Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈՒԼԻՍ 2014

 ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ

Երբեք առանց զենքի ոչ մի տեղ չէի գնում

Երբեք առանց զենքի ոչ մի տեղ չէի գնում
  • ԾՆՎԵԼ Է՝ 1958

  • ԵՐԿԻՐԸ՝ ԻՏԱԼԻԱ

  • ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԴԱԺԱՆ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։

Ծնվել ու մեծացել եմ Հռոմի արվարձաններում, որտեղ բնակվում էր բանվորական աղքատ դասակարգը։ Կյանքը ծանր էր։ Ես չէի ճանաչում իմ մորը և լավ հարաբերություններ չունեի հորս հետ։ Մեծացա՝ սովորելով փողոցային բարքերը։

Արդեն տասը տարեկանում սկսել էի գողությամբ զբաղվել։ Իսկ 12 տարեկանում առաջին անգամ փախա տնից։ Մի քանի անգամ հայրս ստիպված եղավ ինձ տուն բերել ոստիկանության բաժանմունքից։ Ես անընդհատ վիճում էի մարդկանց հետ. դաժան էի ու բարկացած ողջ աշխարհի վրա։ 14 տարեկանում ընդմիշտ հեռացա տնից։ Սկսեցի թմրադեղեր ընդունել և փողոցում ապրել։ Չունենալով քնելու տեղ՝ ինչ-որ կերպ բացում էի դրսում կանգնած մեքենաներից մեկը ու գիշերում մեջը մինչև վաղ առավոտ։ Հետո ցայտաղբյուր էի փնտրում, որ կարողանայի լվացվել։

Վարպետացել էի գողություն անելու մեջ։ Գողանում էի ցանկացած բան՝ սկսած պայուսակներից, իսկ գիշերները բնակարաններ ու առանձնատներ էի թալանում։ Վատ համբավ ձեռք բերեցի և շուտով հրավիրվեցի դառնալու մի հայտնի բանդայի անդամ, ինչը ինձ «հնարավորություն» ընձեռեց առաջ գնալու և բանկեր թալանելու։ Քանի որ ագրեսիվ էի, շուտով դարձա բանդայի հարգված անդամ։ Երբեք առանց զենքի ոչ մի տեղ չէի գնում, նույնիսկ քնած ժամանակ զենքս բարձի տակ էի պահում։ Բռնությունը, թմրադեղերը, գողությունը, կեղտոտ լեզուն և անբարոյությունը իմ ապրելակերպն էին դարձել։ Ոստիկանությունը անընդհատ կրնկակոխ հետևում էր ինձ։ Մի քանի անգամ ձերբակալվել եմ։ Տարիներ շարունակ բանտարկվել ու ազատ եմ արձակվել։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։

Մի անգամ, երբ դուրս եկա բանտից, որոշեցի այցելել մորաքրոջս։ Ես չգիտեի, որ մորաքույրս և նրա երկու երեխաները Եհովայի վկա են դարձել։ Նրանք հրավիրեցին ինձ ներկա լինել Վկաների ժողովի հանդիպմանը։ Հետաքրքրասիրությունից դրդված՝ որոշեցի գնալ։ Երբ եկա Թագավորության սրահ,  ասացի, որ պետք է նստեմ դռան մոտ. ուզում էի աչքս եկող-գնացողների վրա պահել։ Ավելորդ է նշել, որ զինված էի։

Այդ հանդիպումը փոխեց իմ կյանքը։ Հիշում եմ՝ մտածում էի, որ երևի ուրիշ մոլորակ եմ ընկել։ Մարդիկ՝ ժպիտը դեմքերին, ջերմորեն ու ընկերական ողջունում էին ինձ։ Մինչև հիմա լավ հիշում եմ նրանց աչքերի բարի ու անկեղծ արտահայտությունը։ Այդ ամենը, ինչ խոսք, անչափ տարբերվում էր իմ աշխարհից։

Սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել Վկաների օգնությամբ։ Որքան շատ բան էի իմանում, այնքան ավելի հստակ էի հասկանում, որ պետք է լիովին փոխեմ ապրելակերպս։ Հետևեցի Առակներ 13։20-ում արձանագրված խորհրդին. «Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա, բայց հիմարների հետ գործ ունեցողը կտուժի»։ Գիտակցում էի, որ պետք է հեռանամ բանդայից։ Դա հեշտ չէր, սակայն Եհովայի օգնությամբ ինձ հաջողվեց հեռանալ։

Կյանքում առաջին անգամ սկսեցի վերահսկել իմ արարքները

Նաև ֆիզիկապես մաքրվեցի։ Շատ ջանք գործադրեցի, որ թողնեմ ծխելը ու թմրադեղեր չօգտագործեմ։ Կտրեցի երկար մազերս, հանեցի ականջօղերս և դադարեցի վատ խոսքեր ասելուց։ Կյանքում առաջին անգամ սկսեցի վերահսկել իմ արարքները։

Ես երբեք որևէ բան չէի կարդացել և ուսումնասիրել, այդ պատճառով ինձ համար իսկապես դժվար էր ուշադրությունս կենտրոնացնել Աստվածաշունչ ուսումնասիրելու վրա։ Սակայն ջանքեր ներդնելով՝ աստիճանաբար սեր զարգացրի Եհովայի հանդեպ։ Ինչ-որ բան սկսեց փոխվել իմ մեջ. խիղճս սկսեց տանջել ինձ։ Հաճախ բացասական զգացումներ էի ունենում, քանի որ կասկածում էի, որ Եհովան երբևէ կների ինձ իմ կատարած բոլոր վատ արարքների համար։ Այդ պահերին շատ էի մխիթարվում՝ կարդալով, թե ինչպես նա ներեց Դավիթ թագավորի լուրջ մեղքերը (2 Սամուել 11։1–12։13

Մեկ այլ դժվարություն էր ուրիշներին իմ հավատի մասին պատմելը տնից տուն ծառայության ժամանակ (Մատթեոս 28։19, 20)։ Ես սարսափում էի այն մտքից, որ կհանդիպեմ մեկին, ում նախկինում վնասել եմ կամ վատություն եմ արել։ Սակայն կամաց-կամաց հաղթահարեցի իմ վախերը։ Սկսեցի իսկական բավարարվածություն զգալ, երբ ուրիշներին օգնում էի սովորելու մեր հիասքանչ երկնային Հոր մասին, որն այդքան մեծահոգաբար ներում է մեզ։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։

Եհովայի մասին իմանալը փրկեց կյանքս։ Իմ նախկին ընկերներից շատերը մահացել են կամ բանտում են գտնվում։ Իսկ ես բավարարված կյանքով եմ ապրում և ունեմ ապագայի լավ հեռանկար, որին անհամբերությամբ սպասում եմ։ Սովորել եմ լինել խոնարհ ու հնազանդ և սանձել իմ կատաղի բնավորությունը։ Դրա շնորհիվ ավելի լավ փոխհարաբերություններ ունեմ շրջապատի մարդկանց հետ։ Վայելում եմ երջանիկ ամուսնություն իմ գեղեցիկ կնոջ՝ Կարմենի հետ։ Միասին մեծ ուրախություն ենք ստանում՝ օգնելով ուրիշներին իմանալու Աստվածաշնչի մասին։

Վերջում չմոռանամ ասել, որ այժմ ազնիվ աշխատանք եմ անում։ Երբեմն իմ գործը առնչվում է բանկերին, սակայն հիմա ոչ թե բանկ եմ թալանում, այլ այդտեղ մաքրության աշխատանքներ եմ անում։

Իմացիր ավելին

Ի՞նչ է Աստվածաշնչի ուսումնասիրությունը

Ստացեք Աստվածաշնչի ուսումնասիրության մեր ծրագրին վերաբերող հարցերի պատասխանները։