Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈՒՆԻՍ 2014

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԱՍՏԾՈՒ ՏԵՍԱԿԵՏԸ ԾԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ո՞րն է Աստծու տեսակետը ծխելու վերաբերյալ

Ո՞րն է Աստծու տեսակետը ծխելու վերաբերյալ

Նաոկոն, որի մասին խոսվեց նախորդ հոդվածում, ծխելու սովորության հանդեպ տարած իր հաղթանակի մասին ասաց. «Ես կարողացա փոխել կյանքս, քանի որ ճշմարտությունն իմացա Աստծու հատկությունների ու նպատակի մասին»։ Այն, ինչ նա իմացավ, գրված է Աստվածաշնչում։ Թեև Սուրբ Գրքում ոչ մի տեղ չի խոսվում ծխախոտի մասին, այն օգնում է մեզ հասկանալու, թե որն է Աստծու տեսակետը ծխելու վերաբերյալ *։ Շատերին այդ գիտելիքները տվել են այն մղիչ ուժը, որի կարիքը ունեին այդ սովորությանը դիմադրելու կամ դրանից ձերբազատվելու համար (2 Տիմոթեոս 3։16, 17)։ Նկատի առնենք, թե ինչ երեք վնասակար ազդեցություն ունի ծխելը, որոնք հայտնի են, և տեսնենք, թե ինչ է Աստվածաշունչն ասում դրանց մասին։

ԾԽԵԼԸ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

Ծխախոտը պարունակում է հայտնի ամենաշատ կախվածություն առաջացնող թմրանյութը՝ նիկոտինը։ Այն գործում է որպես խթանող, ինչպես նաև հանգստացնող միջոց։ Ծխելիս նիկոտինը արագ և անընդհատ անցնում է ուղեղի մեջ։ Քանի որ մարդը, ամեն մի ծուխը քաշելով, նիկոտինի մեկ չափաբաժին է ստանում, միջին հաշվով օրական մեկ տուփ ծխողը ամեն օր ստանում է մոտ 200 չափաբաժին նիկոտին, ինչը ավելի շատ է, քան ցանկացած այլ թմրանյութի չափաբաժինը։ Այսքան հաճախ չափաբաժին ստանալու հետևանքով մարդու մոտ միանշանակ նիկոտինից կախվածություն է առաջանում։ Իսկ եթե կախվածություն ձեռք բերած անհատի՝ նիկոտին ստանալու ցանկությունը չի բավարարվում, նա ունենում է նիկոտինային կախվածության ախտանիշներ։

Դուք նրա ծառաներն եք, ում հնազանդվում եք (Հռոմեացիներ 6։16)

Կարո՞ղ ես իսկապես հնազանդվել Աստծուն, եթե ծխախոտի ծառան ես

Աստվածաշունչն օգնում է մեզ ճիշտ տեսակետ ունենալու այս հարցի վերաբերյալ՝ ասելով. «Մի՞թե չգիտեք, որ եթե ձեր անձերը որևէ մեկին որպես ծառա եք ներկայացնում նրան հնազանդվելու համար, ապա նրա ծառաներն եք, քանի որ հնազանդվում եք նրան» (Հռոմեացիներ 6։16)։ Երբ անհատի մտքի ու գործերի վրա իշխում է ծխելու ցանկությունը, նա դառնում է այդ քայքայիչ սովորության ծառան։ Սակայն Աստված, որի անունը Եհովա է, ցանկանում է, որ մենք ազատ լինենք ոչ միայն այն գործերից, որոնք վնասում են մեր մարմինը, այլև այն գործերից, որոնք քայքայում են մեր ոգին, այսինքն՝ մեր գերակշռող մտայնությունը (Սաղմոս 83։18; 2 Կորնթացիներ 7։1)։ Ուստի երբ անհատը խորացնում է իր գնահատանքն ու հարգանքը Եհովայի հանդեպ, սկսում է գիտակցել, որ նա արժանի է իր լավագույնին, և որ ինքը չի կարող իր լավագույնը տալ Աստծուն, քանի դեռ այդ մահացու սովորության ծառան է։ Այդ բանի գիտակցումը անհատին կամքի ուժ է տալիս դիմադրելու վնասակար ցանկություններին։

Գերմանիայում ապրող Օլաֆը, որը սկսել էր ծխել 12 տարեկանում, 16 տարի հետո հաղթահարեց այդ կախվածությունը։ «Առաջին սիգարետը ասես անվնաս ձնագնդիկ լիներ,— պատմում է նա։— Սակայն տարիների ընթացքում այն վիթխարի ձյունակույտի վերածվեց։ Մի անգամ, երբ սիգարետս վերջացել էր, ճարահատյալ մոխրամանի միջից հավաքեցի բոլոր ծխուկները, իրար միացրի, փաթաթեցի մի կտոր թղթով, որ սիգարետ  ստացվի։ Երբ հետ եմ նայում, ամաչում եմ արածիս համար»։ Ինչպե՞ս Օլաֆը թողեց այդ ապականիչ սովորությունը։ «Վճռորոշ գործոնը Եհովային հաճեցնելու ցանկությունն էր,— ասում է նա։— Մարդկության հանդեպ Եհովայի սերը և նրա տված հույսը ինձ ուժ տվեցին, որ մեկընդմիշտ վերջ դնեմ այդ կախվածությանը»։

ԾԽԵԼԸ ՎՆԱՍՈՒՄ Է ՄԱՐՄԻՆԸ

«Գիտականորեն փաստվել է, որ ծխելը.... վնաս է հասցնում մարմնի գրեթե յուրաքանչյուր օրգանին և մեծացնում է հիվանդությունների և մահացության ռիսկը»,— ասվում է ծխախոտի վերաբերյալ մի գրքում (The Tobacco Atlas)։ Հայտնի է, որ ծխելը ոչ վարակիչ հիվանդություններ է առաջ բերում, օրինակ՝ քաղցկեղ, սրտանոթային և թոքային հիվանդություններ։ Սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաձայն՝ ծխելը նաև վարակիչ հիվանդությունների, օրինակ՝ տուբերկուլյոզի գլխավոր պատճառն է։

«Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով» (Մատթեոս 22։37)

Արդյոք սեր ու հարգանք դրսևորո՞ւմ ես Աստծու հանդեպ, եթե ապականիչ սովորությամբ վնասում ես մարմինդ, որը նա է տվել

Իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով Եհովա Աստված սովորեցնում է մեզ ճիշտ տեսակետ ունենալ մեր կյանքի, մարմնի և ունակությունների հանդեպ։ Նրա Որդին՝ Հիսուսը, մատնացույց արեց դա՝ ասելով. «Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով» (Մատթեոս 22։37)։ Հստակ է, որ Աստված ցանկանում է, որ մենք ճիշտ օգտագործենք մեր կյանքն ու մարմինը և հարգանք դրսևորենք դրանց հանդեպ։ Սովորելով Եհովայի ու նրա խոստումների մասին՝ մենք կսիրենք նրան ու կգնահատենք այն ամենը, ինչ նա արել է մեզ համար։ Դա կմղի մեզ ձերբազատվելու ցանկացած բանից, որ պղծում է մեր մարմինը։

Ջայավանթը, որը բժիշկ է Հնդկաստանում, ծխել է 38 տարի։ Նա ասում է. «Ես իմացել էի ծխելու վտանգների մասին բժշկական ամսագրերից։ Գիտեի, որ դա սխալ է, և խորհուրդ էի տալիս իմ հիվանդներին, որ թողնեն այդ սովորությունը։ Բայց ինքս չէի կարողանում թողնել ծխելը՝ չնայած հինգ-վեց անգամ փորձել էի»։ Ի՞նչը օգնեց նրան, որ ի վերջո ձերբազատվի այդ սովորությունից։ Նա պատմում է. «Ես թողեցի ծխելը Աստվածաշունչ ուսումնասիրելու շնորհիվ։ Եհովային հաճեցնելու ցանկությունը մղեց ինձ անմիջապես վերջ դնելու այդ սովորությանը»։

ԾԽԵԼԸ ՎՆԱՍՈՒՄ Է ՈՒՐԻՇՆԵՐԻՆ

Արտաշնչած ծուխը և մխացող ծխախոտից եկող ծուխը թունավոր են։ Պասիվ ծխողների մոտ, որոնք այդպիսի ծուխ են ներշնչում, դա կարող է քաղցկեղ և այլ հիվանդություններ առաջացնել։ Ամեն տարի դրա  պատճառով 600000 չծխողներ են մահանում, որոնցից շատերը կանայք ու երեխաներ են։ ԱՀԿ-ից ստացված մի հաշվետվության մեջ ասվում է. «Պասիվ ծխողների համար չկա անվտանգ գոտի»։

«Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես» (Մատթեոս 22։39)

Իսկապես սիրո՞ւմ ես մերձավորիդ և ընտանիքիդ, եթե նրանց ենթարկում ես պասիվ ծխող դառնալու վտանգին

Ըստ Հիսուսի՝ մերձավորի՝ մեր ընտանիքի անդամների, ընկերների և շրջապատի մարդկանց հանդեպ սերը երկրորդական է միայն Աստծու հանդեպ սիրո համեմատ։ «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես»,— ասել է նա (Մատթեոս 22։39)։ Եթե չձերբազատվենք այն սովորությունից, որը վնասում է մեր մտերիմներին, մերձավորի հանդեպ սեր դրսևորած չենք լինի։ Մինչդեռ անկեղծ սերը կմղի մեզ հետևելու աստվածաշնչյան հորդորին. «Թող ամեն մեկը ոչ թե իր օգուտը փնտրի, այլ իր դիմացինի օգուտը» (1 Կորնթացիներ 10։24

Հայաստանում բնակվող Արմենը հիշում է. «Ընտանիքիս անդամները խնդրում էին ինձ, որ չծխեմ, քանի որ ծխախոտի ծուխը ազդում էր նրանց վրա։ Բայց ես չէի ուզում ընդունել, որ այն կարող էր վատ ազդեցություն թողնել»։ Արմենը բացատրում է, թե ինչը փոխեց իր տեսակետը. «Աստվածաշնչյան գիտելիքներն ու Եհովայի հանդեպ սերը օգնեցին, որ թողնեմ ծխելը, ինչպես նաև ընդունեմ, որ այն վնասում է ոչ միայն ինձ, այլև իմ շուրջը գտնվող մարդկանց»։

ԾԽԱԽՈՏԻ ԾՈՒԽԸ ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ԿՀԱՆԳՉԻ

Աստվածաշնչյան գիտելիքները օգնեցին Օլաֆին, Ջայավանթին և Արմենին, որ ձերբազատվեն այն ապականիչ սովորությունից, որը վնասում էր թե՛ իրենց, թե՛ ուրիշներին։ Նրանց դա հաջողվեց ոչ թե զուտ այն պատճառով, որ գիտեին՝ ծխելը վնասակար է, այլ քանի որ սեր զարգացրին Եհովայի հանդեպ ու ցանկացան հաճեցնել նրան։ Սիրո կենսական դերը ընդգծվում է 1 Հովհաննես 5։3-ում. «Սա է Աստծու հանդեպ սերը, որ մենք պահենք նրա պատվիրանները, և նրա պատվիրանները ծանր չեն»։ Ինչ խոսք, աստվածաշնչյան սկզբունքներին հետևելը միշտ չէ, որ հեշտ է, սակայն երբ անհատի մղիչ ուժը Աստծու հանդեպ ուժգին սերն է, նրա համար ծանր չի լինի հնազանդություն դրսևորել։

Համաշխարհային կրթական ծրագրի միջոցով Եհովա Աստված այժմ օգնում է միլիոնավոր մարդկանց ազատվելու ծխախոտի գերությունից կամ չդառնալու դրա ծառան (1 Տիմոթեոս 2։3, 4)։ Շատ շուտով իր Թագավորության միջոցով, որը երկնային կառավարություն է, և որի Թագավորը իր Որդի Հիսուս Քրիստոսն է, նա կվերացնի ագահ կոմերցիոն սիստեմը, որը պատասխանատու է միլիոնավոր մարդկանց ծխախոտի ծառան դարձնելու համար։ Եհովան մեկընդմիշտ վերջ կդնի ծխելու համաճարակին և հնազանդ մարդկանց կհասցնի կատարելության՝ թե՛ մարմնավոր, թե՛ մտային առումով (Եսայիա 33։24; Հայտնություն 19։11, 15

Եթե պայքարում ես ծխելու դեմ, մի՛ հանձնվիր։ Սեր զարգացնելով Եհովայի հանդեպ և որդեգրելով ծխելու վերաբերյալ նրա տեսակետը՝ դու նույնպես կունենաս այն մղիչ ուժը, որը անհրաժեշտ է հաջողության հասնելու համար։ Եհովայի վկաները ուրախությամբ գործնական, անհատական օգնություն կտան քեզ, որ սովորես աստվածաշնչյան սկզբունքների մասին ու կիրառես դրանք։ Վստահ եղիր, որ եթե ուզում ես՝ Եհովան օգնի քեզ ձերբազատվելու ծխախոտի հանդեպ ունեցած կախվածությունից, նա կտա քեզ անհրաժեշտ ուժն ու զորությունը (Փիլիպպեցիներ 4։13

^ պարբ. 3 Ծխելը այստեղ վերաբերում է անմիջապես ծխախոտից, սիգարից, ծխամորճից կամ ծխելու սարքերից եկող ծուխը շնչելուն։ Սակայն քննարկվող սկզբունքները հավասարապես վերաբերում են այն ծխախոտին, որը ծամում են կամ շնչում, էլեկտրոնային ծխախոտին, որը պարունակում է նիկոտին, և ծխախոտի այլ արտադրանքների։