Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՓԵՏՐՎԱՐ 2014

 ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ ուժեղները հարստահարեն թույլերին

Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ ուժեղները հարստահարեն թույլերին

Աստվածաշնչում արձանագրված են մի քանի դեպքեր, երբ ուժեղները հարստահարել են թույլերին։ Կարող ենք հիշել Նաբովթի հետ կատարվածը *։ Իսրայելի Աքաաբ թագավորը մ.թ.ա. տասներորդ դարում թույլ տվեց, որ իր կին Հեզաբելը սպանել տա Նաբովթին ու նրա որդիներին, որպեսզի թագավորը կարողանա վերցնել նրա խաղողի այգին (1 Թագավորներ 21։1–16; 2 Թագավորներ 9։26)։ Ինչո՞ւ Աստված թույլ տվեց, որ Աքաաբը չարաշահի իր իշխանությունը։

«Աստված.... չի կարող ստել» (Տիտոս 1։2

Ուշադրություն դարձնենք մի կարևոր պատճառի՝ Աստված չի կարող ստել (Տիտոս 1։2)։ Իսկ ինչպե՞ս է դա կապված հարստահարության հետ։ Ամենասկզբում Աստված զգուշացրել էր մարդկանց, որ իր դեմ ապստամբությունը աղետալի հետևանք կունենար՝ մահ։ Ինչպեսև նախազգուշացրել էր, Եդեմի պարտեզում տեղի ունեցած ըմբոստությունից ի վեր մահը տիրել է բոլոր մարդկանց։ Եվ առաջին մարդկային մահը, երբ Կայենը սպանեց իր եղբայր Աբելին, հարստահարության հետևանք էր (Ծննդոց 2։16, 17; 4։8

Ամփոփելով մարդկային պատմությունը՝ Աստծու Խոսքն ասում է. «Մարդը մարդու վրա իշխում է նրա վնասի համար» (Ժողովող 8։9)։ Ճշմարի՞տ են արդյոք եղել այս խոսքերը։ Եհովան Իսրայել ազգին՝ իր ժողովրդին, զգուշացրել էր, որ նրա թագավորները հարստահարելու էին իրեն, և նրանց պատճառով մարդիկ աղաղակելու էին Աստծուն (1 Սամուել 8։11–18)։ Նույնիսկ իմաստուն Սողոմոն թագավորն էր իր ժողովրդի վրա մեծ հարկ դրել (1 Թագավորներ 11։43; 12։3, 4)։ Աքաաբի նման ամբարիշտ թագավորները ավելի դաժանորեն էին կեղեքում մարդկանց։ Իսկ այժմ մտածիր. եթե Աստված կանխեր նման բոլոր արարքները, մի՞թե այդ դեպքում նա ստախոս չէր լինի։

«Մարդը մարդու վրա իշխում է նրա վնասի համար» (Ժողովող 8։9

Հիշիր նաև, որ Սատանան պնդում է, թե մարդիկ ծառայում են Աստծուն զուտ շահադիտական նկատառումներով (Հոբ 1։9, 10; 2։4)։ Եթե Աստված իր բոլոր ծառաներին պաշտպաներ բոլոր տեսակի ճնշումներից, մի՞թե այդպիսով չէր փաստվի, որ Սատանայի պնդումը ճիշտ է։ Եվ եթե Աստված յուրաքանչյուր մարդու զերծ պահեր հարստահարությունից ու ճնշումներից, մի՞թե նա պատասխանատու չէր դառնա ավելի մեծ կեղծիքի համար։ Ունենալով այդպիսի պաշտպանություն՝ շատերը կմտածեին, որ առանց Աստծու՝ մարդիկ հաջողությամբ կարող են կառավարել իրենք իրենց։ Սակայն Աստծու Խոսքը հակառակն է ասում. մարդը միանշանակ չի կարող ղեկավարել իրեն (Երեմիա 10։23)։ Մենք Աստծու Թագավորության կարիքն ունենք. միայն այդ ժամանակ վերջ կդրվի անարդարությանը։

Սակայն արդյո՞ք դա նշանակում է, որ Աստված ոչինչ չի անում հարստահարությանը վերջ դնելու համար։ Ո՛չ։ Նկատի առ, թե ինչ երկու բան է նա անում։ Առաջին՝ նա քողազերծում է այդ չարիքը։ Օրինակ՝ նրա Խոսքում քայլ առ քայլ նկարագրվում է Հեզաբելի դավադրությունը՝ ուղղված Նաբովթի դեմ։ Ավելին, Աստվածաշունչը հայտնում է, որ այդպիսի ամբարիշտ արարքները հրահրողը մի զորավոր կառավարիչ է, որը ցանկանում է թաքցնել իր ինքնությունը (Հովհաննես 14։30; 2 Կորնթացիներ 11։14)։ Սուրբ Գիրքը դիմակազերծում է նրան՝ հայտնելով, որ նա Բանսարկու Սատանան է։ Քողազերծելով ամբարշտությունն ու հարստահարությունը և ցույց տալով, թե ով է կանգնած դրանց հետևում՝ Աստված օգնում է մեզ հեռու մնալու չարությունից։ Այդպես նա պաշտպանում է մեզ և տալիս հավիտենական ապագայի հեռանկար։

Երկրորդ՝ Աստված հաստատուն հույս է տալիս, որ հարստահարությանն ու ճնշումներին վերջ է դրվելու։ Կարդալով այն մասին, թե ինչպես նա քողազերծեց, դատեց ու պատժեց Աքաաբին ու Հեզաբելին, ինչպես նաև նրանց նման շատերին՝ վստահությամբ ենք լցվում իր խոստման հանդեպ, որ մի օր բոլոր չարագործները պատժվելու են (Սաղմոս 52։1–5)։ Աստված նաև ամուր հույս է տալիս, որ իրեն սիրողներին շուտով կօգնի ձերբազատվելու ամբարշտության բոլոր հետևանքներից *։ Հավատարիմ Նաբովթը կտեսնի այն ժամանակը, երբ ինքն ու իր որդիները հավիտյան կապրեն անարդարությունից զերծ երկրային դրախտում (Սաղմոս 37։34

^ պարբ. 3 Տե՛ս այս համարի՝ «Ընդօրինակեք նրանց հավատը» հոդվածը։

^ պարբ. 8 Տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 11-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։