Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՕԳՈՍՏՈՍ 2013

 ԸՆԴՕՐԻՆԱԿԵՔ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՏԸ

Նա փրկվեց «ևս յոթ հոգու հետ»

Նա փրկվեց «ևս յոթ հոգու հետ»

ՆՈՅՆ ու իր ընտանիքը միասին կուչ եկան մի անկյունում, երբ տեղատարափ անձրև սկսվեց։ Փորձիր պատկերացնել՝ ինչպես են նրանք ճրագի աղոտ լույսի տակ նստած՝ լայն բացված աչքերով նայում իրար և լսում, թե ինչպես են ջրերը հարվածում տապանի տանիքին ու պատերին։ Այդ ձայնը պետք է որ վախեցնող լիներ։

Նոյի սիրտը երախտագիտությամբ լցվեց, երբ նայեց իր տան անդամների՝ հավատարիմ կնոջ և երեք առնական որդիների ու նրանց կանանց դեմքերին։ Այդ դժվար պահին Նոյը հավանաբար մխիթարվում էր՝ տեսնելով սիրելի մարդկանց իր կողքին։ Ի տարբերություն մյուսների՝ նրանք բոլորը ողջ էին ու ապահով։ Անկասկած, նա բարձրաձայն աղոթեց Աստծուն, այնպես, որ այդ աղմուկի տակ բոլորը կարողանան լսել իր աղոթքը։

Նոյը մեծ հավատի տեր մարդ էր։ Այդ հավատը տեսնելով՝ նրա Աստված Եհովան պաշտպանեց նրան ու նրա ընտանիքը (Եբրայեցիներ 11։7)։ Արդյոք նրանք այլևս հավատ դրսևորելու կարիք չունեի՞ն, երբ սկսեց անձրև տեղալ։ Անշուշտ, նրանց ավելի շատ հավատ էր անհրաժեշտ՝ առջևում սպասվող դժվարությունները դիմագրավելու համար։ Մենք նույնպես հավատի կարիք ունենք այս վերջին օրերում։ Ուստի եկեք տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել Նոյի հավատից։

«ՔԱՌԱՍՈՒՆ ՕՐ ՈՒ ՔԱՌԱՍՈՒՆ ԳԻՇԵՐ»

Անձրևը տեղաց «քառասուն օր ու քառասուն գիշեր» (Ծննդոց 7։4, 11, 12)։ Ջրերը գնալով բարձրանում էին։ Այդ ընթացքում Նոյը կարող էր տեսնել, թե ինչպես է իր Աստված Եհովան պաշտպանում արդարներին, իսկ չարերին պատժում։

Ջրհեղեղը վերջ դրեց այն ըմբոստությանը, որը սկիզբ էր առել հրեշտակների մեջ։ Ընկնելով Սատանայի ազդեցության տակ՝ բազմաթիվ հրեշտակներ թողել էին «իրենց համար նախատեսված բնակության վայրը» երկնքում և սեռական հարաբերություն ունեցել կանանց հետ, ինչի հետևանքով խառնածին սերունդ էր առաջ եկել, որոնք կոչվում էին նեֆիլիմներ (Հուդա 6; Ծննդոց 6։4)։ Սատանան, անշուշտ, ցնծում էր՝ տեսնելով այդ ըմբոստությունը, քանի որ այն հետագայում վատ ազդեցություն թողեց մարդու՝ Աստծու երկրային ստեղծագործության գլուխգործոցի վրա։

Սակայն, երբ ջրերը սկսեցին բարձրանալ, ըմբոստ հրեշտակները ստիպված եղան թողնել իրենց ֆիզիկական մարմինները և վերադառնալ երկնային ոլորտ։ Նրանք այլևս չէին կարող ֆիզիկական մարմին առնել։ Հրեշտակները իրենց կանանց ու երեխաներին լքեցին, և նրանք մյուս մարդկանց հետ մահացան ջրհեղեղի ժամանակ։

Գրեթե յոթ դար առաջ՝ դեռևս Ենոքի օրերում, Եհովան նախազգուշացրել էր, որ կործանելու է չար ու անաստված մարդկանց (Ծննդոց 5։24; Հուդա 14, 15)։ Դրանից հետո մարդիկ ավելի էին չարացել, ապականել երկիրը և այն բռնությամբ լցրել։ Այժմ հասել էր նրանց դատաստանի օրը։ Արդյո՞ք Նոյն ու իր ընտանիքը ուրախանում էին՝ տեսնելով մարդկանց կործանումը։

Ո՛չ։ Ողորմած Աստված նույնպես չէր ուրախանում (Եզեկիել 33։11)։ Եհովան ամեն բան արել էր հնարավորինս շատ մարդկանց փրկելու համար։ Նա հանձնարարել էր Ենոքին նախազգուշացնել նրանց կործանման մասին, իսկ Նոյին պատվիրել էր տապան կառուցել։ Նոյն ու իր ընտանիքը հենց մարդկանց աչքի առաջ տասնամյակներ շարունակ  աշխատել էին այս մեծ նախագիծը իրականացնելու համար։ Բացի այդ, Եհովան ասել էր Նոյին, որ նա՝ որպես «արդարության քարոզիչ», նախազգուշացնի մարդկանց մոտալուտ դատաստանի մասին, ինչպես որ իրենից առաջ արել էր Ենոքը (2 Պետրոս 2։5)։ Իսկ ինչպիսի՞ն էր մարդկանց արձագանքը։ Հիսուսը, որը երկնքից տեսնում էր, թե ինչ է կատարվում երկրի վրա, հետագայում Նոյի օրերում ապրող մարդկանց մասին գրեց, որ նրանք «ուշադրություն չդարձրին, մինչև որ ջրհեղեղը եկավ ու սրբեց նրանց բոլորին» (Մատթեոս 24։39

Իսկ ինչո՞վ էին զբաղված Նոյն ու իր ընտանիքը 40 օրերի ընթացքում, այն բանից հետո, երբ Եհովան փակեց տապանի դուռը։ Նրանք հոգ էին տանում իրար, իրենց ժամանակավոր կացարանի և կենդանիների մասին։ Ամեն օր նրանք լսում էին, թե ինչպես են հորդացող ջրերը խփվում տապանին։ Հանկարծ մի օր նրանք զգացին, որ հսկա տապանը ցնցվեց և ճռնչյունով պոկվեց տեղից ու, ճոճվելով հսկա ալիքների վրա, ավելի ու ավելի բարձրացավ, մինչև որ «սկսեց լողալ երկրից բարձր» (Ծննդոց 7։17)։ Ամենակարող Աստծու անսահման զորության ինչպիսի՜ ապացույց։

Նոյը, անկասկած, երախտապարտ էր Եհովային ոչ միայն իր ու իր ընտանիքի անդամների փրկության համար, այլև նրա ողորմածության համար, որ իրենց միջոցով նախազգուշացրել էր մարդկանց ջրհեղեղի մասին։ Գուցե նրանց թվար, թե տարիներ շարունակ թափած իրենց ջանքերը ապարդյուն անցան, քանի որ մարդիկ չարձագանքեցին նախազգուշացմանը։ Նոյը թերևս ուներ եղբայրներ, քույրեր, բարեկամներ, բայց նրանցից ոչ ոք, բացի իր տան անդամներից, ականջ չդրեց նրա խոսքերին (Ծննդոց 5։30)։ Սակայն այժմ Նոյի ընտանիքի անդամների խիղճը մաքուր էր, քանի որ նրանք ամեն բան արել էին, որ մարդիկ փրկվելու հնարավորություն ունենան։

Եհովան չի փոխվել (Մաղաքիա 3։6)։ Հիսուս Քրիստոսն ասաց, որ մեր ժամանակները նման են «Նոյի օրերին» (Մատթեոս 24։37)։ Մենք ապրում ենք նշանակալից ժամանակաշրջանում. շուտով այս ամբարիշտ համակարգը կործանվելու է։ Այսօր Աստծու ժողովուրդը նախազգուշացնում է մարդկանց Աստծու դատաստանի մասին։ Ականջ կդնե՞ս։ Իսկ եթե արդեն դրական ես արձագանքել, դու էլ կհայտնե՞ս ուրիշներին այդ մասին։ Նոյն ու իր ընտանիքը հրաշալի օրինակ են թողել այս հարցում։

 «ԱՊԱՀՈՎ ԱՆՑԱՆ ՋՐԵՐԻ ՄԻՋՈՎ»

Երբ տապանը լողում էր ջրերի վրայով, ներսում մարդիկ լսում էին, թե ինչպես են տապանի գերանները ճռնչում։ Արդյո՞ք Նոյը վախենում էր հսկա ալիքներից կամ որ ջրերը կարող են ճեղքել տապանը։ Ո՛չ։ Թերահավատ մարդը գուցե այդպես մտածեր, բայց Նոյը թերահավատ չէր։ Աստվածաշունչն ասում է. «Հավատով Նոյը.... տապան կառուցեց» (Եբրայեցիներ 11։7)։ Իսկ ինչի՞ն էր հավատում Նոյը։ Եհովան ուխտ էր կապել Նոյի հետ՝ խոստանալով, որ կենդանի կպահի թե՛ նրան, թե՛ նրա տան անդամներին (Ծննդոց 6։18, 19)։ Աստված, որը ստեղծել է տիեզերքը, երկիրը և նրանում եղող ամեն բան, չէ՞ր կարող փրկել տապանը և այնտեղ եղող մարդկանց։ Իհա՛րկե կարող էր։ Նոյը համոզված էր, որ Եհովան կկատարի իր խոստումը։ Այդպես էլ եղավ. Նոյն ու իր ընտանիքը «ապահով անցան ջրերի միջով» (1 Պետրոս 3։20

Քառասուն օր ու գիշեր հետո անձրևը վերջապես դադարեց։ Մեր օրացույցով դա մոտավորապես մ.թ.ա. 2370թ. դեկտեմբերն էր։ Սակայն Նոյի ընտանիքը դեռ պետք է մնար տապանում։ Այդ հսկա արկղը, որում տարբեր կենդանի արարածներ կային, միայնակ լողում էր ջրերի վրայով, որոնք ծածկել էին նույնիսկ լեռների գագաթները (Ծննդոց 7։19, 20)։ Կարող ենք պատկերացնել, թե ինչ մեծ աշխատանք էր կատարում Նոյը իր երեք որդիների՝ Սեմի, Քամի և Հաբեթի հետ. նրանք պետք է հոգ տանեին, որ կենդանիները լինեին կուշտ, մաքուր և առողջ։ Աստված, ով հոգացել էր, որ այդ բոլոր կենդանիները տապան մտնեն, անշուշտ կարող էր այնպես անել, որ նրանք այդ ողջ ընթացքում ենթարկվեն մարդկանց *։

Նոյը ակներևաբար գրի էր առել դեպքերի բոլոր մանրամասները. Աստվածաշնչում գրված է, թե երբ սկսվեց ու դադարեց անձրևը, և որ ջրերը 150 օր ծածկել էին երկիրը։ Վերջապես ջրերը սկսեցին նվազել, և մի օր տապանը նստեց «Արարատի լեռների վրա»։ Դա հավանաբար մ.թ.ա. 2369թ. ապրիլն էր։ 73 օր հետո՝ հունիսին, երևացին լեռների գագաթները։ Երեք ամիս անց՝ սեպտեմբերին, Նոյը բացեց տապանի պատուհանը, և թարմ օդն ու արևի պայծառ լույսը ներս թափանցեցին։ Անշուշտ, Նոյի հավատարմությունը վարձատրվել էր։ Այնուհետև նա ցանկացավ տեսնել՝ արդյոք ջրերը ամբողջությամբ ցամաքե՞լ են և իրենք կարո՞ղ են ապահով դուրս գալ։ Նա մի ագռավ բաց թողեց. այն «թռչում էր, գնում ու հետ էր գալիս»՝ հավանաբար նստելով տապանի վրա։ Հետո Նոյը մի քանի անգամ աղավնի բաց թողեց, որը շարունակ վերադառնում էր տապան, մինչև որ այլևս չվերադարձավ (Ծննդոց 7։24–8։13

Նոյն, անկասկած, նույնիսկ ամենադժվար ժամանակներում ընտանիքի հոգևոր կարիքները առաջին տեղում էր դնում

Անկասկած, Նոյի կյանքում հոգևոր գործերը առաջին տեղում էին։ Կարող ենք պատկերացնել, թե ինչպես էր նրա ընտանիքը կանոնավորաբար հավաքվում միասին աղոթելու և հոգատար երկնային Հոր մասին խոսելու համար։ Նոյը լիովին ապավինում էր Եհովային և կարևոր որոշում կայացնելիս հաշվի էր առնում նրա տեսակետը։ Ավելի քան մեկ տարի տապանում գտնվելուց հետո Նոյը, նույնիսկ երբ տեսավ, որ երկիրը չորացել է, չորոշեց բացել դուռը և դուրս գալ (Ծննդոց 8։14)։ Նա սպասեց Եհովայի հրահանգին։

Ընտանիքի գլուխները շատ բան կարող են սովորել այս հավատարիմ մարդուց։ Նա կազմակերպված էր, աշխատասեր, համբերատար և պաշտպանում էր ու հոգ տանում իր ընտանիքին։ Նրա համար ամենակարևորը Եհովա Աստծու կամքը կատարելն էր։ Եթե այս բոլոր հարցերում ընդօրինակենք Նոյին, ապա կարող ենք վստահ լինել, որ մեր միջոցով կօրհնվեն բոլոր նրանք, ում սիրում ենք։

«ԴՈՒՐՍ ԵԿ ՏԱՊԱՆԻՑ»

Եհովան պատվիրեց Նոյին. «Դուրս եկ տապանից կնոջդ, որդիներիդ և որդիներիդ կանանց հետ»։ Ընտանիքը ենթարկվեց պատվերին և դուրս եկավ տապանից։ Իսկ ինչպե՞ս դուրս եկան կենդանիները։ Արդյո՞ք իրարանցում սկսվեց։ Ո՛չ։ Աստվածաշունչն ասում է, որ նրանք «դուրս եկան տապանից՝ ըստ իրենց ընտանիքների» (Ծննդոց 8։15–19)։ Ոտք դնելով երկրի վրա, շնչելով լեռնային թարմ օդը և նայելով Արարատի բարձունքներին՝ Նոյն ու իր ընտանիքը իրենց առջև տեսան մաքրված երկիրը։ Այլևս չկային ըմբոստ հրեշտակները, նեֆիլիմները, չկար չար հասարակությունը և չկար բռնություն *։ Մարդկությունը հնարավորություն  ուներ ամեն բան նոր էջից սկսելու։

Նոյը գիտեր՝ ինչ անել։ Նա երկրպագություն մատուցեց Եհովային. զոհասեղան կառուցեց և որոշ մաքուր կենդանիներից, որոնցից նա «յոթական» էր վերցրել տապան, ողջակեզ մատուցեց (Ծննդոց 7։2; 8։20)։ Աստված ընդունե՞ց Նոյի զոհը։

Աստվածաշունչը պատասխանում է. «Եհովան զգաց հաճելի բուրմունքը»։ Այն ցավը, որ Աստված զգացել էր իր սրտում, երբ մարդիկ երկիրը լցրել էին բռնությամբ, այժմ փոխարինվեց խաղաղությամբ. Աստծուն հաճելի էր տեսնել, որ այս հավատարիմ ընտանիքը վճռել է կատարել իր կամքը։ Եհովան նրանցից կատարելություն չէր ակնկալում։ Աստվածաշնչում կարդում ենք. «Մարդու սիրտն իր մանկությունից հակված է դեպի չարը» (Ծննդոց 8։21)։ Տեսնենք, թե ինչպես Եհովան հետագայում ողորմածություն դրսևորեց մարդկության հանդեպ։

Աստված վերցրեց անեծքը երկրի վրայից։ Երբ Ադամն ու Եվան ըմբոստացել էին Աստծու դեմ, նա անիծել էր երկիրը, ինչի հետևանքով չափազանց դժվար էր դարձել հող մշակելը։ Նոյի հայրը՝ Ղամեքը, իր որդուն Նոյ էր անվանել, որը հավանաբար նշանակում է «հանգիստ, մխիթարություն», և կանխագուշակել էր, որ իր որդին մարդկությանը հանգստություն էր տալու այդ անեծքից։ Նոյը հավանաբար անչափ ուրախացավ, երբ հասկացավ, որ այդ մարգարեությունը կատարվելու է։ Ուստի չենք զարմանում, երբ կարդում ենք, որ Նոյը սկսեց հողագործությամբ զբաղվել (Ծննդոց 3։17, 18; 5։28, 29; 9։20

Նոյն ու իր ընտանիքը, տապանից դուրս գալով, ոտք դրեցին մաքրված երկրի վրա

Այդ նույն ժամանակ Եհովան Նոյի բոլոր սերունդներին տվեց հստակ ու պարզ օրենքներ, որոնք պաշտպանելու էին նրանց։ Դրանցից էին, օրինակ, մարդասպանության և արյան մասին օրենքները։ Աստված նաև ուխտ հաստատեց մարդկանց հետ՝ խոստանալով, որ այլևս ջրհեղեղ չի բերի երկիրը կործանելու համար, և որպես նշան՝ երկնակամարում ծիածան կապեց։ Այդ երևույթը մարդիկ առաջին անգամ տեսան։ Մինչ օրս ծիածանը հիշեցնում է մեզ Եհովայի տված խոստման մասին (Ծննդոց 9։1–17

Եթե Նոյի պատմությունը առասպել լիներ, ապա կավարտվեր այն գեղեցիկ դրվագով, երբ ծիածան երևաց։ Սակայն Նոյը իրական անձնավորություն էր, որը բազում դժվարություններ ունեցավ կյանքում։ Նրա օրերում մարդիկ երկար էին ապրում, ուստի այս հավատարիմ ծառան ջրհեղեղից հետո ապրեց ևս 350 տարի։ Մի անգամ Նոյը լուրջ սխալ թույլ տվեց։ Նա հարբեց, իսկ դա մեկ ուրիշ սխալ ծնեց. իր թոռ Քանանը լուրջ մեղք գործեց, որը վատ հետևանքներ ունեցավ նրա ընտանիքի վրա։ Նեբրովթի օրերում Նոյը տեսավ, թե ինչպես են իր սերունդները զբաղվում կռապաշտությամբ ու բռնությամբ։ Սակայն նա տեսավ նաև, թե հավատի ինչ հրաշալի օրինակ է իր որդի Սեմը (Ծննդոց 9։21–28; 10։8–11; 11։1–11

Նոյի պես՝ մենք էլ պետք է ամուր հավատ ունենանք՝ չնայած տարբեր դժվարություններին։ Երբ մեր շուրջը գտնվող մարդիկ մերժում են ճշմարիտ Աստծուն կամ դադարում են նրան ծառայելուց, մենք պետք է հավատարիմ մնանք Աստծուն։ Եհովան շատ է գնահատում մեր հավատարմությունը։ Ինչպես Հիսուսն ասաց, «ով որ մինչև վերջ համբերի, նա կփրկվի» (Մատթեոս 24։13

^ պարբ. 17 Ոմանք կարծում են, որ Աստված հնարավոր է՝ այնպես է արել, որ կենդանիները ընդարմացած ու քնկոտ վիճակում լինեն, որպեսզի ավելի քիչ սնունդ ծախսվի։ Անկախ նրանից՝ դա այդպես է, թե ոչ, Աստված պահեց իր խոստումը՝ փրկելով տապանի մեջ եղողներին։

^ պարբ. 22 Երկրի վրա այլևս չկար նաև Եդեմի պարտեզը, որը հավանաբար սրբել-տարել էր ջրհեղեղը։ Եթե դա է իրողությունը, ապա քերովբեները, որոնք հսկում էին պարտեզի մուտքը, 1600 տարի իրենց նշանակումը կատարելուց հետո վերադարձել էին երկինք (Ծննդոց 3։22–24