Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՄԱՅԻՍ 2014

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Որևէ մեկը կարո՞ղ է կանխատեսել ապագան

Որևէ մեկը կարո՞ղ է կանխատեսել ապագան

Մենք բոլորս մտածում ենք ապագայի մասին։ Ուզում ենք իմանալ, թե ինչպիսին կլինի մեր և մեր սիրելիների կյանքը։ Թերևս այսպիսի հարցերի շուրջ ենք մտորում. «Իմ երեխաները կապրե՞ն ավելի լավ աշխարհում։ Մի՞թե երկիրը կործանվելու է աղետի պատճառով։ Կարո՞ղ եմ հիմա ինչ-որ բան փոխել, որ ապագաս ավելի լավը լինի»։ Այսպիսի հարցեր տալը բնորոշ է մեզ։ Մենք վստահեցում ստանալու կարիք ունենք, որպեսզի մեր կյանքում լինի որոշակիություն, կարգուկանոն ու կայունություն։ Եթե իմանաս, թե ինչ է սպասվում ապագայում, կկարողանաս պատրաստվել թե՛ ֆիզիկապես, թե՛ զգացապես։

Ուրեմն ի՞նչ է սպասում քեզ ապագայում։ Որևէ մեկը կարո՞ղ է իմանալ։ Մասնագետները, որոնք փորձում են կանխատեսել ապագան, թեև հասել են որոշ հաջողությունների, բայց նաև բազում ձախողումներ են ունեցել։ Սակայն Աստծու մասին ասվում է, որ նա կարող է ճշգրտորեն կանխագուշակել գալիք իրադարձությունները։ Նրա Խոսքում գրված է. «Ես ամենասկզբից ասում եմ այն, ինչ լինելու է վերջում, ու վաղեմի ժամանակներից այն, ինչը դեռ չի եղել» (Եսայիա 46։10)։ Որքա՞ն ճշգրիտ են եղել նրա կանխատեսումները։

ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆ ՃՇԳՐԻՏ ԱՍՏԾՈՒ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Ինչո՞ւ քեզ պետք է հետաքրքրի, թե որքանով են ճշգրիտ եղել Աստծու տված վաղեմի մարգարեությունները։ Բերենք մի օրինակ։ Եթե երկար ժամանակ ամեն օր մի օդերևութաբան ճշգրիտ կերպով կանխատեսումներ աներ եղանակի մասին, ինչ խոսք, դա քեզ կտպավորեր։ Հավանաբար, ուշադրություն կդարձնեիր, թե ինչ է նա ասում վաղվա եղանակի մասին։ Նմանապես, եթե իմանայիր, որ Աստված կանխագուշակել է իրադարձություններ, որոնք շատ ճշգրիտ կերպով են կատարվել, անկասկած, քեզ կհետաքրքրեր, թե ինչ է ասում նա քո ապագայի մասին։

Վերաշինված պարիսպ հին Նինվեի ավերակներում

ՄԵԾ ՔԱՂԱՔԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ։

Միայն լիարժեք համոզվածություն ունենալով կարելի էր ճշգրտորեն կանխագուշակել, որ մեծ քաղաքը, որը դարեր շարունակ հզոր էր եղել, շուտով կործանվելու էր։ Իր խոսնակներից մեկի միջոցով Աստված հենց այդպիսի բան  ասաց՝ Նինվեն ամայանալու էր (Սոփոնիա 2։13–15)։ Ի՞նչ են արձանագրել պատմաբանները այս առնչությամբ։ Մ.թ.ա. յոթերորդ դարում՝ ակներևաբար Աստծու տված մարգարեությունից մոտ 15 տարի անց, բաբելոնացիներն ու մարերը հարձակվեցին Նինվեի վրա ու տապալեցին այն։ Բացի այդ, Աստված նախապես կոնկրետ նշել էր, որ «ամայի կդարձնի Նինվեն, անապատի պես անջուր վայր»։ Արդյոք նախօրոք ասված այդ խոսքերը կատարվեցի՞ն։ Այո՛։ Թեև քաղաքն ու նրա արվարձանները 518 քառակուսի կիլոմետր էին զբաղեցնում, սակայն նվաճողները չպահպանեցին ու չօգտագործեցին այն, մինչդեռ հակառակն էր ակնկալվում։ Փոխարենը՝ նրանք կործանեցին Նինվեն։ Արդյոք որևէ քաղաքական վերլուծաբան կարո՞ղ էր այսպիսի ճշգրտությամբ կանխագուշակել այս իրադարձությունները։

ՄԱՐԴԿԱՆՑ ՈՍԿՈՐՆԵՐ ԿԱՅՐԵՆ։

Ո՞վ կխիզախեր 300 տարի առաջ հայտարարել այն մարդու կոնկրետ անունն ու ծագումը, ով զոհասեղանի վրա մարդկանց ոսկորներ էր այրելու, ինչպես նաև այն քաղաքի անունը, որտեղ այդ զոհասեղանը դրված էր լինելու։ Եթե նման անսովոր կանխագուշակությունը կատարվեր, ապա կանխագուշակողը անպայման հայտնի կդառնար։ Աստծու խոսնակը հայտարարեց. «Դավթի տանը մի որդի կծնվի Հովսիա անունով.... և մարդկանց ոսկորներ կայրի» Բեթել քաղաքի զոհասեղանի վրա (1 Թագավորներ 13։1, 2)։ Մոտ երեք դար անց Հովսիա անունով (այդ անունը տիպիկ աստվածաշնչյան անուն չէ) մի թագավոր վեր կացավ Դավթի շառավղից։ Ճիշտ ինչպեսև կանխագուշակվել էր, Հովսիան մարդ ուղարկեց, որ «գերեզմաններից ոսկորները հանեն, ապա այրեց դրանք զոհասեղանի վրա», որը գտնվում էր Բեթելում (2 Թագավորներ 23։14–16)։ Ինչպե՞ս կարող էր որևէ մարդ այդպիսի կոնկրետ մանրամասնություններ հայտնել, եթե գերմարդկային աղբյուր չառաջնորդեր նրան։

Աստվածաշնչի մարգարեները ապշեցուցիչ ճշգրտությամբ կանխագուշակել էին Բաբելոնի անկումը

ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄԸ։

Զարմանալի կլիներ, եթե մարդ կարողանար կանխագուշակել այն անձնավորության անունը (այն էլ նրա ծննդից երկար ժամանակ առաջ), ով կազմակերպելու էր աշխարհակալ ուժի անկումը, և նույնիսկ նշել, թե ինչ անսովոր մարտավարություն էր կիրառելու։ Աստված հայտնեց, որ Կյուրոս անունով մի մարդ էր տիրելու ազգին։ Կյուրոսը ազատ էր արձակելու հրեա գերիներին և աջակցելու էր սուրբ տաճարի վերականգնողական աշխատանքներին։ Բացի այդ, Աստված մարգարեացավ, որ Կյուրոսի մարտավարությունը ներառելու էր գետերը ցամաքեցնելը, և նշեց, որ դարպասները չէին փակվելու, ինչը կհեշտացներ քաղաքի նվաճումը (Եսայիա 44։27–45։2)։ Արդյոք Աստծու  տված այդ մարգարեության բազմաթիվ մանրամասնությունները ճշգրտորեն կատարվեցի՞ն։ Պատմաբանները համամիտ են, որ Կյուրոսը այսպիսի հաղթանակ տարել է։ Նրա զորքը փոխել էր բաբելոնական ջրային ուղիներից մեկը՝ արդյունքում ցամաքեցրել գետերը, ինչը ինժեներական գլուխգործոց էր։ Ավելին, զորքը քաղաք էր մտել բաց թողնված դարպասների միջով։ Դրանից հետո Կյուրոսը ազատ էր արձակել հրեաներին ու հայտարարել, որ նրանք կարող են վերաշինել Երուսաղեմի տաճարը։ Դա արտասովոր արարք էր, քանի որ Կյուրոսը չէր երկրպագում հրեաների Աստծուն (Եզրաս 1։1–3)։ Աստծուց բացի, ո՞վ կարող էր կանխագուշակել պատմական այդ իրադարձությունների մանրամասները։

Մենք նշեցինք երեք օրինակ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես էր Աստված ապագայում տեղի ունենալիք իրադարձություններ կանխագուշակել, և թե ինչպես էին դրանք ճշգրտորեն կատարվել։ Սրանք բացառիկ դեպքեր չեն։ Հրեաների առաջնորդ Հեսուն նշեց մի փաստի մասին, որին քաջատեղյակ էին իր մեծաքանակ ունկնդիրները։ Նա ասաց. «Դուք լավ գիտեք ձեր ամբողջ սրտով ու ձեր ամբողջ հոգով, որ այն բարի խոսքերից և ոչ մեկը, որ ձեր Աստված Եհովան խոսեց ձեզ հետ, առանց կատարվելու չմնաց։ Բոլորն էլ կատարվեցին ձեզ համար։ Նրանցից և ոչ մի խոսք առանց կատարվելու չմնաց» (Հեսու 23։1, 2, 14)։ Հեսուի ժողովուրդը չէր կարող չընդունել, թե ինչ ճշգրտությամբ էին կատարվել Աստծու խոստումներն ու մարգարեությունները։ Բայց ինչպե՞ս է Աստված անում դա։ Աստծու և մարդկանց գործելակերպի միջև մեծ տարբերություն կա։ Այդ մասին իմանալը կարևոր է, քանի որ Աստված մոտ ապագայի վերաբերյալ շրջադարձային մարգարեություններ է հայտնել, որոնք, անկասկած, ազդեցություն են ունենալու քեզ վրա։

ԱՍՏԾՈՒ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԸՆԴԴԵՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ

Մարդկային կանխատեսումները հաճախ հիմնված են այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են առկա փաստերի ու տենդենցների ուսումնասիրությունը, վերլուծությունը և նույնիսկ պայծառատեսների կանխագուշակումները։ Իրենց կանխատեսումներն անելուց հետո մարդիկ սովորաբար նստում ու սպասում են, որ տեսնեն, թե ինչ է լինելու (Առակներ 27։1

Ի տարբերություն մարդկանց՝ Աստված լավատեղյակ է բոլոր փաստերից։ Նա լիովին հասկանում է մարդու էությունն ու հակումները, ուստի երբ որոշում է կանխագուշակություն անել ապագայի մասին, կարող է ճշգրտորեն տեսնել, թե ինչպես են առանձին անհատներ ու ամբողջական ազգեր գործելու։ Սակայն Աստված դրանից ավելին կարող է անել։ Նույնիսկ կարող է կառավարել ու փոխել գործոններն ու տենդենցները, որպեսզի իր ուզած արդյունքը լինի։ Նա ասում է. «Իմ բերանից դուրս եկած խոսքը.... անարդյունք չի վերադառնա ինձ մոտ.... կիրագործի այն, ինչի համար ուղարկել եմ նրան» (Եսայիա 55։11)։ Աստծու որոշ մարգարեություններ երբեմն ավելի շատ նման են հայտարարությունների կամ ազդարարությունների։ Նա ակտիվորեն գործում է՝ երաշխավորելով, որ իր կանխատեսումները կատարյալ ճշգրտությամբ կիրականանան։

ՔՈ ԱՊԱԳԱՆ

Արդյոք կա՞ վստահելի մարգարեություն քո և քո սիրելիների ապագայի վերաբերյալ։ Եթե նախապես իմանաս, որ փոթորիկ է լինելու, քայլեր կձեռնարկես կյանքդ փրկելու համար։ Նույն կերպ կարող ես արձագանքել աստվածաշնչյան մարգարեությանը։ Աստված հայտնել է, որ շուտով համաշխարհային մասշտաբով ահռելի փոփոխություններ են տեղի ունենալու (տե՛ս « Ինչ է Աստված հայտնել ապագայի մասին» շրջանակը)։ Այս ապագան շատ տարբեր է լինելու բազմաթիվ այսպես կոչված մասնագետների կանխատեսումներից։

Մտածիր հետևյալի շուրջ. այս աշխարհի պատմության ընդհանուր բովանդակությունը հայտնի է։ Այն արդեն գրված է, և դու կարող ես նախապես իմանալ դրա ավարտը։ Աստված հայտնում է. «Ես ամենասկզբից ասում եմ այն, ինչ լինելու է վերջում.... Ասում եմ. «Իմ որոշումը կկատարվի, ես կանեմ այն, ինչ հաճելի է ինձ»» (Եսայիա 46։10)։ Դու և քո ընտանիքը հրաշալի ապագա կարող եք ունենալ։ Հարցրու Եհովայի վկաներին, թե ինչ է Աստվածաշունչն ասում գալիք իրադարձությունների վերաբերյալ։ Վկաները պայծառատեսներ չեն, ոչ էլ պնդում են, թե ոգեղեն ոլորտից ձայներ են լսում և թե կանխատեսումներ անելու հատուկ զորություն ունեն։ Նրանք Աստվածաշունչ ուսումնասիրողներ են, ովքեր կարող են պատմել քեզ այն հրաշալի բաների մասին, որոնք Աստված պատրաստում է քո ապագայի համար։