Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈՒԼԻՍ 2014

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԼԱՎ ՄԱՐԴԿԱՆՑ ՎԱՏ ԲԱՆԵՐ ՊԱՏԱՀՈՒՄ

Լավ մարդկանց վատ բաներ են պատահում. ինչո՞ւ

Լավ մարդկանց վատ բաներ են պատահում. ինչո՞ւ

Քանի որ Եհովա Աստված * ամեն ինչի Արարիչն է և ամենակարող է, շատերը գուցե հակված լինեն նրան պատասխանատու համարել այն ամենի համար, որ տեղի է ունենում աշխարհում, այդ թվում բոլոր վատ բաների համար։ Սակայն ուշադրություն դարձրու, թե ինչ է ասում Աստվածաշունչը ճշմարիտ Աստծու մասին։

  •  «Եհովան արդար է իր բոլոր ճանապարհներում» (Սաղմոս 145։17

  •  «Նրա [Աստծու] բոլոր ճանապարհները արդար են։ Հավատարմության Աստված է նա, նրա մեջ անարդարություն չկա, արդար և ազնիվ է նա» (2 Օրենք 32։4

  •  «Եհովան անչափ գորովալից է ու ողորմած» (Հակոբոս 5։11

Տեղի ունեցող վատ բաների պատճառը Աստված չէ։ Իսկ գուցե նա ուրիշների՞ն է դրդում չարագործությունների։ Ամենևի՛ն։ «Փորձության մեջ լինելիս,— ասում է Աստվածաշունչը,— թող ոչ ոք չասի՝ «Աստծուց եմ փորձվում»»։ Ինչո՞ւ։ «Որովհետև Աստված չար բաներով չի կարող փորձվել, և ինքն էլ ոչ մեկին չի փորձում» (Հակոբոս 1։13)։ Աստված չի փորձում կամ ստուգում որևէ մեկին՝ դրդելով նրան վատ բաներ անելու։ Աստված ո՛չ այնպես է անում, որ վատ բաներ տեղի ունենան, ո՛չ էլ ուրիշներին է դրդում անելու այն, ինչ վատ է։ Այդ դեպքում ո՞ւմ կամ ինչի՞ն պետք է մեղադրել տեղի ունեցող վատ բաների համար։

ՍԽԱԼ ՏԵՂՈՒՄ ՈՒ ՍԽԱԼ ԺԱՄԱՆԱԿ

Նշելով մարդկային տառապանքի պատճառներից մեկը՝ Աստվածաշունչն ասում է. «Ժամանակ և պատահար բոլորին է լինում» (Ժողովող 9։11)։ Երբ անսպասելի իրադարձություն կամ դժբախտ պատահար է լինում, կանդրադառնա դա անհատի վրա թե ոչ, մեծ մասամբ կախված է նրանից, թե որտեղ է նա գտնվում այն ժամանակ, երբ դա տեղի է ունենում։ Մոտ 2000 տարի առաջ Հիսուս Քրիստոսը խոսեց մի աղետի մասին, որի ժամանակ 18 մարդ սպանվեց, քանի որ աշտարակը փուլ եկավ նրանց վրա (Ղուկաս 13։1–5)։ Նրանք չզոհվեցին իրենց ապրած կյանքի պատճառով. պարզապես աշտարակի տակ էին գտնվում, երբ այն փուլ եկավ։ Վերջերս՝ 2010 թվականի հունվարին, Հայիթիում ավերիչ երկրաշարժ տեղի ունեցավ։ Ըստ իշխանության տվյալների՝ ավելի քան 300000 մարդ կորցրեց իր կյանքը։ Այդ բոլոր մարդիկ մահացան, անկախ այն բանից, թե ովքեր էին։ Հիվանդությունը նույնպես կարող է հարվածել ցանկացած մարդու ցանկացած պահի։

Աստված ինչո՞ւ լավ մարդկանց չի պաշտպանում աղետից

Ինչ-որ մեկը կարող է հարցնել. «Մի՞թե Աստված չէր կարող կանխել այդպիսի մահացու աղետները։ Մի՞թե նա չէր կարող պաշտպանել լավ մարդկանց աղետից»։ Որպեսզի Աստված միջամտի, նա պետք է նախապես իմանա վատ բաների մասին։ Ինչ խոսք, Աստված ապագան նախապես իմանալու կարողություն ունի, բայց մենք պետք է նկատի առնենք հետևյալ հարցը՝ այսպիսի բաների մասին նախապես իմանալու իր կարողությունը Աստված ընտրում է անսահմանորե՞ն գործադրել (Եսայիա 42։9

Սուրբ Գիրքն ասում է. «Աստված երկնքում է, ինչը որ իրեն հաճելի է, նա այն է անում» (Սաղմոս 115։3)։ Աստված անում է այն, ինչ անհրաժեշտ է համարում անել և ոչ թե այն ամենը, ինչ կարող է անել։ Սա  վերաբերում է նաև այն բանին, թե ինչն է նա որոշում նախապես իմանալ։ Օրինակ՝ երբ ամբարշտությունը տարածվեց հին քաղաքներ Սոդոմում ու Գոմորում, Աստված նահապետ Աբրահամին ասաց. «Ես վճռել եմ իջնել ու տեսնել, թե արդյոք նրանց գործերը համապատասխանո՞ւմ են ինձ հասած աղաղակին, իսկ եթե ոչ՝ իմանամ» (Ծննդոց 18։20, 21)։ Որոշ ժամանակ Եհովան նախընտրել էր չիմանալ, թե որքան տարածված է ամբարշտությունը այդ քաղաքներում։ Ուստի Եհովան կարող է ընտրել նախապես չիմանալ ամեն բան (Ծննդոց 22։12)։ Սա ամենևին անկատարության կամ թուլության նշան չէ։ Քանի որ Աստծու «գործերը կատարյալ են», նա հավասարակշռում է ապագան նախապես իմանալու կարողությունը իր նպատակի հետ։ Նա երբեք չի ստիպում մարդկանց որոշակի ընթացք բռնել (2 Օրենք 32։4) *։ Ի՞նչ եզրահանգման կարող ենք գալ. Աստված իր կանխագիտությունը դրսևորում է ընտրողաբար և ըստ հայեցողության։

Աստված ինչո՞ւ լավ մարդկանց չի պաշտպանում հանցագործությունից

ՄԱՐԴԻԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈ՞Ւ ԵՆ

Որոշ չափով մարդիկ են մեղավոր չարության մեջ։ Նկատի առ, թե ինչպես է Աստվածաշունչը նկարագրում այն ընթացքը, որը կարող է տանել վնասակար արարքների։ Գրքում ասվում է. «Ամեն մեկը փորձվում է, քանի որ տարվում և հրապուրվում է իր ցանկություններով։ Երբ ցանկությունը հղիանում է, մեղք է ծնում, և մեղքն էլ վերջում մահ է ծնում» (Հակոբոս 1։14, 15)։ Երբ մարդիկ առաջնորդվում են սխալ ցանկություններով կամ տեղիք են տալիս սխալ ձգտումներին, անպայման վատ հետևանքներ են կրում (Հռոմեացիներ 7։21–23)։ Պատմությունը ցույց է տալիս, որ մարդիկ սարսափելի արարքներ են գործել և մեծ տառապանք պատճառել ուրիշներին։ Ավելին, ամբարիշտները կարող են ազդել ուրիշների վրա, որ նրանք նույնպես ապականվեն, այդ պատճառով վատ արարքները վերջ չեն ունենում (Առակներ 1։10–16

Մարդիկ սարսափելի արարքներ են գործել և մեծ տառապանք պատճառել ուրիշներին

Աստված պե՞տք է միջամտի և թույլ չտա, որ մարդիկ վատ բաներ անեն։ Այս հարցին պատասխանելու համար նախ տեսնենք, թե ինչպես է ստեղծված մարդը։ Սուրբ Գիրքն ասում է, որ Աստված մարդուն ստեղծել է իր պատկերով, այսինքն՝ իր նմանությամբ։ Ուստի մարդիկ նրա հատկություններն արտացոլելու կարողություն ունեն (Ծննդոց 1։26)։ Մարդկանց տրվել է ազատ կամքի պարգևը, և նրանք կարող են ընտրել սիրել Աստծուն և նվիրված լինել նրան՝ անելով այն, ինչ ճիշտ է նրա աչքին (2 Օրենք 30։19, 20)։ Եթե Աստված մարդկանց ստիպեր, որ որոշակի ընթացք բռնեն, մի՞թե այդպիսով նրանք չէին զրկվի ազատ կամքի պարգևից։ Այդ դեպքում մարդիկ ընդամենը մեքենաներ կլինեին, որոնք ճշգրտորեն առաջնորդվում են իրենց մեջ դրված ծրագրով։ Դա այդպես կլիներ նաև այն դեպքում, եթե մեր արարքները կամ մեզ հետ պատահածը պայմանավորված լիներ ճակատագրով, կամ՝ ղսմաթով։ Որքա՜ն ուրախ ենք, որ Աստված պատվի է արժանացնում մեզ՝ թույլ տալով, որ մենք ընտրենք մեր ընթացքը։ Սակայն դա չի նշանակում, որ ուրիշների սխալ գործելակերպի և վատ ընտրությունների պատճառով մարդկությունը միշտ տառապելու է։

 ՏԱՌԱՊԱՆՔԻ ՊԱՏՃԱՌԸ ԿԱՐՄԱ՞Ն Է

Եթե հնդուականի կամ բուդդայականի տայիր այս ամսագրի շապիկի հարցը, հավանաբար քեզ կպատասխաներ. «Լավ մարդկանց վատ բաներ են պատահում կարմայի օրենքի պատճառով։ Նրանք քաղում են իրենց նախկին կյանքում արածների պտուղները» *։

Կարմայի ուսմունքի առնչությամբ օգտակար կլինի իմանալ, թե Աստվածաշունչն ինչ է ասում մահվան մասին։ Եդեմի պարտեզում, որտեղից սկիզբ է առել մարդկությունը, Արարիչը առաջին մարդուն՝ Ադամին, ասաց. «Պարտեզի ամեն ծառից կարող ես ուտել որքան ուզում ես։ Բայց ինչ վերաբերում է բարին ու չարը գիտենալու ծառին, դրանից չուտես, քանի որ այն օրը, երբ դրանից ուտես, անշուշտ, պիտի մեռնես» (Ծննդոց 2։16, 17)։ Եթե Ադամը մեղք չգործեր և անհնազանդ չգտնվեր Աստծու հանդեպ, կապրեր հավիտյան։ Մահը առաջ եկավ որպես պատիժ Աստծու պատվերին չհնազանդվելու համար։ Այնուհետև, երբ երեխաներ ծնվեցին, «մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա» (Հռոմեացիներ 5։12)։ Ուստի կարելի է ասել, որ «մեղքի տված վարձը մահն է» (Հռոմեացիներ 6։23)։ Աստվածաշունչը նաև ասում է. «Նա, ով մահանում է, ազատվում է մեղքից» (Հռոմեացիներ 6։7)։ Այլ խոսքերով՝ մահից հետո մարդիկ չեն շարունակում վճարել իրենց մեղքերի դիմաց։

Այսօր միլիոնավոր մարդիկ ասում են, թե մարդկային տառապանքի խնդիրը առնչվում է կարմային։ Սովորաբար հավատացյալ մարդը ընդունում է իր, ինչպես նաև ուրիշների տառապանքը՝ առանց չափից շատ անհանգստանալով դրա մասին։ Սակայն փաստը մնում է փաստ, որ այս հասկացությունը հույսի ոչ մի նշույլ չի տալիս, որ վատ բաները կդադարեն տեղի ունենալուց։ Կարծիք կա, որ միակ թեթևացումը, որ կարելի է տալ անհատին, դա վերածնման շրջապտույտից ազատվելն է, որը հնարավոր է հասարակության տեսանկյունից ընդունելի վարք դրսևորելու և հատուկ գիտելիքներ ունենալու շնորհիվ։ Այս գաղափարները, ինչ խոսք, շատ են տարբերվում նրանից, թե ինչ է ասում Աստվածաշունչը *։

ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏՃԱՌԸ

Գիտեի՞ր, որ տառապանքի գլխավոր պատճառը «այս աշխարհի իշխանն» է՝ Բանսարկու Սատանան (Հովհաննես 14։30)

Չարության գլխավոր պատճառը, սակայն, մարդը չէ։ Բանսարկու Սատանան, որը սկզբում Աստծուն հավատարիմ հրեշտակ էր, «ճշմարտության մեջ հաստատ չմնաց» և մեղքը մտցրեց աշխարհ (Հովհաննես 8։44)։ Նա Եդեմի պարտեզում ապստամբություն հրահրեց (Ծննդոց 3։1–5)։ Հիսուս Քրիստոսը նրան անվանեց «Չար» և «այս աշխարհի իշխան» (Մատթեոս 6։13; Հովհաննես 14։30)։ Մարդկությունն ընդհանուր առմամբ հետևում է Սատանային՝ ականջ դնելով Եհովայի բարի ճանապարհները անտեսելու մասին նրա կոչերին (1 Հովհաննես 2։15, 16)։ «Ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է»,— ասվում է 1 Հովհաննես 5։19-ում։ Այլ ոգեղեն արարածներ նույնպես ամբարիշտ են դարձել ու միացել Սատանային։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Սատանան ու նրա դևերը «մոլորեցնում են ողջ երկիրը» և այդպիսով «վա՜յ [բերում] երկրին» (Հայտնություն 12։9, 12)։ Փաստորեն, գլխավորապես Բանսարկու Սատանային է հարկավոր մեղադրել չարության համար։

Պարզ է, որ Աստված պատասխանատու չէ այն վատ բաների համար, որ պատահում են մարդկանց, և ոչ էլ նա է նրանց տառապանք պատճառում։ Ընդհակառակը՝ ինչպես կտեսնենք հաջորդ հոդվածից, նա խոստացել է, որ կվերացնի վատ բաները։

^ պարբ. 3 «Եհովան» Աստծու անունն է, որ գրված է Աստվածաշնչում։

^ պարբ. 11 Իմանալու համար, թե ինչու է Աստված թույլ տալիս, որ չարությունը շարունակվի, տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 11-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

^ պարբ. 16 Իմանալու համար, թե որտեղից է առաջ եկել կարմայի օրենքը, տե՛ս «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո» գրքույկի 8–12-րդ էջերը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

^ պարբ. 18 Իմանալու համար, թե Աստվածաշունչը ինչ է սովորեցնում մահացածների վիճակի և նրանց համար պահված հույսի մասին, տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 6-րդ և 7-րդ գլուխները։

Իմացիր ավելին

Ինչո՞ւ է Աստված թույլատրում չարությունն ու տառապանքը

Ինչպե՞ս սկիզբ առավ չարությունը, և ինչո՞ւ Աստված թույլ տվեց, որ այն շարունակվի։ Մի օր վերջ կդրվի՞ դրան։