Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐ 2012

Կոռուպցիան վերջ կգտնի

Կոռուպցիան վերջ կգտնի

«Վստահի՛ր Եհովային և պահի՛ր նրա ճանապարհները.... և դու կտեսնես ամբարիշտների կործանումը» (ՍԱՂՄՈՍ 37։34

ԹԵՐԵՎՍ դու էլ ես շատերի պես մտածում, թե կոռուպցիան երբեք չի վերանա։ Դա զարմանալի չէ, քանի որ ողջ պատմության ընթացքում մարդիկ կառավարման տարբեր ձևեր են փորձել, բայց նրանց չի հաջողվել իսպառ վերացնել կոռուպցիան։ Կա՞ հույս, որ կգա ժամանակ, երբ բոլոր մարդիկ ազնիվ կլինեն։

Աստվածաշնչում ասվում է, որ Աստված շուտով քայլեր է ձեռնարկելու, որպեսզի երկիրը մաքրի կոռուպցիայից։ Նա անելու է դա իր Թագավորության՝ երկնային կառավարության միջոցով, որն ամբողջությամբ փոխելու է երկիրը։ Դա այն նույն Թագավորությունն է, որի մասին Հիսուսը իր հետևորդներին սովորեցրեց աղոթել։ «Տերունական», կամ՝ «Հայր մեր» աղոթքում Հիսուսն ասում է. «Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը.... երկրի վրա» (Մատթեոս 6։10

Այդ Թագավորության Թագավորի՝ Հիսուս Քրիստոսի մասին Աստվածաշունչը հայտնում է. «Նա կփրկի աղքատին,  որն օգնության է կանչում, նաև ընկճվածին և օգնական չունեցողին։ Նա կխղճա աղքատին ու խեղճին և աղքատների հոգին կփրկի։ Կեղեքումից և բռնությունից կազատի նրանց հոգին» (Սաղմոս 72։12–14)։ Նկատի առ, որ Հիսուսը կարեկցում է կոռուպցիայի զոհ դարձածներին, և նա քայլեր կձեռնարկի մարդկանց կեղեքումից ազատելու համար։ Մի՞թե սա մխիթարական չէ։

Աստծու Թագավորության այս կարեկից և հզոր Թագավորը երկիրը կմաքրի կոռուպցիայից։ Ինչպե՞ս։ Վերացնելով դրա երեք հիմնապատճառները։

Մեղքի ազդեցությունը

Այսօր բոլորս էլ պետք է պայքարենք մեղավոր հակումների դեմ, որոնք դրդում են մեզ եսասիրաբար վարվելու (Հռոմեացիներ 7։21–23)։ Կան մարդիկ, ովքեր ուզում են ազնիվ լինել։ Նրանք հավատ են դրսևորում Հիսուսի քավիչ զոհաբերության հանդեպ և ներում են ստանում իրենց մեղքերի համար * (1 Հովհաննես 1։7, 9)։ Այդ մարդիկ հնարավորություն ունեն օգուտներ քաղելու Աստծու սիրո մեծագույն դրսևորումից, որի մասին կարդում ենք Հովհաննես 3։16-ում. «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա»։

Աստված իրեն նվիրված մարդկանց համար մեծամեծ գործեր է անելու։ Գալիք նոր աշխարհում նա ի վերջո կվերացնի մեղքի հետևանքները. մարդկանց աստիճանաբար կհասցնի կատարելության, և նրանք արդար կհամարվեն իր առաջ (Եսայիա 26։9; 2 Պետրոս 3։13)։ Մեղքի պատճառով ոչ ոք այլևս անազնվորեն չի վարվի։ Աստծու Թագավորության ներքո հավատարիմ մարդիկ «ազատ կարձակվեն ապականության ստրկությունից» (Հռոմեացիներ 8։20–22

Աշխարհի ազդեցությունը

Ցավոք, այսօր շատերը հարստահարում են մյուսներին։ Նրանք իրենց զոհն են դարձնում խեղճերին ու աղքատներին և ուրիշներին էլ դրդում են այդպես վարվելու։ Աստվածաշունչը պատվիրում է այդպիսիներին. «Թող ամբարիշտը թողնի իր ճանապարհը, և վնասարար մարդը՝ իր մտքերը»։ Եթե այդ մարդիկ զղջան, Աստվածաշունչը խոստանում է, որ Աստված «մեծահոգաբար կների» նրանց (Եսայիա 55։7

Եթե մարդիկ համառորեն հրաժարվեն փոխվելուց, Աստված բնաջինջ կանի նրանց երկրի երեսից։ Իր Թագավորության միջոցով նա կիրականացնի այս խոստումը. «Վստահի՛ր Եհովային և պահի՛ր նրա ճանապարհները.... և դու կտեսնես ամբարիշտների կործանումը» * (Սաղմոս 37։34)։ Երբ ամբարիշտները վերանան, Աստծու հավատարիմ երկրպագուները այլևս կոռուպցիայի զոհը չեն դառնա։

Սատանայի ազդեցությունը

Ամենահամառ մեղսագործը Բանսարկու Սատանան է։ Որքա՜ն ուրախ ենք, որ շուտով Եհովան բանտարկելու է նրան և թույլ չի տալու, որ նա ազդի մարդկանց վրա։ Վերջում Աստված իսպառ կոչնչացնի նրան։ Այդ չար հրեշը այլևս չի կարողանա դրդել մարդկանց անազնիվ գործերի։

Այն, որ Աստված վերացնելու է կոռուպցիայի բոլոր հիմնապատճառները, գուցե երազանք թվա։ Թերևս մտածես. «Աստված ի զորո՞ւ է այս ամենը իրականացնելու։ Եթե այո, ապա ինչո՞ւ նա մինչև հիմա դա չի արել»։ Սրանք տեղին հարցեր են, և Աստվածաշունչը տալիս է լիարժեք պատասխաններ *։ Առաջարկում ենք անձամբ ուսումնասիրել՝ տեսնելու, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը մոտ ապագայի մասին, երբ կոռուպցիան հավերժ անցյալի գիրկը կանցնի։

^ պարբ. 8 Հիսուսի մահվան քավիչ զոհաբերության մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 5-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

^ պարբ. 12 Համաձայն Աստվածաշնչի՝ «Եհովան» Աստծու անունն է։

^ պարբ. 15 Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 3-րդ, 8-րդ և 11-րդ գլուխները։