Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐ 2012

Աստված հարգում ու պատվում է կանանց

Աստված հարգում ու պատվում է կանանց

ՀԻՍՈՒՍԸ երկրի վրա եղած ժամանակ կատարելապես արտացոլեց իր երկնային Հոր հատկություններն ու վարվելակերպը։ Նա ասաց. «Ինքս ինձանից ոչինչ չեմ անում, այլ ինչ որ Հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խոսում.... Ես միշտ նրան հաճելի բաներն եմ անում» (Հովհաննես 8։28, 29; Կողոսացիներ 1։15)։ Ուստի քննելով այն, թե ինչպես Հիսուսը վերաբերվեց կանանց՝ ավելի լավ կհասկանանք, թե Աստված ինչ տեսակետ ունի նրանց վերաբերյալ և ինչ վերաբերմունք է ակնկալում մյուսներից։

Հիմնվելով Ավետարանների արձանագրության վրա՝ որոշ աստվածաշնչագետներ ընդունում են, որ կանանց վերաբերյալ Հիսուսի տեսակետը ամբողջովին տարբերվում էր այն ժամանակներում ընդունված տեսակետից։ Ո՞րն էր այդ տարբերությունը։ Արդյոք նրա ուսմունքները կանանց ազատություն տալի՞ս են այսօր։

Ինչպես էր Հիսուսը վերաբերվում կանանց

Հիսուսը ամենայն մաքրությամբ էր վերաբերվում կանանց։ Որոշ հրեա կրոնական առաջնորդների կարծիքով՝ հակառակ սեռի հետ շփումը կարող էր միայն մեղսածին ցանկություններ առաջացնել։ Քանի որ կանայք փորձության աղբյուր էին համարվում, նրանց թույլ չէր  տրվում հանրության առաջ խոսել տղամարդկանց հետ կամ դուրս գալ առանց գլուխը ծածկելու։ Ուստի Հիսուսը պատվիրեց տղամարդկանց հսկել իրենց մարմնական ցանկությունները և կանանց հասարակությունից մեկուսացնելու փոխարեն՝ արժանապատվությամբ վերաբերվել նրանց (Մատթեոս 5։28

Հիսուսը նաև ասաց. «Ով իր կնոջից բաժանվում է և ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է գործում նրա դեմ» (Մարկոս 10։11, 12)։ Այս խոսքերով նա ժխտեց տարածված ռաբունական ուսմունքը, ըստ որի՝ տղամարդուն թույլ էր տրվում «ցանկացած պատճառով բաժանվել իր կնոջից» (Մատթեոս 19։3, 9Կնոջ դեմ շնություն գործելու գաղափարը օտար էր հրեաներից շատերի համար։ Նրանց ռաբբիները սովորեցնում էին, որ ամուսնու գործածը շնություն չէ, այլ միայն կնոջ գործածն է դավաճանություն։ Ինչպես աստվածաշնչյան մի աշխատության մեջ է նշվում, «Հիսուսը, ամուսնուն դնելով այն նույն բարոյական պարտավորության տակ, որն ուներ կինը, բարձրացրեց կանանց դիրքն ու արժանապատվությունը»։

Կիրառությունն այսօր։ Եհովայի վկաների ժողովում հանդիպումների ժամանակ կանայք ազատորեն շփվում են տղամարդկանց հետ։ Այնտեղ քրիստոնյա տղամարդիկ անպարկեշտ հայացքով չեն նայում կանանց և շփման մեջ իրենց չափից շատ ազատություն չեն տալիս, քանի որ «մեծահասակ կանանց [վերաբերվում են] ինչպես մայրերի, երիտասարդ կանանց՝ ինչպես քույրերի՝ ամենայն մաքրությամբ» (1 Տիմոթեոս 5։2

Հիսուսը ժամանակ էր տրամադրում կանանց ուսուցանելու համար։ Հակառակ տարածված ռաբունական տեսակետի՝ ըստ որի՝ կրթությունը կնոջ համար չէր, Հիսուսը սովորեցնում էր կանանց ու քաջալերում արտահայտվել։ Հրաժարվելով զրկել Մարիամին Աստծու խոսքը լսելու ուրախությունից՝ նա ցույց տվեց, որ կնոջ տեղը միայն խոհանոցը չէ (Ղուկաս 10։38–42)։ Մարիամի քույր Մարթան նույնպես մեծ օգուտներ ստացավ Հիսուսի սովորեցրածից։ Դա երևում է այն խոսքերից, որոնք նա ասաց, երբ մահացել էր իր եղբայր Ղազարոսը (Հովհաննես 11։21–27

Հիսուսին հետաքրքրում էր կանանց տեսակետը։ Այդ օրերին հրեա կանանց մեծամասնությունը այն կարծիքին էր, որ երջանիկ կինը նա է, ում որդին արժանի զավակ է, օրինակ՝ մարգարե։ Մի անգամ ժողովրդի միջից մի կին բացականչեց՝ ասելով Հիսուսին. «Երջանիկ է այն կինը, որը կրեց քեզ իր արգանդում»։ Հիսուսը, առիթն օգտագործելով նրան առավել կարևոր բանի վրա հրավիրեց (Ղուկաս 11։27, 28)։ Նշելով, որ Աստծուն հնազանդվելը ավելի կարևոր է՝ Հիսուսը ցույց տվեց, որ կնոջ դերը չի սահմանափակվում որդեծնությամբ (Հովհաննես 8։32

Կիրառությունն այսօր։ Քրիստոնեական ժողովում սովորեցնելու պատասխանատվություն կրող տղամարդիկ բարձր են գնահատում հանդիպումների ժամանակ կանանց մեկնաբանությունները։  Նրանք հարգում են հասուն կանանց, որոնք «բարին են սովորեցնում» իրենց օրինակով (Տիտոս 2։3)։ Նաև կանանց վստահում են Աստծու Թագավորության բարի լուրը հանրորեն հռչակելու գործը (Սաղմոս 68։11, տե՛ս  «Պողոս առաքյալը արգելո՞ւմ էր կանանց խոսել» շրջանակը, էջ 9)։

Հիսուսը թանկ էր գնահատում կանանց։ Հնում տղա երեխաները բարձր էին դասվում աղջիկներից։ Թալմուդում այդ մասին ասվում է. «Երանի՜ տղա ունեցողներին։ Վա՜յ այն ծնողին, ում երեխաները աղջիկ են»։ Որոշ ծնողներ աղջիկ երեխաներին մեծ բեռ էին համարում. նրանց համար պետք է ամուսին գտնեին, օժիտ տային, իսկ երբ ծերանային, աղջիկը չէր կարող նրանց թև ու թիկունք լինել։

Հիսուսը ցույց տվեց, որ աղջիկ երեխայի կյանքը նույնքան արժեքավոր է, որքան տղայինը։ Նա հարություն տվեց թե՛ Հայրոսի աղջկան, թե՛ Նային քաղաքից մի այրու տղայի (Մարկոս 5։35, 41, 42; Ղուկաս 7։11–15)։ Իսկ երբ բուժեց մի կնոջ, որը «չար ոգու» պատճառով «տասնութ տարի հիվանդ» էր, նրան «Աբրահամի դուստր» անվանեց, արտահայտություն, որը չի հանդիպում հրեական ձեռագրերում (Ղուկաս 13։10–16)։ Այս հարգալից արտահայտությամբ նա ցույց տվեց, որ այդ կինը հասարակության լիիրավ անդամ է, և ընդգծեց նրա մեծ հավատը (Ղուկաս 19։9; Գաղատացիներ 3։7

Կիրառությունն այսօր։ Մի ասիական ասացվածք ասում է. «Աղջիկ մեծացնելը նման է հարևանի այգին ջրելուն»։ Հակառակ այս տեսակետի՝ քրիստոնյա հայրերը ուշադիր են իրենց բոլոր երեխաների հանդեպ՝ թե՛ տղաների, թե՛ աղջիկների։ Նրանք հոգ են տանում, որ բոլոր երեխաները անհրաժեշտ կրթություն և բուժօգնություն ստանան։

Հիսուսը իր հարության մասին լուրը առաքյալներին հայտնելու պատիվը Մարիամ Մագդաղենացուն տվեց

Հիսուսը վստահում էր կանանց։ Հրեական ատյաններում կնոջ տված վկայությունը հավասար էր ստրուկի վկայությանը։ Առաջին դարի պատմագիր Հովսեպոսը այսպիսի խորհուրդ է տվել. «Կանանցից ոչ մի վկայություն մի՛ ընդունեք, քանի որ էությամբ նրանք թեթևամիտ են և անխոհեմ»։

Ի հակադրություն այս վերաբերմունքի՝ Հիսուսը հենց կանանց պատվիրեց, որ հայտնեն իր հարության լուրը (Մատթեոս 28։1, 8–10)։ Թեև այս հավատարիմ կանայք ականատես էին եղել, թե ինչպես էր իրենց Տերը մահապատժի ենթարկվել ու դրվել գերեզմանում, բայց առաքյալների համար դժվար էր հավատալ նրանց խոսքերին (Մատթեոս 27։55, 56, 61; Ղուկաս 24։10, 11)։ Սակայն առաջինը կանանց երևալով՝ հարություն առած Հիսուսը, ինչպես որ իր մյուս աշակերտներին, այնպես էլ նրանց վստահեց վկայություն տալու գործը (Գործեր 1։8, 14

Կիրառությունն այսօր։ Եհովայի վկաների ժողովներում պատասխանատվություններ ունեցող  տղամարդիկ պատվի են արժանացնում կանանց ու հաշվի առնում նրանց դիտարկումները։ Իսկ ամուսինները «պատիվ են տալիս» իրենց կանանց՝ ուշադիր լսելով նրանց (1 Պետրոս 3։7; Ծննդոց 21։12

Աստվածաշնչի սկզբունքները նպաստում են կանանց երջանկությանը

Ովքեր կիրառում են Աստվածաշնչի սկզբունքները, հարգում ու պատվում են կանանց

Քրիստոսին ընդօրինակող տղամարդիկ հարգում են կանանց և տալիս են այն ազատությունը, որն Աստված ի սկզբանե նպատակադրել էր նրանց համար (Ծննդոց 1։27, 28)։ Քրիստոնյա ամուսինները կանանցից բարձր չեն դասում իրենց, փոխարենը՝ առաջնորդվում են Աստվածաշնչի սկզբունքներով, որոնք նպաստում են կանանց երջանկությանը (Եփեսացիներ 5։28, 29

Երբ Ելենա անունով մի կին սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը, իր ամուսնու կողմից դաժան վերաբերմունքի էր արժանանում։ Նրա ամուսինը մեծացել էր այնպիսի միջավայրում, որտեղ աղջիկ փախցնելը և ֆիզիկական բռնություն գործադրելը սովորական երևույթ էին։ «Այն, ինչ սովորեցի Աստվածաշնչից, ինձ ուժ տվեց,— ասում է Ելենան։— Հասկացա, որ կա մեկը, ով ինձ շատ է սիրում և գնահատում։ Հասկացա նաև, որ եթե ամուսինս Աստվածաշունչ ուսումնասիրի, կփոխի վերաբերմունքը իմ հանդեպ»։ Նրա երազանքն ի վերջո իրականացավ, երբ ամուսինը համաձայնվեց ուսումնասիրել Աստվածաշունչը, իսկ հետագայում մկրտվեց ու դարձավ Եհովայի վկա։ Ելենան պատմում է. «Նա սովորեց ինքնատիրապետում դրսևորել և դարձավ օրինակելի քրիստոնյա։ Մենք սովորեցինք ներել իրար։ Աստվածաշնչի սկզբունքները իսկապես օգնեցին ինձ գնահատված և պաշտպանված զգալու» (Կողոսացիներ 3։13, 18, 19

Ելենայի պես միլիոնավոր քրիստոնյա կանայք երջանկություն են գտել, քանի որ ամուսինների հետ ձգտում են կիրառել Աստվածաշնչի սկզբունքները իրենց ընտանիքում։ Նրանք հարգանքի են արժանանում և ազատություն վայելում քրիստոնեական եղբայրության մեջ (Հովհաննես 13։34, 35

Քրիստոնյա տղամարդիկ և կանայք գիտակցում են, որ լինելով անկատար և մեղավոր՝ Աստծու ստեղծագործության մասն են կազմում, որը «հպատակվել է ունայնությանը»։ Բայց մտերմանալով իրենց սիրառատ Աստծու և Հոր՝ Եհովայի հետ, հույս ունեն «ազատ արձակվելու ապականության ստրկությունից» և վայելելու «Աստծու զավակների փառահեղ ազատությունը»։ Ի՜նչ հրաշալի հեռանկար թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար (Հռոմեացիներ 8։20, 21