Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ԱՊՐԻԼ 2014

 ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ

Նրանք բոլոր հարցերիս պատասխանում էին Աստվածաշնչով

Նրանք բոլոր հարցերիս պատասխանում էին Աստվածաշնչով
  • ԾՆՎԵԼ Է՝ 1950

  • ԵՐԿԻՐԸ՝ ԻՍՊԱՆԻԱ

  • ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ՄԻԱՆՁՆՈՒՀԻ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։

Երբ ծնվեցի, ծնողներս ապրում էին փոքր ֆերմայում Գալիցիայի (Իսպանիայի հյուսիս-արևմուտք) գյուղերից մեկում։ Ես ութ երեխաներից չորրորդն էի։ Մենք ընտանեկան ջերմ մթնոլորտ էինք վայելում։ Այդ ժամանակ Իսպանիայում ընդունված էր, որ երեխաներից առնվազն մեկը սովորի ճեմարանում կամ մենաստանում։ Մեր ընտանիքում երեխաներիցս երեքը այդ քայլին դիմեց։

Տասներեք տարեկանում միացա քրոջս, որը արդեն Մադրիդի մենաստանում էր։ Այնտեղի մթնոլորտը շատ սառն էր։ Ջերմ ընկերական փոխհարաբերություններ գոյութուն չունեին. միայն օրենքներ, աղոթքներ և ճգնավորի կյանք։ Առավոտ կանուխ հավաքվում էինք աղոթատանը, որպեսզի խորհրդածեինք, թեև շատ հաճախ այդ ընթացքում ես ոչ մի բանի մասին չէի մտածում։ Դրանից հետո կրոնական երգեր էինք երգում և մասնակցում էինք պատարագին. այդ բոլորը լատիներենով։ Գրեթե ոչինչ չէի հասկանում և ինձ թվում էր՝ Աստված ինձանից շատ հեռու է։ Օրերս կատարյալ լռության մեջ էին անցնում։ Նույնիսկ երբ ես և քույրս հանդիպում էինք, միայն իրար բարևում էինք հետևյալ արտահայտությամբ. «Ողջո՜ւյն քեզ, կո՛ւյս Մարիամ»։ Միանձնուհիները թույլ էին տալիս, որ միայն ճաշից հետո զրուցեինք ու այն էլ կես ժամ։ Որքա՜ն էր տարբերվում այստեղի կյանքը իմ ուրախ ընտանեկան կյանքից։ Ինձ մենակ էի զգում և հաճախ արտասվում էի։

Չնայած որ Աստծուն մոտ չէի զգում, բայցևայնպես 17 տարեկանում երդում տվեցի և դարձա միանձնուհի։ Անկեղծ ասած՝ միայն արեցի այն, ինչ ինձանից ակնկալվում էր։ Շատ չանցած՝ սկսեցի կասկածել, թե իրոք Աստված ինձ այս բանի համար է ընտրել։ Միանձնուհիները ասում էին, որ այդպիսի կասկածներ ունեցողները դժոխք են գնալու։ Բայցևայնպես, կասկածները ինձ շարունակում էին տանջել։ Ես գիտեի, որ Հիսուս Քրիստոսը չէր մեկուսանում, ընդհակառակը՝ նա զբաղված էր մարդկանց օգնելով (Մատթեոս 4։23–25)։ Երբ դարձա 20 տարեկան, համոզվեցի, որ այլևս չեմ կարող շարունակել ապրել միանձնուհու կյանքով։ Անսպասելիորեն մայրապետը ինձ ասաց, որ եթե կասկածներ ունեմ, ավելի լավ է՝ հնարավորինս շուտ հեռանամ։ Ես ենթադրում եմ, որ նա վախենում էր, թե ուրիշների վրա կազդեմ։ Ուստի հեռացա մենաստանից։

Երբ վերադարձա տուն, ծնողներս ըմբռնողականություն  դրսևորեցին։ Մեր գյուղում աշխատանք չկար, ուստի տեղափոխվեցի Գերմանիա, որտեղ եղբայրներիցս մեկն էր ապրում։ Նա իսպանացիների ակտիվ կոմունիստական խմբի անդամ էր։ Ես ինձ լավ էի զգում այդ մարդկանց շրջապատում։ Նրանք պայքարում էին աշխատավորների իրավունքների և կանանց հավասարության համար։ Ուստի դարձա կոմունիստ և ի վերջո ամուսնացա խմբի տղաներից մեկի հետ։ Կոմունիստական գրականություն էի բաժանում և մասնակցում էի բողոքի ցույցերին, քանի որ մտածում էի, թե օգտակար գործ եմ անում։

Սակայն ժամանակի ընթացքում նորից հիասթափություն ապրեցի։ Ինձ թվում էր՝ կոմունիստները միշտ չէ, որ ապրում էին իրենց ասածների համաձայն։ Այդ կասկածները հաստատվեցին, երբ 1971-ին խմբից մի քանի երիտասարդներ այրեցին Ֆրանկֆուրտում գտնվող Իսպանիայի հյուպատոսարանը։ Դա արեցին ի նշան իրենց բողոքի ընդդեմ դիկտատորական Իսպանիայում տիրող անարդարության։ Ըստ իս՝ այս արարքը վրդովմունք արտահատելու ճիշտ ձև չէր։

Երբ առաջին զավակս ծնվեց, ամուսնուս ասացի, որ այլևս չեմ մասնակցելու կոմունիստական հավաքներին։ Ինձ միայնակ էի զգում, քանի որ ընկերներիցս ոչ մեկը ինձ ու երեխայիս չէր այցելում։ Սկսեցի մտածել, թե որն է կյանքի իմաստը։ Արդյոք արժե՞ ջանքեր ներդնել հասարակարգը բարեփոխելու համար։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։

1976-ին երկու իսպանացի Վկաներ թակեցին մեր դուռը և աստվածաշնչյան գրականություն առաջարկեցին։ Ես վերցրի դրանք։ Երկրորդ այցի ժամանակ տառապանքի, անհավասարության և անարդարության մասին բազում հարցեր տվեցի նրանց։ Անչափ զարմացա, երբ նրանք իմ բոլոր հարցերին պատասխանեցին Աստվածաշնչի օգնությամբ։ Ես անմիջապես ընդունեցի Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու առաջարկը։

Սկզբում ինձ զուտ հետաքրքրում էին աստվածաշնչյան գիտելիքները։ Բայց ամեն ինչ փոխվեց, երբ ամուսնուս հետ սկսեցինք այցելել Եհովայի վկաների Թագավորության սրահում անցկացվող հանդիպումներին։ Այդ ժամանակ մենք երկու երեխա ունեինք։ Վկաները սիրով մեզ մեքենայով տանում էին սրահ և օգնում էին ինձ հետևելու, որ նրանք չխանգարեն հանդիպումների ժամանակ։ Ես ջերմորեն կապվեցի Վկաների հետ։

Բայց կրոնական հարցերի վերաբերյալ դեռ կասկածներ ունեի։ Որոշեցի այցելել Իսպանիայում ապրող ընտանիքիս։ Հորեղբայրս, որը քահանա էր, փորձում էր համոզել, որ չուսումնասիրեմ Աստվածաշունչը։ Սակայն տեղի Վկաները ինձ մեծապես օգնեցին։ Նրանք իմ հարցերին պատասխանում էին Աստվածաշնչով, ինչպես որ Գերմանիայի Վկաներն էին անում։ Վճռեցի վերսկսել իմ ուսումնասիրությունը, երբ վերադառնամ Գերմանիա։ Թեև ամուսինս որոշեց, որ չի շարունակելու Աստվածաշնչի ուսումնասիրությունը, ես վարվեցի իմ որոշման համաձայն։ 1978-ին մկրտվեցի ու դարձա Եհովայի վկա։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։

Աստվածաշնչյան ճշմարտությունները կյանքիս իմաստ են հաղորդել և շարունակում են առաջնորդել ինձ կյանքում։ Օրինակ՝ 1 Պետրոս 3։1–4 համարները քաջալերում են կանանց «խոր հարգանքով» «հպատակվել» ամուսիններին և դրսևորել «մեղմ ոգի.... ինչը և մեծ արժեք ունի Աստծու աչքում»։ Այս և նման սկզբունքները օգնում են ինձ կատարելու իմ դերը որպես կին և մայր։

Մոտ 35 տարի է, ինչ Եհովայի վկա եմ։ Ես երջանիկ եմ, որ ծառայում եմ Աստծուն և նրա հոգևոր ընտանիքի անդամն եմ։ Ուրախ եմ նաև, որ հինգ երեխաներիցս չորսը նույնպես ծառայում են Եհովային։