Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Հուլիս 2013

 ՄՈՏԵՑԵՔ ԱՍՏԾՈՒՆ

Նա լիացնում է մեր սրտերը

Նա լիացնում է մեր սրտերը

Եհովան հոգ տանո՞ւմ է մեր մասին, թե՞ անտարբեր է մեր նկատմամբ։ Աստվածաշունչը սիրտ ջերմացնող պատասխան է տալիս այս հարցին։ Իրականում Աստված հոգ է տանում մարդկանց մասին ու ցանկանում է, որ նրանք հաճույք ստանան կյանքից։ Նա ամեն օր հնարավորություն է տալիս բոլորին, նույնիսկ երախտամոռներին, օգուտներ քաղելու իր մեծ բարությունից։ Քննենք Պողոս առաքյալի խոսքերը՝ արձանագրված Գործեր 14։16, 17-ում (կարդա՛

Լյուստրա քաղաքի բնակիչներին, որոնք Աստծու երկրպագուները չէին, Պողոս առաքյալն ասաց. «Անցած ժամանակներում նա [Աստված] թույլ տվեց, որ բոլոր ազգերն իրենց ճանապարհներով ընթանան, այնուհանդերձ ինքն իր մասին անդադար վկայություն տվեց՝ բարիք անելով. անձրևներ տվեց ձեզ երկնքից և պտղաբեր ժամանակներ, լիացրեց ձեզ ուտելիքներով և ձեր սրտերը ուրախությամբ լցրեց»։ Ի՞նչ էին նշանակում այս խոսքերը Պողոսի ունկնդիրների համար։

Լյուստրայի բնակիչների համար հասկանալի էին Պողոսի խոսքերը, քանի որ նրանցից շատերը հողագործությամբ էին զբաղվում և ապրում էին բերրի ու ջրառատ տարածքում։ Պողոսը հիշեցրեց, որ Աստված էր նրանց անձրևներ ու պտղաբեր ժամանակներ տվողը։ Այդ պատճառով էլ ամեն անգամ, երբ նրանք առատ բերք էին հավաքում և համեղ ուտելիքներ ճաշակում, իրականում օգտվում էին Աստծու բարությունից։

Պողոսի խոսքերը կարևոր դասեր են սովորեցնում մեզ Եհովա Աստծու մասին։

Եհովան մեզ ազատ կամք է տվել։ Նկատի առ, որ Եհովան թույլ տվեց հեթանոս ազգերին «իրենց ճանապարհներով ընթանալ»։ Աստվածաշնչյան մի աշխատությունում ասվում է, որ այս արտահայտությունը կարող է նշանակել «գնալ իրենց ուզած ճանապարհով», կամ՝ «վարվել այնպես, ինչպես իրենք են ճիշտ համարում»։ Եհովան չի ստիպում որևէ մեկին իրեն երկրպագել։ Նա ազատ կամք է տվել, որ մենք ընտրենք, թե կյանքի ինչ ուղով ենք ուզում ընթանալ (2 Օրենք 30։19

Եհովան ուզում է, որ ճանաչենք իրեն։ Պողոսը գրեց, որ Աստված «ինքն իր մասին անդադար վկայություն տվեց»։ Վերոնշյալ աշխատության մեջ նշվում է, որ այս արտահայտությունը կարող է թարգմանվել հետևյալ կերպ. «Նա մարդկանց հստակ ցույց է տալիս, թե ինչպիսի Աստված է ինքը»։ Աստծու ստեղծագործությունը վկայում է նրա «անտեսանելի հատկությունների», այդ թվում նաև բարության, իմաստության, զորության և սիրո մասին (Հռոմեացիներ 1։20)։ Եհովայի մասին շատ բան կարելի է իմանալ նաև Աստվածաշնչից (2 Տիմոթեոս 3։16, 17)։ Մի՞թե սա չի փաստում, որ նա ցանկանում է, որ մենք ճանաչենք իրեն։

Աստված ամեն օր հնարավորություն է տալիս բոլորին, նույնիսկ երախտամոռներին, օգուտներ քաղելու իր մեծ բարությունից

Եհովան ուզում է, որ մենք ուրախ լինենք։ Պողոսը նշեց, որ Աստված «լիացրեց [մեզ] ուտելիքներով և [մեր] սրտերը ուրախությամբ լցրեց»։ Նույնիսկ նրանք, ովքեր չեն ճանաչում Աստծուն, կարող են օգտվել նրա տված բարիքներից և ուրախ լինել։ Սակայն Աստված ցանկանում է, որ մենք իսկական ուրախություն վայելենք, և այն հարատև լինի։ Դա հնարավոր է միայն, եթե սովորենք նրա մասին ճշմարտությունը և կիրառենք կյանքում (Սաղմոս 144։15; Մատթեոս 5։3

Մենք բոլորս ամեն օր օգուտներ ենք քաղում Եհովայի բարությունից։ Չարժե՞ արդյոք ավելի շատ բան իմանալ, թե ինչպես կարող ենք մեր երախտագիտությունը հայտնել Աստծուն՝ նրան, ով լիացնում է մեզ ուտելիքներով և մեր սրտերը լցնում ուրախությամբ։

Աստվածաշնչի ընթերցանության ծրագիր հուլիս ամսվա համար

Գործեր 11–28