Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Հուլիս 2013

 ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ

«Այլևս չեմ մտածում, թե աշխարհը ես պետք է փոխեմ»

«Այլևս չեմ մտածում, թե աշխարհը ես պետք է փոխեմ»
  • ԾՆՎԵԼ Է՝ 1966թ.

  • ԵՐԿԻՐԸ՝ ՖԻՆԼԱՆԴԻԱ

  • ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱԿՏԻՎԻՍՏ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։

Մանկուց սիրել եմ բնությունը։ Ընտանիքով հաճախ էինք գնում մեր հայրենի Յուվյասկյուլյա (Կենտրոնական Ֆինլանդիա) քաղաքի շրջակա անտառներում ու գեղեցիկ լճերի մոտ զբոսնելու։ Ես կենդանիներ շատ եմ սիրում։ Երեխա ժամանակ, երբ որևէ տեղ կատու կամ շուն էի տեսնում, ուզում էի գրկել։ Չափահաս տարիքում ինձ վրդովվեցնում էր այն, թե ինչպես են հաճախ մարդիկ վերաբերվում կենդանիներին։ Ի վերջո ես դարձա կենդանիների իրավունքները պաշտպանող կազմակերպության անդամ, որտեղ բոլորն ինձ համախոհ էին։

Կենդանիների իրավունքները պաշտպանելու համար հաճախ երթեր էինք կազմակերպում։ Մենք ցույցեր էինք անում և տեղեկություններ տարածում մուշտակների խանութների ու այն լաբորատորիաների մասին, որտեղ կենդանիների վրա փորձարկումներ էին կատարվում։ Անգամ կենդանիներին պաշտպանող մի նոր կազմակերպություն հիմնեցինք։ Քանի որ մենք լուրջ քայլեր էինք ձեռնարկում, հաճախ իշխանությունների թիրախն էինք դառնում։ Մի քանի անգամ ինձ նույնիսկ ձերբակալեցին ու դատի տվեցին։

Ինձ անհանգստացնում էին նաև աշխարհում առկա այլ խնդիրներ։ Ես դարձա մի շարք կազմակերպությունների անդամ, որոնց թվում էին «Միջազգային համաներում» և «Գրինփիս» կազմակերպությունները։ Ամբողջ եռանդով ներգրավված էի դրանց գործունեության մեջ։ Պաշտպանում էի աղքատ, սոված և այլ դժվարություններ ունեցող մարդկանց շահերը։

Սակայն ժամանակի ընթացքում հասկացա, որ չեմ կարող փոխել աշխարհը։ Անգամ եթե այդ կազմակերպությունները լուծեցին որոշ փոքր խնդիրներ, այնուամենայնիվ, մեծ խնդիրներն ավելի բարդացան։ Կարծես չար ուժերն իրենց ազդեցության տակ էին առել ողջ աշխարհը, և ոչ ոքի ոչինչ չէր մտահոգում։ Ես ինձ անզոր էի զգում։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։

Երբ անզորությունից թևաթափ եղա, սկսեցի մտածել Աստծու և Աստվածաշնչի մասին։ Նախկինում Եհովայի վկաների հետ Աստվածաշունչ էի ուսումնասիրել։ Թեև նրանք բարություն և անձնական  հետաքրքրություն էին դրսևորել իմ նկատմամբ, սակայն ես փոփոխություններ չէի արել, քանի որ պատրաստ չէի։ Բայց հիմա ամեն ինչ փոխվել էր։

Ձեռքս առա Աստվածաշունչը ու սկսեցի կարդալ։ Այն կարծես վերքերիս համար սպեղանի լիներ։ Նկատեցի, որ Աստվածաշնչում կան բազում համարներ, որոնք սովորեցնում են հոգ տանել կենդանիների մասին։ Օրինակ՝ Առակներ 12։10-ում գրված է, որ «արդարը հոգ է տանում իր ընտանի կենդանու մասին»։ Նաև հասկացա, որ Աստված չէ աշխարհում տիրող խնդիրների պատճառը։ Ընդհակառակը՝ Աստծու առաջնորդությանը չհետևելու պատճառով է, որ մեր խնդիրները շատանում են։ Ինձ խորապես տպավորեցին Աստծու սերն ու համբերատարությունը (Սաղմոս 103։8–14

Այդ ընթացքում ես գտա «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի մի կտրոն, լրացրի այն և ուղարկեցի նշված հասցեով։ Շուտով Եհովայի վկա մի ամուսնական զույգ այցելեց ինձ և Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեց։ Ես համաձայնվեցի, նաև սկսեցի այցելել ժողովի հանդիպումներին։ Ժամանակի ընթացքում աստվածաշնչյան ճշմարտությունները արմատներ գցեցին իմ սրտում։

Աստվածաշնչի շնորհիվ ինձ հաջողվեց մեծ փոփոխություններ անել։ Ձերբազատվեցի ծխելու և ալկոհոլը չարաշահելու սովորություններից։ Մաքուր լեզու և կոկիկ տեսք ձեռք բերեցի։ Հրաժարվեցի անբարո ապրելակերպից։ Նաև փոխեցի իմ վերաբերմունքը իշխանությունների հանդեպ (Հռոմեացիներ 13։1

Սակայն ամենադժվարը կենդանիների և մարդկանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունների նկատմամբ հավասարակշռված տեսակետ ունենալն էր։ Դրա համար ժամանակ էր անհրաժեշտ։ Սկզբում ինձ թվում էր, որ, եթե դուրս գամ այդ կազմակերպություններից, նրանց դավաճանած կլինեմ։ Սակայն ժամանակի ընթացքում հասկացա, որ մարդկանց խնդիրների լուծման համար միակ հույսը Աստծու Թագավորությունն է։ Ուստի որոշեցի ամբողջ ուժով ու եռանդով աջակցել Թագավորության շահերին և օգնել ուրիշներին սովորելու այդ Թագավորության մասին (Մատթեոս 6։33

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։

Որպես ակտիվիստ՝ ես մարդկանց բաժանել էի երկու խմբի՝ լավ և վատ, ու պատրաստ էի պայքարելու նրանց դեմ, ում վատ մարդ էի համարում։ Սակայն Աստվածաշունչը օգնեց ինձ ատելությամբ չլցվելու ուրիշների հանդեպ, այլ քրիստոնեական սեր դրսևորելու բոլորի նկատմամբ (Մատթեոս 5։44)։ Այսպիսի սեր դրսևորելու կերպերից մեկը Աստծու Թագավորության մասին բարի լուրը քարոզելն է։ Ուրախանում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ դրա շնորհիվ խաղաղություն, ուրախություն և հույս ձեռք բերում։

Այժմ ներքին խաղաղություն ունեմ, քանի որ ամեն բան Եհովայի ձեռքն եմ հանձնել։ Համոզված եմ, որ նա՝ որպես Արարիչ, թույլ չի տա, որ մարդիկ ու կենդանիները շարունակ վատ վերաբերմունքի արժանանան, կամ որ մեր գեղեցիկ Երկիրը կործանվի։ Ավելին, իր Թագավորության միջոցով Աստված շուտով կփոխհատուցի բոլոր վնասները (Եսայիա 11։1–9)։ Ինձ մեծ ուրախություն է պարգևում ոչ միայն այս ճշմարտությունն իմանալը, այլև այն, որ կարող եմ օգնել ուրիշներին հավատ դրսևորելու Աստծու խոստումների հանդեպ։ Այլևս չեմ մտածում, թե աշխարհը ես պետք է փոխեմ։