Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐ 2013

 ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ

«Շատերը ատում էին ինձ»

«Շատերը ատում էին ինձ»
  • ԾՆՎԵԼ Է՝ 1978թ.

  • ԵՐԿԻՐԸ՝ ՉԻԼԻ

  • ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԲՌՆԻ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։

Մեծացել եմ Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում։ Մեր թաղամասում տարածված էր թմրանյութեր օգտագործելը և կային շատ հանցագործ խմբեր։ Երբ հինգ տարեկան էի, հորս սպանեցին։ Դրանից հետո մայրս սկսեց ապրել մի տղամարդու հետ, որը դաժան անձնավորություն էր։ Նա հաճախ ինձ ու մորս ծեծում էր։ Այդ տարիներին ստացած էմոցիոնալ սպիները մինչև հիմա չեն անցել։

Երբ մեծացա, ընկնելով շրջապատի բացասական ազդեցության տակ, բռնի մարդ դարձա։ Լսում էի հեվի մետալ երաժշտություն, չարաշահում էի ալկոհոլը և երբեմն թմրանյութեր էի օգտագործում։ Հաճախ թմրանյութ վաճառողների հետ փողոցային կռիվների մեջ էի մտնում. քանի՜ անգամ նրանք փորձել են սպանել ինձ։ Մի հանցագործ խումբ նույնիսկ մարդասպան վարձեց դրա համար, բայց միայն վնասվածք ստանալով՝ ինձ հաջողվեց փախչել։ Մի անգամ էլ թմրանյութ վաճառողներից մի քանիսը, ատրճանակը դնելով քունքիս, ուզում էին կախել ինձ։

1996թ.-ին հանդիպեցի Կարոլինա անունով մի կնոջ, որին սիրահարվեցի, և 1998թ.-ին մենք ամուսնացանք։ Ավագ որդուս ծնվելուց հետո վախենում էի, որ իմ բնավորության պատճառով խորթ հորս նման կլինեմ և նույն ձևով կվերաբերվեմ ընտանիքիս։ Ուստի օգնություն ստանալու համար դիմեցի տեղի վերականգնողական կենտրոն։ Բուժում ստացա, թերապիա անցա, բայց անօգուտ. ամեն մի չնչին բան ինձ հանում էր հունից, ես անկառավարելի էի դարձել։ Որպեսզի դադարեի ընտանիքիս ցավ պատճառելուց, որոշեցի ինքնասպանություն գործել։ Ուրախ եմ, որ դա ինձ չհաջողվեց։

Երկար տարիներ աթեիստ եմ եղել, բայց ուզում էի հավատալ Աստծուն։ Ուստի մի որոշ ժամանակ սկսեցի ավետարանչական եկեղեցի հաճախել։ Այդ ընթացքում կինս Աստվածաշունչ էր ուսումնասիրում Եհովայի վկաների հետ։ Ես ատում էի Վկաներին, հաճախ վիրավորական խոսքեր էի ասում նրանց։ Բայց նրանք միշտ մեղմությամբ էին պատասխանում, ինչը չէի ակնկալում։

Մի օր Կարոլինան խնդրեց ինձ, որ իմ Աստվածաշնչում կարդամ Սաղմոս 83։18-ը։ Այդ համարում հստակ ասվում էր, որ Աստծու անունը Եհովա է։ Զարմացա, քանի որ իմ կրոնը սովորեցնում էր Աստծու մասին, բայց ոչ Եհովա Աստծու։ 2000թ.  սկզբին ես էլ սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։

Աստվածաշունչ ուսումնասիրելու ժամանակ շատ էի մխիթարվում, քանի որ հասկանում էի, որ Եհովան կարեկից ու ներող Աստված է։ Օրինակ՝ Ելք 34։6-րդ և 7-րդ համարներում Եհովան նկարագրվում է որպես «ողորմած ու գթառատ Աստված, բարկանալու մեջ դանդաղ և սիրառատ բարությամբ ու ճշմարտությամբ լի, որը հազարավորների հանդեպ սիրառատ բարություն է ցուցաբերում, ներում է հանցանքը, օրինազանցությունն ու մեղքը»։

Շատ էի մխիթարվում, քանի որ հասկանում էի, որ Եհովան կարեկից ու ներող Աստված է

Այնուամենայնիվ, ինձ համար հեշտ չէր կիրառել սովորածս։ Մտածում էի, որ երբեք չեմ կարողանա փոխել բռնի վարքս։ Ամեն անգամ, երբ թևաթափ էի լինում, Կարոլինան սիրով քաջալերում էր ինձ։ Նա ասում էր, որ Եհովան տեսնում է իմ թափած ջանքերը։ Նրա աջակցությունը ինձ ուժ էր տալիս շարունակելու հաճեցնել Եհովային, չնայած ինձ հաճախ թվում էր, որ ես կորած մարդ եմ։

Մի օր ինձ հետ Աստվածաշունչ ուսումնասիրողը՝ Ալեհանդրոն, խնդրեց, որ կարդամ Գաղատացիներ 5։22, 23 համարները։ Այնտեղ ասվում է, որ Աստծու սուրբ ոգու պտուղն է՝ «սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, բարություն, առաքինություն, հավատ, մեղմություն, ինքնատիրապետում»։ Ալեհանդրոն ինձ բացատրեց, որ միայն իմ ջանքերով չեմ կարող այս հատկությունները զարգացնել, ինձ կօգնի Աստծու սուրբ ոգին։ Այս խոսքերը լիովին փոխեցին իմ տեսակետը։

Հետագայում ես ներկա եղա Եհովայի վկաների համաժողովին։ Տեսնելով այնտեղ տիրող կարգուկանոնը, մաքրությունն ու ջերմ ընկերակցությունը՝ համոզվեցի, որ գտել եմ ճշմարիտ կրոնը (Հովհաննես 13։34, 35)։ 2001թ. փետրվարին ես մկրտվեցի։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։

Եհովայի օգնությամբ կարողացա փոխել իմ բռնի վարքը և խաղաղասեր դարձա։ Ես կարծես մղձավանջի մեջ էի, և Եհովան հանեց ինձ։ Շատերը ատում էին ինձ, սակայն չեմ մեղադրում նրանց։ Այսօր ես խաղաղարար եմ և ուրախությամբ կնոջս ու երկու որդիներիս հետ ծառայում եմ Եհովային։

Հարազատներս ու նախկին ընկերներս զարմացան՝ տեսնելով, թե որքան շատ եմ փոխվել։ Արդյունքում նրանցից մի քանիսը հետաքրքրվեցին աստվածաշնչյան ճշմարտությամբ։ Ես առանձնաշնորհում ունեցա օգնելու մարդկանց ճանաչելու Եհովային։ Որքա՜ն ուրախալի է տեսնել, որ աստվածաշնչյան ճշմարտությունը փոխել է նաև նրանց կյանքը։