Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՄԱՐՏ 2014

 ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ուժ եմ գտնում տկարությանս մեջ

Ուժ եմ գտնում տկարությանս մեջ

Տեսնելով ինձ՝ հաշմանդամի սայլակին նստած թուլակազմ մի կնոջ՝ ոչ ոք երբեք չի մտածի, որ ուժեղ եմ։ Ես ընդամենը 29 կիլոգրամ քաշ ունեմ։ Ու թեև մարմինս գնալով թուլանում է, ներքին մի ուժ ինձ զորացնում է։ Թույլ տվեք բացատրել՝ ինչպես են թե՛ ուժը, թե՛ տկարությունը ձևավորել իմ կյանքը։

4 տարեկանում

Մանկության տարիներս հիշելիս միտքս են գալիս այն երջանիկ օրերը, որ անցկացրել եմ Ֆրանսիայի հարավում գտնվող մեր գյուղի տանը, որտեղ ապրում էի ծնողներիս հետ։ Հայրս ճոճանակ էր պատրաստել ինձ համար, և ես սիրում էի վազվզել ու խաղալ այգում։ 1966-ին Եհովայի վկաները այցելեցին մեզ, և նրանք երկար զրույցներ ունեցան հորս հետ։ Ընդամենը յոթ ամիս անց նա որոշեց Վկա դառնալ։ Շուտով մայրս հետևեց նրան, և նրանք մեծացրին ինձ ընտանեկան ջերմ մթնոլորտում։

Խնդիրներս սկսեցին կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ վերադարձանք Իսպանիա՝ ծնողներիս հայրենիք։ Ես սկսեցի սուր ցավ զգալ ձեռքերիս և կոճերիս մեջ։ Երկու տարի բազմաթիվ բժիշկների այցելելուց հետո գտանք մի հայտնի ռևմատոլոգի, որը լուրջ դեմքով ասաց. «Արդեն շա՛տ ուշ է»։ Մայրս սկսեց հեկեկալ։ Անծանոթ բառեր էին հնչում այդ ճնշող, գորշ սենյակում՝ «աուտոիմունային քրոնիկ հիվանդություն», «պատանեկան պոլիարթրիտ» *....։ Ես տասը տարեկան էի ու շատ քիչ բան էի հասկանում, բայց մի բան հասկացա՝ բժշկի հայտնած լուրը վատն էր։

Բժիշկն առաջարկեց, որ բուժում ստանամ մանկական առողջարանում։ Երբ տեղ հասանք, ինձ վախեցրեց անհյուրընկալ շինությունը։ Այստեղ կարգուկանոնը շատ խիստ էր. միանձնուհիները կտրեցին մազերս ու ինձ մի հասարակ համազգեստ հագցրին։ «Ինչպե՜ս եմ այստեղ դիմանալու»,— մտածեցի՝ արցունքներն աչքերիս։

ԵՀՈՎԱՆ ԻՐԱԿԱՆ ԴԱՐՁԱՎ ԻՆՁ ՀԱՄԱՐ

Քանի որ ծնողներս սովորեցրել էին ինձ ծառայել Եհովային, ես հրաժարվեցի առողջարանում անցկացվող կաթոլիկական արարողություններին մասնակցելուց։ Բայց միանձնուհիները չէին հասկանում, թե ինչու եմ հրաժարվում։ Ես աղերսեցի Եհովային, որ չլքի ինձ, և շուտով զգացի, որ նա իր ամուր բազկով գրկել է ինձ, ինչպես սիրառատ հայրը ջերմորեն ու ամուր կգրկեր։

Ծնողներիս թույլ էին տալիս, որ շաբաթ օրերը կարճ այցելեին ինձ։ Նրանք կարդալու համար Աստվածաշնչի վրա հիմնված գրականություն էին բերում, որ հավատս ամուր մնա։ Սովորաբար երեխաներին թույլ չէին տալիս, որ գրքեր պահեն։ Բայց  միանձնուհիները թույլ տվեցին, որ դրանք Աստվածաշնչի հետ պահեմ ինձ մոտ, որը կարդում էի ամեն օր։ Ես նաև մյուս աղջիկների հետ խոսում էի երկրային դրախտում հավիտյան ապրելու հույսի մասին, որտեղ ոչ ոք չի հիվանդանալու (Հայտնություն 21։3, 4)։ Չնայած երբեմն տխրում էի և պարուրվում միայնության զգացումով, ուրախ էի, որ հավատս ու վստահությունս Եհովայի հանդեպ ավելի էին զորանում։

Վեց երկար ամիսներ հետո բժիշկը ինձ տուն ուղարկեց։ Թեև հիվանդությունս չէր թեթևացել, բայց ուրախ էի, որ ծնողներիս հետ եմ։ Հոդերս ավելի էին ձևափոխվել, և ավելի շատ ցավեր էի ունենում։ Պատանեկություն մտա շատ տկար։ Այնուհանդերձ, 14 տարեկանում մկրտվեցի՝ վճռելով, որ կծառայեմ իմ երկնային Հորը՝ տալով իմ լավագույնը։ Սակայն երբեմն նեղանում էի Եհովայից և աղոթում. «Ինչո՞ւ հենց ե՛ս։ Խնդրում եմ, բուժիր ինձ։ Չե՞ս տեսնում, թե ինչքան եմ տառապում»։

Պատանեկության շրջանը դժվար ժամանակ էր ինձ համար։ Ես ստիպված էի ընդունել, որ չեմ բուժվելու։ Ակամայից համեմատում էի ինձ ընկերներիս հետ, որոնք առողջ էին ու կյանքով լի։ Ես ինձ թերարժեք էի զգում ու դարձա ինքնամփոփ։ Բայց ընտանիքս ու ընկերներս միշտ կողքիս էին։ Ես սիրով եմ հիշում Ալիսիային, որը 20 տարով մեծ էր ինձանից, բայց դարձավ իմ իսկական ընկերը։ Նա օգնեց, որ իմ հիվանդության ու խնդիրների վրա կենտրոնանալու փոխարեն՝ հետաքրքրվեմ ուրիշներով։

ԿԵՐՊԵՐ ԵՄ ՓՆՏՐՈՒՄ ԿՅԱՆՔՍ ԻՄԱՍՏԱԼԻՑ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Երբ 18 տարեկան էի, հիվանդությունս սրացավ։ Նույնիսկ քրիստոնեական հանդիպումներին հաճախելն էր ինձ ուժասպառ անում։ «Ազատ ժամանակս» անցկացնում էի տանը՝ Աստվածաշունչը մանրազնին ուսումնասիրելով։ «Հոբ» և «Սաղմոսներ» գրքերը օգնում էին ինձ հասկանալու, որ ներկայումս Եհովա Աստված հոգ է տանում մեր մասին հիմնականում հոգևոր առումով, ոչ թե ֆիզիկապես։ Իմ հաճախակի աղոթքները տալիս էին ինձ «սովորականին գերազանցող ուժը» և «Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք» (2 Կորնթացիներ 4։7; Փիլիպպեցիներ 4։6, 7

Երբ 22 տարեկան էի, ստիպված էի հաշտվել այն մտքի հետ, որ ողջ կյանքում պետք է գամված լինեմ հաշմանդամի սայլակին։ Ինձ վախեցնում էր այն միտքը, որ մարդիկ կդադարեն ինձ տեսնելուց, և կնկատեն միայն հաշմանդամի սայլակը, որի վրա նստած է թշվառ մի կին։ Սկզբում մտածում էի, որ սայլակը «անեծք» կլինի ինձ համար, բայց այն օրհնություն դարձավ, քանի որ որոշ չափով ազատություն տվեց ինձ։ Ընկերներիցս մեկը՝ Իսաբելը, առաջարկեց նպատակ դնել իր հետ միասին մեկ ամիս 60 ժամ տրամադրել քարոզչական ծառայությանը։

Սկզբում մտածեցի, որ դա անհեթեթ գաղափար է, բայց խնդրեցի Եհովային, որ օգնի ինձ։ Ընտանիքիս ու ընկերներիս օգնությամբ դա ինձ հաջողվեց։ Այդ բազմազբաղ ամիսը շատ արագ անցավ, ու զգացի, որ հաղթահարել եմ անհանգստություններս ու ամաչկոտությունը։ Դա ինձ այնքան դուր եկավ, որ 1996-ին որոշեցի դառնալ ընդհանուր ռահվիրա և քարոզչական գործին ամեն ամիս տրամադրել 90 ժամ։ Սա իմ կյանքի լավագույն որոշումներից մեկն էր, որը մոտեցրեց ինձ Աստծուն և նույնիսկ զորացրեց ֆիզիկապես։ Քարոզչությանը մասնակցելիս մարդկանց պատմում էի իմ հավատի մասին։ Ես ոմանց օգնեցի դառնալու Աստծու ընկերը։

ԵՀՈՎԱՆ ՉԻ ԹՈՂԵԼ ԻՆՁ

2001թ.-ի ամռանը ավտովթարի ենթարկվեցի և կոտրեցի երկու ոտքս։ Մինչ հիվանդանոցում աննկարագրելի ցավերի մեջ էի, աղերսագին լուռ աղոթեցի. «Եհովա, խնդրում եմ, մի՛ լքիր ինձ»։ Հենց այդ պահին կողքիս պառկած կինը հարցրեց ինձ. «Եհովայի վկա՞ ես»։ Ես ուժ չունեի պատասխանելու, ուստի գլխով արեցի։ «Ես ծանոթ եմ Վկաներին ու կարդում եմ ձեր գրականությունը»,— ասաց նա։ Նրա խոսքերը ինձ մեծապես մխիթարեցին։ Նույնիսկ խղճուկ վիճակում կարողացա վկայություն տալ Եհովայի մասին։ Ի՜նչ մեծ պատիվ։

Երբ փոքր-ինչ ապաքինվեցի, որոշեցի ուրիշներին էլ վկայություն տալ։ Մորս օգնությամբ շրջում էի հիվանդասենյակներով՝ ոտքերս գիպսի մեջ։ Ամեն օր մի քանի հիվանդի էինք այցելում, հարցնում նրանց ողջությունը և աստվածաշնչյան գրականություն թողնում։ Այդ այցելությունները շատ հոգնեցնող էին, բայց Եհովան տալիս էր ինձ անհրաժեշտ զորությունը։

Ծնողներիս հետ 2003-ին

Վերջին մի քանի տարիներին ցավերս ուժեղացել են, իսկ հորս մահը ավելի վշտացրեց ինձ։ Այնուհանդերձ, փորձում եմ դրական տրամադրվածություն պահպանել։ Ինչպե՞ս։ Երբ հնարավոր է լինում,  աշխատում եմ լինել ընկերներիս ու հարազատներիս շրջապատում, և դա օգնում է ինձ չմտածելու խնդիրներիս մասին։ Իսկ երբ մենակ եմ, կարդում եմ, Աստվածաշունչ եմ ուսումնասիրում կամ հեռախոսով վկայություն եմ տալիս։

Հաճախ փակում եմ աչքերս և մտովի բացում եմ Աստծու խոստացած նոր աշխարհի «պատուհանը»

Նաև փորձում եմ վայելել կյանքի փոքր հաճույքները, օրինակ՝ սիրում եմ ծաղիկների բույրը, կամ երբ քամին շոյում է դեմքս։ Դրանք երախտապարտ լինելու առիթներ են։ Հումորի զգացումը նույնպես օգնում է։ Մի օր, երբ քարոզում էինք, ընկերուհիս մի պահ կանգ առավ, որ նշումներ անի։ Հանկարծ սայլակը զառիվայր ներքև սլացավ, մինչև որ բախվեցի կայանված մի մեքենայի։ Երկուսս էլ ցնցվեցինք, բայց երբ հասկացանք, որ ոչ մի լուրջ բան չի եղել, մի լավ ծիծաղեցինք։

Շատ բաներ կան կյանքում, որ այսօր չեմ կարողանում անել։ Դրանք իմ սպասված երազանքներն են։ Հաճախ փակում եմ աչքերս և մտովի բացում եմ Աստծու խոստացած նոր աշխարհի «պատուհանը» (2 Պետրոս 3։13)։ Պատկերացնում եմ ինձ առողջ, թե ինչպես եմ քայլում և լիովին վայելում կյանքը։ Սիրտս ջերմացնում են Դավիթ թագավորի խոսքերը. «Հույսդ Եհովայի վրա դիր. քա՛ջ եղիր և թող սիրտդ ամրապնդվի» (Սաղմոս 27։14)։ Թեև մարմինս ավելի ու ավելի է տկարանում, Եհովան ինձ զորացնում է։ Ես շարունակում եմ ուժ գտնել տկարությանս մեջ։

^ պարբ. 6 Պատանեկան պոլիարթրիտը քրոնիկ արթրիտի մի տեսակ է, որով հիվանդանում են երեխաները։ Օրգանիզմի իմունային համակարգը ախտահարվում է և քայքայում է առողջ հյուսվածքները, որն ուղեկցվում է ցավով, իսկ հոդերը ուռչում են։