Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Սեպտեմբեր 2012

Ինչպե՞ս է իրականում Աստված վերաբերվում կանանց

Ինչպե՞ս է իրականում Աստված վերաբերվում կանանց

«Մեղքի սկիզբը կնոջից է, և նրա պատճառով ենք մեռնում բոլորս» («ՍԻՐԱՔ», Մ.Թ.Ա. 2-ՐԴ ԴԱՐ)։

«Դուք սատանայի դուռն եք։ Դուք արգելված ծառի կնիքը քանդողն եք։ Դուք առաջինը խախտեցիք Աստծու օրենքը.... Դուք այնքա՜ն հեշտությամբ կործանեցիք Աստծու պատկերը՝ մարդուն» (ՏԵՐՏՈՒԼԻԱՆՈՍ, «DE CULTU FEMINARUM», Մ.Թ. 2-ՐԴ ԴԱՐ)։

ԱՅՍ խոսքերը Աստվածաշնչից չեն։ Դարեր շարունակ դրանք օգտագործվել են կանանց հանդեպ խտրականությունն արդարացնելու համար։ Նույնիսկ այսօր որոշ ծայրահեղ հայացքների տեր մարդիկ, կրոնական գրքերից մեջբերումներ անելով, արդարացնում են կանանց հանդեպ դաժան վերաբերմունքը՝ պնդելով, թե նրանք են մեղավոր մարդկության ցավերի համար։ Արդյոք Աստծու նպատա՞կն էր, որ տղամարդիկ նվաստացնեն ու վատ վերաբերվեն կանանց։ Տեսնենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը։

Աստված անիծե՞լ է կանանց։

Ո՛չ։ Աստված անիծել է «առաջին օձին, որը Բանսարկու և Սատանա է կոչվում» (Հայտնություն 12։9; Ծննդոց 3։14)։ Երբ Աստված ասաց, որ Ադամը իշխելու է կնոջ վրա, չի նշանակում, որ այդպես էր ուզում (Ծննդոց 3։16)։ Աստված պարզապես տեղեկացնում էր, թե նրանց գործած մեղքը ինչ տխուր հետևանքներ էր ունենալու։

Հետևաբար, կանանց հանդեպ վատ վերաբերմունքը մարդկության մեղավոր էության դրսևորումն է, ոչ թե Աստծու կամքը։ Աստվածաշունչը թիկունք չի կանգնում այն մտքին, որ կանայք պետք է ենթարկվեն տղամարդկանց իշխանությանը որպես փոխհատուցում առաջին մեղքի դիմաց (Հռոմեացիներ 5։12

Աստված կնոջը տղամարդուց ստորադա՞ս է ստեղծել։

Ո՛չ։ Ծննդոց 1։27-ում կարդում ենք. «Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան. տղամարդ և կին ստեղծեց նրանց»։ Հենց սկզբից թե՛ տղամարդը, թե՛ կինը ստեղծվել են Աստծու հատկությունները արտացոլելու ունակությամբ։ Թեև Ադամն ու Եվան ֆիզիկական և էմոցիոնալ առումներով տարբերվում էին միմյանցից, երկուսն էլ նույն հրահանգները ստացան և նույն իրավունքներն ունեին (Ծննդոց 1։28–31

Մինչև Եվային ստեղծելը Աստված ասաց. «Մի օգնական ստեղծեմ նրա [Ադամի] համար որպես նրան լրացում» (Ծննդոց 2։18)։ Արդյոք «լրացում» բառը ցո՞ւյց է տալիս, որ կինը  տղամարդուց ստորադաս է։ Ամենևի՛ն։ Եբրայերեն այս բառը կարող է թարգմանվել նաև տղամարդուն «հարմար օգնական»։ Սա կարելի է համեմատել, թե ինչպես են վիրաբույժն ու անեսթեզիոլոգը լրացնում միմյանց վիրահատության ժամանակ։ Կարո՞ղ է մեկն աշխատել առանց մյուսի։ Դժվար թե։ Թեև վիրաբույժն է իրականացնում վիրահատությունը, սակայն մի՞թե անեսթեզիոլոգի դերը պակաս կարևոր է։ Նմանապես, Աստված ստեղծել է տղամարդուն և կնոջը իրար հետ համագործակցելու, ոչ թե մրցակցելու համար (Ծննդոց 2։24

Ի՞նչն է ցույց տալիս, որ Աստված հոգ է տանում կանանց մասին։

Կանխապես իմանալով, թե մեղավոր մարդիկ հետագայում ինչպես կվերաբերվեն կանանց՝ Աստված նպատակադրեց պաշտպանել նրանց։ Մի գրքի հեղինակ՝ Լոր Այնարդը, խոսելով Մովսիսական օրենքի մասին, որը տրվել է մ.թ.ա. 16-րդ դարում, գրում է. «Օրենքի այն հատվածները, որոնցում խոսվում է կանանց մասին, հիմնականում նրանց պաշտպանության համար են նախատեսված» (La Bible au féminin)։

Օրինակ՝ Օրենքը հորդորում էր հարգել ու պատվել թե՛ հորը, թե՛ մորը (Ելք 20։12; 21։15, 17)։ Այն նաև պահանջում էր համապատասխան վերաբերմունք դրսևորել հղի կանանց հանդեպ (Ելք 21։22)։ Սակայն աշխարհի տարբեր երկրներում ընդունված օրենքները այսօր խիստ տարբերվում են Աստծու օրենքներից։ Դրանք զրկում են կանանց իրենց իրավունքներից։

Օրենք, որ արտացոլում է Աստծու տեսակետը կանանց վերաբերյալ

Իսրայել ազգին Եհովա Աստծու տված Օրենքը և՛ տղամարդկանց, և՛ կանանց պաշտպանում էր ֆիզիկական, բարոյական ու հոգևոր առումներով։ Քանի դեռ նրանք լսում ու հնազանդվում էին, «երկրի բոլոր ազգերից բարձր» էին (2 Օրենք 28։1, 2)։ Իսկ ի՞նչ իրավունքներ էր տալիս Օրենքը կանանց։

1. Ազատություն։ Ի տարբերություն ուրիշ շատ ազգերի՝ հնում իսրայելացի կանայք մեծ ազատություն  էին վայելում։ Թեև ընտանիքի գլխի դերը տրված էր ամուսնուն, սակայն նա վստահում էր կնոջը, և վերջինս կարող էր «զննել արտը», «ձեռք բերել այն» և «խաղողի այգի տնկել»։ Եթե նա կարողանում էր թել մանել և հյուսել, ապա կարող էր իր սեփական գործն ունենալ (Առակներ 31։11, 16–19)։ Մովսիսական օրենքով կանայք դիտվում էին որպես առանձին անհատներ, որոնք ունեին իրենց իրավունքները։

Հին Իսրայելում կանայք կարող էին անձնական փոխհարաբերություններ ունենալ Աստծու հետ։ Օրինակ՝ Աստվածաշունչը խոսում է Աննայի մասին, որը անձնական խնդրանքով դիմեց Աստծուն (1 Սամուել 1։11, 24–28)։ Սունամ քաղաքից մի կին սովորություն ուներ շաբաթ օրերին Եղիսե մարգարեին այցելելու ու նրա հետ զրուցելու (2 Թագավորներ 4։22–25)։ Իսկ Դեբորան և Օլդան Աստծու կողմից ընտրվել էին որպես նրա ներկայացուցիչներ։ Ուշագրավ է, որ ազդեցիկ մարդիկ և քահանաները գալիս էին նրանցից խորհուրդ հարցնելու (Դատավորներ 4։4–8; 2 Թագավորներ 22։14–16, 20

2. Կրթություն։ Երբ Իսրայելում ընթերցվում էր Օրենքը, կանայք պետք է ներկա լինեին ու լսեին, քանի որ նրանք նույնպես Օրենքի ուխտի մեջ էին մտնում։ Դա նրանց կրթվելու հնարավորություն էր տալիս (2 Օրենք 31։12; Նեեմիա 8։2, 8)։ Նրանք կարող էին նաև սովորել, թե ինչպես մասնակցություն ունենալ Աստծուն մատուցվող երկրպագության որոշ ձևերին։ Օրինակ՝ կանանցից ոմանք «կազմակերպված ծառայում էին» խորանի մոտ, ուրիշներն էլ երգում էին երգչախմբում (Ելք 38։8; 1 Տարեգրություն 25։5, 6

Հին Իսրայելում կանայք իրենց սեփական գործն ունեին

Շատ կանայք բավականին գիտելիքներ ու հմտություններ ունեին, ինչի շնորհիվ կարողանում էին շահութաբեր գործով զբաղվել (Առակներ 31։24)։ Ի տարբերություն մյուս ազգերի, որտեղ միայն հայրն էր կրթում իր որդիներին՝ Իսրայելում կինը նույնպես պետք է կրթեր որդուն (Առակներ 31։1)։ Ակնհայտ է, որ հին իսրայելացի կանայք անուսում չէին։

3. Հարգանքի և պատվի արժանի։ Տասը պատվիրաններում հստակ նշվում է. «Պատվիր քո հորն ու մորը» (Ելք 20։12)։ Իսկ իմաստուն Սողոմոն  թագավորի առակներում կարդում ենք. «Լսի՛ր, որդի՛ս, քո հոր խրատը և մի՛ թող քո մոր օրենքը» (Առակներ 1։8

Օրենքում կային նաև ամուրիների վարքի վերաբերյալ մանրամասն կանոններ, որոնք ընդգծում էին կանանց հանդեպ հարգանք ունենալու կարևորությունը (Ղևտական 18։6, 9; 2 Օրենք 22։25, 26)։ Լավ ամուսինը պետք է հաշվի առներ կնոջ ֆիզիկական և էմոցիոնալ վիճակը (Ղևտական 18։19

4. Պաշտպանություն։ Իր Խոսքում Եհովան ներկայացնում է իրեն որպես «որբերի հայր և այրիների դատավոր»։ Այլ կերպ ասած՝ նա այն մարդկանց Պաշտպանն էր, ովքեր չունեին հայր կամ ամուսին, որոնք կպաշտպանեին նրանց իրավունքները (Սաղմոս 68։5; 2 Օրենք 10։17, 18)։ Մի անգամ, երբ մարգարեներից մեկի կինը անարդար վերաբերմունքի արժանացավ պարտատիրոջ կողմից, Եհովան հրաշքով միջամտեց, որ նա ապրուստ ունենա՝ չկորցնելով իր արժանապատվությունը (2 Թագավորներ 4։1–7

Նախքան իսրայելացիները կմտնեին Ավետյաց երկիր, ընտանիքի գլուխ Սալպաադը մահացավ առանց արու զավակ թողնելու։ Ուստի նրա հինգ աղջիկները խնդրեցին Մովսեսին, որ իրենց «կալվածք» տա Ավետյաց երկրում։ Եհովան պատվիրեց Մովսեսին արդարությամբ վարվել նրանց հետ։ Նա ասաց. «Իրենց հոր եղբայրների հետ միասին որպես ժառանգություն նրանց անպայման կալվածք տուր և իրենց հոր ժառանգությունը նրանց փոխանցիր»։ Այդ ժամանակից սկսած՝ իսրայելացի կանայք կարող էին հայրերից ժառանգություն ստանալ և փոխանցել իրենց սերունդներին (Թվեր 27։1–8

Աստծու տեսակետը աղավաղվում է

Մովսիսական օրենքի ներքո կանանց պատվում էին և նրանց իրավունքները՝ հարգում։ Սակայն մ.թ.ա. 4-րդ դարից սկսած՝ հունական մշակույթի ազդեցության տակ նրանց սկսեցին ստորադաս համարել (տե՛ս «Ինչ են վկայում հին ձեռագրերը» շրջանակը)։

Օրինակ՝ հույն բանաստեղծ Հեսիոդոսը (մ.թ.ա. 8-րդ դար) մարդկության բոլոր խնդիրների մեջ կանանց էր մեղադրում։ «Թեոգոնիա» ստեղծագործության մեջ նա կանանց «աղետաբեր» ցեղ է համարում, որոնք «որպես չարիք՝ մահկանացու մարդկանց մեջ են.... ապրում»։ Մ.թ.ա. 2-րդ դարի սկզբում այս գաղափարը տարածում գտավ հուդայականության մեջ։ Թալմուդում (հուդայականության սուրբ գիրք, մ.թ. 2-րդ դար) հետևյալ զգուշացումն էր տրվում տղամարդկանց. «Շատ մի՛ շփվեք կանանց հետ։ Դա ձեզ ի վերջո անբարոյության կտանի»։

Կնոջ հանդեպ անվստահությունը դարերի ընթացքում հրեական հասարակության մեջ խոր արմատներ գցեց։ Հիսուսի օրերում կանանց մուտքը տաճար սահմանափակված էր կանանց գավիթով։ Կրոնական կրթությունը նախատեսված էր միայն տղամարդկանց համար, իսկ ժողովարանում կանայք, ակներևաբար, տղամարդկանցից առանձին էին։  Թալմուդում մեջբերված մի ռաբբիի խոսքեր հետևյալն են ասում. «Ով իր աղջկան սովորեցնի Թորան [Օրենքը], անամոթության կվարժեցնի նրան»։ Աղավաղելով կանանց վերաբերյալ Աստծու տեսակետը՝ հրեա կրոնական առաջնորդները տղամարդկանց մեջ կանանց հանդեպ արհամարհանք սերմանեցին։

Հիսուսը տեսնում էր, որ կանանց հանդեպ այս վերաբերմունքը խորապես արմատացած է հրեական սովորույթներում (Մատթեոս 15։6, 9; 26։7–11)։ Արդյոք դա ազդե՞ց նրա վարվելակերպի վրա։ Ի՞նչ կարող ենք սովորել կանանց հանդեպ Հիսուսի վերաբերմունքից և վարվելակերպից։ Ի՞նչ դեր ունեցավ ճշմարիտ քրիստոնեությունը կանանց համար։ Հաջորդ հոդվածում կգտնեք պատասխանները։

 

Իմացիր ավելին

ԴԻՏԱՐԱՆ

Աստված հարգում ու պատվում է կանանց

Ինչպե՞ս էր Հիսուսը վերաբերվում կանանց։ Ի՞նչ ենք սովորում նրանից։

ԴԻՏԱՐԱՆ

Նախապաշարումից զերծ աշխարհ. ե՞րբ

Իրական դեպքերը ցույց են տալիս, թե ինչպես է Աստվածաշունչը օգնում ազատվելու նախապաշարումից։ Ե՞րբ է նախապաշարմանը վերջ դրվելու։