Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

«Պատմությունը չի ստում»

«Պատմությունը չի ստում»

2007թ. հունիսի 14-ին Էստոնիայի ազգային փոստը մի նամականիշ թողարկեց (պատկերված է աջ կողմում)։ Այդ առիթով հայտարարություն արվեց. «Այս նամականիշը թողարկվել է ի հիշատակ ստալինյան ցեղասպանության էստոնացի զոհերին»։ 1941–1951թթ.-ին տասնյակ հազարավոր էստոնացիներ բռնի ուժով տեղահանվել են։

«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ չի ստում»։ Էստոնիայում սա հայտնի ասացվածք է։ Նման ասացվածքներ կան նաև այլ երկրներում։ Այո՛, մենք չենք կարող փոխել անցյալը, բայց կարող ենք դասեր քաղել դրանից։ Հին Իսրայելի իմաստուն Սողոմոն թագավորն ասել է. «Ես տեսայ այս բոլորը եւ սրտով քննեցի այն բոլոր գործերը, որ կատարուել են արեգակի ներքոյ, եւ այն, որ մարդն իշխում է մարդու վրայ ու չարչարում է նրան» (Ժողովող 8։9, Էջմիածնի հրատարակություն)։

Աստվածաշնչյան այս խոսքերի ճշմարիտ լինելը փաստում են տասնյակ տարիներ առաջ Էստոնիայում, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի շատ վայրերում տեղի ունեցած դեպքերը։ Մարդկային ղեկավարությունը տառապանք է բերել բազմաթիվ անմեղ մարդկանց, որոնք բռնի ուժով տեղահանվել են կամ ուղարկվել ուղղիչ-աշխատանքային գաղութներ։

Ըստ էստոնացի պատմագիրների՝ այս փոքր երկրից 1941–1951թթ.-ին ավելի քան 46000 մարդ է աքսորվել. մեծ մասը քաղաքական հայացքների պատճառով, ոմանք էլ ազգային պատկանելության կամ հասարակական դիրքի։ Իսկ Եհովայի վկաներն աքսորվել են իրենց կրոնական հայացքների պատճառով։

Հարձակում աստվածավախ ժողովրդի վրա

Տարտու քաղաքի համալսարանի մամուլի հրատարակած մի ուսումնասիրության համաձայն (2004թ.)՝ պատմաբան Աիգի Ռահի-Թամմն ասում է. «1948-ից մինչև 1951թ. ձերբակալվել է 72 Եհովայի վկա, ինչպես նաև նրանց ընկերակցող անձինք։ Սակայն մեծամասշտաբ աքսոր իրականացվեց 1951թ. ապրիլի 1-ի գիշերը։ Մարդիկ աքսորվեցին ոչ միայն Բալթյան երկրներից, այլև Մոլդովայից, Արևմտյան Ուկրաինայից և Բելոռուսիայից»։

Մինչև 1951թ. Էստոնիայում Եհովայի վկաները ձերբակալվել են, ենթարկվել են հոգեբանական ճնշումների, հարցաքննությունների և բանտարկվել։ Իսկ նոր ծրագրված մեծամասշտաբ աքսորի նպատակն էր Էստոնիայից իսպառ վերացնել Եհովայի վկաներին։

Փոստային նամականիշի վրա նշված է 1951թ.-ի ապրիլի 1-ը և 382 թիվը, որը ցույց է տալիս, թե այդ օրը քանի Եհովայի վկաներ են իրենց երեխաների հետ աքսորվել Էստոնիայից։ Նրանց մեջ կային նաև Վկաների որոշ ազգականներ ու հարևաններ։ Այդ օրն ամբողջ երկրով մեկ ձերբակալություն էր իրականացվում։ Իսկ գիշերը բոլոր ձերբակալվածներին՝  թե՛ ծեր, թե՛ երիտասարդ, լցնում էին բեռնատար վագոններ և ուղարկում Սիբիր։

Էլլա Տոոմ

Եհովայի վկա Էլլա Տոոմը *, որն այդ ժամանակ 25 տարեկան աղջիկ էր, հիշում է, թե ինչպես էին իրեն հարցաքննում։ Նա պատմում է. «Հարցաքննողներից մեկը փորձում էր ինձ վախեցնել ու պահանջում էր, որ այլևս չքարոզեմ։ Մի օր նա հարցրեց. «Ուզո՞ւմ ես ապրել։ Թե՞ ուզում ես քո Աստծու հետ մեռնել Սիբիրի տափաստաններում»»։ Սակայն Էլլան շարունակեց անվախորեն քարոզել բարի լուրը։ Նրան աքսորեցին Սիբիր և գրեթե վեց տարի մի ճամբարից մյուսն էին տեղափոխում։

Հիիսի Լեմբերը նույնպես երիտասարդ Եհովայի վկա էր և մեկը այն հարյուրավոր անհատներից, որոնց անարդարացիորեն աքսորեցին երկրից։ Հիշելով 1951թ. ապրիլի 1-ի դեպքերը՝ նա պատմում է. «Լրիվ անսպասելի նրանք գիշերով եկան և հրամայեցին. «Դուք ունեք կես ժամ։ Հավաքե՛ք ձեր իրերը»»։ Մթության քողի տակ Հիիսիին ու նրա վեց տարեկան աղջկան տարան երկաթգծի կայարան։ Ճռնչացող գնացքը կայարանից կայարան մեկնելով՝ ավելի շատ Վկաներ էր հավաքում։ Հիիսին շարունակում է. «Մեզ լցրին բեռնատար վագոններ, որոնցով կենդանիներ էին փոխադրել։ Լավ է, որ թրիքը սառած էր, թե չէ դժվար կլիներ կանգնել այնտեղ։ Մեզ տեղափոխեցին ինչպես կենդանիների»։

Երկու շաբաթ տևող այդ ուղևորությունը շատ հյուծող էր։ Վագոնները լեփ-լեցուն էին մարդկանցով։ Այնտեղ հակահիգիենիկ պայմաններ էին։ Թե՛ փոքրերին և թե՛ ծերերին բոլոր հնարավոր ձևերով ստորացնում էին։ Ոմանք լաց էին լինում և ոչինչ չէին ուտում։ Սակայն Եհովայի վկաները իրար մեջ կիսում էին ուտելիքը և քաջալերում միմյանց՝ հոգևոր երգեր երգելով։ Նրանց ասել էին, որ հետդարձի ճանապարհ չկա, որ մշտապես են հեռանում իրենց տնից։

Հիիսի Լեմբերը և նրա դուստր Մաայան

Հիիսին հիշում է, թե ինչպես մի անգամ հավատակիցները քաջալերեցին իրեն այդ ծանր իրավիճակում. «Կանգառներից մեկում կանգնեցինք Մոլդովայից դուրս եկած գնացքի կողքին։ Այնտեղից տղամարդու ձայն լսեցինք, որ հարցնում էր, թե ովքեր ենք և ուր ենք գնում։ Մենք պատասխանեցինք, որ Եհովայի վկաներ ենք՝ Էստոնիայից և չգիտենք՝ մեզ ուր են տանում։ Այդ գնացքում կային մեր հավատակիցներից, որոնք, լսելով մեր ձայները, վագոնի փոքր անցքից մեծ կտոր հաց ու սալորաչիր գցեցին մեզ համար»։ Նա ավելացնում է. «Այդ ժամանակ հասկացանք, որ սա մեծամասշտաբ տեղահանում էր՝ Եհովայի վկաներին աքսորում էին Խորհրդային Միության բոլոր հանրապետություններից»։

Երկու դեռահաս Վկա աղջիկների՝ Կորիննային և նրա քույր Էնեին, ավելի քան վեց տարի էր՝ բաժանել էին իրենց մորից, որը նույնպես Եհովայի վկա էր։ Վերջինիս ձերբակալել էին և ուղարկել ուղղիչ-աշխատանքային ճամբար։ Այդ չարագույժ ապրիլյան գիշերը այս երկու աղջիկներին հանել էին իրենց տնից և նստեցրել բեռնատար վագոն։ Կորիննան երախտագիտության զգացումով պատմում է. «Գնացքում մի Վկա կին, որ երկու երեխա ուներ, ասաց, որ հոգ կտանի մեր մասին, և վստահեցրեց, որ կարող ենք իրենց հետ ապրել որպես մեկ ընտանիք»։

Սիբիրի ցուրտ տափաստաններ հասնելու հաջորդ օրը «ստրուկների շուկա» բացվեց։ Կոլխոզներից մարդիկ էին գալիս իրենց համար աշխատողներ ընտրելու։ Կորիննան պատմում է. «Լսում էինք, թե ինչպես են իրար հետ վիճում՝  ասելով. «Դու տրակտորի վարորդ արդեն ունես։ Այս մեկը իմն է», կամ՝ «Ես արդեն երկու տարեց աշխատող ունեմ, սրանց էլ դու վերցրու»»։

Էնեն եվ նրա քույր Կորիննան

Կորիննան ու Էնեն քաջ աղջիկներ էին։ Նրանք պատմում են. «Մենք շատ էինք կարոտել մեր մորը և շատ էինք ցանկանում նորից նրա տաք գրկում հայտնվել»։ Չնայած դրան՝ աղջիկները հոգևորապես ամուր մնացին և չկորցրին հումորի զգացումը։ Կորիննան ավելացնում է. «Մի կողմից լավ էր, որ մաման մեզ չէր տեսնում, քանի որ երբեմն ստիպված էինք լինում խիստ ցրտին առանց տաք շորերի աշխատել դրսում»։

Ինչ խոսք, բազմաթիվ անմեղ մարդիկ անարդարության զոհ դարձան։ Նրանց թվում էին նաև Եհովայի վկաները (տե՛ս «Աներևակայելի մեծ ահաբեկում» շրջանակը)։ Սակայն, չնայած անցյալում կրած դժվարություններին ու հալածանքին, Էստոնիայի Եհովայի վկաները ուրախ ժողովուրդ են և շարունակում են ակտիվորեն զբաղվել իրենց գործունեությամբ։

Պայծառ ապագա

Աստվածաշունչը վստահեցնում է, որ Եհովա Աստված ատում է անարդարությունը։ Այնտեղ գրված է. «Բոլոր նրանք, ովքեր անում են այս բաները, այսինքն՝ անարդարություն են գործում, գարշելի են քո Աստված Եհովայի համար» (2 Օրենք 25։16)։ Թեպետ Աստված հանդուրժել է անօրենությունը անցյալում, սակայն գալիս է ժամանակը, երբ նա վերացնելու է անարդարությունն ու անօրենությունը երկրի երեսից։ «Եվս մի փոքր ժամանակ,— ասում է սաղմոսերգուն,— և ամբարիշտն այլևս չի լինի, կնայես նրա տեղին, և նա չկա։ Սակայն հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ» (Սաղմոս 37։10, 11

Այո՛, մեզ պայծառ ապագա է սպասում։ Ճիշտ է, չենք կարող փոխել անցյալը, սակայն կարող ենք ապագայի լավ հիմք դնել։ Մտերմացիր Աստծու հետ և իմացիր, թե ինչպես կարող ես հրաշալի ապագա ունենալ, երբ իսկական արդարություն իշխի երկրի վրա (Եսայիա 11։9

^ պարբ. 10 Էլլա Տոոմի կենսագրությունը տպագրված է «Արթնացե՛ք»-ի 2006 թ. ապրիլի համարում, էջ 20–24 (անգլ., ռուս.)։