Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈՒՆԻՍ 2013

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ. ՆԱԽԱՊԱՇԱՐՈՒՄ. ԳԼՈԲԱԼ ԽՆԴԻՐ

Նախապաշարում. գլոբալ խնդիր

Նախապաշարում. գլոբալ խնդիր

ՋՈՆԱԹԱՆԸ, որը կորեացի է ու ծնվել է Միացյալ Նահանգներում, փոքր տարիքում ռասայական խտրականության զոհ է դարձել։ Մանկուց նա երազում էր ապրել մի վայրում, որտեղ մարդիկ նախապաշարումով լցված չէին լինի իր հանդեպ իր ռասայի կամ արտաքին տեսքի պատճառով։ Հետագայում Ջոնաթանը բժիշկ դարձավ և սկսեց աշխատել Ալյասկայի (ԱՄՆ) քաղաքներից մեկում։ Եվ քանի որ իր պացիենտներից շատերը տեսքով իրեն նման էին, նա հույս ուներ, որ այնտեղ՝ Հյուսիսային բևեռում, պաշտպանված կլինի նախապաշարման դրսևորումներից։

Սակայն մի օր, երբ բուժօգնություն էր ցույց տալիս 25 տարեկան մի կնոջ, նա հիասթափություն ապրեց։ Այդ կինը, դուրս գալով կոմայից, նայեց Ջոնաթանի երեսին ու սկսեց անիծել նրան՝ արտահայտելով իր խոր ատելությունը կորեացիների հանդեպ։ Այդ օրվանից Ջոնաթանը հասկացավ, որ նախապաշարումից խուսափելու իր բոլոր ջանքերն անիմաստ են։

Ջոնաթանի հետ պատահածը այսօրվա դառը իրականությունն է։ Նախապաշարումը գլոբալ խնդիր է. որտեղ կան մարդիկ, այնտեղ կա նախապաշարում։

 Չնայած որ շատերը դատապարտում են նախապաշարումը, այնուամենայնիվ այն լայն տարածում ունի այսօր։ Սա իրոք որ պարադոքս է։ Ինչպե՞ս կարող է մի բան դատապարտվել և միևնույն ժամանակ այդքան շատ տարածված լինել։ Շատերը, ովքեր ասում են, թե ատում են նախապաշարումը, չեն գիտակցում, որ իրենք էլ ունեն նախապաշարում։ Իսկ ի՞նչ կարելի է ասել քո մասին։

ԱՆՁՆԱԿԱՆ ԽՆԴԻՐ

Անկախ նրանից՝ գիտակցում ենք, թե ոչ, դժվար է պարզել, թե արդյոք մեր սրտում կա նախապաշարում։ Աստվածաշունչը հայտնում է, թե որն է պատճառը. «Նենգավոր է սիրտը ամեն բանից առավել և անհուսալի» (Երեմիա 17։9)։ Մենք գուցե խաբենք ինքներս մեզ՝ մտածելով, որ մեզ համար բոլոր մարդիկ հավասար են, կամ էլ մտածենք, որ հիմնավոր պատճառ ունենք բացասաբար վերաբերվելու այս կամ այն խմբի մարդկանց։

Ի՞նչ կմտածես, եթե նման իրավիճակում հայտնվես

Մի օրինակ կօգնի մեզ հասկանալու, թե արդյոք մեր սրտում կա նախապաշարում։ Պատկերացրու՝ մենակ քայլում ես մութ փողոցով։ Հանկարծ տեսնում ես, որ քո կողմ են գալիս երկու անծանոթ հաղթանդամ տղամարդիկ։ Նկատում ես, որ նրանցից մեկի ձեռքին ինչ-որ բան կա։

Գուցե կյանքիդ դառը փորձը հուշի քեզ, որ պետք է զգույշ լինել նրանցից։ Սակայն արդյո՞ք դա պատճառ է մտածելու, որ այդ երկու տղամարդիկ վտանգավոր են։ Ի՞նչ ռասայի կամ ազգի կպատկերացնես նրանց։ Մի՞թե այդ պատճառով կզգուշանաս նրանցից։ Քո տված պատասխանը կբացահայտի, թե արդյոք քո սրտում նախապաշարում կա։

Եթե անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, ապա կընդունենք, որ բոլորս էլ սրտի խորքում ինչ-որ չափով ունենք նախապաշարում։ Այդ մասին է վկայում նույնիսկ Աստվածաշունչը. «Մարդիկ ուրիշներին դատում են արտաքինից» (1 Սամուել 16։7, Contemporary English Version)։ Քանի որ մեզանից յուրաքանչյուրը ունի նման հակվածություն, ինչը հաճախ աղետալի հետևանքներ է բերում, կա՞ հույս, որ երբևէ կձերբազատվենք այդ վատ հակումից։ Կգա՞ ժամանակ, երբ բոլոր մարդիկ զերծ կլինեն նախապաշարումից։