Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ԱՊՐԻԼ 2014

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Պե՞տք է աղոթես։

Պե՞տք է աղոթես։

Գուցե հարցնես. «Եթե Աստված ամեն բան գիտի, այդ թվում իմ մտքերն ու կարիքները, ինչո՞ւ պետք է աղոթեմ»։ Դա տեղին հարց է։ Չէ՞ որ Հիսուսն ասաց, որ Աստված «նախքան ձեր խնդրելը արդեն գիտի, թե ձեզ ինչ է պետք» (Մատթեոս 6։8)։ Հին Իսրայելի Դավիթ թագավորը գիտակցում էր դա, ուստի գրեց. «Դեռ խոսք չկա իմ լեզվի վրա, բայց ահա, ո՛վ Եհովա, դու ամեն ինչ արդեն գիտես» (Սաղմոս 139։4)։ Ուրեմն ինչո՞ւ պետք է աղոթենք Աստծուն։ Այս հարցին պատասխանելու համար քննեք, թե ինչ է ասում Սուրբ Գիրքը աղոթքների մասին *։

«Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» Հակոբոս 4։8)

 ԱՂՈԹՔԸ ՄՈՏԵՑՆՈՒՄ Է ՄԵԶ ԱՍՏԾՈՒՆ

Ճիշտ է, Աստվածաշունչն ասում է, որ Եհովա * Աստված ամեն բան գիտի, բայց նաև ցույց է տալիս, որ նա իր երկրպագուների մասին միայն տեղեկություններ չի հավաքում (Սաղմոս 139։6; Հռոմեացիներ 11։33)։ Նրա անսահման հիշողությունը նման չէ համակարգչի, որը զուտ տվյալներ է պահում մարդկանց մասին։ Աստծուն իսկապես հետաքրքրում են մեր ամենախորունկ մտքերը, քանի որ նա ուզում է, որ մոտենանք իրեն (Սաղմոս 139։23, 24; Հակոբոս 4։8)։ Ահա թե ինչու Հիսուսը քաջալերեց իր հետևորդներին աղոթել, չնայած այն բանին, որ իր Հայրը գիտի մեր հիմնական կարիքների մասին (Մատթեոս 6։6–8)։ Որքան շատ աղոթենք մեր Արարչին, այնքան շատ կմոտենանք նրան։

Երբեմն գուցե աղոթելիս դժվարանանք հստակորեն արտահայտել մեր զգացումները։ Այսպիսի դեպքերում Աստված հասկանում է այն զգացմունքները, որոնք չենք կարողանում արտահայտել, և լիովին տեղյակ լինելով մեր հանգամանքներից՝ արձագանքում է մեր կարիքներին (Հռոմեացիներ 8։26, 27; Եփեսացիներ 3։20)։ Երբ հասկանում ենք, որ Աստված պատասխանել է մեր խնդրանքներին, նույնիսկ եթե դա այդքան ակնհայտ չէ, մենք ավելի ենք մոտենում նրան։

ԱՍՏՎԱԾ ԲՈԼՈ՞Ր ԱՂՈԹՔՆԵՐԻՆ Է ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ

Սուրբ Գիրքը վստահեցնում է մեզ, որ Ամենակարող Աստված պատասխանում է իր հավատարիմ ծառաների աղոթքներին, բայց նաև ասում է, թե որն է պատճառը, որ նա չի լսում որոշ աղոթքներ։ Օրինակ՝ երբ մի ժամանակ հին Իսրայելում տարածված էր բռնությունը, Աստված Եսայիա մարգարեին պատվիրեց ասել ժողովրդին. «Թեև շատ աղոթքներ եք անում, ես չեմ լսում. ձեր ձեռքերը լիքն են արյունով» (Եսայիա 1։15)։ Հստակ է, որ նրանք, ովքեր արհամարհում են Աստծու օրենքները կամ աղոթում են սխալ մղումներով, չեն կարող ակնկալել, որ Աստված կլսի իրենց (Առակներ 28։9; Հակոբոս 4։3

Սակայն Աստվածաշունչը ասում է. «Ինչ էլ որ մենք խնդրում ենք նրա կամքի համաձայն, լսում է մեզ» (1 Հովհաննես 5։14)։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Աստված մեխանիկորեն կկատարի իր երկրպագուների բոլոր խնդրանքները։ Անպայման չէ։ Քննենք Պողոս առաքյալի օրինակը, որը երեք անգամ աղաչեց Աստծուն, որ իրենից հեռացնի «փշի նման ծակող ցավը» (2 Կորնթացիներ 12։7, 8)։ Հնարավոր է՝ Պողոսը տառապում էր աչքի քրոնիկ հիվանդությունից։ Որքա՜ն ծանր դա կարող էր լինել նրա համար։ Առաքյալը բժշկելու պարգև ուներ և նույնիսկ հարություն էր տվել, բայցևայնպես տառապում էր իր հիվանդության պատճառով (Գործեր 19։11, 12; 20։9, 10)։ Այնուհանդերձ, Աստված պատասխանեց Պողոսին, և նա ընդունեց դա երախտագիտությամբ, թեև նրա աղոթքներին պատասխան չտրվեց այն կերպով, որ ինքն էր ցանկանում (2 Կորնթացիներ 12։9, 10

«Ահա թե ինչ վստահություն ունենք, երբ դիմում ենք նրան. ինչ էլ որ մենք խնդրում ենք նրա կամքի համաձայն, լսում է մեզ» (1 Հովհաննես 5։14)

Ճիշտ է, եղել են աստվածաշնչյան կերպարներ, որոնք հրաշքով ստացել են իրենց աղոթքների պատասխանները (2 Թագավորներ 20։1–7)։ Բայց այսպիսի դեպքերը հազվադեպ էին անգամ աստվածաշնչյան ժամանակներում։ Որոշ հավատացող մարդիկ անհանգստացել են, երբ թվացել է, թե Աստված չի պատասխանում իրենց աղոթքներին։ Դավիթ թագավորը հարցրեց. «Մինչև ե՞րբ պիտի ինձ չհիշես, ո՜վ Եհովա։ Մի՞թե հավիտյան» (Սաղմոս 13։1)։ Բայց երբ այդ հավատարիմ տղամարդը մտաբերեց, թե որքան հաճախ է Եհովան օգնության հասել իրեն, Աստծու հանդեպ նրա վստահությունն ամրացավ։ Այդ նույն աղոթքում նա նշեց. «Ես քո սիրառատ բարությանն եմ ապավինում» (Սաղմոս 13։5)։ Դավթի պես՝ Աստծու երկրպագուները այսօր թերևս պետք է հարատևեն աղոթքներում, մինչև որ հասկանան, որ Աստված պատասխանել է իրենց խնդրանքներին (Հռոմեացիներ 12։12

 ԻՆՉՊԵՍ Է ԱՍՏՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԱՂՈԹՔՆԵՐԻՆ

Աստված տալիս է այն, ինչ իսկապես անհրաժեշտ է

Հոգատար ծնողները միշտ չէ, որ տալիս են իրենց երեխաներին ամեն բան, ինչ նրանք ուզում են, և երբ որ ուզում են։ Նույնպեսև Աստված գուցե չպատասխանի մեր խնդրանքներին այնպես, ինչպես մենք ենք կարծում, որ պիտի պատասխանի, կամ այն ժամանակ, երբ մենք ենք ակնկալում։ Բայց կարող ենք վստահ լինել, որ մեր Արարիչը, սիրառատ հոր պես, ճիշտ ժամանակին և ճիշտ ձևով կտա այն, ինչ իսկապես մեզ անհրաժեշտ է (Ղուկաս 11։11–13

Աստծուն ուղղված աղոթքի պատասխանը գուցե ստանանք Աստվածաշնչից

Աստծու պատասխանը գուցե այդքան էլ ակնհայտ չլինի

Իսկ ի՞նչ կարելի է ասել այն դեպքերի մասին, երբ աղոթում ենք, որ Աստված հեռացնի այն խնդիրը, որը երկար ժամանակ է, ինչ շարունակվում է։ Պե՞տք է եզրակացնենք, որ եթե Եհովան հրաշքով չի պատասխանում, ուրեմն ընդհանրապես չի պատասխանում։ Փոխարենը՝ լավ կլինի մտաբերենք այն աննկատ կերպերը, որոնցով Աստված աջակցել է մեզ։ Օրինակ՝ հոգատար ընկերը մեզ օգնելու համար ճիշտ ժամանակին թերևս արել է այն, ինչ կարող էր (Առակներ 17։17)։ Հնարավոր է՝ Եհովան է մղել նրան, որ օգնի մեզ։ Աստծուն ուղղված աղոթքի պատասխանը գուցե նաև ստանանք Աստվածաշնչից։ Թերևս դա կօգնի ձեռք բերելու հասկացողություն, որ շարունակենք տոկալ դժվարին իրավիճակներում (2 Տիմոթեոս 3։16, 17

Աստված ճիշտ ժամանակին կարող է օգնել մեզ հոգատար ընկերոջ միջոցով

Անձնական խնդիրները հեռացնելու փոխարեն՝ Աստված հաճախ իր ծառաներին տալիս է անհրաժեշտ զորությունը, որ տոկան (2 Կորնթացիներ 4։7)։ Օրինակ՝ երբ Հիսուսը աղաչեց իր Հորը, որ ազատի իրեն ծանր փորձությունից, քանի որ վախենում էր, որ այն անարգանք կբերի նրա անվանը, Եհովան մի հրեշտակ ուղարկեց իր Որդուն զորացնելու համար (Ղուկաս 22։42, 43)։ Նույնպեսև Աստված գուցե մտերիմ ընկերոջ միջոցով մեզ քաջալերի, երբ դրա կարիքը շատ ունենանք (Առակներ 12։25)։ Քանի որ այսպիսի պատասխանը այդքան էլ ակնհայտ չէ, մենք թերևս պետք է ավելի ուշադիր լինենք, թե ինչ կերպերով է Աստված պատասխանում մեր աղոթքներին։

Աստված պատասխանում է ճիշտ ժամանակին

Աստվածաշունչն ասում է, որ Ամենակարող Աստված ցույց է տալիս իր հավանությունը խոնարհ անհատների հանդեպ «ժամանակին» (1 Պետրոս 5։6)։ Ուստի եթե թվում է, թե Եհովան ուշացնում է մեր անկեղծ խնդրանքի պատասխանը, չպետք է մտածենք, որ նա անտարբեր է մեր հանդեպ։ Ընդհակառակը՝ քանի որ մեր հոգատար Արարիչը ընդհանուր պատկերն է տեսնում, նա, անկասկած, լավ գիտի, թե հանուն մեր բարօրության երբ է մեր խնդրանքներին պատասխանելու լավագույն ժամանակը։

«Խոնարհվեք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին նա բարձրացնի ձեզ» (1 Պետրոս 5։6)

Բերենք մի օրինակ։ Պատկերացրու, որ փոքր տղադ խնդրում է քեզ հեծանիվ գնել։ Մեխանիկորեն կկատարե՞ս նրա խնդրանքը։ Եթե կարծում ես, որ նա դեռ պատրաստ չէ հեծանիվ վարելու համար, գուցե որոշես հետաձգել գնումը։ Սակայն դու կկատարես նրա խնդրանքը, երբ համոզված լինես, որ այժմ հեծանիվ ունենալու ճիշտ ժամանակն է։ Այդպես էլ Աստված ճիշտ ժամանակին գուցե կատարի մեր «սրտի [տեղին] խնդրանքները», եթե շարունակենք աղոթել (Սաղմոս 37։4

ՀԱՄՈԶՎԱԾ ԵՂԻՐ, ՈՐ ԵՀՈՎԱՆ ԼՍՈՒՄ Է

Ոմանք գուցե մտածեն, որ չարժե շարունակել աղոթել։ Սակայն Աստվածաշունչը ճշմարիտ քրիստոնյաներին հորդորում է թևաթափ չլինել։ Ճիշտ է, երբ պայքարում ենք երկարատև խնդրի կամ ինչ-որ անարդարության դեմ, գուցե մեզ համար դժվար է սպասել Աստծու պատասխանին։ Այնուհանդերձ, լավ կլինի, որ հիշենք՝ Հիսուսը սովորեցնում էր շարունակաբար աղոթել։

 Հիսուսը մի առակ պատմեց մի աղքատ այրի կնոջ մասին, որը շարունակ գնում էր անիրավ դատավորի մոտ՝ արդարություն հաստատելու համար (Ղուկաս 18։1–3)։ Թեև սկզբում դատավորը հրաժարվեց նրան օգնելուց, ի վերջո ասաց ինքն իրեն. «Արդար դատ տեսնեմ նրա համար, որպեսզի անընդհատ չգա ու հոգիս չհանի» (Ղուկաս 18։4, 5)։ Բնագրում ասվում է, որ դատավորը ուշադրություն դարձրեց այրի կնոջը, որ նա «չհարվածի իր աչքին», կամ՝ «չարատավորի իր հեղինակությունը» *։ Եթե անգամ անարդար դատավորը, որը մտածում էր իր համբավի մասին, օգնեց աղքատ այրուն, առավել ևս մեր հոգատար Աստվածը արդարություն կհաստատի նրանց համար, ովքեր «օր ու գիշեր աղաղակում են նրան»։ Ինչպես ասաց Հիսուսը, Աստված «իսկույն արդարադատություն ի գործ կդնի նրանց համար» (Ղուկաս 18։6–8

«Շարունակեք խնդրել, և կտրվի ձեզ» (Ղուկաս 11։9)

Թեև երբեմն գուցե հոգնենք օգնություն խնդրելուց, մենք չպետք է հանձնվենք։ Շարունակաբար աղոթելով ցույց կտանք, որ անկեղծորեն ցանկանում ենք տեսնել Աստծու առաջնորդությունը մեր կյանքում։ Մենք նաև սովորում ենք նկատել, թե ինչպես է Աստված պատասխանում մեր խնդրանքներին, և արդյունքում ավելի ենք մոտենում նրան։ Այո՛, մենք կարող ենք համոզված լինել, որ Եհովան կպատասխանի մեր տեղին աղոթքներին, եթե շարունակենք հավատով խնդրել (Ղուկաս 11։9

^ պարբ. 3 Եթե ուզում ենք, որ Աստված լսի մեր աղոթքները, մենք պետք է անկեղծորեն ջանանք կատարել նրա պատվիրանները։ Այդպես վարվելու դեպքում կզգանք աղոթքի ուժը, ինչի մասին խոսվում է այս հոդվածում։ Ավելի շատ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 17-րդ գլուխը՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից։

^ պարբ. 5 Եհովան Աստծու անունն է, ինչպես ցույց է տալիս Աստվածաշունչը։

^ պարբ. 22 Աստվածաշնչյան ժամանակներում Աստված ակնկալում էր, որ Իսրայելի դատավորները հատուկ ուշադրության արժանացնեին որբերին ու այրիներին (2 Օրենք 1։16, 17; 24։17; Սաղմոս 68։5