Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈՒԼԻՍ 2013

 ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ

Երկրորդ ամուսնություն. հաջողության գաղտնիքները

Երկրորդ ամուսնություն. հաջողության գաղտնիքները

ՀԵՐՄԱՆ *. «34 տարի համատեղ կյանքից հետո առաջին կինս քաղցկեղից մահացավ։ Երբ նորից ամուսնացա, Լինդան՝ երկրորդ կինս, մտածում էր, թե ես նրան անընդհատ համեմատում եմ նախկին կնոջս հետ։ Նա ավելի էր նեղվում, երբ ընկերներս խոսում էին նախկին կնոջս լավ հատկությունների մասին»։

ԼԻՆԴԱ. «Հերմանի հետ ամուսնությունից հետո թվում էր, թե ինձ երբեք չեն գնահատի այնպես, ինչպես նրա առաջին կնոջը։ Նա շատ սիրալիր, մեղմ ու լավ անձնավորություն է եղել։ Երբեմն մտածում եմ՝ կկարողանա՞մ Հերմանի հետ այնքան մտերիմ լինել, որքան նա է եղել»։

Հերմանն ու Լինդան ուրախ են, որ հանդիպել են իրար։ Լինդան, որը ամուսնալուծվել է իր առաջին ամուսնուց, ասում է, որ Հերմանը իր երազած ասպետն է։ Այնուհանդերձ, ինչպես նրանք են խոստովանում, երկրորդ ամուսնության մեջ կարող են լինել այնպիսի խնդիրներ, որոնք չեն եղել առաջին ամուսնության ընթացքում *։

Եթե վերամուսնացել եք, ինչպիսի՞ն է ձեր երկրորդ ամուսնությունը։ Թամարա անունով մի կին, որը ամուսնալուծվելուց երեք տարի հետո ամուսնացել է, ասում է. «Երբ առաջին անգամ ես ամուսնանում, մտածում ես, որ այդ միությունը հավիտյան կտևի։ Սակայն երկրորդ անգամ ամուսնանալիս այլևս այդպես չես մտածում»։

Շատերը, այնուամենայնիվ, գտել են իրենց ընտանիքի հաջողության բանալին և երջանիկ են։ Դու նույնպես կարող ես երջանիկ լինել։ Ինչպե՞ս։ Նկատի առնենք, թե ինչ երեք խնդիրներ են հիմնականում ծագում երկրորդ ամուսնության  մեջ, և տեսնենք, թե ինչպես կարող են աստվածաշնչյան սկզբունքները օգնել հաղթահարելու դրանք *։

ԽՆԴԻՐ 1. ՆԱԽԿԻՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՎԱՏ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼ ՆԵՐԿԱՅԻՍ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ

«Չեմ կարողանում մոռանալ իմ առաջին ամուսնության հետ կապված հուշերը, հատկապես երբ գնում ենք այն նույն վայրերը, որտեղ նախկին ամուսնուս հետ եմ արձակուրդ գնացել,— ասում է Էլենը, որն ապրում է Հարավային Աֆրիկայում։— Երբեմն ամուսնուս համեմատում են իմ նախկին ամուսնու հետ»։ Եթե ձեր կողակիցը նախկինում ամուսնացած է եղել, ձեզ կարող է վրդովեցնել այն, որ նա հաճախ խոսում է իր առաջին ամուսնության մասին։

Հաճելի դարձրեք ձեր ամուսնական կյանքը

ԱՌԱՋԱՐԿ։ Ընդունիր այն փաստը, որ անիրական է ակնկալել, որ դու կամ քո կողակիցը կմոռանաք առաջին ամուսնությունը, հատկապես եթե այն տարիներ է տևել։ Ոմանք խոստովանում են, որ երբեմն իրենց կողակցին ակամայից նախկին կողակցի անունով են դիմել։ Ինչպե՞ս կարելի է վարվել նման իրավիճակում։ «Ձգտեք հասկանալ իրար»,— խորհուրդ է տալիս Աստվածաշունչը (1 Պետրոս 3։8, New Century Version)։

Մի՛ խանդիր և մի՛ արգելիր, որ կողակիցդ հիշատակի իր առաջին ամուսնության մասին։ Եթե նա ցանկանում է զրուցել իր նախկին կողակցի մասին, կարեկցանքով լսիր նրան։ Անմիջապես մի՛ մտածիր, թե քեզ համեմատում է նրա հետ։ «Կինս՝ Քեյթլին, երբեք դեմ չի եղել, որ խոսեմ նախկին կնոջս մասին,— ասում է Իենը, որը ամուսնացել է Քեյթլիի հետ տասը տարի առաջ։— Ընդհակառակը՝ ինձ ավելի լավ ճանաչելու հնարավորություն է դա համարել»։ Նման զրույցները կարող են օգնել ավելի մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելու կողակցի հետ։

Կենտրոնացիր ներկա կողակցիդ դրական ու բացառիկ հատկությունների վրա։ Ինչ խոսք, նա գուցե չունենա այն հատկությունները և ունակությունները, որ նախկին կողակիցդ ուներ, սակայն թերևս այլ հարցերում առավելություններ ունենա։ Ուստի ամրացրու քո փոխհարաբերությունները կողակցիդ հետ՝ «առանց նրան ուրիշի հետ համեմատելու», և մտածիր, թե ինչն է քեզ դուր գալիս նրա մեջ (Գաղատացիներ 6։4)։ Էդմոնդ անունով մի տղամարդ, որը երկու անգամ ամուսնացած է եղել, ասում է. «Ինչպես որ երկու տարբեր մարդկանց հետ ընկերությունները նման չեն, այնպես էլ երկու ամուսնությունները նման չեն իրար»։

Ինչպե՞ս է հնարավոր հավասարակշռված լինել և թույլ չտալ, որ նախկին ամուսնության հետ կապված հուշերը վատ անդրադառնան ներկայիս ամուսնությանդ վրա։ «Մի անգամ կնոջս ասացի, որ իմ առաջին ամուսնությունը նման է գրքի, որը գրել ենք ես ու իմ առաջին կինը,— ասում է Ջարեդը։— Ժամանակ առ ժամանակ բացում եմ այդ գիրքը, կարդում այն և խորհում մեր ապրած լավ օրերի մասին։ Սակայն այդ գիրքը այլևս իմ կյանքը չէ, քանի որ այժմ ես ու ինքը մեր գիրքն ենք գրում, և հենց սա է իմ կյանքը, որով հիմա ես երջանիկ ապրում եմ»։

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Հարցրու կողակցիդ, թե ինչ է նա զգում, երբ խոսում ես քո նախկին կողակցի մասին։ Մտածիր, թե երբ չարժե խոսել այդ մասին։

ԽՆԴԻՐ 2. ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՈՉ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՎԻՐԱՎՈՐԵԼ ՔԵԶ ԿԱՄ ԿՈՂԱԿՑԻԴ

«Մեր ամուսնությունից մի որոշ ժամանակ անց կինս զգաց, որ ընկերներիցս մի քանիսը անընդհատ քննարկում են իրեն»,— ասում է Խավիերը, որը ամուսնացել է ամուսնալուծվելուց վեց տարի հետո։ Լեո անունով մի ամուսին մեկ այլ խնդրի է բախվել։ Նա պատմում է. «Ոմանք իմ ներկայությամբ կնոջս ասում էին, թե որքան շատ են սիրում ու կարոտում իր նախկին ամուսնուն»։

ԱՌԱՋԱՐԿ։ Փորձիր մտնել ընկերներիդ դրության մեջ։ Իենը ասում է. «Կարծում եմ, որ հին ընկերների համար հաճախ դժվար է լինում շփվել իրենց ընկերոջ նոր կողակցի հետ»։ Ուստի, ինչպես Աստվածաշունչն է խորհուրդ տալիս, եղիր խոհեմ՝ ամենայն մեղմությամբ վերաբերվելով բոլոր մարդկանց (Տիտոս 3։2)։ Ժամանակ է պետք, որ ընկերները և ընտանիքի անդամները կարողանան ընդունել քո կողակցին։ Քանի որ նոր կողակից ունես, հետևաբար և նոր ընկերներ կունենաս։ Խավիերն ասում է, որ ժամանակի ընթացքում ինքը և իր կինը կարծես նոր փոխհարաբերություններ հաստատեցին հին ընկերների հետ։ Նա ավելացնում է. «Մենք նաև փորձում ենք նոր ընկերներ ձեռք բերել»։

 Հաշվի առ կողակցիդ զգացմունքները, երբ ժամանակ ես անցկացնում քո հին ընկերների հետ։ Օրինակ՝ երբ ընկերներդ սկսում են խոսել քո նախկին կողակցի մասին, նրբանկատ և ողջամիտ եղիր, որպեսզի կողակիցդ իրեն արհամարհված չզգա։ Աստվածաշունչն ասում է. «Կա մարդ, որ անմտածված է խոսում և սրի պես խոցում է, բայց իմաստունների լեզուն բուժում է» (Առակներ 12։18

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Նախօրոք մտածիր, թե որ հավաքույթների ժամանակ դու կամ կողակիցդ ձեզ լավ չեք զգա։ Միասին որոշեք, թե ինչ կարելի է ասել, եթե ձեր ընկերները հարցնեն կամ խոսեն ձեր նախկին կողակցի մասին։

ԽՆԴԻՐ 3։ ԴՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՄԲ ԵՍ ՎՍՏԱՀՈՒՄ ՔՈ ԿՈՂԱԿՑԻՆ, ՔԱՆԻ ՈՐ ՆԱԽԿԻՆ ԿՈՂԱԿԻՑԴ ԱՆՀԱՎԱՏԱՐԻՄ Է ԵՂԵԼ ՔԵԶ։

«Ես սարսափում էի այն մտքից, որ ինձ նորից կարող են դավաճանել»,— ասում է Էնդրյուն, որի նախկին կինը լքել է իրեն։ Հետագայում Էնդրյուն ամուսնացավ Ռիլիի հետ։ Նա պատմում է. «Հաճախ մտածում էի, թե արդյոք կկարողանամ Ռիլիի նախկին ամուսնու պես լավը լինել։ Վախենում էի, որ նա կորոշի, թե ես այդքան էլ լավը չեմ, և ի վերջո ինձ կլքի»։

ԱՌԱՋԱՐԿ։ Անկաշկանդ պատմիր կողակցիդ քո մտահոգությունների մասին։ Աստվածաշունչն ասում է. «Անկեղծ զրույց չլինելիս ծրագրերը խափանվում են» (Առակներ 15։22)։ Անկեղծ զրույցները օգնեցին Էնդրյուին ու Ռիլիին վստահելու իրար։ «Ես ասացի Ռիլիին, որ երբեք չեմ դիմի ապահարզանի, քանի որ դա խնդիրները լուծելու միջոց չէ,— պատմում է Էնդրյուն։— Նույն բանում վստահեցրեց ինձ Ռիլին։ Ժամանակի ընթացքում ես սկսեցի լիովին վստահել նրան»։

Եթե կողակցիդ նախկինում դավաճանել են, ամեն ինչ արա, որ շահես նրա վստահությունը։ Օրինակ՝ Միշելն ու Սաբինը, որոնք ամուսնալուծվել են իրենց նախկին կողակիցներից, որոշել են իրար տեղյակ պահել, եթե իրենցից մեկը որևէ շփում ունենա նախկին կողակցի հետ։ Սաբինը ասում է. «Այս որոշումը օգնել է մեզ ավելի հանգիստ ու ապահով զգալու» (Եփեսացիներ 4։25

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Հակառակ սեռի անհատի հետ շփվելիս հստակ սահմաններ դիր, անկախ նրանից, կհանդիպես նրան, թե կշփվես հեռախոսով կամ ինտերնետով։

Բազմաթիվ անհատներ երջանիկ են իրենց երկրորդ ամուսնության մեջ։ Դու էլ կարող ես երջանիկ լինել։ Չէ՞ որ այժմ քեզ ավելի լավ ես ճանաչում, քան առաջին ամուսնության ժամանակ։ «Ես ինձ հանգիստ ու երջանիկ եմ զգում իմ ամուսնության մեջ,— ասում է Էնդրյուն։— 13 տարվա ամուսնական կյանքը մեզ շատ է մտերմացրել, և չենք ցանկանա այդ մտերմությունը երբևէ կորցնել»։

^ պարբ. 3 Անունները փոխված են։

^ պարբ. 5 Ինչ խոսք, խնդիրները կարող են տարբեր լինել՝ կախված նրանից, թե ինչ պատճառով է նախկին ամուսնությունը ավարտվել՝ մահվան թե ամուսնալուծության։ Այս հոդվածը կօգնի ձեզ հաջողության հասնելու երկրորդ ամուսնության մեջ։

^ պարբ. 7 Խորթ երեխաների դաստիարակության հետ կապված խնդիրների մասին կարող եք կարդալ 2012թ. ապրիլի «Արթնացե՛ք»-ի «Խորթ ընտանիքների հաջողության գաղտնիքը» հոդվածաշարում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ...

  • Հատկապես ո՞ր հատկություններն են ինձ դուր գալիս կողակցիս մեջ։

  • Եթե մարդիկ սկսեն խոսել իմ առաջին ամուսնության մասին, ի՞նչ կարող եմ անել, որ չվիրավորվեն կողակցիս զգացմունքները։

Իմացիր ավելին

ՁԵՐ ԸՆՏԱՆԻՔԸ ԿԱՐՈՂ Է ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼ

Հավատարիմ եղեք միմյանց

Ամուսնության մեջ հավատարմություն դրսևորելը ավելին է, քան շնությունից խուսափելը։