Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

Գոյություն ունի՞ նախկին կյանք

Գոյություն ունի՞ նախկին կյանք

«Փաստ է, որ այսօր ապրող մարդիկ նախկինում ապրել են, մահացել ու կրկին վերածնվել, և մահացածների հոգիները անմահ են» (ՊԼԱՏՈՆ, ՀՈՒՅՆ ՓԻԼԻՍՈՓԱ, Մ.Թ.Ա. 5-ՐԴ ԴԱՐ, ՄԵՋԲԵՐՈՒՄ ՍՈԿՐԱՏԵՍԻ ԽՈՍՔԵՐԻՑ)։

«Հոգին առանց մարմնի չի կարող ապրել, սակայն այն մարմին չէ, այն պետք է բնակվի մարմնում և մի մարմնից տեղափոխվի մեկ ուրիշը» (ՋՈՐԴԱՆՈ ԲՐՈՒՆՈ, ԻՏԱԼԱՑԻ ՓԻԼԻՍՈՓԱ, 16-ՐԴ ԴԱՐ)։

«Ոչ ոք չի մահանում։ Միայն թվում է, թե մարդը մահանում է.... նա սկսում է աշխարհին նայել նոր պատուհանից՝ մեկ այլ մարմնից» (ՌԱԼՖ ՈՒՈԼԴՈ ԷՄԵՐՍՈՆ, ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ ԵՎ ԳՐՈՂ, 19-ՐԴ ԴԱՐ)։

ԵՐԲԵՎԷ մտածե՞լ ես, թե ով ես իրականում, արդյոք ապրել ես նախկինում։ Եթե այո, ապա դու միակ անձնավորությունը չես։ Հնուց ի վեր տարբեր մշակույթների մարդիկ հետաքրքրվել են նման հարցերով։ Ոմանք, ցանկանալով գտնել այս հարցերի պատասխանները, սկսել են հավատալ վերամարմնավորման գաղափարին, ըստ որի՝ մարդու մահից հետո մի անտեսանելի «հոգի» լքում է մարմինը և վերստին ծնվում մեկ այլ մարմնում՝ մարդու, կենդանու, նույնիսկ բույսի և այդպես շարունակ։

 Թեև գուցե ոմանք հավատում են այս գաղափարին, սակայն կարո՞ղ ենք համոզված լինել, որ դա ճշմարտություն է։ Ի՞նչ է ասում Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը, այս հարցի վերաբերյալ։ Մինչ այս հարցին անդրադառնալը նախ տեսնենք, թե որտեղից է առաջ եկել վերամարմնավորման գաղափարը։

Որտեղի՞ց է առաջ եկել վերամարմնավորման գաղափարը

Համաձայն պատմաբանների ու գիտնականների խոսքերի՝ հոգու անմահությանը սկսել են հավատալ դեռևս հին Բաբելոնում, քաղաք, որը կառուցվել է մեր թվարկությունից ավելի քան 2000 տարի առաջ։ Իր գրքում Մորիս Յաստրովը ասում է, որ հոգու անմահության գաղափարը «Բաբելոնի աստվածաբանների համար լուրջ քննարկումների առարկա է եղել»։ Նա բացատրում է, որ բաբելոնացիների համար մահը անցում էր դեպի կյանքի մեկ այլ տեսակի։ Բաբելոնի աստվածաբանները հնարել էին հոգու անմահության գաղափարը, քանի որ չէին ուզում հավատալ, որ երբ մարդ մահանում է, դադարում է գոյություն ունենալուց (The Religion of Babylonia and Assyria)։

Վերաբնակեցման, կամ՝ վերստին ծնվելու մասին ուսմունքները տարածում գտան նաև հին աշխարհի այլ երկրներում։ Օրինակ՝ հնդիկ փիլիսոփաները հորինեցին կարմայի ուսմունքը, ըստ որի՝ մարդու ապրելակերպը որոշիչ դեր է խաղում այն հարցում, թե որպես ինչ նա կվերածնվի հաջորդ կյանքում։ Հայտնի հույն փիլիսոփաները նույնպես որդեգրեցին վերամարմնավորման գաղափարը, և այդպես այն սկսեց տարածվել։

Վերամարմնավորման գաղափարը մեծ տարածում ունի այսօրվա արևմտյան երկրներում։ Ճանաչված մարդիկ ու երիտասարդ սերունդը մեծապես հետաքրքրված են արևելյան կրոնական գաղափարներով ու սովորություններով։ Կան բազմաթիվ գրքեր ու ինտերնետային կայքեր, որտեղ մարդիկ իրենց, այսպես ասած, նախկին կյանքից դեպքեր են պատմում։ Բազմաթիվ երկրներում լայն տարածում է ստանում «նախկին կյանքի թերապիա» հասկացությունը, որի ժամանակ հիպնոսի միջոցով ուսումնասիրում են մարդու այսպես կոչված նախկին կյանքը, որպեսզի իմանան անհատի առողջական վիճակն ու վարքագիծը։

Վերամարմնավորման գաղափարը ճի՞շտ է

Թեև վերամարմնավորման գաղափարը հին ակունքներ ունի, սակայն հարց է առաջանում. արդյոք այն ճի՞շտ է։ Քրիստոնյաներին պետք է որ հետաքրքրի, թե ինչ է ասում Աստվածաշունչը այս հարցի վերաբերյալ (Հովհաննես 17։17)։ Քանի որ մեր Արարիչը՝ Եհովա Աստված, կյանքի Աղբյուրն է և «գաղտնիքներ Հայտնողը», նա մեզ ճշմարտությունն է ասում կյանքի ու մահվան մասին։ Մենք կարող ենք վստահությամբ դիմել իր Խոսքին՝ այս հարցի պատասխանը գտնելու համար (Դանիել 2։28; Գործեր 17։28

Եթե ուշադրությամբ ուսումնասիրենք Աստվածաշունչը, կիմանանք, թե ինչ է այն սովորեցնում մահվան մասին։ Օրինակ՝ Ծննդոց 3։19-ում կարդում ենք, թե ինչ ասաց Աստված Ադամին ու Եվային այն բանից հետո, երբ նրանք չհնազանդվեցին իրեն։ Նա հստակ ասաց. «Երեսիդ քրտինքով պիտի հաց ուտես, մինչև որ հետ դառնաս դեպի հողը, քանի որ այնտեղից վերցվեցիր, որովհետև հողի փոշի ես և դեպի հողը պիտի դառնաս»։ Ադամը ստեղծվել էր հողի փոշուց, և երբ մահացավ, նորից հող դարձավ։ Ուստի մահանալով՝ մարդը ոչ թե վերստին ծնվում է, այլ դադարում է գոյություն ունենալուց *։ Ինչպես որ տաքն ու ցուրտը, չորն ու թացը, լույսն ու խավարն են իրար հակառակ, այնպես էլ մահն ու կյանքը։ Մահացածները իրականում գոյություն չունեն։ Սա պարզ ու տրամաբանական բացատրություն է։

Կարող են տարբեր պատճառներ լինել, թե ինչու ոմանց գուցե թվա, թե իրենց նախկին կյանքից դեպքեր են հիշում։ Օրինակ՝ մինչ օրս լիովին ուսումնասիրված չէ մարդու ուղեղի աշխատանքը, ենթագիտակցությունը, ինչպես նաև թե ինչ հետևանքներ կարող են թողնել որոշ դեղեր և տրավմաներ։ Իսկ երազներն ու մարդու երևակայությունը՝ հիմնված ուղեղի հիշողության պահեստում կուտակված մեծ ինֆորմացիայի վրա,  կարող են այնքան վառ լինել, որ իրական թվան։ Որոշ դեպքերում էլ չար ոգիները կարող են անբնական ու խորհրդավոր բաներ անել, որպեսզի անիրականը իրական թվա (1 Սամուել 28։7–19

Բնական է, որ մարդը ցանկանում է ապրել և իմանալ իր ապագայի մասին։ Բայց ո՞րն է պատճառը, որ նման ցանկություն կա մեր մեջ։ Աստվածաշունչը ասում է. «Նա [Արարիչը] նույնիսկ հավիտենությունն է դրել մարդկանց սրտերում» (Ժողովող 3։11)։ Դա է պատճառը, որ մարդիկ մեծ ցանկություն ունեն հավիտյան ապրելու։

Եթե մեր Արարիչը՝ Եհովա Աստված, մարդկանց սրտերում հավիտյան ապրելու ցանկություն է դրել, տրամաբանական չէ՞, որ դրա վերաբերյալ տեղեկություններ հայտնի մեզ։ Աստվածաշունչը ասում է, որ մեր Ստեղծիչը նպատակ ունի հնազանդ մարդկությանն օրհնելու՝ դրախտ երկրի վրա հավիտենական կյանք շնորհելով։ «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա»,— Աստծուց ներշնչված ասաց Դավիթ թագավորը (Սաղմոս 37։29)։ Աստծու նպատակի մեջ է մտնում նաև մահացած մարդկանց հարություն տալը։ Հարությունը աստվածաշնչյան հիմնական ուսմունքներից մեկն է (Գործեր 24։15; 1 Կորնթացիներ 15։16–19

Հարություն՝ իրական հույս

Աստվածաշնչում ութ դեպք է արձանագրված, որի ժամանակ մարդիկ երկրային կյանքի հարություն են ստացել *։ Դրանք վերամարմնավորման դեպքեր չեն։ Հարություն առածներին անմիջապես ճանաչեցին իրենց հարազատներն ու ընկերները։ Հարկ չկար իրենց մահացած հարազատին նորածին երեխաների մեջ փնտրելու, որ ստուգեին, թե որ երեխայի մարմնում է հանգրվանել նրա հոգին (Հովհաննես 11։43–45

Մխիթարական է իմանալ, որ ինչպես Աստվածաշունչն է ասում, մահացածների մեծ մասը հարություն է առնելու Աստծու խոստացած նոր աշխարհում, որը փոխարինելու է այս չար աշխարհին (2 Պետրոս 3։13, 14)։ Այսօր միլիարդավոր մահացած մարդիկ գտնվում են Եհովայի անսահման, կատարյալ հիշողության մեջ, այն Աստծու, ով նույնիսկ հիշում է բոլոր աստղերի անունները (Սաղմոս 147։4; Հայտնություն 20։13)։ Երբ նա նոր աշխարհում մահացածներին սերնդեսերունդ հարություն տա, նրանք կկարողանան ծանոթանալ իրենց տոհմածառին և անձամբ ճանաչել նախածնողներին։ Ի՜նչ հրաշալի հեռանկար։

^ պարբ. 13 Ավելի շատ տեղեկություն ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 6-րդ գլուխը՝ «Որտե՞ղ են գտնվում մահացածները»։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

^ պարբ. 18 Հարության ութ դեպքերի մասին գրված է 1 Թագավորներ 17։17–24; 2 Թագավորներ 4։32–37; 13։20, 21; Ղուկաս 7։11–17; 8։40–56; Հովհաննես 11։38–44; Գործեր 9։36–42; 20։7–12 համարներում։ Կարդալով այս արձանագրությունները՝ ուշադրություն դարձրու, որ յուրաքանչյուր դեպք տեղի է ունեցել բազմաթիվ ականատեսների առաջ։ Իններորդ դեպքը Հիսուս Քրիստոսի հարությունն է (Հովհաննես 20։1–18