Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈՒԼԻՍ 2014

Կարո՞ղ ես տեսնել անտեսանելի Աստծուն

Կարո՞ղ ես տեսնել անտեսանելի Աստծուն

«ԱՍՏՎԱԾ Ոգի է»՝ մարդկանց աչքերին անտեսանելի (Հովհաննես 4։24)։ Այնուհանդերձ, Աստվածաշունչն ասում է, որ որոշ մարդիկ ինչ-որ իմաստով տեսել են Աստծուն (Եբրայեցիներ 11։27)։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Կարո՞ղ ես իսկապես տեսնել «անտեսանելի Աստծուն» (Կողոսացիներ 1։15

Մեր իրավիճակը համեմատենք մի մարդու հետ, որն ի ծնե կույր է։ Արդյոք այն հանգամանքը, որ նա կույր է, խոչընդոտ հանդիսանո՞ւմ է, որ ընկալի իրեն շրջապատող աշխարհը։ Ամենևի՛ն։ Կույր մարդը տեղեկություն ստանում է տարբեր կերպերով, որոնց միջոցով կարողանում է ընկալել մարդկանց, առարկաներն ու իր շուրջը տեղի ունեցող գործողությունները։ «Տեսողությունը աչքերի մեջ չէ,— ասել է մի կույր մարդ։— Այն մեր մտքում է»։

Նմանապես, թեև դու չես կարող ֆիզիկական աչքերով տեսնել Աստծուն, բայց նրան տեսնելու համար կարող ես օգտագործել քո «սրտի աչքերը» (Եփեսացիներ 1։18)։ Տեսնենք, թե ինչ երեք կերպերով է դա հնարավոր անել։

«ՀՍՏԱԿ ԵՐԵՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՐԱՐՈՒՄԻՑ Ի ՎԵՐ»

Կույր մարդու լսողության ու շոշափելիքի զգայարանները սովորաբար ավելի զարգացած են, ինչի շնորհիվ նա կարողանում է ընկալել այն բաները, որոնք չի կարողանում տեսնել։ Այդպես էլ դու կարող ես օգտագործել քո զգայարանները՝ ուսումնասիրելու համար քեզ շրջապատող աշխարհը և ընկալելու անտեսանելի Աստծուն, որը ստեղծել է այն։ «Նրա անտեսանելի հատկությունները.... հստակ երևում են աշխարհի արարումից ի վեր, որովհետև դրանք տեսնվում են ստեղծված բաների միջոցով» (Հռոմեացիներ 1։20

Օրինակ՝ մտածենք մեր մոլորակի մասին։ Երկիրը առանձնահատուկ կերպով է ստեղծվել մեզ համար, որպեսզի մենք ոչ թե պարզապես գոյատևենք, այլ վայելենք կյանքը։ Երբ զգում ենք մեղմ զեփյուռի հպումը, վայելում ենք արևի ջերմությունը, ճաշակում ենք հյութալի միրգը, լսում ենք թռչունների հաճելի դայլայլը, հիանում ենք դրանցով։ Մի՞թե այս պարգևները չեն բացահայտում մեր Արարչի հոգատարությունը, քնքշությունն ու առատաձեռնությունը։

Ի՞նչ կարող ես սովորել Աստծու մասին՝ դիտելով տիեզերքը։ Նախ այն, որ երկինքը հայտնում է Աստծու զորության մասին։ Գիտական վերջին փաստերից կարելի է եզրակացնել, որ տիեզերքը ոչ միայն ընդարձակվում է, այլև ընդարձակվում է մեծացող արագությամբ։ Երբ նայում ես գիշերվա երկնքին, մտածիր. «Ո՞րն է այն զորության աղբյուրը, որը ստիպում է, որ տիեզերքն ընդարձակվի և ընդարձակվի մեծացող արագությամբ»։ Աստվածաշունչն ասում է, որ Արարիչը «սաստիկ զորություն ունի» (Եսայիա 40։26)։ Աստծու ստեղծագործությունը ցույց է տալիս, որ նա «Ամենակարող» է՝ «բարձր է զորությամբ» (Հոբ 37։23

«ՆԱ՛ ՀԱՅՏՆԵՑ ՆՐԱ ՄԱՍԻՆ»

Մի մայր, որի երկու երեխաները կույր են, ասում է. «Խոսքը նրանց աշխարհընկալման ամենակարևոր միջոցներից մեկն է։ Պատմիր նրանց այն ամենը, ինչ տեսնում ու լսում ես, [ու] երբ դրսում ես, պատրաստ եղիր շարունակ նկարագրելու այն, ինչ տեսնում ես։ Դու ես նրանց աչքերը»։ Այդպես էլ թեև «ոչ մի մարդ երբևէ չի տեսել Աստծուն», նրա Որդին՝ Հիսուսը, որ «Հոր գրկում է, նա՛ հայտնեց նրա մասին» (Հովհաննես 1։18)։ Որպես Աստծու առաջին ստեղծագործություն և միածին Որդի՝ Հիսուսը դարձավ մեր «աչքերը» դեպի երկինք։ Նա անտեսանելի Աստծու մասին տեղեկություն հայտնող լավագույն աղբյուրն է։

Ուշադրություն դարձրու, թե ինչ է իր Հոր մասին հայտնել Հիսուսը, որը անթիվ-անհամար տարիներ է անցկացրել նրա հետ։

  • Աստված անդադար գործում է։ «Իմ Հայրը մինչև հիմա գործում է» (Հովհաննես 5։17

  • Աստված գիտի մեր կարիքները։ «Ձեր Հայրը, նախքան ձեր խնդրելը արդեն գիտի, թե ձեզ ինչ է պետք» (Մատթեոս 6։8

  •  Աստված մեծահոգաբար հոգ է տանում մեր մասին։ «Ձեր Հայրը, որ երկնքում է.... արևը ծագեցնում է թե՛ չարերի, թե՛ բարիների վրա և անձրև է բերում թե՛ արդարների, թե՛ անարդարների վրա» (Մատթեոս 5։45

  • Աստված կարևորում է մեզ անհատապես։ «Չէ՞ որ երկու ճնճղուկը չնչին արժեք ունեցող մետաղադրամով է վաճառվում։ Սակայն նրանցից և ոչ մեկը գետին չի ընկնի առանց ձեր Հոր իմացության։ Բայց ձեր գլխի ամեն մի մազը հաշվված է։ Ուրեմն մի՛ վախեցեք, դուք բոլոր ճնճղուկներից թանկ եք» (Մատթեոս 10։29–31

ՄԱՐԴ, ՈՐՆ ԱՐՏԱՑՈԼԵՑ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԱՍՏԾՈՒՆ

Տեսնող մարդկանց հետ համեմատած՝ կույր մարդիկ հաճախ երևույթները այլ կերպ են ընկալում։ Կույր մարդը գուցե ստվերը ընկալի ոչ թե որպես մութ տեղ՝ առանց արևի լույսի, այլ սառը տեղ՝ պաշտպանված արևի ջերմությունից։ Ինչպես որ կույր մարդը չի կարող տեսնել ստվերը կամ արևի լույսը, այնպես էլ մենք չենք կարող ինքնուրույն ընկալել Եհովայի էությունը։ Այդ պատճառով նա մեզ տվել է մի մարդու, որը կատարելապես արտացոլեց իր հատկություններն ու անձնավորությունը։

Այդ մարդը Հիսուսն էր (Փիլիպպեցիներ 2։7)։ Նա ոչ միայն խոսեց իր Հոր մասին, այլև ցույց տվեց, թե ինչպիսին է Աստված։ Հիսուսի աշակերտ Փիլիպոսը խնդրեց. «Տե՛ր, ցույց տուր մեզ Հորը»։ Ի պատասխան՝ Հիսուսն ասաց. «Ով ինձ տեսավ, Հորը տեսավ» (Հովհաննես 14։8, 9)։ Ի՞նչ կարող ես «տեսնել» Հոր մասին Հիսուսի արարքներից։

Հիսուսը ջերմ էր, խոնարհ ու մատչելի (Մատթեոս 11։28–30)։ Նրա ներկայությամբ մարդիկ թարմանում էին, ու դա ձգում էր նրանց դեպի իրեն։ Հիսուսը զգում էր ուրիշների ցավը և ուրախանում էր նրանց ուրախությամբ (Ղուկաս 10։17, 21; Հովհաննես 11։32–35)։ Երբ կարդում կամ լսում ես Աստվածաշնչի արձանագրությունները Հիսուսի մասին, գործի դիր զգայարաններդ և իրադարձությունները կենդանացրու քո մտքում։ Եթե խորհրդածես այն մասին, թե ինչպես էր Հիսուսը վարվում մարդկանց հետ, կկարողանաս ավելի լավ տեսնել Աստծու հրաշալի էությունը և մոտենալ նրան։

ՀԱՄԱԴՐԵԼ ՄԱՍԵՐԸ

Այն մասին, թե ինչպես է կույր մարդը ընկալում աշխարհը, մի հեղինակ ասում է. «Նա տեղեկություն ստանում է մաս առ մաս մի քանի աղբյուրներից (շոշափելիքի, հոտառության, լսողության զգայարաններից և այլն) և ինչ-որ կերպ այդ տեղեկություններն իրար է միացնում ողջ պատկերը ստանալու համար»։ Նմանապես, եթե քննես Աստծու ստեղծագործությունը, կարդաս, թե ինչ է ասել Հիսուսը իր Հոր մասին, և վերլուծես, թե ինչպես է նա արտացոլել Աստծու հատկությունները, քո առջև կհառնի Եհովայի հիասքանչ պատկերը։ Նա ավելի իրական կդառնա քեզ համար։

Այդպես եղավ Հոբի հետ, որն ապրել է հին ժամանակներում։ Սկզբում նա խոսում էր «առանց գիտելիքի» (Հոբ 42։3)։ Բայց երբ ուշադրությամբ քննեց Աստծու հրաշալի ստեղծագործությունները, մղվեց ասելու. «Ականջովս լսել եմ քո մասին, բայց հիմա աչքս է տեսնում քեզ» (Հոբ 42։5

«Եթե փնտրես [Եհովային], նա թույլ կտա քեզ գտնել իրեն»

Նույնը կարող է քեզ հետ լինել։ «Եթե փնտրես [Եհովային], նա թույլ կտա քեզ գտնել իրեն» (1 Տարեգրություն 28։9)։ Եհովայի վկաները ուրախությամբ կօգնեն քեզ փնտրելու և գտնելու անտեսանելի Աստծուն։