Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Սեպտեմբեր 2013

 ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Նյութապես աղքատ, բայց հոգևորապես հարուստ

Նյութապես աղքատ, բայց հոգևորապես հարուստ

Պապիկս ու հայրս ապրում էին կիսակառույց տանը՝ Կոտյուժանի գյուղում, որը գտնվում է այժմյան Մոլդովայի հյուսիսում։ 1930-ականների սկզբներին հայրս ու պապս դարձան Եհովայի վկաներ։ Երբ մայրս հասկացավ, որ պապս ավելի լավ Աստվածաշունչ գիտի, քան գյուղի քահանան, նույնպես որոշեց Վկա դառնալ։ 1939թ. դեկտեմբերին ծնվեցի ես։

Երբ երեք տարեկան էի, հորս, հորեղբորս ու պապիկիս քրիստոնեական չեզոքություն պահելու համար ուղղիչ-աշխատանքային ճամբար ուղարկեցին։ Նրանցից միայն հայրս կենդանի մնաց։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո 1947թ.-ին նա ողնաշարի կոտրվածքով տուն վերադարձավ։ Չնայած ֆիզիկական տկարությանը՝ նա իր հավատը ամուր պահեց։

ԿՏՐՈՒԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երբ ես ինը տարեկան էի, մեր ընտանիքին, ինչպես նաև Մոլդովայի հարյուրավոր Վկաների Սիբիր արտաքսեցին։ 1949թ. հուլիսի 6-ին մեզ հավաքեցին կենդանիներ տեղափոխող վագոններում։ 12 օր ճանապարհ գնալուց ու ավելի քան 6400 կիլոմետր անցնելուց հետո գնացքը կանգնեց Լեբյաժե կայարանում։ Տեղի իշխանությունները սպասում էին մեզ։ Մեզ փոքր խմբերի բաժանեցին և անմիջապես ցրեցին տարբեր տեղեր։ Մեր խմբին տարան մի փոքրիկ ամայի դպրոց, որտեղ պետք է ապրեինք։ Մենք ուժասպառ էինք ու վհատված։ Մի տարեց կին կիսաձայն երգում էր մի երգ, որը պատերազմի տարիներին Վկաներն էին հորինել։ Շուտով բոլորը սկսեցին միասին ամբողջ սրտով երգել այդ երգը.

«Շատ եղբայրներ են արտաքսվել հեռավոր վայրեր,

Նրանց տարել են հյուսիս, արևելք,

Աստծու կամքը կատարելու համար

Անցել են դաժան փորձություններ»։

Ժամանակի ընթացքում մենք հնարավորություն ունեցանք կիրակի օրերին մասնակցելու ժողովի հանդիպումներին, որոնք անցկացվում էին մոտ 13 կիլոմետր հեռավորության վրա գտնվող մի տանը։ Հաճախ ձմռանը առավոտ վաղ էինք դուրս գալիս, երբ դեռ մութ էր և շատ ցուրտ (-40°C), անցնում էինք մինչև գոտկատեղ հասնող ձյան միջով։ 50 կամ ավելի շատ մարդկանցով մի կերպ տեղավորվում էինք 19 քառակուսի մետր տարածք ունեցող սենյակում։ Հանդիպումը սկսում էինք մեկ, երկու կամ էլ երեք երգով, հետո լինում էր աղոթք, ապա քննարկում էինք աստվածաշնչյան հարցեր։ Դա տևում էր մոտ մեկ ժամ կամ ավելի երկար։ Հետո նորից երգում էինք և կրկին աստվածաշնչյան հարցեր քննարկում։ Որքա՜ն էր դա մեզ հոգևորապես ամրացնում։

ՆՈՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ջանկոյի կայարանում, 1974թ.

Աքսորված Վկաներին 1960թ.-ին փոքր-ինչ ազատություն տվեցին։ Թեպետ աղքատ էինք, ես կարողացա գնալ Մոլդովա, որտեղ էլ հանդիպեցի Նինային։ Նրա ծնողները, ինչպես նաև տատիկն ու պապիկը Վկաներ էին։ Շուտով մենք ամուսնացանք և եկանք Սիբիր, որտեղ 1964թ.-ին ծնվեց մեր աղջիկը՝ Դինան, իսկ 1966թ.-ին՝ մեր որդի Վիկտորը։ Երկու տարի հետո տեղափոխվեցինք Ուկրաինա և բնակություն հաստատեցինք Ջանկոյ քաղաքում (գտնվում է Ղրիմի թերակղզու վրա՝ Յալտայից 160 կմ հեռու) մի փոքրիկ տան մեջ։

 Ինչպես որ ամբողջ Խորհրդային Միությունում, այնպես էլ Ղրիմում Եհովայի վկաների գործունեությունը արգելքի տակ էր։ Սակայն մեր հանդեպ խիստ միջոցներ չէին կիրառում և մեզ չէին հետապնդում։ Աստիճանաբար ոմանք սկսեցին կորցնել ճշմարտության հանդեպ նախանձախնդրությունը։ Նրանք մտածում էին, որ Սիբիրում այդքան տարի տառապելուց հետո ժամանակն է աշխատելու, որ բարեկեցիկ կյանք ունենան։

ՀՈՒԶԻՉ ԴԵՊՔԵՐ

1991թ. մարտի 27-ին մեր գործունեությունը Խորհրդային Միությունում պետականորեն ճանաչվեց։ Անմիջապես որոշում կայացվեց յոթ երկօրյա հատուկ համաժողովներ անցկացնել տարբեր վայրերում։ Մենք պետք է մասնակցեինք օգոստոսի 24-ին Օդեսայում կայանալիք համաժողովին, որը տեղի էր ունենալու մեծ մարզադաշտում։ Ես մեկ ամիս առաջ մեկնեցի այնտեղ, որպեսզի մասնակցեմ համաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Ամբողջ օրը աշխատում էինք, իսկ գիշերները հաճախ քնում էինք մարզադաշտի նստարանների վրա։ Կանայք խմբերով մաքրում էին մարզադաշտի շուրջ գտնվող այգին. մոտ 70 տոննա աղբ թափվեց։ Իսկ բնակարանային բաժնում ծառայողները 15000 պատվիրակների համար քաղաքում կացարաններ էին փնտրում։ Սակայն անսպասելիորեն ամեն ինչ փոխվեց։

Օգոստոսի 19-ին՝ համաժողովից հինգ օր առաջ, ԽՍՀՄ-ի նախագահ Միխայիլ Գորբաչովին ձերբակալեցին, երբ նա մեզնից ոչ հեռու՝ Յալտայի մոտ, իր արձակուրդն էր անցկացնում։ Համաժողովի անցկացման վերաբերյալ համաձայնությունը չեղյալ հայտարարվեց։ Պատվիրակները սկսեցին զանգահարել համաժողովների բաժին՝ հարցնելով. «Ի՞նչ անենք, ավտոբուսների ու գնացքների տոմսերն արդեն պատվիրել ենք»։ Թախանձագին աղոթքներից հետո համաժողովի անցկացման համար պատասխանատու եղբայրներն ասացին. «Ամեն դեպքում եկեք»։

Մենք շարունակեցինք աղոթել ու պատրաստվել։ Տրանսպորտի հարցերով զբաղվող բաժինը դիմավորում էր պատվիրակներին, որոնք գալիս էին Խորհրդային Միության տարբեր մասերից, և տեղավորում նրանց։ Ամեն առավոտ համաժողովի կոմիտեի եղբայրները հանդիպում էին քաղաքի պաշտոնյաների հետ, սակայն ամեն անգամ վերադառնում էին առանց դրական պատասխանի։

ՄԵՐ ԱՂՈԹՔՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Օգոստոսի 22-ին՝ հինգշաբթի օրը՝ համաժողովից երկու օր առաջ, համաժողովի կոմիտեի անդամները վերջապես լավ լուր բերեցին. համաժողովի անցկացման համար թույլտվություն էին ստացել։ Երբ երգեցինք բացման երգն ու լսեցինք աղոթքը, մեր սրտերը ուրախությունից ցնծում էին։ Իսկ շաբաթ օրվա ծրագրի ավարտից հետո մենք մինչև ուշ երեկո շփվեցինք մեր հավատակիցների հետ և նոր ընկերներ ձեռք բերեցինք։ Համաժողովին ներկա էին այնպիսի քրիստոնյաներ, որոնք, ամուր հավատ դրսևորելով, տոկացել էին տարբեր դժվար փորձությունների։

Օդեսայի համաժողովը, 1991թ.

Համաժողովից հետո 22 տարվա ընթացքում ցնցող աճ է գրանցվել։ Ուկրաինայի տարբեր մասերում Թագավորության սրահներ են կառուցվել, իսկ քարոզիչների թիվը 25000-ից հասել է ավելի քան 150000-ի։

ԱՅՍՕՐ ԵՍ ՀՈԳԵՎՈՐԱՊԵՍ ՀԱՐՈՒՍՏ ԵՄ

Մեր ընտանիքը մինչ օրս ապրում է Ջանկոյում (մոտ 40000 բնակչություն ունի)՝ նույն տանը։ 1968թ.-ին, երբ մենք Սիբիրից տեղափոխվեցինք այստեղ, Վկաների ընդամենը մի քանի ընտանիք կար, իսկ այսօր այս քաղաքում արդեն վեց ժողով կա։

Իմ ընտանիքը նույնպես մեծացել է։ Ես ու կինս, մեր երեխաները, թոռները և ծոռները՝ չորս սերունդ, ծառայում ենք Եհովային։