Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Հունիս 2013

Գանձ, որ դարեր շարունակ թաքնված է եղել

Գանձ, որ դարեր շարունակ թաքնված է եղել

Գիտնականը չէր հավատում իր աչքերին։ Նա նորից ու նորից ուշադիր զննում էր հին ձեռագիրը։ Տեքստի գրատեսակն ու քերականությունը վկայում էին այն մասին, որ նրա առջև դրված է վրացերեն Աստվածաշնչի ամենահին թարգմանության ձեռագիր պատառիկ։

ԱՅՍ գանձը հայտնաբերվեց 1922թ. դեկտեմբերի վերջին, երբ վրացի ակադեմիկոս Իվանե Ջավախիշվիլին ուսումնասիրում էր վրացական գրերի ստեղծումը։ Նա քննում էր Երուսաղեմի Թալմուդի ձեռագիր մատյանը, երբ հանկարծ եբրայերեն տեքստի տակ նկատեց մասամբ ջնջված վրացական տառեր *։

Թալմուդի ձեռագրի տակ «թաքնված» տեքստը Աստվածաշնչի «Երեմիա» գրքից մի հատվածի կրկնօրինակ էր և թվագրվում էր մ.թ. 5-րդ դարով։ Նախքան այս հայտնագործությունը վրացերեն Աստվածաշնչի ամենահին ձեռագիրը մ.թ. 9-րդ դարի ձեռագիրն էր։ Շատ չանցած՝ գտնվեցին նաև Աստվածաշնչի մյուս գրքերից հատվածներ, որոնք թվագրվում էին մ.թ. 5-րդ դարով և նույնիսկ ավելի վաղ ժամանակաշրջանով։ Այդ ձեռագրերը արվել էին Հիսուսի և առաքյալների ապրած տարիներից ընդամենը մի քանի հարյուր տարի հետո։

Ո՞վ էր արել այդ թարգմանությունը։ Այն մե՞կ հոգու աշխատանքի արդյունք էր, թե՞ մի խումբ անձնվեր թարգմանիչների։ Մինչ օրս ոչ մի պատմական արձանագրություն չի հայտնաբերվել, որը կպատասխանի այս հարցերին։ Սակայն ակնհայտ է, որ Աստվածաշունչը կամ առնվազն որոշ հատվածներ վրացերեն են թարգմանվել 4-րդ դարում, և Աստծու Խոսքը մատչելի է եղել վրաց ժողովրդին իրենց մայրենի լեզվով։

Այն մասին, թե որքանով են վրացիները ծանոթ եղել Աստվածաշնչին, տեղեկություն ենք գտնում «Սուրբ Շուշանիկ թագուհու նահատակությունը» գրքում (հավանաբար գրվել է 5-րդ դարի վերջում)։ Հեղինակը, պատմելով թագուհու ողբերգական մահվան մասին, մեջբերումներ է անում «Սաղմոսներ» գրքից, Ավետարաններից և Աստվածաշնչի ուրիշ հատվածներից։ Նաև պատմում է, որ պարսիկ շահերի հաճությանն արժանանալու համար Շուշանիկի ամուսին Վարսկենը՝ Քարթլիի թագավորության իշխանը, թողեց քրիստոնեությունը, պարսիկների զրադաշտությունն ընդունեց և կնոջն էլ ստիպեց նույնն անել։ Ինչպես նշվում է այդ գրքում, Շուշանիկը չուրացավ իր հավատը և, նախքան մահապատժի ենթարկվելը, մխիթարվում էր Սուրբ Գիրքը կարդալով։

 5-րդ դարից սկսած՝ Աստվածաշունչը վրացերեն թարգմանելու և արտագրելու գործը, ակներևաբար, չի դադարել։ Գտնված վրացերեն բազմաթիվ ձեռագրերը անձնվեր թարգմանիչների և արտագրողների անխոնջ աշխատանքի լուռ վկայությունն են։ Այժմ փոքր-ինչ մոտիկից ծանոթանանք վրացերեն Աստվածաշնչի թարգմանության և տպագրության գործին։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԹՈՆՔԸ

«Ես՝ Գիորգիս՝ համեստ վանականս, ջանասիրությամբ ու մեծ եռանդով նոր հունարենից վրացերեն թարգմանեցի «Սաղմոսներ» գիրքը»»։ Սրանք 11-րդ դարում ապրած վրացի վանական Գիորգի Մթածմինդելիի խոսքերն են։ Ինչո՞ւ կարիք կար Աստվածաշունչը թարգմանելու վրացերեն, եթե այն մի քանի դար առաջ արդեն թարգմանվել էր։

Մինչև 11-րդ դարը վրացերեն Աստվածաշնչի շատ քիչ ձեռագրեր էին պահպանվել։ Որոշ գրքեր ընդհանրապես կորել էին։ Նաև լեզուն էր փոխվել, և ընթերցողները դժվարությամբ էին հասկանում ձեռագրերում գրվածը։ Ուստի մի շարք թարգմանիչներ փորձեցին վերականգնել Աստվածաշունչը, սակայն այդ գործում ամենամեծ դերը ունեցավ Գիորգին։ Նա համեմատեց վրացերեն առկա ձեռագրերը հունարեն ձեռագրերի հետ և թարգմանեց բացակայող հատվածները, նույնիսկ ամբողջական գրքեր։ Ցերեկը նա վանքում իր ծառայությունն էր կատարում, գիշերը Աստվածաշունչ էր թարգմանում։

Իսկ Գիորգիի ժամանակակից Էփրեմ Մծիրեն, թարգմանելուց բացի, նաև թարգմանիչների համար, կարելի է ասել, ուղեցույց կազմեց։ Այնտեղ նշվում էին թարգմանչական հիմնական սկզբունքները, ինչպիսիք են՝ հնարավորության դեպքում օգտվել բնագիր տեքստից և հնարավորինս բնագրին մոտ թարգմանություն անել՝ առանց տեքստի բնականությունը զոհելու։ Նա վրացերեն թարգմանություններում նաև մտցրեց ծանոթագրությունների և զուգահեռ հղումների կիրառությունը։ Էփրեմը Աստվածաշնչի մի քանի գրքերի ամբողջովին նոր թարգմանություն արեց։ Գիորգին և Էփրեմը ամուր հիմք ստեղծեցին հետագա թարգմանչական գործունեության համար։

Հաջորդ դարում վրաց գրականությունը մեծ զարգացում ապրեց։ Գելաթի և Իղալթո քաղաքներում ակադեմիաներ հիմնվեցին։ Ներկայումս Վրաստանի Ձեռագրերի ազգային կենտրոնում պահված է «Գելաթիի Աստվածաշունչ» կոչվող մի մատյան։ Շատ գիտնականներ այն կարծիքին են, որ դա Աստվածաշնչի բոլորովին նոր թարգմանություն է և արվել է Գելաթիի կամ Իղալթոյի գիտնականներից մեկի կողմից։

Ի՞նչ ազդեցություն է ունեցել Աստվածաշնչի թարգմանությունը վրաց ժողովրդի վրա։ 12-րդ դարի վրացի բանաստեղծ Շոթա Ռուսթավելին գրեց «Վեփխիստղաոսանի» («Ընձենավոր») պոեմը, որն այնքան մեծ ճանաչում գտավ, որ դարեր շարունակ համարվում էր վրացիների երկրորդ Աստվածաշունչը։ Ժամանակակից վրացի գրականագետ Կ. Կեկելիձեն այն կարծիքին է, որ այդ ստեղծագործության մեջ բանաստեղծի «որոշ հայացքները  պարզ արտացոլումն են Աստվածաշնչի տարբեր հատվածների»։ Չնայած որ բանաստեղծության մեջ հեղինակը ներկայացնում է մտացածին պատմություն, սակայն զարգացնում է իսկական ընկերության, առատաձեռնության, կանանց հանդեպ հարգանքի և այլազգիների հանդեպ անձնազոհ սիրո թեմաները։ Այս արժեքները, որոնց ակունքը Աստվածաշունչն է, իրենց դրոշմն են թողել վրաց ժողովրդի մտածողության վրա և մինչ օրս նրանց հայացքների և մշակույթի անբաժանելի մասն են կազմում։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

17-րդ դարի վերջում Վրաստանի արքունական ընտանիքը հետաքրքրված էր Աստվածաշնչի տպագրությամբ։ Այդ նպատակով Վախթանգ VI թագավորը մայրաքաղաք Թբիլիսիում տպագրատուն կառուցեց։ Սակայն Աստվածաշունչը պատրաստ չէր տպագրության։ Վրացերեն Աստվածաշունչն ասես դարձյալ «թաքնվել» էր։ Միայն որոշ հատվածներ էին առկա, և լեզուն էլ արդեն հին էր։ Աստվածաշնչի վերանայման և վերականգնման աշխատանքները վստահվեցին փորձառու լեզվաբան Սուլխան-Սաբա Օրբելիանիին։

Օրբելիանին բարեխղճորեն կատարեց իր աշխատանքը։ Լինելով մի շարք լեզուների, այդ թվում նաև հունարենի և լատիներենի գիտակ՝ նա տարբեր ձեռագրեր համեմատում էր ձեռքի տակ եղած վրացերեն ձեռագրերի հետ։ Սակայն նրա անկողմնակալ մոտեցումը դուր չեկավ վրացական ուղղափառ եկեղեցուն։ Հոգևորականությունը մեղադրեց նրան եկեղեցու դավաճան լինելու մեջ և փորձեց համոզել թագավորին արգելել նրա աշխատանքը։ Ըստ որոշ աղբյուրների՝ եկեղեցու խորհրդի ժամանակ Օրբելիանիին ստիպեցին այրել Աստվածաշունչը՝ տարիներ տևած իր փութաջան աշխատանքի արդյունքը։

Հատկանշական է, որ մեր օրեր հասած Մցխեթայի ձեռագիրը, որը կոչվում է նաև «Սաբայի Աստվածաշունչ», պարունակում է Օրբելիանիի ձեռագիր մեկնաբանությունները։ Սակայն որոշ մասնագետներ կասկածում են, որ սա այն Աստվածաշունչն է, որի դեմ հոգևորականությունը մարտնչում էր, և միայն հավելվածի նյութն են վերագրում Օրբելիանիին։

Չնայած դժվարություններին՝ արքունական ընտանիքի որոշ անդամներ շարունակեցին նախապատվություն տալ Աստվածաշնչի տպագրությանը։ 1705–1711թթ.-ին լույս տեսան Աստվածաշնչի որոշ հատվածներ։ Բակարի և Վախուշթի իշխանների ջանքերի շնորհիվ 1743թ.-ին ի վերջո տպագրվեց ամբողջ Աստվածաշունչը։ Այն այլևս չէր կարող թաքնված մնալ։

^ պարբ. 3 Հին ժամանակներում որպես թուղթ օգտագործվող նյութը հազվագյուտ էր և թանկ արժեր։ Այդ պատճառով հին տեքստը ջնջում էին և նոր տեքստ գրում։ Դրանք կոչվում էին կրկնագիր ձեռագրեր։