ծանոթի հետ։ Հաջորդ առավոտ մի Եհովայի վկա եկավ իմ տուն։ Չորս ժամ շարունակ նա Աստվածաշնչով պատասխանում էր հարցերիս։ Ես խնդրեցի նրան երեկոյան վերադառնալ, և մենք մինչև կեսգիշեր աստվածաշնչյան քննարկում ունեցանք։ Իմ իմացածը ուրախություն պատճառեց ինձ, ու ես հարցրի, թե արդյոք կարող եմ նրա հետ հաջորդ օրը գնալ ծառայության՝ տեսնելու համար, թե ինչպես է նա ծառայում։ Ինձ ապշեցրեց այն, որ այդ Վկան կարողանում էր բացել Աստվածաշունչը և մարդկանց ցույց տալ իրենց հարցերի պատասխանները։ Հասկացա, որ հենց դա եմ ուզում անել։

Թողեցի իմ բիզնեսը։ Օրերս անցկացնում էի այդ ռահվիրայի հետ (այսպես են կոչվում Եհովայի վկաների լիաժամ ծառայողները)։ 1948թ. մայիսին Սան Ֆրանցիսկոյի (Կալիֆորնիա) «Քաու Փալաս» արենայում տեղի ունեցած համաժողովին մկրտվեցի։ Իսկ այդ տարի՝ ավելի ուշ, ինքս սկսեցի ռահվիրա ծառայել։

Վկաներին խնդրեցի այցելել մորս։ Նա ընդունեց ճշմարտությունը և կարճ ժամանակ անց դարձավ Եհովայի վկա։ Չնայած իր ընտանիքի հակառակությանը՝ նա հավատարիմ մնաց Աստծուն մինչև մահ՝ շատ տարիներ անց։ Մեր ընտանիքից ուրիշ ոչ ոք Վկա չի դարձել։

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՄ ԱՊԱԳԱ ԿՆՈՋՍ

1950թ.-ին տեղափոխվեցի Գրանդ Ջանքշն (Կոլորադո), որտեղ հանդիպեցի Բիլիին։ Նա ծնվել է 1928-ին ու մեծացել Մեծ դեպրեսիայի տարիներին։ Բիլիի մայրը՝ Միննին, ամեն գիշեր կերոսինի լամպի առկայծող լույսի տակ նրա համար Աստվածաշունչ էր կարդում։ Արդեն չորս տարեկանում Բիլին կարողանում էր կարդալ և անգիր գիտեր բազմաթիվ աստվածաշնչյան պատմություններ։ 1940-ականների վերջում նրա մայրը Վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրելու շնորհիվ իմացավ, որ դժոխքը տանջանքի վայր չէ, այլ մարդկության համընդհանուր գերեզմանն է (Ժողովող 9։5, 10)։ Թե՛ Միննին, թե՛ նրա ամուսինը դարձան Վկաներ։

1949թ.-ին Բիլին, որը Բոստոնում սովորում էր քոլեջում, վերադարձավ ու սկսեց լրջորեն Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ուսուցչուհի դառնալու փոխարեն՝ նա որոշեց իր կյանքը Աստծուն նվիրել։ Բիլին մկրտվեց 1950-ին Նյու Յորքի «Յանկի» մարզադաշտում տեղի ունեցած Եհովայի վկաների միջազգային համաժողովի  ժամանակ։ Դրանից շատ չանցած՝ մենք հանդիպեցինք, ամուսնացանք ու լիաժամ ծառայության անցանք։

Մենք սկսեցինք Յուջինից (Օրեգոն), որտեղ բազմաթիվ հավատարիմ ընկերներ ձեռք բերեցինք։ 1953-ին տեղափոխվեցինք Գրանթս Փասս (Օրեգոն), որ օգնենք այնտեղի փոքր ժողովին։ Այդ տարի՝ ավելի ուշ, հրավիրվեցինք սովորելու «Գաղաադի» 23-րդ դասարանում (Վկաների դպրոց, որտեղ միսիոներներ են մարզվում)։ Դպրոցն անցկացվում էր Սաութ Լանսինգում (Նյու Յորք)՝ մոտ 400 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք Նյու Յորք քաղաքից։

ՄԻՍԻՈՆԵՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ

1954թ. դեկտեմբերին՝ «Գաղաադ» դպրոցն ավարտելուց հինգ ամիս անց, ես ու Բիլին երկհեծան ինքնաթիռով մեկնեցինք Բրազիլիա։ Մեկ ժամ էր, ինչ թռչում էինք, երբ շարժիչներից մեկը փչացավ։ Սակայն մենք ապահով վայրէջք կատարեցինք Բերմուդայում։ Մեկ այլ հարկադրված վայրէջքից հետո Կուբայում և ընդհանուր առմամբ 36 ժամ տևած հոգնեցուցիչ ճամփորդությունից հետո ի վերջո ժամանեցինք Եհովայի վկաների մասնաճյուղ Ռիո դե Ժանեյրոյում (Բրազիլիա)։

Բաուրույում առաջին Թագավորության սրահը՝ վարձված շինություն, որի ցուցանակի վրա ես եմ գրել (1955թ.)

Կարճ ժամանակ անց ես ու Բիլին երկու ուրիշ միսիոներների հետ մեկնեցինք Բաուրու (Սան Պաուլու), որպեսզի նոր միսիոներական տուն հիմնենք այնտեղ։ Քաղաքն ուներ ավելի քան 50000 բնակչություն, և մենք առաջին Վկաներն էինք։

Սկսեցինք մարդկանց այցելել իրենց տներում, բայց տեղի կաթոլիկ քահանան անմիջապես հակառակություն դրսևորեց մեր գործունեության հանդեպ։ Նա գնում էր մեր հետևից ու տանտերերին զգուշացնում, որ չլսեն մեզ։ Այդուհանդերձ, մի քանի շաբաթվա ընթացքում մի մեծ ընտանիք, որի հետ ուսումնասիրություն էինք անցկացնում, ընդունեց աստվածաշնչյան ճշմարտությունը ու հետագայում մկրտվեց։ Շուտով ուրիշներն էլ սկսեցին ուսումնասիրել։

Այդ մկրտված ընտանիքի բարեկամը մի հայտնի ակումբի նախագահն էր։ Ես պայմանավորվեցի, որ այդ շինությունում համաժողով անցկացնենք։ Երբ տեղի քահանան պնդեց, որ պայմանագիրը չեղյալ համարվի, նախագահը հանդիպեց ակումբի անդամների հետ ու ասաց. «Եթե այն չեղյալ համարեք, ես հրաժարական կտամ»։ Համաժողովը անցկացնելուն հավանություն տրվեց։

Հաջորդ տարի՝ 1956թ.-ին, մենք հրավիրվեցինք մարզային համաժողով, որն անցկացվելու էր Սանտուս քաղաքում (Սան Պաուլու)։ Մեր ժողովից մոտ 40 Վկա գնացքով մեկնեց այնտեղ։ Երբ վերադարձանք Բաուրու, փոստում մի նամակ գտա, որում ասվում էր, որ ես նշանակվում եմ ծառայելու որպես շրջագայող վերակացու, որ այցելեմ Եհովայի վկաների ժողովները։ Գրեթե 25 տարի Բրազիլիայում ծառայեցինք այդ նշանակման մեջ՝ կտրել-անցնելով այդ հսկայական երկրի մեծ մասը։

Ընդամենը մեկ տարում Բաուրույում Թագավորության քարոզիչների եռանդուն խումբ կազմավորվեց

ԻՆՉՊԻՍԻՆ ԷՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Այդ օրերին ճանապարհորդելը դժվար էր։ Մենք գրեթե ողջ երկիրը անցանք ավտոբուսով, գնացքով, սայլով, հեծանվով, ինչպես նաև ոտքով։ Մեր այցելած առաջին քաղաքներից մեկը Ժաուն էր (Սան Պաուլու)։ Այնտեղ քահանան մարտահրավեր նետեց մեզ։

— Չքարոզե՛ք «իմ գառներին»,— պահանջեց նա։

— Նրանք քոնը չեն,— պատասխանեցինք մենք։— Նրանք Աստծուն են պատկանում։

Մի անգամ կազմակերպեցինք մեր համաշխարհային քարոզչական գործի մասին ֆիլմի ցուցադրումը, որը կոչվում է «Նոր աշխարհի հասարակությունը գործում է»։ Սակայն քահանան մի ամբոխ հավաքեց, որ հարձակվի մեզ վրա։ Մենք անմիջապես տեղեկացրինք ոստիկանությանը։ Երբ քահանան ու ծխականներից կազմված նրա ամբոխը եկան թատրոն, նրանց դիմավորեցին ամուր պատնեշ կազմած ոստիկանները՝ հրացանները նրանց դեմ պահած։ Հավաքված բազմաթիվ հանդիսատեսները գերագույն հաճույք ստացան ֆիլմից։

Կրոնական ատելության ու հակառակության նույն մթնոլորտը տիրում էր, կարելի է ասել, այն բոլոր  վայրերում, որտեղ այդ ժամանակ ծառայում էինք։ Բլումենաու (Սանտա Կատարինա) քաղաքին մոտ գտնվող Բրուսկի քաղաքում հանդիպեցինք երկու ռահվիրայի, որոնք ծառայում էին ուժգին հակառակության ներքո։ Սակայն նրանց տոկունությունն ու հաստատակամությունը առատորեն վարձատրվեցին։ Այժմ՝ ավելի քան 50 տարի անց, այդ շրջանում կա 60-ից ավելի աշխույժ ժողով, ինչպես նաև գեղեցիկ համաժողովների սրահ մոտակայքում գտնվող Իտաժաի քաղաքում։

Շրջագայական ծառայության մեջ հիշարժան իրադարձություններից էր հավատակիցների հետ մեծ համաժողովներ կազմակերպելը, ինչը ուրախություն էր պատճառում մեզ։ 1970-ականներին առանձնաշնորհում ունեցա ծառայելու որպես համաժողովի վերակացու Մորումբիի մեծ մարզադաշտում տեղի ունեցող համաժողովներին։ Մոտակա տարածքներում գտնվող մոտ հարյուր ժողովների կոչ արվեց, որ համաժողովի նախորդ երեկո յուրաքանչյուրից տասը մարդ գա՝ մաքրելու մարզադաշտը։

Երբ այդ երեկո ֆուտբոլիստները հեռանում էին մարզադաշտից, ոմանք ծաղրելով ասում էին. «Մի նայեք ավելներով ու շվաբրերով այդ մարդկանց»։ Այդուհանդերձ, արդեն կեսգիշերին ամբողջ մարզադաշտը մաքուր էր։ Տնօրենը բացականչեց. «Իմ աշխատողներից մեկ շաբաթ կպահանջվեր անելու այն, ինչ դուք՝ Վկաներդ, արեցիք ընդամենը մի քանի ժամում»։

ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

1980թ.-ին հայրս մահացավ, և կարճ ժամանակ հետո մենք վերադարձանք Միացյալ Նահանգներ, որ հոգ տանենք մորս, որն ապրում էր Ֆրեմոնտում (Կալիֆորնիա)։ Աշխատում էինք՝ գիշերները մաքրություն անելով շենքերում, և շարունակում էինք ռահվիրա ծառայել ու օգնել այդ տարածքում ապրող պորտուգալախոս մարդկանց։ Հետագայում տեղափոխվեցինք մոտակայքում գտնվող Սան Խոակին հարթավայր, որտեղ՝ Սակրամենտոյից մինչև Բեյկերսֆիլդ գտնվող հսկայական տարածքում, փնտրում էինք պորտուգալախոս մարդկանց։ Այժմ Կալիֆորնիայում կան մոտ տասը պորտուգալախոս ժողովներ։

1995-ին մորս մահից հետո տեղափոխվեցինք Ֆլորիդա և հոգ տարանք Բիլիի հոր մասին մինչև նրա մահը։ Բիլիի մայրը մահացել էր 1975-ին։ 2000թ.-ին տեղափոխվեցինք բարձրադիր անապատային շրջան Կոլորադոյի հարավ-արևմուտքում և լիաժամ ծառայեցինք այստեղ՝ քարոզելով բնիկ ամերիկացիներին նավահո և ուտահ լեզուներով խոսող ռեզերվացիաներում։ Ցավոք, 2014թ. փետրվարին Բիլին մահացավ։

Որքա՜ն երջանիկ եմ, որ ավելի քան 65 տարի առաջ հանդիպեցի Եհովայի վկայի, ով Աստվածաշնչով պատասխանեց իմ բազմաթիվ հարցերին։ Հատկապես ուրախ եմ, որ ստուգեցի համոզվելու համար, որ նրա ասածները հենց այն են, ինչ իրականում սովորեցնում է Աստվածաշունչը։ Դրա շնորհիվ բովանդակալից կյանքով եմ ապրել՝ ծառայելով Աստծուն։

Իմացիր ավելին

Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Բրազիլիա

Կարդա քաջալերական դեպքեր այն մասին, թե ինչպես են ոմանք տեղափոխվել ուրիշ տարածք՝ Եհովային լիարժեքորեն ծառայելու համար։