Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՓԵՏՐՎԱՐ 2014

 ԸՆԴՕՐԻՆԱԿԵՔ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՏԸ

Նա տոկաց անարդարության բախվելիս

Նա տոկաց անարդարության բախվելիս

ԵՂԻԱՆ քայլում էր Հորդանանի հովտով։ Արդեն մի քանի շաբաթ էր, ինչ Քորեբ լեռից ճանապարհ էր ընկել դեպի հյուսիս։ Հիմա, երբ վերջապես Իսրայելում էր, կարող էր տեսնել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել իր հայրենիքում։ Երկար երաշտի հետևանքները քիչ-քիչ վերանում էին։ Սկսել էր աշնանային մեղմ անձրև մաղել, և հողագործները հերկում էին իրենց արտերը։ Երկիրը կամաց-կամաց ապաքինվում էր, ու թեև դա փոքր-ինչ սփոփում էր մարգարեի ցաված սիրտը, սակայն ամենից շատ նրան մտահոգում էր ժողովուրդը. մարդիկ հոգևորապես վատ վիճակում էին։ Բահաղի երկրպագությունը համաճարակի նման տարածվել էր նրանց մեջ, ու Եղիան շատ բան ուներ անելու *։

Աբել-Մաուլա քաղաքի մոտ Եղիայի առջև մի տեսարան բացվեց. հողագործները զբաղված էին գյուղատնտեսական մեծ աշխատանքներով։ Քսանչորս եզ էր զույգ-զույգ լծված, ու 12 լծաշարքը զուգահեռ ակոսներ էր փորում խոնավ հողի մեջ։ Մարգարեի հայացքը կանգ առավ վերջին եզներով հերկող տղամարդու վրա, որին փնտրում էր. Եղիսեն էր՝ նա, ում Եհովան ընտրել էր, որ Եղիայից հետո մարգարե դառնար։ Եղիան մի ժամանակ մտածում էր, որ միայն ինքն է նվիրված մնացել Աստծուն, ուստի այժմ փափագում էր հանդիպել այդ մարդուն (1 Թագավորներ 18։22; 19։14–19

Արդյոք Եղիան փոքր-ինչ վարանո՞ւմ էր իր պատասխանատվությունների մի մասը մեկ ուրիշին տալ, վստահել իր առանձնաշնորհումները։ Գուցե նա հապաղում էր՝ մտածելով, որ մի օր իրեն մեկ ուրի՞շը կփոխարինի։ Հստակ չենք կարող ասել, բայցև չենք կարող բացառել, որ նա այդպիսի մտահոգություններ ունեցել է։ Չէ՞ որ նա «այնպիսի զգացմունքներ ուներ, ինչպիսիք որ մենք ունենք» (Հակոբոս 5։17)։ Ինչևէ, Աստվածաշունչն ասում է. «Եղիան Եղիսեի մոտով անցնելիս իր հանդերձը գցեց նրա վրա» (1 Թագավորներ 19։19)։ Եղիայի հանդերձը, որը կա՛մ ոչխարի մորթուց էր, կա՛մ այծի կաշվից, թիկնոց էր։ Դա նաև նշան էր, որ այդ մարդը Եհովայից հատուկ նշանակում ունի։ Եղիսեի ուսերին հանդերձը գցելը խորիմաստ մի ժեստ էր։ Մարգարեն պատրաստակամորեն հնազանդվեց Եհովայի պատվերին՝ Եղիսեին նշանակել որպես իրեն հաջորդող մարգարե։ Այո՛, Եղիան վստահում էր իր Աստծուն և հնազանդվում էր նրան։

Եղիան խոնարհաբար Եղիսեին նշանակեց որպես իրեն հաջորդող մարգարե

Երիտասարդ տղամարդը նույնպես շատ էր ցանկանում օգնել տարեց մարգարեին։ Բայց Եղիսեն անմիջապես չփոխարինեց Եղիային որպես մարգարե։ Մոտ վեց տարի շարունակ նա խոնարհաբար ուղեկցեց հասակն առած մարգարեին ու սպասավորություն արեց և հետագայում հայտնի դարձավ որպես մեկը, ով «Եղիայի ձեռքերին ջուր էր լցնում» (2 Թագավորներ 3։11)։ Ի՜նչ մխիթարություն էր Եղիայի համար այս ընդունակ, հնազանդ սպասավորը։ Հավանաբար, այս երկու տղամարդիկ մտերիմ ընկերներ դարձան։ Նրանք փոխադարձաբար քաջալերում էին միմյանց, ինչն օգնում էր, որ տոկան՝ չնայած սարսափելի անարդարություններին, որ ողողել էին ողջ երկիրը։ Հատկապես ամբարիշտ Աքաաբ թագավորն էր ավելի ու ավելի չարանում։

Երբևէ անարդարության բախվե՞լ ես։ Մեզանից շատերն են անարդարության զոհ դարձել այս ապականված աշխարհում։ Սակայն ձեռք բերելով Աստծուն սիրող ընկեր՝ կկարողանաս տոկալ։ Դու կարող ես նաև շատ բան սովորել Եղիայից, որը մեծ հավատ դրսևորեց անարդարության բախվելիս։

 «ՎԵ՛Ր ԿԱՑ, ԳՆԱ՛ ԻՍՐԱՅԵԼԻ ԹԱԳԱՎՈՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ»

Եղիան ու Եղիսեն ջանքեր չխնայեցին ժողովրդին հոգևորապես կերտելու համար։ Ակներևաբար, նրանք սկսեցին կրթել մյուս մարգարեներին, որոնց համար թերևս դպրոցներ էին հիմնված։ Սակայն որոշ ժամանակ անց Եղիան նոր հանձնարարություն ստացավ Եհովայից. «Վե՛ր կաց, գնա՛ Իսրայելի թագավորին ընդառաջ» (1 Թագավորներ 21։18)։ Ի՞նչ էր արել Աքաաբ թագավորը։

Նա արդեն հավատուրաց էր դարձել և իրեն նախորդած Իսրայելի թագավորներից ամենավատն էր։ Աքաաբն ամուսնացել էր Հեզաբելի հետ, ու նրա պատճառով Բահաղի երկրպագությունը ծաղկել էր ողջ երկրով, և ինքն անձամբ երկրպագում էր Բահաղին (1 Թագավորներ 16։31–33)։ Այդ կեղծ աստծուն մատուցվող երկրպագությունը ուղեկցվում էր պտղաբերության ծեսերով, պոռնկությամբ և նույնիսկ երեխաների զոհաբերությամբ։ Ավելին, Աքաաբը վերջերս չէր հնազանդվել Եհովայի պատվերին՝ սպանել Ասորիքի չար Բենադադ թագավորին։ Թերևս նա անհնազանդ էր գտնվել, քանի որ վարձատրության ակնկալիք էր ունեցել (1 Թագավորներ, գլ. 20)։ Աքաաբի ու Հեզաբելի ագահությունը, նյութապաշտությունն ու բռնությունը չափ ու սահման չունեին։

Աքաաբի մի պալատը Սամարիայում էր, որը վիթխարի շինություն էր։ Նա նաև պալատ ուներ Հեզրայելում, որը 37 կիլոմետր հեռու էր։ Այս պալատին կից մի խաղողի այգի կար։ Թագավորը շատ էր ուզում ձեռք բերել այդ հողակտորը, որը պատկանում էր Նաբովթ անունով մի մարդու։ Աքաաբը կանչեց նրան ու առաջարկեց կա՛մ փողով գնել այգին, կա՛մ փոխանակել այն։ Սակայն Նաբովթն ասաց. «Անհնար է, որ Եհովան թույլ տա՝ իմ հայրերի ժառանգական կալվածքը քեզ տամ» (1 Թագավորներ 21։3)։ Արդյոք Նաբովթը համա՞ռ էր, անշրջահայա՞ց։ Շատերն այսպես են եզրակացնում։ Իրականում, նա հնազանդվում էր Եհովայի Օրենքին, ըստ որի՝ իսրայելացիները չէին կարող մշտնջենապես վաճառել հողատարածքը, որը ընտանիքի ժառանգական կալվածքն էր (Ղևտական 25։23–28)։ Նաբովթի մտքով անգամ չէր անցնում խախտել Աստծու Օրենքը։ Նա մեծ հավատ ուներ ու քաջ էր, քանի որ գիտեր, թե որքան վտանգավոր է Աքաաբին ընդդիմանալը։

Աքաաբի համար, սակայն, Եհովայի Օրենքը ոչ մի նշանակություն չուներ։ Նա գնաց տուն՝ «տրտմած ու մռայլված», քանի որ չէր ստացել իր ուզածը։ Կարդում ենք. «Նա պառկեց իր անկողնու վրա, երեսը դեպի պատը շրջեց ու հաց չկերավ» (1 Թագավորներ 21։4)։ Երբ Հեզաբելը նկատեց, որ իր ամուսինը կամակոր երեխայի պես քիթը կախել է, անմիջապես ծրագիր կազմեց, որ նա ստանա իր ուզածը՝ միևնույն ժամանակ վերացնելով արդար ընտանիքը։

Հնարավոր չէ առանց զարհուրելու կարդալ Հեզաբելի նենգ դավադրության մասին։ Թագուհին գիտեր, որ ըստ Աստծու Օրենքի՝ երկու վկայի ցուցմունքների հիման վրա էր հաստատվում լուրջ մեղադրանքը (2 Օրենք 19։15)։ Ուստի նա նամակներ գրեց Աքաաբի անունից, Հեզրայելի հայտնի մարդկանց պատվիրեց երկու մարդ գտնել, որոնք կհամաձայնվեին սուտ վկայություն տալ Նաբովթի դեմ, թե անիծել է Աստծուն, արարք, որի համար մահապատժի էին ենթարկում։ Ցավոք, նրա ծրագիրը հաջողվեց։ Երկու «անպիտան մարդ» սուտ վկայություն տվեցին Նաբովթի դեմ, և արդյունքում նրան քարկոծեցին։ Բայց սա դեռ վերջը չէր. Նաբովթի որդիներին նույնպես  սպանեցին * (1 Թագավորներ 21։5–14; Ղևտական 24։16; 2 Թագավորներ 9։26)։ Փաստորեն, Աքաաբը հրաժարվեց իր գլխավորությունից՝ թույլ տալով, որ իր կինը անի այն, ինչ ուզում է, և սպանի այդ անմեղ մարդկանց։

Պատկերացրու, թե ինչ զգաց Եղիան, երբ Եհովան հայտնեց նրան, թե ինչ են արել թագավորն ու թագուհին։ Անչափ վհատեցնող կարող է լինել այն, որ ամբարիշտ մարդիկ ասես հաղթանակում են՝ կեղեքելով անմեղ մարդկանց (Սաղմոս 73։3–5, 12, 13)։ Այսօր էլ հաճախ սարսափելի անարդարությունների ականատես ենք լինում, երբեմն դա անում են իշխանություն ունեցող մարդիկ, որոնք պնդում են, թե գործում են որպես Աստծու ներկայացուցիչներ։ Այնուհանդերձ, այս արձանագրությունը կարող է մխիթարական լինել։ Աստվածաշունչը հիշեցնում է մեզ, որ Եհովայի աչքից ոչ մի բան ծածուկ չի մնում։ Նա ամեն բան տեսնում է (Եբրայեցիներ 4։13)։ Իսկ ի՞նչ է նա անում, երբ այսպիսի չար արարքներ է տեսնում։

«ԳՏԱ՞Ր ԻՆՁ, Ի՛Մ ԹՇՆԱՄԻ»

Եհովան Եղիային ուղարկեց Աքաաբի մոտ։ Աստված հստակ ու ընդգծված կերպով ասաց. «Նա Նաբովթի խաղողի այգում է» (1 Թագավորներ 21։18)։ Երբ Հեզաբելը հայտնեց Աքաաբին, որ խաղողի այգին արդեն իրենն է, նա անմիջապես վեր կացավ ու գնաց՝ վայելելու իր նոր ստացվածքը։ Նրա մտքով անգամ չէր անցնում, որ Եհովան տեսնում էր այդ ամենը։ Պատկերացրու, թե ինչպիսին էր նրա դեմքի արտահայտությունը, մինչ շրջում էր խաղողի այգում և երազում այն մասին, թե ի՜նչ հրաշալի պարտեզ է լինելու խաղողի այգու փոխարեն։ Ու հանկարծ անսպասելիորեն նրա առջև հայտնվեց Եղիան։ Աքաաբն այլայլվեց. երջանկությունից փայլող դեմքի վրա այժմ կատաղություն ու ատելություն էին դրոշմված։ Նա ցասումով ասաց. «Գտա՞ր ինձ, ի՛մ թշնամի» (1 Թագավորներ 21։20

«Գտա՞ր ինձ, ի՛մ թշնամի»

Այդ խոսքերով Աքաաբը երկու անմիտ բան արտահայտեց։ Առաջին՝ Եղիային ասելով՝ «գտա՞ր ինձ»՝ նա ցույց տվեց, որ հոգևորապես կույր է։ Եհովան արդեն «գտել» էր նրան։ Նա տեսել էր, թե ինչպես Աքաաբը չարաշահեց ազատ կամքի պարգևը և այժմ էլ վայելում է Հեզաբելի նենգ դավադրության պտուղը։ Աստված թագավորի սրտում տեսել էր, որ նյութական ունեցվածքը նրա համար ավելի կարևոր է, քան ողորմությունը, արդարությունն ու կարեկցանքը։ Երկրորդ՝ Եղիային ասելով՝ «ի՛մ թշնամի»՝ նա ցույց տվեց իր ատելությունը այն մարդու հանդեպ, ով Եհովա Աստծու ընկերն էր և կարող էր օգնել իրեն հետ դառնալու կորստաբեր ընթացքից։

Մենք կարևոր բաներ ենք սովորում Աքաաբի հիմար արարքից։ Երբեք չպետք է մոռանանք, որ  Եհովա Աստված ամեն բան տեսնում է։ Որպես սիրող Հայր՝ նա գիտի, թե երբ ենք շեղվում ճիշտ ուղուց, և շատ է ուզում տեսնել, որ մենք փոխում ենք մեր ընթացքը։ Հաճախ նա մեզ օգնում է իր ընկերների միջոցով՝ հավատարիմ մարդկանց, ովքեր, Եղիայի նման, Աստծու խոսքերն են տանում ուրիշներին։ Որքա՜ն սխալված կլինենք, եթե Աստծու ընկերներին մեր թշնամիները համարենք (Սաղմոս 141։5

Պատկերացրու, թե ինչպես է Եղիան պատասխանում Աքաաբին. «Գտա՛ քեզ»։ Նա գիտեր, թե ինչ անձնավորություն էր Աքաաբը՝ գող, մարդասպան և Եհովա Աստծու դեմ ապստամբող։ Ի՜նչ քաջություն էր հարկավոր այդպիսի ամբարիշտ մարդու առաջ կանգնելու համար։ Եղիան նաև Աքաաբին հայտարարեց Աստծու դատաստանը։ Եհովան տեսնում էր ողջ պատկերը՝ չարությունը Աքաաբի ընտանիքից տարածվել էր ժողովրդի վրա։ Ուստի Եղիան ասաց Աքաաբին, որ Աստված վճռել է «ավլել»՝ բնաջնջել նրա ողջ դինաստիան։ Հեզաբելը նույնպես դատապարտված էր (1 Թագավորներ 21։20–26

Եղիան հոռետեսորեն չէր մտածում, որ մարդիկ, չարիք գործելով ու անարդար վարք դրսևորելով, անպատիժ կմնան։ Այսօրվա աշխարհում հեշտ է այդպիսի եզրահանգման գալ։ Աստվածաշնչյան այս արձանագրությունը հիշեցնում է մեզ ոչ միայն այն, որ Եհովա Աստված տեսնում է, թե ինչ է տեղի ունենում, այլև որ արդարություն է հաստատում ճիշտ ժամանակին։ Նրա Խոսքը վստահեցնում է մեզ, որ մոտ է այն օրը, երբ նա մեկընդմիշտ վերջ է դնելու բոլոր անարդարություններին (Սաղմոս 37։10, 11)։ Սակայն գուցե մտածես. «Արդյոք Աստծու դատաստանը միայն պատի՞ժ է նշանակում։ Թե՞ այն գործադրելիս նա նաև ողորմություն է դրսևորվում»։

«ՏԵՍԱ՞Ր, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱՔԱԱԲԸ ԽՈՆԱՐՀՎԵՑ»

Հավանաբար, Եղիային անակնկալի բերեց Աքաաբի արձագանքը, երբ վերջինս լսեց Աստծու դատավճիռը։ Կարդում ենք. «Հենց որ Աքաաբը լսեց այս խոսքերը, պատռեց իր հանդերձները, մարմնի վրա քուրձ հագավ. նա ծոմ էր պահում, քուրձը հագին էր պառկում և վհատված ման էր գալիս» (1 Թագավորներ 21։27)։ Արդյո՞ք Աքաաբը զղջաց իր բռնած ընթացքի համար։

Կարող ենք ասել, որ նա որոշ դրական փոփոխություններ արեց իր վարքագծի մեջ։ Աքաաբը սկսեց խոնարհություն դրսևորել. մի արարք, որը դժվար էր հպարտ, ամբարտավան մարդու համար։ Բայց արդյո՞ք դա անկեղծ զղջում էր։ Մի պահ մտածիր. Աքաաբին չարությամբ թերևս գերազանցեց Մանասե թագավորը։ Երբ Եհովան պատժեց նրան, նա խոնարհեցրեց իրեն և Եհովայի օգնությունն աղերսեց։ Բայց Մանասեն ավելին արեց։ Նա փոխեց իր կյանքի ընթացքը՝ ազատվելով կուռքերից, որ շինել էր, և ջանքեր ներդրեց ծառայելու Եհովային ու նույնիսկ հորդորեց ժողովրդին նույնն անել (2 Տարեգրություն 33։1–17)։ Այսպիսի քայլեր ձեռնարկե՞ց Աքաաբը։ Ցավալի է, բայց ոչ։

Արդյոք Եհովան ուշադրություն դարձրե՞ց այն փաստին, որ Աքաաբը հանրորեն ցույց տվեց իր տխուր լինելը։ Եհովան ասաց Եղիային. «Տեսա՞ր, թե ինչպես Աքաաբը խոնարհվեց իմ առջև։ Քանի որ նա իրեն խոնարհեցրեց իմ առաջ, նրա տան վրա չարիք չեմ բերի նրա օրերում, այլ նրա որդու օրերում կբերեմ» (1 Թագավորներ 21։29)։ Դա նշանակո՞ւմ էր, որ Եհովան ներեց Աքաաբին։ Ո՛չ, միայն անկեղծ զղջումը կարող է մղել Աստծուն ողորմություն դրսևորելու (Եզեկիել 33։14–16)։ Բայց քանի որ Աքաաբը փոքր-ինչ, բայց զղջաց, Եհովան էլ նրան համապատասխանաբար ողորմեց. թագավորը չէր տեսնելու իր ողջ ընտանիքի սարսափելի վախճանը։

Եհովայի դատաստանի գործադրումը չփոխվեց։ Նա ավելի ուշ խորհրդակցեց իր հրեշտակների հետ Աքաաբին խաբելու լավագույն ձևի մասին, որ նա ընկնի պատերազմում։ Դրանից կարճ ժամանակ հետո Եհովան իրագործեց թագավորի վերաբերյալ իր դատավճիռը։ Պատերազմում վիրավորվելով՝ նա մահացավ իր կառքի մեջ։ Արձանագրությունն այս դաժան մանրամասն է հայտնում. երբ արքայական մարտակառքը լվացին, շները լակեցին թագավորի արյունը։ Հանրորեն ասված Եհովայի խոսքերը, որը հաղորդեց Եղիան Աքաաբին, կատարվեցին. «Այն տեղում, ուր շները Նաբովթի արյունը լակեցին, քո արյունն էլ են լակելու» (1 Թագավորներ 21։19; 22։19–22, 34–38

Եղիայի, Եղիսեի ու Աստծու ժողովրդի մեջ եղող մյուս հավատարիմ ծառաների համար Աքաաբի մահը վստահեցնող հիշեցում էր, որ Եհովան չի մոռացել Նաբովթի քաջությունն ու հավատը։ Արդարության Աստվածը երբեք չի ուշացնում չարության դիմաց պատժելը. վաղ թե ուշ նա գործի է անցնում։ Նա ողորմություն է դրսևորում դատաստան գործադրելիս, եթե դրա համար հիմքեր են լինում (Թվեր 14։18)։ Ի՜նչ զորեղ դաս էր դա Եղիայի համար, որը տասնամյակներ շարունակ տոկացել էր այդ չար թագավորի իշխանության օրոք։ Դու է՞լ ես անարդարության զոհ դարձել։ Փափագո՞ւմ ես տեսնել, թե երբ է Աստված գործի անցնելու։ Լավ կլինի, որ ընդօրինակես Եղիայի հավատը։ Իր հավատարիմ համագործակցի՝ Եղիսեի հետ նա շարունակեց հռչակել Աստծու պատգամները՝ տոկալով անարդարության ներքո։

^ պարբ. 3 Երեքուկես տարի տևող երաշտի միջոցով Եհովան ակնհայտ էր դարձրել Բահաղի անզորությունը։ Բահաղին երկրպագում էին որպես երկրին անձրև և պտղաբերություն բերող աստծու (1 Թագավորներ, գլ. 18)։ Տե՛ս «Ընդօրինակեք նրանց հավատը» հոդվածները «Դիտարանի» 2008թ. հունվարի 1-ի և ապրիլի 1-ի համարներում։

^ պարբ. 13 Հնարավոր է՝ Հեզաբելը վախեցավ, որ խաղողի այգին կանցնի Նաբովթի ժառանգներին, այդ պատճառով թերևս կազմակերպեց Նաբովթի որդիների սպանությունը։ Իմանալու համար, թե ինչու է Աստված թույլ տալիս, որ մարդիկ հարստահարվեն, տե՛ս այս համարի՝ «Մեր ընթերցողները հարցնում են» հոդվածը։