Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՄԱՐՏ 2014

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Ինչ է Աստված արել քեզ համար

Ինչ է Աստված արել քեզ համար

«Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ» (Հովհաննես 3։16, Արարատ)։

Սա ամենահայտնի և լայնորեն տարածված աստվածաշնչյան մեջբերումն է։ Կարելի է ասել, որ դա «հակիրճ ամփոփում է մարդկության հետ ունեցած Աստծու փոխհարաբերությունը և փրկության ճանապարհը»։ Այդ պատճառով որոշ երկրներում այս սուրբգրային համարը՝ Հովհաննես 3։16-ը, հաճախ ցուցադրվում է հանրային միջոցառումների ժամանակ, օգտագործվում է ավտոմեքենաների պիտակների վրա, գրաֆիտիներում և այլուր։

Ամենայն հավանականությամբ, նրանք, ովքեր ցուցադրում են այս համարը, կարծում են, թե Աստծու սերը իրենց հավիտենական փրկության երաշխիքն է։ Իսկ ի՞նչ կարելի է ասել քո մասին։ Ի՞նչ նշանակություն ունի Աստծու սերը քեզ համար։ Ըստ քեզ՝ ի՞նչ է Աստված արել, որի միջոցով իր սերն է դրսևորել քո հանդեպ։

«ԱՍՏՈՒԱԾ ԱՅՆՊԷՍ ՍԻՐԵՑ ԱՇԽԱՐՀՔԸ»

Բազմաթիվ մարդիկ Աստծուն են վերագրում տիեզերքի, բնության և մարդկանց արարումը։ Կենդանի օրգանիզմները այնքան բարդ ու հիանալի են ստեղծված, ինչը ենթադրում է, որ դրանց հետևում պետք է մեծ ինտելեկտ լինի։ Շատերը Աստծուն շնորհակալություն են հայտնում կյանքի պարգևի համար։ Նրանք նաև ընդունում են, որ իրենք լիովին կախվածության մեջ են գտնվում Աստծուց, քանի որ նա է տալիս կյանքի համար անհրաժեշտ բաները, օրինակ՝ օդը, ջուրը, սնունդը և երկրի բնական շրջապտույտները, այնպես որ կարողանում են շարունակել ապրել և վայելել իրենց ձեռքի գործերը։

Լավ է, որ շնորհակալություն ենք հայտնում Աստծուն այս բոլոր բաների համար, քանի որ նա իսկապես մեր Արարիչն ու Մատակարարը է (Սաղմոս 104։10–28; 145։15, 16; Գործեր 4։24)։ Մենք կարող ենք գնահատել մեր հանդեպ դրսևորած Աստծու սերը, եթե մտածենք այն ամենի մասին, ինչ նա  ստեղծել է, որպեսզի կյանքը գոյություն ունենա։ Պողոս առաքյալն այսպես արտահայտվեց. «[Աստված] բոլոր մարդկանց տալիս է կյանք, շունչ և ամեն բան։ Նրանով ենք մենք ապրում, շարժվում և գոյություն ունենք» (Գործեր 17։25, 28

Սակայն Աստված իր սերը դրսևորում է ոչ միայն մեր ֆիզիկական կարիքների մասին հոգալով, այլև տարբեր ձևերով։ Նա մեզ կենդանիներից բարձր է դասել՝ օժտելով հոգևոր բաները ընկալելու և դրանք բավարարելու կարողությամբ (Մատթեոս 5։3)։ Դրա շնորհիվ հնազանդ մարդիկ հնարավորություն ունեն դառնալու Աստծու ընտանիքի՝ նրա «զավակների» մի մասը (Հռոմեացիներ 8։19–21

Ինչպես երևում է Հովհաննես 3։16-ից, Աստված սեր դրսևորեց մեր հանդեպ՝ իր Որդի Հիսուսին ուղարկելով երկիր, որ նա սովորեցնի մեզ իր Աստծու և Հոր մասին ու մահանա մեզ համար։ Շատերը, սակայն, ընդունում են, որ լիովին չեն հասկանում, թե ինչու էր անհրաժեշտ, որ Հիսուսը մահանար մարդկության համար, և ինչպես է Հիսուսի մահը Աստծու սիրո դրսևորումը։ Այժմ քննենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը Հիսուսի մահվան պատճառի և դրա արժեքի մասին։

«ԻՐ ՄԻԱԾԻՆ ՈՐԴԻՆ ՏՈՒԱՒ»

Բոլոր մարդիկ մահկանացու են, գտնվում են հիվանդությունների, ծերության ու մահվան ճիրաններում։ Սակայն Եհովա Աստված ի սկզբանե դա չէր նպատակադրել։ Նա առաջին մարդկանց տվել էր դրախտային երկրի վրա հավիտյան ապրելու հեռանկարը։ Բայց մի պայմանով. նրանք պետք է հնազանդվեին իրեն։ Աստված ասել էր, որ եթե որոշեին չհնազանդվել, կմահանային (Ծննդոց 2։17)։ Առաջին մարդը ըմբոստացավ Աստծու իշխանության դեմ և մահ բերեց թե՛ իր, թե՛ իր սերնդի վրա։ «Մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին»,— բացատրեց Պողոս առաքյալը (Հռոմեացիներ 5։12

Աստված, սակայն, «սիրում է արդարությունը» (Սաղմոս 37։28)։ Թեպետ նա չանտեսեց առաջին մարդու գործած գիտակցված մեղքը, նա ամբողջ մարդկությանը հավիտյան չդատապարտեց տառապանքի ու մահվան մի մարդու անհնազանդության պատճառով։ Կիրառելով իրավական սկզբունքը՝ «հոգու դիմաց հոգի պիտի տաս», նա հավասարեցրեց արդարության կշեռքը և մեկ անգամ ևս հնարավոր դարձրեց հավիտենական կյանքը հնազանդ մարդկության համար (Ելք 21։23)։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս էր հնարավոր վերականգնել Ադամի կորցրած կատարյալ կյանքը։ Պատասխանը հետևյալն է՝ ինչ-որ մեկը պետք է զոհեր իր կյանքը, որը համարժեք էր Ադամի կատարյալ կյանքին։

Հիսուսը պատրաստակամորեն եկավ երկիր և իր կյանքը տվեց մարդկությանը մեղքից ու մահից ազատելու համար

Հստակ է, որ Ադամի անկատար ժառանգներից ոչ ոք ի վիճակի չէր այդպիսի գին վճարելու, բայց Հիսուսը կարող էր (Սաղմոս 49։6–9)։ Քանի որ Հիսուսը ծնվել էր առանց մեղքի, նա կատարյալ էր, ինչպես որ Ադամն էր կատարյալ։ Ուստի տալով իր կյանքը՝ Աստծու Որդին ազատեց մարդկությանը մեղքի գերությունից։ Այդպիսով առաջին մարդկային զույգի ժառանգների համար նա հնարավորության դուռ բացեց՝ վայելելու այն նույն կատարյալ կյանքը, որ Ադամն ու Եվան ունեին մի ժամանակ (Հռոմեացիներ 3։23, 24; 6։23)։ Կա՞ որևէ բան, որ կարող ենք անել՝ օգուտներ քաղելու համար այդպիսի անձնուրաց սիրո դրսևորումից։

 «ԱՄԵՆ ՆՈՐԱՆ ՀԱՒԱՏԱՑՈՂԸ»

Նաև ուշադրություն դարձնենք Հովհաննես 3։16-ի՝ «ամեն [Հիսուսին] հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ» խոսքերին։ Սա նշանակում է, որ հավիտենական կյանքի պարգևը ստանալու համար կա պայման. «Յաւիտենական կեանքն ունենալու» համար մենք պետք է հավատանք Հիսուսին ու հնազանդվենք նրան։

Գուցե հարցնես. «Հիսուսն ասաց՝ «ամեն նորան հաւատացողը» հավիտենական կյանք կունենա։ Այդ դեպքում ի՞նչ առնչություն ունի հնազանդությունը»։ Ճիշտ է, հավատը կարևոր է։ Բայց անհրաժեշտ է հիշել, որ ըստ Աստվածաշնչի՝ միայն Հիսուսին հավատալը բավարար չէ։ Հավատացողը պետք է անկեղծորեն ջանա կիրառել նրա սովորեցրածը։ Համաձայն «Վայնի՝ Հին և Նոր Կտակարանների բառերի բացատրական բառարանի»՝ Հովհաննեսի գործածած բառը բնագիր լեզվում ունի «վստահել, ոչ թե միայն հավատալ» իմաստը։ Աստծու հավանությունն ունենալու և նրան վստահելու համար անհատը պետք է ավելին անի, քան սոսկ մտքով ընդունի, որ Հիսուսը Փրկիչն է։ Հավատացողը պետք է նաև անկեղծորեն ջանա կիրառել այն, ինչ սովորեցնում է Հիսուսը։ Եթե չկա գործ, հավատի ցանկացած դրսևորում անիմաստ է։ «Հավատն առանց գործերի մեռած» է,— ասում է Աստվածաշունչը (Հակոբոս 2։26)։ Այլ խոսքով՝ հավատացողից պահանջվում է հավատ ընծայել Հիսուսին, այսինքն՝ նա պետք է ապրի իր հավատի համաձայն։

Պողոսը բացատրում է. «Քրիստոսի ունեցած սերն է մղում մեզ, քանի որ այսպես ենք եզրակացնում, որ մեկը [Հիսուսը] մահացավ բոլորի համար.... Նա մահացավ բոլորի համար, որպեսզի նրանք, ովքեր ապրում են, այլևս ոչ թե իրենց համար ապրեն, այլ նրա համար, ով մահացավ իրենց համար ու հարություն առավ» (2 Կորնթացիներ 5։14, 15)։ Հիսուսի զոհի հանդեպ անկեղծ գնահատանքը պետք է մղի մեզ փոփոխություններ անելու կյանքում՝ եսասիրաբար մեզ համար ապրելու փոխարեն՝ ապրել Հիսուսի համար, որը մահացավ հանուն մեզ։ Այսինքն՝ պետք է մեր կյանքում նախապատվությունը տանք այն ամենին, ինչ սովորեցնում է Աստծու Որդին։ Այսպիսի փոփոխությունը անպայման կանդրադառնա մեր արժեքների, կատարած ընտրությունների և այն ամենի վրա, ինչ անում ենք։ Իսկ ինչո՞վ կվարձատրվեն նրանք, ովքեր հավատում են Հիսուսին։

«Չ’ԿՈՐՉԻ, ԱՅԼ ՅԱՒԻՏԵՆԱԿԱՆ ԿԵԱՆՔՆ ՈՒՆԵՆԱՅ»

Հովհաննես 3։16 համարի վերջին մասը Աստծու խոստումն է նրանց համար, ովքեր հավատ են ընծայում քավիչ զոհին և ապրում են աստվածաշնչյան սկզբունքների համաձայն։ Աստված նպատակադրել է, որ այսպիսի հավատարիմ մարդիկ «չ’կորչեն, այլ յաւիտենական կեանքն ունենան»։ Սակայն այն անհատները, ովքեր օգուտներ են քաղում Աստծու սիրուց, ապագայի տարբեր հեռանկար ունեն։

Նրանց մի խմբին Հիսուսը խոստացավ հավիտենական կյանք երկնքում։ Նա հստակ ասաց իր հավատարիմ աշակերտներին, որ տեղ է պատրաստելու նրանց համար, որպեսզի նրանք փառավոր կերպով իշխեն իր հետ (Հովհաննես 14։2, 3; Փիլիպպեցիներ 3։20, 21)։ Երկնային հարություն առածները «Աստծու և Քրիստոսի քահանաները կլինեն և նրա հետ կթագավորեն հազար տարի» (Հայտնություն 20։6

Քրիստոսի հետևորդներից միայն սահմանափակ թվով մարդիկ կարող են ստանալ այս առանձնաշնորհումը։ Հիսուսն ասաց. «Մի՛ վախեցիր, փո՛քր հոտ, որովհետև ձեր Հայրը հաճեց, որ թագավորությունը ձեզ տա» (Ղուկաս 12։32)։ Քանի՞սն են լինելու «փոքր հոտի» անդամները։ Հայտնություն 14։1, 4-ում կարդում ենք. «Ես տեսա, ահա Գառը [հարություն առած Հիսուս Քրիստոսը] կանգնած էր [երկնային] Սիոն լեռան վրա ու նրա հետ հարյուր քառասունչորս հազար հոգի, որոնց ճակատներին գրված էր նրա անունը և իր Հոր անունը.... Նրանք գնվեցին մարդկանց միջից որպես առաջին պտուղներ Աստծու և Գառան համար»։ Ի տարբերություն միլիարդավոր անհաշիվ մարդկանց, որոնք երբևէ ապրել են, 144 000 հոգի են միայն կազմում «փոքր հոտը»։ Նրանք նկարագրված են որպես թագավորներ, ուստի ո՞ւմ վրա են իշխելու։

Իսկ հավատարիմ մարդկանց երկրորդ խումբը օգուտներ է ստանալու երկնային Թագավորությունից։ Ինչպես երևում է Հովհաննես 10։16-ից, Հիսուսն ասաց. «Ես ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որ այս փարախից չեն. նրանց էլ պետք է բերեմ։ Նրանք կլսեն իմ ձայնը և մեկ հոտ կլինեն ու մեկ հովիվ կունենան»։ Մարդկանց այս խումբը՝ Հիսուսի «ոչխարները», անհամբերությամբ սպասում են հավիտենական կյանքին երկրի վրա՝ այն նույն հեռանկարին, որ Ադամն ու Եվան ի սկզբանե ունեին։ Որտեղի՞ց գիտենք, որ նրանք ապրելու են երկրի վրա։

 Աստվածաշունչը բազմիցս խոսում է այն Դրախտի մասին, որը հաստատվելու է երկրի վրա։ Անձամբ համոզվելու համար գուցե ցանկանաս բացել քո Աստվածաշունչը և կարդալ հետևյալ հատվածները՝ Սաղմոս 37։9–11; 46։8, 9; 72։7, 8, 16; Եսայիա 35։5, 6; 65։21–23; Մատթեոս 5։5; Հովհաննես 5։28, 29; Հայտնություն 21։4։ Դրանք կանխագուշակում են, որ այլևս չեն լինելու պատերազմներ, սովեր, հիվանդություններ ու մահ։ Այս համարները խոսում են այն ժամանակի մասին, երբ լավ մարդիկ ուրախությամբ կկառուցեն իրենց տները, կմշակեն իրենց հողերը և կմեծացնեն իրենց երեխաներին խաղաղ պայմաններում *։ Մի՞թե այս հեռանկարը չի գրավում քեզ։ Մենք հիմնավոր պատճառներ ունենք հավատալու, որ այս խոստումները շուտով կիրականանան։

ԱՍՏՎԱԾ ՇԱՏ ԲԱՆԵՐ Է ԱՐԵԼ

Եթե մի պահ մտածես այն ամենի մասին, ինչ Աստված արել է ողջ մարդկության և քեզ համար, պարզ կդառնա, որ նա արդեն շատ բաներ է արել։ Մենք կյանք ունենք, ինտելեկտ, որոշ չափով առողջ ենք և ունենք կյանքի համար անհրաժեշտ բաները։ Ավելին, Աստծու քավիչ զոհի պարգևը Հիսուսի միջոցով, որը մահացավ մեզ համար, կարող է ավելի մեծ օրհնություններ բերել, ինչպես տեսանք Հովհաննես 3։16-ից։

Հավիտենական կյանքը խաղաղ, հաճելի միջավայրում՝ առանց հիվանդության, պատերազմի, սովի կամ մահվան սպառնալիքի իսկապես անվերջ երջանկության ու օրհնությունների դուռ կբացի։ Կստանաս այս օրհնությունները, թե ոչ, կախված է քեզանից։ Ուստի հետևյալ հարցն է ծագում. «Ի՞նչ ես դու անում Աստծու համար»։

^ պարբ. 24 Ավելի շատ տեղեկություններ այս մարգարեությունների մասին կարող ես ստանալ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 3-րդ գլխից։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

Իմացիր ավելին

Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ

Երկրի վրա դրախտ հաստատելու վերաբերյալ Աստծու նպատակը երբևէ կիրագործվի՞։ Եթե այո, ապա ե՞րբ։

Ո՞րն է Աստծու կամքը ինձ հետ կապված

Իմ առնչությամբ Աստծու կամքը իմանալու համար պե՞տք է, որ հատուկ նշան կամ տեսիլք տեսնեմ։ Իմացիր Աստվածաշնչի պատասխանը։