Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՄԱՐՏ 2013

 ՍՈՎՈՐԵՑՐԵՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Պետրոսն ու Անանիան սուտ խոսեցին. ի՞նչ դաս ենք քաղում

Պետրոսն ու Անանիան սուտ խոսեցին. ի՞նչ դաս ենք քաղում

Սուտը մի բան է, որ մարդն ասում է՝ իմանալով, որ դա ճիշտ չէ։ Երբևէ սուտ խոսե՞լ ես։~  * Նույնիսկ որոշ մեծահասակներ, ովքեր սիրում են Աստծուն, սուտ են խոսել։ Հավանաբար Աստվածաշնչից հիշում ես Պետրոսին, որը սուտ խոսեց։ Նա Հիսուսի 12 առաքյալներից մեկն էր։ Արի տեսնենք, թե ինչու նա սուտ խոսեց։

Հիսուսին ձերբակալելուց հետո նրան տանում են քահանայապետի տուն։ Կեսգիշեր է։ Պետրոսը մտնում է քահանայապետի տան բակ։ Սկզբում նրան ոչ ոք չի նկատում։ Սակայն կրակի վառ լույսի տակ քահանայապետի աղախինը ճանաչում է նրան։ «Դու էլ էիր գալիլեացի Հիսուսի հետ»,— ասում է նա։ Պետրոսը վախենալով հերքում է։

Աստվածաշունչն ասում է, որ հետո «մեկ ուրիշ աղախին է նկատում նրան» և ասում. «Այս մարդը նազովրեցի Հիսուսի հետ էր»։ Բայց նորից Պետրոսը հերքում է։ Քիչ անց այնտեղ կանգնածները մոտենում են նրան ու ասում. «Հաստատ դու էլ ես նրանցից մեկը»։

Պետրոսը խուճապի է մատնվում։ Այսպիսով՝ երեք անգամ նա ստում է՝ ասելով. «Ես չեմ ճանաչում այդ մարդուն», և աքաղաղը կանչում է։ Հիսուսը նայում է Պետրոսին, և Պետրոսը հիշում է, որ մի քանի ժամ առաջ Հիսուսը նրան ասել էր. «Աքաղաղը դեռ չկանչած՝ դու երեք անգամ կուրանաս ինձ»։ Նա դուրս է գալիս ու դառնագին լաց լինում։ Նա զղջում է իր արածի համար։

Քեզ հետ նման բան պատահե՞լ է։~ Հնարավոր է՝ դպրոցում դասարանցիներդ սկսեն խոսել Եհովայի վկաների մասին։ Գուցե մեկն ասի. «Նրանք դրոշին պատիվ չեն տալիս», մյուսն էլ ավելացնի՝ «նրանք չեն կռվում հայրենիքի համար», մեկ ուրիշն  էլ, թե՝ «նրանք իսկական քրիստոնյաներ չեն, քանի որ Սուրբ Ծնունդ չեն նշում»։ Հետո նրանցից մեկը գուցե հարցնի քեզ. «Դու Եհովայի վկա չե՞ս»։ Ի՞նչ կպատասխանես։~ 

Դու պետք է նախօրոք պատրաստ լինես նման իրավիճակում պատասխան տալու համար։ Պետրոսը նախապատրաստված չէր։ Այդ պատճառով ճնշման տակ սուտ խոսեց։ Սակայն զղջաց իր արածի համար, և Աստված ներեց նրան։

Անանիա անունով մի քրիստոնյա նույնպես սուտ խոսեց։ Նրա կինը՝ Սաֆիրան, համախոհ էր իր ամուսնուն։ Աստված չներեց նրանց։ Տեսնենք, թե ինչու։

Հիսուսի՝ երկինք համբարձվելուց տասը օր հետո Երուսաղեմում մոտ 3000 մարդ մկրտվեց։ Շատերը եկել էին հեռավոր երկրներից՝ նշելու Պենտեկոստեի տոնը։ Քրիստոնյա դառնալուց հետո նրանք ցանկացան մնալ ու ավելին սովորել իրենց նոր հավատի մասին։ Հիսուսի աշակերտներից ոմանք իրենց փողով հոգում էին նրանց կարիքները։

Անանիան և նրա կինը վաճառեցին իրենց կալվածքը, որ օգնեն վերջերս մկրտված մարդկանց։ Երբ Անանիան փողը տվեց առաքյալներին, ասաց, որ դա ողջ գումարն է։ Բայց դա սուտ էր։ Նա փողի մի մասը թաքցրել էր։ Աստված հայտնեց այդ մասին Պետրոսին, և Պետրոսն ասաց Անանիային. «Դու ոչ թե մարդկանց ստեցիր, այլ Աստծուն»։ Այդ պահին Անանիան վայր ընկավ և մահացավ։ Մոտավորապես երեք ժամ հետո եկավ նրա կինը։ Չիմանալով, թե ինչ է պատահել իր ամուսնուն՝ նա նույնպես ստեց և վայր ընկավ ու մահացավ։

Ի՞նչ դաս ենք քաղում. ճիշտ խոսելը կարևոր է։ Բոլորս էլ սխալներ ենք անում, հատկապես երիտասարդ տարիքում։ Ուրախ չե՞ս, որ Եհովան սիրում է քեզ և պատրաստ է ներելու այնպես, ինչպես ներեց Պետրոսին։~ Բայց դրա համար դու պետք է միշտ ճիշտը ասես։ Եվ եթե հանկարծ այնպես լինի, որ սուտ խոսես, պետք է խնդրես Աստծուն, որ ների քեզ։ Այդպես վարվեց Պետրոսը և ներում ստացավ։ Եթե ձգտես այլևս սուտ չխոսել, Աստված քեզ նույնպես կների։

^ պարբ. 3 Եթե ընթերցում եք երեխայի հետ, ալիքաձև նշանը հիշեցնում է, որ պետք է դադար տալ և քաջալերել երեխային արտահայտվել։