Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

 Մեր ընթերցողները հարցնում են

Ինչո՞ւ ոմանք չեն նշում Սուրբ ծնունդը

Ինչո՞ւ ոմանք չեն նշում Սուրբ ծնունդը

Ամբողջ աշխարհում մոտ երկու միլիարդ մարդ ամեն տարի դեկտեմբերի 25-ին Սուրբ ծնունդ է նշում, իսկ առնվազն 200 միլիոն մարդ հունվարի 7-ին է նշում Հիսուս Քրիստոսի ծնունդը։ Միլիոնավոր ուրիշ մարդիկ էլ ընդհանրապես Սուրբ ծնունդ չեն նշում։ Ո՞րն է պատճառը։

Գուցե պատճառն այն է, որ նրանք պատկանում են ոչ քրիստոնեական կրոնների, օրինակ՝ հուդայական, հնդուական, սինթոյական և այլն։ Իսկ աթեիստները, ագնոստիկները և ուրիշներ կարծում են, որ Սուրբ ծննդին վերաբերող պատմությունը առասպել է։

Սակայն զարմանալին այն է, որ բավականին շատ մարդիկ կան, ովքեր հավատում են Հիսուսին, բայց չեն նշում Սուրբ ծննդյան տոները։ Ինչո՞ւ։ Հիմնականում չորս պատճառով։

Առաջին՝ նրանք չեն հավատում, որ Հիսուսը ծնվել է դեկտեմբեր կամ հունվար ամիսներին, քանի որ Աստվածաշնչում չի նշվում հստակ ժամանակը։ Այնտեղ պարզապես գրված է. «Այդ տեղանքում հովիվներ կային, որոնք դաշտում էին ապրում և գիշերը իրենց հոտերին պահակություն էին անում։ Հանկարծ Եհովայի հրեշտակը կանգնեց նրանց առաջ, ու.... ասաց նրանց. «.... Այսօր ձեզ համար Փրկիչ ծնվեց՝ Քրիստոս Տերը»» (Ղուկաս 2։8–11

Փաստերը մատնանշում են, որ Հիսուսը ծնվել է մոտավորապես հոկտեմբերի սկզբին, երբ հովիվները իրենց հոտերի հետ դաշտերում էին գիշերում։ Իսկ դեկտեմբեր և հունվար ամիսներին Բեթլեհեմի շրջակա տարածքներում ցուրտ է լինում, այդ պատճառով հնարավոր չէր հոտերին գիշերները բաց երկնքի տակ թողնել։

Երկրորդ՝ միակ բանը, որ Հիսուսը պատվիրեց իր հետևորդներին նշել՝ իր մահն էր, ոչ թե ծնունդը, և դա պետք է լիներ պարզ ընթրիքի տեսքով, որի ժամանակ որպես խորհրդանիշ օգտագործվելու էին հաց և գինի (Ղուկաս 22։19, 20)։ Նկատի առ նաև այն, որ Մարկոսի ու Հովհաննեսի Ավետարաններում Հիսուսի ծննդի մասին ոչինչ չի նշվում։

Միակ բանը, որ Հիսուսը պատվիրեց իր հետևորդներին նշել՝ իր մահն էր, ոչ թե ծնունդը

Երրորդ՝ պատմական ոչ մի փաստ չկա, որ վաղ քրիստոնյաները նշել են Հիսուսի ծնունդը։ Սակայն կա փաստ, որ նրանք նշել են նրա մահը (1 Կորնթացիներ 11։23–26)։ Հիսուսի ծննդից անցել էր ավելի քան 300 տարի, երբ քրիստոնյա աշխարհը սկսեց դեկտեմբերի 25-ին Սուրբ ծնունդ նշել։ Հետաքրքիր է, որ 17-րդ դարի կեսերին Անգլիայի պառլամենտը արգելեց նշել այդ տոնը Անգլիայում։ Նույն վճիռը կայացրեց նաև Միացյալ Նահանգների Մասաչուսեթսի դատարանը։ Ինչո՞ւ։ Մի գրքում ասվում է. «Ոչ մի աստվածաշնչյան կամ պատմական փաստ չկա, որտեղ նշված կլիներ, որ Հիսուսը ծնվել է դեկտեմբերի 25-ին»։ Այնտեղ նաև նշվում է, որ պուրիտանները «Սուրբ ծնունդը ընդունում էին որպես հեթանոսական տոնակատարություն, որը մարդիկ փորձում էին քրիստոնեական դարձնել» (The Battle for Christmas)։

Չորրորդ պատճառն այն է, որ այդ տոնը անմաքուր արմատներ ունի։ Այն նշվել է դեռևս հեթանոսական Հռոմում, երբ տարբեր տոներ էին նշվում՝ նվիրված հողագործության աստված Սատուռնոսին և Արեգակի աստված Միհրին։ Մարդաբաններ Քրիստիան Ռատշը և Կլաուդիա Մյուլեր-Էբելինը, որոնք «Հեթանոսական Սուրբ ծնունդ» գրքի հեղինակներն են, գրել են. «Ինչպես նախաքրիստոնեական բազմաթիվ սովորություններ ու հավատալիքներ քրիստոնեացվեցին, այնպես էլ Արեգակի տարեկան վերադարձը նշող տոնակատարությունը նվիրվեց Հիսուսի ծննդին» (Pagan Christmas)։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ մի՞թե պարզ չի դառնում, թե ինչու ճշմարիտ քրիստոնյաները չեն նշում Սուրբ ծնունդը։