Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐ 2013

 ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եհովային ծառայելը իմ կարիերան է

Եհովային ծառայելը իմ կարիերան է

1937թ. հունվարին դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Այովա նահանգի պետական համալսարան (ԱՄՆ), որը մոտ էր մեր տանը։ Քանի որ և՛ սովորում էի, և՛ աշխատում՝ ուսմանս վարձը տալու համար, ազատ ժամանակ քիչ էի ունենում։ Երիտասարդ տարիքից զբաղվում էի բարձրահարկ շենքերի ու կախովի կամուրջների ուսումնասիրությամբ։

1942թ. սկզբներին, երբ ԱՄՆ-ն նոր էր ներգրավվել Երկրորդ համաշխարհային պատերազմում, ես հինգերորդ կուրսում էի, և մի քանի ամիս էր մնում, որ ճարտարագետ-շինարարի բակալավրի աստիճան ստանայի։ Ապրում էի երկու սենյակակիցների հետ։ Մի օր նրանցից մեկն առաջարկեց, որ խոսեմ մի մարդու հետ, որն այցելում էր ներքևի հարկում ապրող տղաներին։ Այդ մարդու անունը Ջոն Բրեմեր էր (Ջոնի), նա Եհովայի վկա էր։ Ապշել էի, թե ինչպես էր նա կարողանում Աստվածաշնչով պատասխանել ցանկացած հարցի։ Այս ամենից տպավորված՝ ես սկսեցի Ջոնիի օգնությամբ կանոնավորաբար Աստվածաշունչ ուսումնասիրել, իսկ որոշ ժամանակ անց երբեմն նրա հետ մասնակցել քարոզչական գործին։

Ջոնիի հայրը՝ Օտոն, Եհովայի վկա էր դարձել, երբ բանկի կառավարիչ էր Այովա նահանգի Վալնուտ քաղաքում։ Նա հրաժարվել էր իր պաշտոնից՝ լիաժամ ծառայություն սկսելու համար։ Ժամանակի ընթացքում Օտոյի և նրա ընտանիքի լավ օրինակը մղեցին ինձ կարևոր որոշում կայացնելու։

ԺԱՄԱՆԱԿՆ ԷՐ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ

Մի օր համալսարանի դեկանը ասաց ինձ, որ քանի որ ցածր գնահատականներ ունեմ, չեմ կարող առաջ գնալ իմ նախկին լավ գնահատականների հաշվին։ Հիշում եմ, թե ինչպես թախանձագին աղոթեցի Եհովա Աստծուն՝ խնդրելով, որ ինձ առաջնորդություն ցույց տա։ Շատ չանցած՝ ինձ համալսարան կանչեցին, որ զրուցեմ պրոֆեսորներից մեկի հետ։ Նա ասաց, որ ինժեների աշխատանք են առաջարկել, և նա իմ փոխարեն համաձայնություն է տվել։ Ես շնորհակալություն հայտնեցի պրոֆեսորին և բացատրեցի, որ վճռել եմ Եհովային ծառայելը իմ կարիերան դարձնել։ 1942թ. հունիսի 17-ին ես մկրտվեցի և սկսեցի ռահվիրա ծառայել, ինչպես կոչվում են լիաժամ ծառայող Եհովայի վկաները։

Այդ նույն տարում զորակոչի ծանուցագիր ստացա։ Ներկայացա զինվորական կոմիսարիատ և բացատրեցի, որ պատերազմների մասնակցելը դեմ է իմ խղճին։ Ես նրանց ցույց տվեցի նաև համալսարանի պրոֆեսորների կողմից գրված մի փաստաթուղթ, որտեղ ներկայացվում էին իմ լավ բնութագիրը և ինժեներ-շինարարի հմտությունները։ Չնայած այս ամենին, նրանք ինձնից 10000 դոլար տուգանք վերցրին և դատապարտեցին հինգ տարվա ազատազրկման, որը ես կրեցի Կանզաս նահանգի Լիվենվորթ քաղաքի բանտում։

ԿՅԱՆՔՍ ԲԱՆՏՈՒՄ

Լիվենվորթի բանտն այսօր։ Մոտ 230 Վկա կալանավորված էր այնտեղ

Լիվենվորթի ֆերմայում, որը բանտի վարչության հսկողության տակ էր գտնվում, ավելի քան 230 ազատազրկված Վկա երիտասարդներ էին աշխատում։ Այնտեղ մենք տարբեր աշխատանքներ էինք կատարում հսկիչների հսկողությամբ։ Նրանցից  ոմանք գիտեին մեր քրիստոնեական չեզոքության մասին և լավ էին տրամադրված մեր հանդեպ։

Հսկիչներից մի քանիսը օգնում էին մեզ, որ կարողանանք ժողովի հանդիպումներ անցկացնել և աստվածաշնչյան գրականություն ստանալ։ Նույնիսկ բանտի պետը բաժանորդագրվեց «Մխիթարություն» ամսագրին (այժմ կոչվում է «Արթնացե՛ք»)։

ԱԶԱՏ ԵՄ ԱՐՁԱԿՎՈՒՄ ԵՎ ՄԻՍԻՈՆԵՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՍԿՍՈՒՄ

Իմ ազատազրկման երրորդ տարում՝ 1946թ. փետրվարի 16-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից մի քանի ամիս հետո ինձ ազատ արձակեցին։ Ես անմիջապես վերսկսեցի ռահվիրայական ծառայությունը։ Նշանակվեցի ծառայելու Կանզաս նահանգի Լիվենվորթ քաղաքում։ Այդ նորությունը ինձ վախեցրեց, քանի որ այնտեղի մարդիկ նախապաշարումով էին լցված Եհովայի վկաների նկատմամբ, աշխատանք և կացարան գտնելն էլ դժվար էր։

Մի անգամ տնետան ծառայության ժամանակ հանդիպեցի բանտի աշխատողներից մեկին, որը գոռաց. «Չքվի՛ր իմ տարածքից»։ Երբ նրա ձեռքում բեյսբոլի մական տեսա, փոքր-ինչ վախեցա և արագ հեռացա։ Մեկ ուրիշ անգամ էլ մի կին ասաց, որ սպասեմ, և դուռը փակեց, ու երբ սպասում էի, հանկարծ վերևի պատուհանից նա կեղտաջուր լցրեց ինձ վրա։ Այնուամենայնիվ, իմ ծառայության մեջ նաև օրհնություններ եմ ունեցել։ Որոշ մարդիկ, ովքեր գրականություն էին վերցրել, հետագայում իմացա, որ Վկաներ են դարձել։

1943թ.-ին Նյու Յորքի հյուսիսում միսիոներների համար մի նոր դպրոց հիմնվեց։ Ինձ հրավիրեցին սովորելու այդ դպրոցի 10-րդ դասարանում։ 1948թ.-ի փետրվարի 8-ին ես ավարտեցի այն։ Այդ դպրոցը հայտնի դարձավ «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոց անունով։ Ինձ նշանակեցին ծառայելու Գոլդ Քոստում (այսօր՝ Գանա)։

Գոլդ Քոստում իմ հանձնարարությունն էր քարոզել պետական պաշտոնյաներին ու եվրոպացիներին։ Շաբաթ և կիրակի օրերին համագործակցում էի ժողովի անդամների հետ՝ նրանց հետ տնից տուն ծառայելով։ Նաև այցելում էի մեկուսի վայրերում ապրող Վկաներին և օգնում նրանց ծառայության մեջ։ Բացի այդ, ծառայում էի որպես շրջանային վերակացու Փղոսկրի ափում (այսօր՝ Կոտ դ’Իվուար)։

Ծառայելով այդ տարածքներում՝ սովորեցի ապրել ինչպես բնիկ աֆրիկացի. քնում էի հողից պատրաստված հյուղակում, ուտում էի մատներով և հին իսրայելացիների պես՝ դրսում էի հոգում բնական կարիքներս (2 Օրենք 23։12–14)։ Դա ինձ և մյուս միսիոներներին օգնեց լավ համբավ ձեռք բերելու։ Մենք սկսեցինք Աստվածաշունչ ուսումնասիրել որոշ պետական պաշտոնյաների կանանց հետ։ Երբ հակառակորդները խնդիրներ էին ստեղծում մեզ համար և այնպես անում, որ զրկեն այնտեղ մնալու իրավունքից, պաշտոնյաների կանայք ճնշում էին  բանեցնում իրենց ամուսինների վրա, և որոշումը չեղյալ էր համարվում։

Ինչպես Աֆրիկայում ծառայող բազմաթիվ միսիոներներ, ես էլ հիվանդացա մալարիայով։ Դողում էի, տենդ էի ունենում և զառանցում։ Երբեմն ծնոտս այնքան ուժեղ էր ցնցվում, որ ստիպված էի լինում ձեռքով պահել այն։ Չնայած դրան՝ ծառայությունս շարունակում էր ինձ ուրախություն և բավարարվածության զգացում պարգևել։

Աֆրիկայում անցկացրած առաջին չորս տարիների ընթացքում ես նամակագրության մեջ էի Էվա Հալքվիստ անունով մի քրոջ հետ, որին հանդիպել էի նախքան Միացյալ Նահանգներից մեկնելը։ Իմացա, որ Էվան 1953թ. հուլիսի 19-ին ավարտում է Գաղաադ դպրոցի 21-րդ դասարանը։ Ավարտականը տեղի էր ունենալու Եհովայի վկաների միջազգային համաժողովի ժամանակ, որն անցկացվելու էր Նյու Յորքի «Յանկի» մարզադաշտում։ Ես պայմանավորվեցի մի նավապետի հետ, որ, եթե աշխատեմ նրա նավի վրա, նա ինձ Միացյալ Նահանգներ կհասցնի։

22 օր անց, երբ տեղ հասա, գնացի Բրուքլինում գտնվող Եհովայի վկաների գլխավոր վարչություն՝ հանդիպելու Էվային։ Այնտեղ՝ շենքերից մեկի տանիքում, որտեղից գեղեցիկ տեսարան էր բացվում դեպի Նյու Յորքի նավահանգիստը, ամուսնության առաջարկ արեցի նրան։ Որոշ ժամանակ անց Գոլդ Քոստում Էվան միացավ ինձ ծառայության մեջ։

ՀՈԳ ԵՆՔ ՏԱՆՈՒՄ ԾՆՈՂՆԵՐԻՍ

Աֆրիկայում Էվայի հետ մի քանի տարի ծառայելուց հետո մայրս նամակով տեղեկացրեց, որ հայրս քաղցկեղ ունի և մահամերձ է։ Մենք վերադարձանք Միացյալ Նահանգներ։ Հորս առողջությունը արագորեն վատանում էր, շատ չանցած՝ նա մահացավ։

Մենք նորից գնացինք Գանա։ Մոտ չորս տարի այնտեղ ծառայելուց հետո իմացանք, որ մորս առողջությունը շատ վատ է։ Ընկերներս խորհուրդ տվեցին, որ վերադառնանք տուն ու նրան հոգ տանենք։ Դա մեզ համար ամենադժվար որոշումն էր։ 15 տարի միսիոներական ծառայության մեջ լինելուց հետո, որից 11-ը ես ու Էվան միասին էինք անցկացրել, պետք է վերադառնայինք Միացյալ Նահանգներ։

Հանդիպում տեղի առաջնորդի հետ Գոլդ Քոստում (Գանա)

Տարիների ընթացքում ես ու կինս խնամում էինք մորս և օգնում նրան ներկա գտնվելու ժողովի հանդիպումներին, երբ նա ի վիճակի էր լինում։ 1976թ. հունվարի 17-ին 86 տարեկան հասակում նա մահացավ։ Սակայն ինը տարի հետո ավելի մեծ հարված ստացանք։ Էվային ասացին, որ նա քաղցկեղ ունի։ Մենք ամեն կերպ պայքարում էինք հիվանդության դեմ, բայց ապարդյուն։ 1985թ. հունիսի 4-ին 70 տարեկանում նա մահացավ։

ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1988թ.-ին հրավեր ստացա՝ ներկա լինելու Գանայի մասնաճյուղի նվիրմանը։ Դա հիշարժան օր էր։ Մոտ 40 տարի առաջ, երբ Գաղաադն ավարտելուց հետո գնացի Գանա, այնտեղ կար ընդամենը մի քանի հարյուր Վկա, իսկ 1988թ.-ին այնտեղ ծառայում էին ավելի քան 34000 Վկաներ։ Այսօր նրանց թիվը հասնում է մոտ 114000-ի։

Դրանից երկու տարի հետո՝ 1990թ. օգոստոսի 6-ին, ամուսնացա Էվայի մտերիմ ընկերուհի Բեթի Միլերի հետ։ Ես ու Բեթին Եհովային ծառայելը մեր կարիերան ենք համարում։ Մենք անհամբերությամբ սպասում ենք այն օրվան, երբ կկարողանանք դրախտ-երկրում տեսնել հարություն առած մեր հարազատներին, ծնողներին ու Էվային (Գործեր 24։15

Աչքերս արցունքով են լցվում, երբ մտածում եմ, թե ի՜նչ մեծ առանձնաշնորհում է ավելի քան 70 տարի ծառայել Եհովային։ Հաճախ եմ շնորհակալություն հայտնում նրան, որ օգնեց ինձ իրեն ծառայելը իմ կարիերան դարձնելու։ Չնայած այսօր ես 90-անց եմ, շարունակում եմ իմ ծառայությունը, քանի որ Եհովան՝ տիեզերքի մեծագույն Ճարտարագետ-շինարարը, ինձ ուժ ու քաջություն է տալիս։