Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

 Սովորեցրեք ձեր երեխաներին

Հովաթամը հավատարիմ մնաց

Հովաթամը հավատարիմ մնաց

ԵՐԲ ծնողը թողնում է ճշմարիտ Աստծուն՝ Եհովային, երեխայի կյանքը դժվարանում է։ Քննենք Հովաթամի օրինակը և տեսնենք, թե ինչ դժվարությունների նա բախվեց ընտանիքում։

Հովաթամի հայրը Օզիան էր՝ Հուդայի թագավորը։ Նա երկրի ամենահզոր մարդն էր։ Օզիան երկար տարիներ լավ թագավոր էր, նույնիսկ նախքան Հովաթամի ծնվելը։ Բայց տարիներ անց, երբ Հովաթամը դեռ պատանի էր, Օզիան հպարտացավ և սկսեց արհամարհել Աստծու Օրենքը։ Ուստի Աստված պատժեց նրան մի սարսափելի հիվանդությամբ՝ բորոտությամբ։ Գիտե՞ս, թե ինչ արեց Հովաթամը։~  *

Հովաթամը շարունակեց ծառայել Եհովային։ Հավանաբար նրա մայրը՝ Հերուսան էր օգնում նրան։ Թերևս Հովաթամի համար դժվար էր հավատարիմ մնալ Եհովային, երբ իր հորը դուրս էին հանել տաճարից։

Ի՞նչ կանեիր դու, եթե քո հայրը կամ մայրը դադարեին Եհովային երկրպագելուց։ Քեզ համար դժվա՞ր կլիներ։~ Մի՛ կարծիր, թե այդ մասին մտածելը սխալ է։ Դա են փաստում Աստվածաշնչում գրված Դավթի խոսքերը։

Դավթի հայրը՝ Հեսսեն, լավ մարդ էր։ Նա ծառայում էր Եհովային, և կարող ենք վստահ լինել, որ Դավիթը սիրում էր իր հորը, բայց ամենից շատ նա սիրում էր Եհովային։ Որտեղի՞ց գիտենք։

 Բացիր Աստվածաշնչում Սաղմոս 27։10-ը։ Դավիթն այստեղ գրել է. «Նույնիսկ եթե հայրս ու մայրս ինձ թողնեն, Եհովան կընդունի ինձ»։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ եթե Դավթի հայրը՝ Հեսսեն, կամ մայրը դադարեին Եհովային ծառայելուց, Դավիթը, միևնույնն է, կշարունակեր ծառայել նրան։

Իսկ դու կշարունակեի՞ր ծառայել Եհովային, եթե հայրդ կամ մայրդ թողներ նրան։~ Սա շատ կարևոր հարց է, քանի որ Աստվածաշնչում գրված գլխավոր պատվիրանը հետևյալն է. «Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով»։

Այս պատվիրանը ցույց է տալիս, որ մենք պետք է հավատարիմ մնանք Եհովային նույնիսկ, եթե դժվար է։ Ի՞նչ ես կարծում, ո՞վ է ուզում, որ մենք թողնենք Եհովային։~ Աստծու թշնամին՝ Բանսարկու Սատանան։ Հիսուսը նրան կոչեց «այս աշխարհի իշխանը»։ Աստվածաշունչը ասում է նաև, որ նա «այս աշխարհի աստվածն է»։ Սակայն պե՞տք է վախենալ Սատանայից։~ 

Իհա՛րկե ոչ։ Մենք պետք է հիշենք, որ Եհովան Սատանայից զորեղ է։ Նա կպաշտպանի մեզ, եթե վստահենք նրան։ Քո Աստվածաշնչում կարդա, թե ինչպես Եհովան պաշտպանեց Դավթին հսկա Գողիաթից։ Եհովան կպաշտպանի նաև քեզ, եթե հավատարիմ մնաս նրան։

^ պարբ. 4 Եթե ընթերցում եք երեխայի հետ, ալիքաձև նշանը հիշեցնում է, որ պետք է դադար տալ և քաջալերել երեխային արտահայտվել։