Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈՒՆԻՍ 2014

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԱՍՏԾՈՒ ՏԵՍԱԿԵՏԸ ԾԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համաշխարհային համաճարակ

Համաշխարհային համաճարակ

Ծխախոտը անգութ մարդասպան է։

  • Անցած դարում այն սպանել է 100000000 մարդ։

  • Ամեն տարի այն մոտ 6000000 մարդու կյանք է խլում։

  • Միջին հաշվով յուրաքանչյուր վեց վայրկյանում այն մեկ մարդ է սպանում։

Եվ ոչինչ մատնացույց չի անում, որ փոփոխություն կլինի։

Ըստ իշխանությունների տվյալների՝ եթե ներկայիս տենդենցը չփոխվի, արդեն 2030թ.-ին ծխելու հետևանքով տարեկան զոհերի թիվը կհասնի ավելի քան 8000000-ի։ Եվ կանխատեսվում է, որ 21-րդ դարի վերջում ծխելու պատճառով 1000000000 մարդ կորցրած կլինի իր կյանքը։

Ծխախոտի զոհերը միայն ծխողները չեն։ Դրա զոհն են ընտանիքի անդամները, որոնք զգացական ապրումներ են ունենում և նյութապես են տուժում, ինչպես նաև 600000 պասիվ ծխողներ, որոնք ամեն տարի մահանում են ծխախոտի ծուխը շնչելու պատճառով։ Ծխելու հետևանքը կրում է յուրաքանչյուր ոք, քանի որ գնալով ավելի շատ գումար է պահանջվում առողջությանը հետևելու համար։

Ի տարբերություն այն համաճարակների, որոնք ստիպում են բժիշկներին բուժում գտնելու համար մրցել իրար հետ, այս պատուհասը իրականում բուժման ենթակա է։ Լուծումը հայտնի է։ Ահա թե ինչ է ասում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն դոկտոր Մարգարետ Չենը. «Ծխախոտի համաճարակը ամբողջովին մարդու կողմից է առաջ եկել, և այն հնարավոր է կանգնեցնել կառավարության ու հասարակության միահամուռ ջանքերով»։

Միջազգային արձագանքը՝ ուղղված այս խնդրի դեմ պայքարին, աննախադեպ է եղել։ Արդեն 2012թ. օգոստոսին մոտ 175 երկրներ համաձայնության էին եկել քայլեր ձեռնարկելու ծխախոտի գործածությունը սահմանափակելու առնչությամբ *։ Սակայն զորեղ գործոնների պատճառով համավարակը շարունակում է մոլեգնել. ամեն տարի ծխախոտի արտադրությունը միլիարդավոր դոլարներ է ծախսում գովազդների վրա՝ այդպիսով գրավելով նոր հաճախորդների, հատկապես կանանց ու երիտասարդների զարգացող երկրներից։ Նաև քանի որ ծխախոտը կախվածության մեջ գցելու հատկություն ունի, դա, կարելի է ասել, երաշխիք է, որ արդեն ծուղակն ընկած մեկ միլիարդ ծխողների մեջ զոհերի թիվը բարձր կմնա։ Եթե ներկայիս ծխողները չձերբազատվեն այդ սովորությունից, հաջորդ չորս տասնամյակների ընթացքում մահացության մակարդակը կտրուկ կաճի։

Գովազդը և կախվածությունը շատերին պահում են այն սովորության ծուղակում, որին կցանկանային վերջ դնել։ Այդպես եղավ Նաոկոյի պարագայում։ Նա սկսեց ծխել պատանեկության տարիներին։ Նաոկոն կրկնօրինակում էր այն ձևը, որով ծխելը ներկայացվում էր մեդիայով՝ կարծելով, թե դա իրեն յուրահատուկ հմայք է հաղորդում։ Թեև նրա ծնողները մահացել էին թոքերի քաղցկեղից, նա շարունակում էր ծխել, նույնիսկ այն ժամանակ, երբ մեծացնում էր իր երկու աղջիկներին։ «Ես վախենում էի, որ թոքերի քաղցկեղով կհիվանդանամ, և անհանգստացած էի երեխաներիս առողջությամբ,— խոստովանում է Նաոկոն,— բայց, միևնույնն է, չէի կարողանում թողնել ծխելը։ Ինձ թվում էր՝ երբեք չեմ կարողանա ձերբազատվել այդ սովորությունից»։

Այնուհանդերձ, Նաոկոյին դա հաջողվեց։ Ծխելու սովորությունը հաղթահարելու համար նա մղիչ ուժ գտավ այն նույն աղբյուրում, որը օգնել է միլիոնավոր մարդկանց ձերբազատվելու ծխախոտի գերությունից։ Ի՞նչ աղբյուր է դա։ Շարունակիր ընթերցել և կիմանաս այդ մասին։

^ պարբ. 11 Այդ քայլերն են՝ մարդկանց տեղեկացնել ծխելու վտանգների մասին, սահմանափակել ծխախոտային արտադրանքի մարկետինգը, բարձրացնել ծխախոտի հարկերը և ծրագրեր հաստատել մարդկանց օգնելու համար, որ թողնեն ծխելը։