Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Դեկտեմբեր 2012

 Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Հիսուսը սխալվո՞ւմ էր, երբ ասաց, որ աղը կարող է կորցնել իր համը

Լեռան քարոզում Հիսուսն ասաց իր հետևորդներին. «Դուք երկրի աղն եք։ Բայց եթե աղը կորցնի իր համը, էլ ինչպե՞ս կվերականգնվի նրա աղիությունը։ Այն այլևս ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կնետվի, որտեղ մարդկանց ոտների տակ կկոխկռտվի» (Մատթեոս 5։13)։ Աղը պահպանիչ հատկություն ունի։ Ուստի Հիսուսի բերած օրինակը հավանաբար նշանակում էր, որ իր աշակերտները կարող են և պետք է պաշտպանեն ուրիշներին հոգևոր և բարոյական ապականությունից։

Աղի նստվածք Մեռյալ ծովի ափին

Այս առնչությամբ մի հանրագիտարանում ասվում է. «Մեռյալ ծովի տարածքի աղը հիմնականում հանքային նյութերի հետ խառնուրդ էր։ Թրջվելու դեպքում աղային զանգվածը կարող էր լուծվելով դուրս գալ այդ խառնուրդից, իսկ մնացած զանգվածը դառնալ անհամ»։ Հասկանալի է, թե ինչու Հիսուսն ասաց, որ այն «այլևս ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կնետվի»։ Հանրագիտարանում նաև նշվում է. «Քանի որ Մեռյալ ծովի աղը մաքուր չէր, այն համարվում էր մյուս բոլոր ծովային աղերից ամենավատը։ Այնուամենայնիվ, Պաղեստինում հիմնականում հենց այս աղն էին օգտագործում, քանի որ հեշտ էր ձեռք բերվում։ Այն կարելի էր պարզապես հավաքել ափից» (The International Standard Bible Encyclopedia)։

Ի՞նչ էր նշանակում Հիսուսի օրերում մեկ դրախմա կորցնել

Մեկ դրախմա

Հիսուսը մի կնոջ մասին առակ պատմեց, որը, կորցնելով իր տասը դրախմայից մեկը, վերցրեց ճրագը և սկսեց ավլել տունը այնքան ժամանակ, մինչև որ գտավ այն (Ղուկաս 15։8–10)։ Հիսուսի օրերում դրախման հավասար էր գրեթե մեկ օրվա աշխատավարձի, ուստի այն չնչին գումար չէր։ Սակայն այս առակը ուշագրավ է նաև մեկ այլ իմաստով։

Որոշ աշխատություններում նշվում է, որ կանայք հաճախ մետաղադրամները որպես զարդ էին օգտագործում։ Ուստի Հիսուսը հավանաբար խոսեց այնպիսի մետաղադրամի մասին, որն այդ կնոջը անցել էր որպես ժառանգություն կամ տրվել որպես օժիտ։ Անկախ նրանից՝ դա այդպես է, թե ոչ, կինը շատ էր անհանգստացել, երբ կորցրել էր իր դրախման։

Հիսուսի օրերում տները հիմնականում այնպես էին կառուցվում, որ շատ տաքություն ու լույս ներս չթափանցեն։ Դրա համար տներում պատուհաններ չկային, կամ քիչ էին։ Հատակը սովորաբար ծածկում էին ծղոտով կամ էլ տարբեր չորացրած բույսերի ցողուններով։ Ուստի եթե գետին մետաղադրամ էր ընկնում, շատ դժվար էր այն գտնել։ Մի վերլուծաբան ասում է. «Երբ այդպիսի տներում որևէ փոքր բան էր կորում, օրինակ՝ մետաղադրամ, սովորաբար այն գտնելու համար ճրագ էին վառում և հատակը ավլում»։