Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՓԵՏՐՎԱՐ 2014

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Ի՞նչ էր աստվածաշնչյան ժամանակներում օգտագործվող հալվեն

Հալվեն ստանում էին արծվածառից

Աստվածաշունչն ասում է, որ հալվեն ցանում էին հանդերձների ու մահիճների վրա, որպեսզի դրանցից անուշ հոտ գար (Սաղմոս 45։8; Առակներ 7։17; Երգերի Երգ 4։14)։ Սուրբ Գրքում նշված «հալվեն», ակներևաբար, արծվածառից (Aquilaria ցեղին պատկանող ծառ) արտազատվող նյութ էր։ Երբ բնափայտը փտում է, արտազատում է եթերայուղ և խեժ։ Փայտանյութը մանրացնում էին և վաճառում որպես «հալվե»։

Իսրայելի վրանները Աստվածաշնչում նմանեցվում են «հալվեի ծառերի, որ Եհովան է տնկել» (Թվեր 24։5, 6)։ Այս համեմատությունը կարող է վերաբերել արծվածառի ձևին, որի բարձրությունը հասնում է մոտ 30 մետրի, և որի սաղարթը լայնատարած է։ Թեև այս ծառը չի աճում ժամանակակից Իսրայելի տարածքում, մի բառարանում նշվում է, որ «ոչ մի պատճառ չունենք մտածելու, որ այս և այլ ծառեր, որոնք այժմ չկան [այդ տարածաշրջանում], չեն աճել այն ժամանակ հարուստ և մարդաշատ Հորդանանի հովտում» (A Dictionary of the Bible)։

Ո՞ր զոհերն էին ընդունելի Երուսաղեմի տաճարում

Երուսաղեմի տաճարից գտնված կավե այս կնիքը մոտ 2 000 տարեկան է

Աստծու Օրենքում ասվում էր, որ տաճարում մատուցվող բոլոր զոհերը պետք է ամենալավը լինեին։ Աստված չէր ընդունի արատավոր զոհերը (Ելք 23։19; Ղևտական 22։21–24)։ Ըստ մ.թ. առաջին դարի հրեա գրող Փիլոնի՝ այդ ժամանակներում քահանաները «ոտից գլուխ» զննում էին կենդանիներին՝ համոզվելու համար, որ դրանք բոլոր առումներով առողջ են և «զերծ են որևէ թերությունից կամ արատից»։

Գիտնական Է. Փ. Սանդերսը նշում է, որ տաճարի ծառայողները հավանաբար «լիազորել էին վստահելի վաճառողներին միայն այն կենդանիներին ու թռչուններին վաճառել, որոնց քահանաները նախապես զննել էին։ Այդ դեպքում վաճառողը գնորդին պետք է տար «ստացական», որի վրա նշված էր, որ զոհաբերվող կենդանին անարատ է»։

2011թ.-ին տաճարի մոտակայքում հնագետները գտան այդպիսի մի «ստացական», կամ՝ նշան՝ մետաղադրամի չափով կավե կնիք, որը պատկանում էր մ.թ.ա. առաջին դարի ու մ.թ. 70թ. միջև ընկած ժամանակահատվածին։ Դրա վրա արամերենով մակագրված էր երկու բառ, որը թարգմանվել է «Մաքուր՝ Աստծու համար»։ Կարծիք կա, որ տաճարի ծառայողները այդպիսի նշանները փակցնում էին ծիսական արարողությունների համար գործածվող իրերի ու զոհաբերվող կենդանիների վրա։