Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՓԵՏՐՎԱՐ 2013

 Ընտանեկան երջանկության բանալին

Երեխադ հաշմանդա՞մ է

Երեխադ հաշմանդա՞մ է

ԿԱՐԼՈ *. «Մեր որդին՝ Անջելոն, Դաունի հիվանդություն ունի։ Նրա հիվանդությունը քամում է մեր ֆիզիկական, էմոցիոնալ ու մտային ուժերը։ Որքան ուժ որ սպառվում է առողջ երեխային հոգ տանելու համար, դրա հարյուրապատիկը պահանջվում է հիվանդ երեխային խնամելու համար։ Երբեմն դա ազդում է իմ ու կնոջս փոխհարաբերությունների վրա»։

ՄԻԱ. «Հաստատակամություն ու ծով համբերություն է պահանջվում Անջելոյին ամենապարզ բաները սովորեցնելու համար։ Երբ շատ եմ հոգնում, դյուրագրգիռ եմ դառնում և զայրանում եմ ամուսնուս վրա։ Երբեմն լինում է, որ չենք համաձայնվում որևէ հարցում և սկսում ենք վիճել»։

Հիշո՞ւմ ես այն օրը, երբ ծնվեց երեխադ։ Դու սրտատրոփ սպասում էիր, թե երբ ես գրկելու նրան։ Սակայն երբ բժիշկները ծնողներին ասում են, որ իրենց երեխան հիվանդ է կամ հաշմանդամ, ուրախությունը փոխվում է մտահոգության։

Հաշմանդամ երեխա՞ ունես։ Թերևս մտածում ես՝ ի՞նչ եմ անելու։ Սակայն պետք չէ հուսահատվել։ Հիվանդ երեխա ունեցող շատ ծնողների հաջողվում է հաղթահարել այսպիսի դժվարություններ։ Քննենք, թե ինչ երեք հիմնական խնդիրներ գուցե բախվես և թե ինչպես կարող է Աստվածաշունչը օգնել քեզ։

ԽՆԴԻՐ 1. ՉԵՍ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ ԻՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Շատ ծնողներ մեծ հուսահատություն են ապրում, երբ իմանում են, որ իրենց երեխան հիվանդ է։ «Երբ  բժիշկն ասաց, որ մեր որդին՝ Սանտիագոն, ուղեղային պարալիչ ունի, ասես աշխարհը փուլ եկավ գլխիս։ Հավատս չէր գալիս»,— ասում է Ջուլիանան (Մեքսիկա)։ Ոմանք էլ գուցե իրենց մեղավոր զգան, ինչպես Վիլանան (Իտալիա)։ Նա պատմում է. «Չնայած իմ տարիքի հետ կապված ռիսկին՝ ես որոշեցի երեխա ունենալ։ Իսկ այժմ, տեսնելով Դաունի հիվանդությամբ տառապող տղայիս, ինձ մեղավոր եմ զգում»։

Եթե դու էլ ես ունենում հուսահատության կամ մեղավորության զգացում, իմացիր, որ դա բնական է։ Աստված չէր նպատակադրել, որ մարդը հիվանդանար (Ծննդոց 1։27, 28)։ Ծնողներին նա չի ստեղծել այնպիսի ունակությամբ, որ հեշտությամբ ընդունեն բաներ, որոնք բնական չեն։ Ուստի ժամանակ է հարկավոր, որ հույզերդ հանդարտվեն ու համակերպվես նոր իրավիճակին։

Քեզ մեղավո՞ր ես զգում, որ երեխադ հիվանդ է։ Հիշիր, որ ոչ ոք ստույգ չի կարող իմանալ, թե ժառանգականությունը, միջավայրը և այլ գործոններ ինչ ազդեցություն կունենան երեխայի առողջության վրա։ Հնարավոր է նաև, որ մեղադրես կողակցիդ։ Դրա փոխարեն ավելի լավ կլինի՝ համագործակցես նրա հետ և ուշադրությունդ կենտրոնացնես երեխային հոգ տանելու վրա (Ժողովող 4։9, 10

ԱՌԱՋԱՐԿ. Տեղեկացիր երեխայիդ վիճակի մասին։ Աստվածաշունչն ասում է. «Տունը իմաստությամբ կկառուցվի և խորաթափանցությամբ կհաստատվի» (Առակներ 24։3

Երեխայիդ հիվանդության մասին շատ բան կարող ես իմանալ բժիշկներից և տեղեկատվական վստահելի աղբյուրներից։ Դա կարելի է համեմատել նոր լեզու սովորելու հետ։ Սկզբում գուցե դժվար լինի, բայց վստահ եղիր, որ դու կկարողանաս։

Կարլոն ու Միան իրենց որդու հիվանդության մասին տեղեկություն ստացան բժշկից և այն կազմակերպությունից, որը աջակցություն է ցույց տալիս այդպիսի հիվանդներին։ «Դա օգնեց մեզ ոչ միայն իմանալու, թե ինչ սահմանափակումներ կարող է ունենալ Դաունի հիվանդություն ունեցողը, այլև թե ինչ է ի վիճակի անելու նա,— պատմում են նրանք։— Մենք հասկացանք, որ կյանքի որոշ բնագավառներում մեր տղան կարող է ապրել նորմալ մարդու պես։ Դա մեզ բավականին մխիթարեց»։

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ. Կենտրոնացիր նրա վրա, թե ինչ կարող է անել երեխադ։ Ողջ ընտանիքով միասին ժամանակ անցկացրեք։ Երբ երեխան նույնիսկ փոքր «հաջողություններ» է ունենում, գովեք նրան ու նրա հետ ուրախացեք։

ԽՆԴԻՐ 2. ՔԵԶ ՍՊԱՌՎԱԾ ՈՒ ՄԵՆԱԿ ԵՍ ԶԳՈՒՄ

Երբեմն հիվանդ երեխային խնամելը քամում է ողջ ուժերը։ Ջենին (Նոր Զելանդիա) ասում է. «Որդուս մոտ ողնաշարի ճեղքվածք հայտնաբերվելուց հետո տարիներ շարունակ ուժասպառ էի և հաճախ արտասվում էի, երբ տանը որևէ լրացուցիչ գործ պետք է անեի»։

Հնարավոր է՝ նաև երբեմն քեզ մենակ զգաս։ Բենը, որի որդին ունի մկանների հետաճում և Ասպերգերի համախտանիշ, ասում է. «Շատերը չեն պատկերացնում, թե իրականում ինչքան դժվար է մեզ համար»։ Գուցե ցանկություն ունենաս որևէ մեկի հետ խոսելու այդ մասին, բայց քանի որ ընկերներիդ երեխաներն առողջ են, թերևս խուսափես նրանց մոտ արտահայտվելուց։

ԱՌԱՋԱՐԿ. Օգնություն խնդրիր, և երբ առաջարկում են, մի՛ մերժիր։ Ջուլիանան ասում է. «Երբեմն ես ու ամուսինս խուսափում ենք օգնություն խնդրելուց։ Բայց հասկանում ենք, որ չենք կարող ինքնուրույն գլուխ հանել։ Երբ ուրիշները օգնում են մեզ, մենակ չենք զգում»։ Եթե մտերիմ ընկերը կամ ընտանիքի անդամը առաջարկի երեխայի կողքին լինել ժողովի հանդիպումների կամ այլ իրադարձությունների ժամանակ, երախտագիտությամբ ընդունիր առաջարկը։ «Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ,— գրված է Աստվածաշնչում,— նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված» (Առակներ 17։17

Հոգա քո առողջության մասին։ Ինչպես որ շտապ օգնության մեքենան կարիք կա կանոնավորաբար վառելիքով լիցքավորելու, որպեսզի շարունակի հիվանդներին հասցնել հիվանդանոց, այնպես էլ դու պետք է լավ սնվելով, վարժություններ անելով և բավականաչափ հանգստանալով վերականգնես ուժերդ, որպեսզի կարողանաս շարունակել ինչպես հարկն է խնամել երեխայիդ։ Խավիերը, որը հաշմանդամ որդի ունի, ասում է. «Տղաս չի կարողանում քայլել, ուստի ես պետք է լավ սնվեմ։ Չէ՞ որ ես եմ նրան տեղափոխում. նրա ոտքերի փոխարեն իմ ոտքերն են տանում նրան»։

Ինչպե՞ս կարող ես ժամանակ գտնել հոգալու քո առողջության մասին։ Որոշ ծնողներ հերթով են խնամում իրենց երեխային։ Մինչ մեկը հոգ է տանում երեխային, մյուսը հանգստանում է կամ զբաղվում իրենով։ Թեև դժվար է հավասարակշռված լինել, սակայն անհրաժեշտ է ժամանակ գնել ոչ կարևոր գործերից։ Մայուրի անունով մի մայր (Հնդկաստան) ասում է. «Ժամանակի ընթացքում հունի մեջ ես ընկնում»։

 Խոսիր վստահելի ընկերոջ հետ։ Նույնիսկ նրանք, ովքեր չունեն հիվանդ երեխաներ, կարող են հասկանալ քո ցավը։ Նաև աղոթիր Եհովա Աստծուն։ Ինչպե՞ս կարող է օգնել աղոթքը։ Յազմինը, ում երկու երեխաները կիստոֆիբրոզ հիվանդությունն ունեն, ասում է. «Պահեր են լինում՝ ինձ այնքան ընկըճված եմ զգում, որ թվում է՝ ուր որ է կմեռնեմ»։ Նա ավելացնում է. «Սակայն երբ աղոթում եմ Եհովային, նրանից ուժ ու օգնություն եմ խնդրում, զգում եմ, որ կարող եմ պայքարել» (Սաղմոս 145։18

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ. Ուշադրություն դարձրու, թե ինչպես ես սնվում, որքան հաճախ ես վարժություններ անում և ինչքան ես քնում։ Մտածիր, թե որ գործերից կարող ես ժամանակ խլել և օգտագործել քո առողջության համար։ Անհրաժեշտության դեպքում փոփոխություններ արա քո գրաֆիկում։

ԽՆԴԻՐ 3. ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՅԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՍ ԴԱՐՁՆՈՒՄ, ՔԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՄՅՈՒՍ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Շատ անգամ հիվանդ երեխայի առողջական վիճակով է պայմանավորված, թե ընտանիքը ինչով կսնվի, ուր կգնա և ծնողները որքան ժամանակ կտրամադրեն յուրաքանչյուր երեխային։ Արդյունքում մյուս երեխաները գուցե անուշադրության մատնվեն։ Երբեմն ծնողները գուցե այնքան զբաղված լինեն հիվանդ երեխայով, որ իրենց փոխհարաբերությունները տուժեն։ «Ժամանակ առ ժամանակ կինս ասում է, որ ամբողջ հոգսն իր ուսերին է և ես չեմ օգնում նրան,— պատմում է Լայընելը (Լիբերիա)։— Ես ինձ նվաստացած եմ զգում և երբեմն կոպիտ եմ լինում»։

ԱՌԱՋԱՐԿ. Որպեսզի բոլոր երեխաները վստահ լինեն, որ հետաքրքրված եք նրանցով, կազմակերպեք ժամանցի այնպիսի ձևեր, որոնցից նրանք ուրախություն են ստանում։ «Երբեմն մեր կրտսեր որդու համար հատուկ բաներ ենք մտածում,— ասում է Ջենին,— օրինակ՝ նրան տանում ենք իր սիրած ռեստորանը»։

Ուշադրություն դարձրու քո բոլոր երեխաներին

Ամուսնությունդ պահպանելու համար զրուցիր և աղոթիր կողակցիդ հետ։ Ասիմը (Հնդկաստան), որի որդին տառապում է էպիլեպսիայով, ասում է. «Երբ ես ու կինս չափազանց հոգնած ու ընկճված ենք լինում, զրուցում և աղոթում ենք միասին։ Ամեն առավոտ նախքան երեխաների արթնանալը Աստվածաշնչից որևէ համար ենք քննարկում»։ Ուրիշ ծնողներ էլ առանձին զրուցում են իրար հետ քնելուց առաջ։ Զրույցներն ու անկեղծ աղոթքները կամրացնեն ձեր ամուսնությունը դժվար ժամանակներում (Առակներ 15։22)։ Մի ամուսնական զույգ նշում է, որ «իրենց կյանքի ամենահիշարժան պահերը եղել են ամենադժվար օրերին»։

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ. Գովիր քո մյուս երեխաներին ցանկացած աջակցության համար, որ ցույց են տալիս հիվանդ երեխային։ Շարունակ արտահայտիր քո սերն ու գնահատանքը նրանց և կողակցիդ հանդեպ։

ԼԱՎԱՏԵՍ ԵՂԻՐ

Աստվածաշունչը խոստանում է, որ շուտով Աստված վերացնելու է ցավն ու հիվանդությունը, որը ծեր ու մանուկ չի հարցնում (Հայտնություն 21։3, 4)։ Այդ ժամանակ ոչ ոք չի ասի՝ «ես հիվանդ եմ» * (Եսայիա 33։24

Մինչ կգա այդ ժամանակը, վստահ եղիր, որ քեզ կհաջողվի հաղթահարել քո դժվարությունները։ «Մի՛ հուսահատվեք, երբ թվում է, թե ամեն ինչ շատ վատ է,— ասում են Կարլոն ու Միան։— Փոխարենը՝ կենտրոնացեք դրական բաների վրա, որոնք, ինչ խոսք, շատ են»։

^ պարբ. 3 Այս հոդվածում անունները փոխված են։

^ պարբ. 29 Կատարյալ առողջությանը վերաբերող Աստվածաշնչի խոստման մասին ավելին կարող եք կարդալ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 3-րդ գլխում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ...

  • Ի՞նչ եմ անում, որ իմ ֆիզիկական, էմոցիոնալ ու հոգևոր առողջությունը հնարավորինս լավ վիճակում պահեմ։
  • Ե՞րբ եմ վերջին անգամ գովել իմ մյուս երեխաներին իրենց ցույց տված օգնության համար։