Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

Կոսմետիկայի գործածությունը վաղեմի ժամանակներում

Կոսմետիկայի գործածությունը վաղեմի ժամանակներում

Հնում կանայք օգտագործել են աչքերի, դեմքի ու մաշկի համար նախատեսված կոսմետիկ միջոցներ

Լոգանք ընդունելուց հետո կինը իր փափուկ մաշկին անուշահոտ յուղ է քսում։ Այնուհետև բացում է զարդանախշերով գունավոր տուփը, որտեղ կան ապակյա, փղոսկրյա, խեցուց կամ քարից պատրաստված փոքրիկ շշեր, սրվակներ և այլ անոթներ։ Դրանք լցված են տարբեր անուշաբույր յուղերով և օծանելիքով, որոնք բալասանի, հիլի, դարչնի, կնդրուկի, մեղրի, զմուռսի բուրմունք ունեն։

Կինը տուփից զգուշորեն հանում է մի քանի նրբաճաշակ ձևավորված գդալներ, անոթներ ու սրվակներ և տարբեր նյութեր խառնելով՝ պատրաստում է կոսմետիկան, որ պետք է օգտագործի այդ օրը։ Ապա ձեռքն է առնում բրոնզե հայելին ու սկսում շպարվել։

ՀՆՈՒՑ ի վեր կանայք հետաքրքրված են եղել իրենց գեղեցկությամբ։ Հին գերեզմանաքարերի պատկերները, որմնանկարներն ու խճանկարները վկայում են, որ հին Միջագետքում և Եգիպտոսում կոսմետիկան լայն կիրառություն է ունեցել։ Հատկապես տպավորիչ են եգիպտական կանանց մուգ ներկված նշաձև աչքերը։

Իսկ ի՞նչ կարելի է ասել իսրայելացիների մասին։ Արդյո՞ք հնում նրանց կանայք նույնպես կոսմետիկա են օգտագործել։ Եթե այո, ապա ինչպիսի՞։ Ոչ մի որմնանկար կամ գերեզմանաքար չկա, որից կարող ենք տեղեկություններ ստանալ այդ մասին։ Սակայն աստվածաշնչյան որոշ արձանագրություններ, ինչպես նաև հնագիտական տարբեր արտեֆակտներ, որոնք հայտնաբերվել են այդ տարածքներում, կարող են օգնել պատկերացում կազմելու հնում կոսմետիկայի օգտագործման վերաբերյալ։

Օգտագործվող պարագաներ

Կրաքարե պնակներ, Իսրայել

Պեղումների ժամանակ Իսրայելի տարածքում հայտնաբերվել են կոսմետիկայի և օծանելիքի տարբեր պարագաներ՝ քարե անոթներ ու պնակներ (դրանց մեջ մանրացնում և խառնում էին զանազան կոսմետիկ նյութեր), օծանելիքի գազարաձև սրվակներ, քսուքների ալաբաստրե անոթներ և հղկված բրոնզից ձեռքի հայելիներ։ Գտածոների մեջ կար փղոսկրյա մի գդալ, որի պոչի մի կողմում փորագրված էին արմավենու տերևներ, իսկ մյուս կողմում՝ կնոջ գլուխ՝ շուրջը աղավնիներ։

Հարուստ մարդիկ սովորաբար կոսմետիկ նյութերի համար օգտագործում էին զարդարված խեցիներ։ Եգիպտոսում և Քանանի տարածքում հայտնաբերվել են լողացող աղջկա կերպարանքով և այլ ձևեր ունեցող փղոսկրյա և փայտյա գդալներ։ Այս ամենը փաստում է, որ հին ժամանակներում կոսմետիկա օգտագործելը ընդունված է եղել։

Աչքերի համար

Աստվածաշնչում Հոբի աղջիկներից մեկի անունը Կերեն-Հափուք էր, որը նշանակում է «[աչքի] սև ներկի եղջյուր», այսինքն՝ անոթ կամ տուփ՝ կոսմետիկ նյութեր, օրինակ, աչքի ներկ կամ սուրմա պահելու համար (Հոբ 42։14)։ Գուցե նրա գեղեցկությունն էր պատճառը, որ նրան այդ անունն էին տվել, սակայն դա նաև ցույց է տալիս, որ այդ օրերում մարդիկ տեղյակ էին կոսմետիկայի գործածության մասին։

Աչքերը ներկելու մասին աստվածաշնչյան արձանագրությունները միշտ առնչվում են այնպիսի վատահամբավ կանանց, ինչպիսիք են՝ Հեզաբել թագուհին և Երեմիայի ու Եզեկիելի  մարգարեություններում նկարագրվող պոռնիկ կինը, որով ներկայացվում է անհավատարիմ Երուսաղեմը (2 Թագավորներ 9։30; Երեմիա 4։30; Եզեկիել 23։40)։ Գտածոների մեջ մեծ քանակությամբ ապակե ու քարե տարաները, ինչպես նաև սուրմա քսելու փոքր փայտիկները վկայում են, որ հավատուրաց Իսրայելում բազմաթիվ կանայք, հատկապես արքունական և հարուստ կանայք, կոսմետիկա օգտագործելու և աչքերը մուգ ներկելու սովորություն են ունեցել։

Անուշաբույր յուղ երկրպագության մեջ և առօրյայում

Հին Իսրայելում ձիթապտղի յուղից պատրաստված օծանելիքի արտադրությունն ու գործածումը երկար պատմություն ունի։ Աստվածաշնչի «Ելք» գրքում գրված է, թե ինչպես էր պատրաստվում անուշաբույր յուղը, որ քահանաները օգտագործում էին տաճարում իրենց ծառայությունը կատարելիս։ Այն եղել է դարչնի, զմուռսի և այլ անուշահոտ բույսերի խառնուրդ (Ելք 30։22–25)։ Երուսաղեմում հնագետները հայտնաբերել են առաջին դարի արհեստանոց, որտեղ օծանելիք և խունկ են պատրաստել տաճարում օգտագործելու համար։ Գոյություն ունեն աստվածաշնչյան բազում  արձանագրություններ, որոնք ցույց են տալիս, որ այդ յուղերը օգտագործվել են թե՛ սուրբ ծառայության մեջ և թե՛ առօրյայում (2 Տարեգրություն 16։14; Ղուկաս 7։37–46; 23։56

Օծանելիքի անոթ, կերամիկա, Իսրայել

Մերձավոր Արևելքում ջուրը սակավ էր, այդ իսկ պատճառով մարդիկ հաճախ հոտավետ յուղեր էին օգտագործում իրենց հիգիենան պահպանելու համար։ Յուղը օգտագործվում էր ոչ միայն շոգ և չոր կլիմայից մաշկը պաշտպանելու համար, այլև որպես կոսմետիկ միջոց (Հռութ 3։3; 2 Սամուել 12։20)։ Հրեա կույս աղջիկ Եսթերին նախքան Ասուերոս թագավորին ներկայացնելը 12 ամիս յուղերով մերսում արեցին. վեց ամիս՝ զմուռսի յուղով, վեց ամիս՝ բալասանի (Եսթեր 2։12

Օծանելիքն ու անուշահոտ յուղերը նույնքան թանկարժեք էին, որքան արծաթն ու ոսկին։ Երբ Սաբայի թագուհին եկավ Սողոմոն թագավորին տեսնելու, որպես նվեր բերեց ոսկի, թանկարժեք քարեր և բալասանի յուղ (1 Թագավորներ 10։2, 10)։ Իսկ երբ Եզեկիա թագավորը Բաբելոնից եկած պատվիրակությանը ցույց էր տալիս իր գանձատունը, արծաթը, ոսկին և իր ողջ զինանոցը, հպարտությամբ ցույց տվեց նաև «բալասանի յուղը և ուրիշ թանկարժեք յուղեր» (Եսայիա 39։1, 2

Քանի որ ծաղիկներից, մրգերից, տերևներից, խեժից և ծառի կեղևից քիչ քանակությամբ օծանելիք և յուղ էր ստացվում, դրանք հազվագյուտ էին ու թանկարժեք։ Աստվածաշնչում նշվում է անուշահոտ խեժի, ինչպես նաև մի շարք անուշաբույր բույսերի մասին, ինչպիսիք են հալվեն, բալասանը, խնկեղեգը, դարչնածառը, կնդրուկը, զմուռսը, զաֆրանը և նարդոսը։ Դրանցից մի քանիսը աճում էին Հորդանանի գետահովտում։ Մյուսները ներմուծվում էին հայտնի «Խնկի ճանապարհով» Հնդկաստանից, Հարավային Արաբիայից և այլ վայրերից։

Առեղծվածային բալասանի յուղ

Աստվածաշնչում բալասանի յուղի մասին հիշատակվում է Եսթեր թագուհու, Սաբայի թագուհու և Եզեկիա թագավորի մասին պատմություններում։ 1988թ.-ին Կումրանի մոտ մի քարայրում (Մեռյալ ծովի արևմտյան ափ) գտնվել է յուղով լի փոքրիկ սափոր։ Դա դարձավ մասնագետների քննարկման առարկան. արդյո՞ք դա բալասանի յուղի վերջին նմուշն է։ Ոչ ոք չի կարող միանշանակ պատասխանել։ Այնուամենայնիվ, այգեգործները մինչ օրս փորձում են վերականգնել բալասանի պուրակները։

Փղոսկրյա անոթ, Իսրայել

Փաստերը ցույց են տալիս, որ Աստվածաշնչում նշված բալասանի յուղը ստանում էին Ենգադիի տարածքում աճող բույսերից։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են հնոցներ, սափորներ և տարբեր մետաղե և ոսկրյա իրեր, որոնք թվագրվում են մ.թ.ա. 6-րդ դարով, և դրանք նման են այն իրերին, որոնք օգտագործվել են այլ վայրերում՝ օծանելիք ստանալու համար։ Մասնագետների մեծ մասը կարծում է, որ բալասանի հայրենիքը Աֆրիկան է կամ Արաբիան։ Օծանելիքը պատրաստվել է բուսահյութից։ Բալասանի յուղը այնքան թանկ էր, որ մշակման ու պատրաստման եղանակը գաղտնի էր պահվում։

Բալասանը նույնիսկ տարբեր երկրների միջև փոխհամաձայնության գալու միջոց է հանդիսացել։ Օրինակ՝ ըստ պատմագիր Հովսեպոսի՝ Մարկոս Անտոնիոսը գնեց այս թանկարժեք բույսի մի պուրակ և նվիրեց Եգիպտոսի թագուհի Կլեոպատրային։ Հռոմեացի պատմիչ Պլինիոսը նշում է, որ առաջին դարի Հրեական պատերազմի ժամանակ հրեա ռազմիկները ոչնչացրին բալասանի բոլոր բույսերը, որպեսզի հռոմեացի զինվորները չտիրանան դրանց։

Աստվածաշնչյան արձանագրությունները և հնագիտական պեղումները օգնում են մեզ պատկերացում կազմելու հին ժամանակներում կոսմետիկայի կիրառության մասին։ Աստվածաշունչը չի դատապարտում կոսմետիկայի և զարդերի գործածությունը, այն պարզապես շեշտում է, որ դրանք պետք է օգտագործել համեստությամբ և ողջամտությամբ (1 Տիմոթեոս 2։9)։ Պետրոս առաքյալը նշում է, որ «հանդարտ ու մեղմ ոգին» «մեծ արժեք ունի Աստծու աչքում»։ Չնայած նրան, որ նորաձևությունն ու հանդերձանքի ոճերը անընդհատ փոխվում են, այս խորհուրդը անփոփոխ է ու անգին թե՛ երիտասարդ և թե՛ տարեց կանանց համար (1 Պետրոս 3։3, 4