Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐ 2013

Ամուսնալուծություն. ինչպես հաղթահարել դժվարությունները

Ամուսնալուծություն. ինչպես հաղթահարել դժվարությունները

«Ես ինձ փշրված էի զգում։ Կյանքս իր հունով ընթանում էր, մեկ էլ հանկարծ ամեն ինչ կորցրի» (ՄԱՐԿ *, ամուսնալուծվել է 1 տարի առաջ)։

«Ամուսինս կապվեց մի կնոջ հետ, որը մեր աղջկա տարիքին էր։ Երբ ամուսնալուծվեցինք, ուրախ էի, որ այլևս ստիպված չեմ լինի տանել նրա վատ բնավորությունը, սակայն միևնույն ժամանակ ինձ ստորացած ու անարժեք էի զգում» (ԷՄԵԼԻՆ, ամուսնալուծվել է 17 տարի առաջ)։

Կան մարդիկ, ովքեր ամուսնալուծվում են՝ հույս ունենալով, որ իրենց կյանքը ավելի կթեթևանա, մինչդեռ ուրիշները ցանկանում են պահպանել ամուսնությունը, բայց չեն կարողանում այնպես անել, որ կողակիցը չհեռանա իրենցից։ Սակայն գրեթե բոլորը, ովքեր ամուսնալուծվում են, համոզվում են, որ դրանից հետո կյանքը ավելի դժվար է դառնում։ Եթե դու վերջերս ես ամուսնալուծվել, ապա գուցե հասկացել ես, որ սա քեզ համար ամենածանր իրավիճակն է։ Ուստի օգտակար կլինի ուշադրություն դարձնել աստվածաշնչյան մի քանի խորհուրդների, որոնք կօգնեն քեզ հաջողությամբ հաղթահարելու ամուսնալուծության հետևանքով առաջացած խնդիրները։

ԽՆԴԻՐ 1. ԲԱՑԱՍԱԿԱՆ ԶԳԱՑՈՒՄՆԵՐ

Ֆինանսական խնդիրները, ծնողական պարտականությունները կամ միայնության զգացումը կարող են ճնշող լինել։ Բացասական զգացումները գուցե արագ չանցնեն։ Հոգեբան Ջուդիթ Վալերստայնը եկել է այն եզրակացության, որ ամուսնալուծվելուց տարիներ անց ոմանք դեռ իրենց դավաճանված ու լքված են զգում, մտածում են, որ «կյանքը անարդար է, հուսահատեցնող, իսկ իրենք՝ միայնակ»։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

  • Մի՛ ամաչիր արտասվելուց։ Գուցե կարոտում ես նախկին կողակցիդ, որին դեռ սիրում ես։ Նույնիսկ եթե դուք վատ փոխհարաբերություններ եք ունեցել,  հնարավոր է՝ ամուսնալուծությունը տխրություն պատճառի քեզ, քանի որ չես ստացել այն ուրախությունը, որը ակնկալել ես ամուսնությունից (Առակներ 5։18)։ Աստվածաշունչն ասում է, որ կա «լացելու ժամանակ» (Ժողովող 3։1, 4

  • Մի՛ մեկուսացիր։ Գուցե լացելու համար կարիք լինի առանձնանալու, սակայն իմաստուն չի լինի երկար ժամանակ մեկուսացած մնալ (Առակներ 18։1)։ Ընկերներիդ հետ դրական բաների մասին խոսիր, քանի որ նախկին կողակցիցդ անընդհատ բողոքելով՝ կվանես նրանց քեզանից։ Եթե ամուսնալուծությունից հետո պետք է կարևոր որոշումներ կայացնես, օգնության համար դիմիր նրան, ում վստահում ես։

  • Մտածիր առողջությանդ մասին։ Ամուսնալուծության հետ կապված սթրեսը կարող է առողջական խնդիրներ առաջացնել, օրինակ՝ արյան բարձր ճնշում կամ միգրեն։ Ուստի լավ կլինի, որ ճիշտ սնվես, մարզվես և բավականաչափ քնես (Եփեսացիներ 5։29

  • Հավաքիր այն բոլոր իրերը, որոնք բորբոքում են քո զայրույթը նախկին կողակցիդ հանդեպ կամ որոնք քեզ արդեն պետք չեն, սակայն պահիր կարևոր փաստաթղթերը։ Եթե քեզ ցավ են պատճառում, օրինակ, ամուսնական նկարները, դիր դրանք արկղի մեջ և պահիր երեխաների համար։

  • Վանիր բացասական մտքերը։ Օլգան, որը ամուսնու դավաճանությունից հետո ամուսնալուծվել է, ասում է. «Ես շարունակ հարցնում էի ինձ՝ ի՞նչ կար այդ կնոջ մեջ, որ իմ մեջ չկար»։ Ինչպես հետագայում հասկացավ Օլգան, շարունակ բացասական բաների մասին մտածելը կարող է «ոգին խոցել» (Առակներ 18։14

    Շատերը կարծում են, որ մտքերը գրի առնելը օգնում է վերահսկելու դրանք։ Եթե բացասական մտքեր ես գրել, փորձիր փոխարինել դրականով (Եփեսացիներ 4։23)։ Նկատի առնենք երկու օրինակ.

    Բացասական։ Ես եմ մեղավոր, որ ամուսինս դավաճանեց ինձ։

    Դրական։ Եթե սխալներ եմ արել, դա չի նշանակում, որ նա իրավունք ուներ դավաճանելու ինձ։

    Բացասական։ Լավագույն տարիներս սխալ մարդու հետ եմ անցկացրել։

    Դրական։ Երջանիկ կլինեմ, եթե կյանքում հետ նայելու փոխարեն՝ միշտ առաջ նայեմ։

  • Ամեն խոսքի ուշադրություն մի՛ դարձրու։ Ընկերներդ ու հարազատներդ, լավ միտումներ ունենալով, գուցե անմտածված կամ քո պարագայում ոչ տեղին խոսքեր ասեն, օրինակ՝ «նա, միևնույնն է, լավ կողակից չէր քեզ համար» կամ «Աստված ատում է ապահարզանը» *։ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս. «Մարդկանց ասած բոլոր խոսքերը սրտիդ մոտ մի՛ ընդունիր» (Ժողովող 7։21)։ Մարտինան, որը երկու տարի է, ինչ ամուսնալուծված է, ասում է. «Ցավ պատճառող խոսքերի վրա կենտրոնանալու փոխարեն՝ փորձում եմ ամեն ինչին նայել Աստծու տեսանկյունից։ Նրա մտքերը մեր մտքերից բարձր են» (Եսայիա 55։8, 9

  • Աղոթիր Աստծուն։ Աստված հորդորում է իր ծառաներին «ամբողջ հոգսը իր վրա գցել», հատկապես այն ժամանակ, երբ նրանք ճնշված են (1 Պետրոս 5։7

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Գրի առ աստվածաշնչյան այն համարները, որոնք օգտակար են քեզ. թող դրանք քեզ համար տեսանելի տեղում լինեն։ Ամուսնալուծված անհատների համար կարող են օգտակար լինել նաև աստվածաշնչյան հետևյալ համարները. Սաղմոս 27։10; 34։18; Եսայիա 41։10; Հռոմեացիներ 8։38, 39։

Թող Աստծու Խոսքը զորացնի քեզ դժվար պահերին

ԽՆԴԻՐ 2. ՔՈ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԿԻՆ ԿՈՂԱԿՑԻԴ ՀԵՏ

Ջուլիանան, որը 11 տարի ամուսնացած է եղել, ասում է. «Աղաչում էի ամուսնուս, որ չթողնի ինձ։ Սակայն երբ նա հեռացավ, ես զայրույթով լցվեցի թե՛ նրա, թե՛ այն կնոջ հանդեպ, ում մոտ նա գնաց»։ Շատերը, ովքեր ամուսնալուծվում են, տարիներ շարունակ զայրացած են մնում իրենց նախկին կողակցի վրա, սակայն  որոշ դեպքերում ստիպված են լինում կանոնավորաբար շփվել միմյանց հետ, հատկապես եթե երեխաներ ունեն։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

  • Նախկին կողակցիդ հետ եղիր քաղաքավարի։ Նրա հետ խոսելիս կենտրոնացիր կարևոր հարցերի վրա, խոսիր կարճ և դիպուկ։ Շատերը համոզվել են, որ այսպիսի մոտեցումը նպաստում է խաղաղ փոխհարաբերություններին (Հռոմեացիներ 12։18

  • Ցավ պատճառող խոսքեր մի՛ ասա։ Հատկապես երբ քեզ վրա ճնշում է գործադրվում, հիշիր աստվածաշնչյան այս խորհուրդը. «Իր խոսքերում զուսպ լինողը գիտելիք ունի» (Առակներ 17։27 Եթե չես կարողանում զսպել քեզ զրույցի ընթացքում, կարող ես ասել. «Հետո կխոսենք այդ մասին»։

  • Որքան հնարավոր է, առանձնացրեք ձեզ և ձեր նախկին կողակցին առնչվող բաները, այդ թվում իրավաբանական, ֆինանսական և բժշկական փաստաթղթերը։

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Հաջորդ անգամ նախկին կողակցիդ հետ խոսելիս եղիր ուշադիր, որ երբ որևէ մեկդ պաշտպանողական դիրք բռնի կամ չզիջի, խնդրես, որ այդ հարցի մասին հետո խոսեք կամ էլ, օրինակ, քննարկեք այն էլեկտրոնային փոստով (Առակներ 17։14

ԽՆԴԻՐ 3. ՕԳՆԻՐ ԵՐԵԽԱՆԵՐԻԴ ՀԱՐՄԱՐՎԵԼՈՒ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ

Մարիան հիշում է, թե ամուսնալուծությունից անմիջապես հետո ինչ էր կատարվում իր ընտանիքում. «Փոքր աղջիկս անընդհատ լաց էր լինում։ Նա սկսեց գիշերները անկողնում միզել։ Մեծ աղջկաս համար էլ հեշտ չէր, չնայած որ փորձում էր թաքցնել իր զգացմունքները»։ Ցավալի է, բայց հաճախ ծնողները գուցե ժամանակ կամ էմոցիոնալ ուժ չունենան երեխաներին օգնելու համար, երբ դրա կարիքը նրանք շատ են զգում։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

  • Հորդորիր երեխաներիդ խոսել քեզ հետ իրենց զգացմունքների մասին, նույնիսկ եթե զրույցի ժամանակ «հնարավոր չլինի սանձել» լեզուն (Հոբ 6։2, 3

  • Մի՛ մոռացիր, թե ձեզնից յուրաքանչյուրը ինչ դեր ունի։ Գուցե էմոցիոնալ աջակցության կարիք ունենաս, և թվա, թե երեխադ ի վիճակի է օգնելու քեզ, սակայն ճիշտ չի լինի նրան ծանրաբեռնել այդպիսի հարցերով (1 Կորնթացիներ 13։11)։ Երեխայիդ միջնորդ մի՛ դարձրու քո և նախկին կողակցիդ միջև։

  • Ձգտիր փոփոխություններ չանել երեխայի գրաֆիկի մեջ։ Նրա համար շատ օգտակար կլինի, եթե շարունակի ապրել նույն տանը և ունենա նույն գրաֆիկը, սակայն ավելի կարևոր է շարունակ աջակցել նրան հոգևորապես՝ ընտանեկան երկրպագություն անցկացնելով և օգնելով ընթերցելու Աստվածաշունչը (2 Օրենք 6։6–9

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Վստահեցրու երեխայիդ, որ սիրում ես նրան, և որ նա չէ ձեր ամուսնալուծության պատճառը։ Պատասխանիր նրա հարցերին՝ առանց կողակցիդ մեղադրելու։

Դու կարող ես հաղթահարել ամուսնալուծության հետևանքով առաջ եկած դժվարությունները։ Մելիսան, որը ամուսնացած է եղել 16 տարի, պատմում է. «Երբ ամուսնալուծվեցի, մտածում էի, թե ինչու կյանքս այդպես դասավորվեց»։ Այսօր, սակայն, նա երջանիկ է՝ չնայած իր հանգամանքներին։ Մելիսան ասում է. «Սկսեցի ավելի լավ զգալ ինձ, երբ հասկացա, որ կարիք չկա անցյալը փոխելու փորձեր անել»։

^ պարբ. 2 Որոշ անուններ փոխված են։

^ պարբ. 18 Աստված ատում է ապահարզանը, սակայն եթե կողակիցներից մեկը պոռնկություն է գործում, Աստված անմեղ կողակցին իրավունք է տալիս ամուսնալուծվելու (Մաղաքիա 2։16; Մատթեոս 19։9)։ Տե՛ս 1994թ. փետրվարի 8-ի «Արթնացե՛ք»-ի «Աստվածաշնչի տեսակետը» խորագրի «Ո՞ր ապահարզանն է Աստված ատում» հոդվածը (անգլ.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ

  • Կարողանո՞ւմ եմ զգացմունքներիս ազատություն տալ և արտասվել։

  • Ինչպե՞ս կարող եմ ազատվել նախկին կողակցիս հանդեպ բարկությունից։