Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐ 2012

Բարություն. կարևոր հատկություն Աստծու աչքում

Բարություն. կարևոր հատկություն Աստծու աչքում

ՃԱՊՈՆԱՑԻ մի երիտասարդ անչափ տպավորված էր մի մեծահասակ տղամարդու դրսևորած բարությամբ։ Այդ տղամարդը միսիոներ էր և երկար տարիներ չէր եղել Ճապոնիայում։ Նա լավ չգիտեր ճապոներեն, սակայն ամեն շաբաթ այցելում էր այդ երիտասարդին և նրա հետ Աստվածաշունչ ուսումնասիրում։ Այս բարեհամբույր միսիոները իր բարի ժպիտով ու համբերությամբ պատասխանում էր հետաքրքրասեր երիտասարդի բազմաթիվ հարցերին։

Տարեց միսիոների դրսևորած բարությունը անջնջելի հետք թողեց երիտասարդի սրտում։ Նա մտածեց, որ եթե Աստվածաշունչը մարդուն բարի ու սիրող է դարձնում, ապա ինքը անպայման պետք է ուսումնասիրի այդ գիրքը։ Դա նրան մղեց ուսումնասիրելու մի բան, ինչը միանգամայն օտար էր իրեն։ Այո,՛ բարությունը ջերմացնում է մարդու սիրտը։ Այն խոսքերից ավելի զորավոր է։

Բարություն. Աստծուն բնորոշ հատկություն

Մեր մտերիմների հանդեպ բարություն դրսևորելը բնական է։ Սակայն բարությունը չի սահմանափակվում միայն մտերիմների շրջանում դրսևորվելով։ Այն ավելի վեհ հատկություն է։ Հիսուսն ասաց, որ իր երկնային Հայրը բարի է ոչ միայն նրանց հանդեպ, ովքեր սիրում են իրեն, այլև «ապերախտների հանդեպ»։ Նա հորդորեց իր հետևորդներին ընդօրինակել Աստծուն այս հարցում. «Կատարյալ եղեք, ինչպես որ ձեր երկնային Հայրն է կատարյալ» (Ղուկաս 6։35; Մատթեոս 5։48; Ելք 34։6

Քանի որ մարդն Աստծու պատկերով է ստեղծվել, կարող է արտացոլել նրա հատկությունները (Ծննդոց 1։27)։ Այո՛, մենք կարող ենք ընդօրինակել Աստծուն և սովորել բարի լինել ուրիշների հանդեպ։ Աստվածաշունչը նկարագրում է բարությունը որպես Աստծու սուրբ ոգու, կամ՝ գործուն ուժի պտղի երեսակներից մեկը (Գաղատացիներ 5։22)։ Անհատը կարող է զարգացնել այդ հատկությունը՝ Աստծու՝ մեր Ստեղծչի մասին ավելի շատ բան սովորելով և նրա հետ մտերմանալով։

Բարությունը մարդու էության մի մասն է և Աստծու կողմից շատ թանկ է գնահատվում, ուստի տրամաբանական է, որ Աստված մեզ պատվիրում է «իրար հանդեպ լինել բարի» (Եփեսացիներ 4։32)։ Պողոս առաքյալը հետևյալ հորդորն է տալիս. «Մի՛ մոռացեք հյուրասիրությունը»։ Բնագիր լեզվում «հյուրասիրություն» բառը նշանակում է «սեր օտարի հանդեպ»։ Ուստի Պողոսը քաջալերում է մեզ բարություն դրսևորել նաև այն մարդկանց հանդեպ, ում չենք ճանաչում (Եբրայեցիներ 13։2

Սակայն այսօրվա կոպիտ ու ապերախտ աշխարհում հնարավո՞ր է լինել բարի, հատկապես անծանոթների հանդեպ։ Ի՞նչը կարող է օգնել մեզ այդպես վարվելու։ Կամ ինչո՞ւ մեզ պետք է հետաքրքրի այդ հարցը։

Աստծու համար կարևոր հատկություն

Պողոս առաքյալը անծանոթների հանդեպ բարություն դրսևորելու հորդորը տալուց հետո նշում է. «Դրա շնորհիվ ոմանք, առանց իմանալու, հրեշտակների հյուրընկալեցին»։ Ի՞նչ կզգայիր, եթե դու էլ հնարավորություն ունենայիր հրեշտակների հյուրընկալելու։ Ուշադրություն դարձրու, որ Պողոսն ասում է՝ «առանց իմանալու»։ Ուստի եթե մենք սովորություն ունենանք բարի լինելու, անսպասելիորեն կվարձատրվենք։

Բազմաթիվ աստվածաշնչյան թարգմանություններ Պողոսի այս խոսքերը զուգահեռ հղումներով կապում են «Ծննդոց» գրքի 18 և 19-րդ գլուխներում նկարագրվող Աբրահամի և Ղովտի  հետ պատահած դեպքերի հետ։ Երկու պարագայում էլ նրանց հայտնվեցին օտար մարդկանց տեսքով հրեշտակներ, որոնք կարևոր պատգամներ հաղորդեցին։ Նրանց միջոցով Աբրահամին Աստված խոստացավ, որ նա որդի կունենա, իսկ Ղովտին հայտնեց Սոդոմ և Գոմոր քաղաքների կործանման և նրա ընտանիքի փրկության մասին լուրը (Ծննդոց 18։1–10; 19։1–3, 15–17

Կարդալով վերը նշված աստվածաշնչյան համարները՝ կնկատենք, որ թե՛ Աբրահամը, թե՛ Ղովտը բարություն դրսևորեցին այն մարդկանց հանդեպ, ում չէին ճանաչում։ Ինչ խոսք, հնում սովորություն էր ճամփորդների հանդեպ հյուրասիրություն դրսևորելը, անկախ նրանից՝ նրանք ընկերներ էին, բարեկամներ, թե՝ օտարականներ։ Մովսիսական օրենքով պահանջվում էր, որ իսրայելացիները չանտեսեին ուրիշ ազգի մարդկանց (2 Օրենք 10։17–19)։ Աբրահամն ու Ղովտը ավելին արեցին, քան հետագայում պահանջվեց Օրենքով. նրանք անծանոթ մարդկանց հանդեպ բարություն դրսևորեցին և օրհնվեցին։

Աբրահամի դրսևորած բարությունը օրհնություններ բերեց ոչ միայն նրան, այլև մեզ։ Աբրահամը և իր որդի Իսահակը կարևոր դեր ունեցան Աստծու նպատակների իրականացման մեջ։ Նրանց շառավղից սերեց Մեսիան՝ Հիսուսը։ Նրանց հավատի գործերը նաև նախաշողն էին այն բանի, թե ինչպես էր Աստված մարդկության փրկության համար հիմք նախապատրաստելու՝ սեր ու անզուգական բարություն դրսևորելով (Ծննդոց 22։1–18; Մատթեոս 1։1, 2; Հովհաննես 3։16

Այս դեպքերը ցույց են տալիս, թե ինչ է Աստված ակնկալում նրանցից, ում սիրում է, և թե որքան բարձր է գնահատում բարությունը։ Այս հատկությունը անչափ կարևոր է Աստծու համար։

Բարություն անելով՝ ավելի լավ կճանաչենք Աստծուն

Աստվածաշունչը հայտնում է, որ մեր օրերում շատերը կլինեն «անշնորհակալ, անհավատարիմ, բնական կապվածություն չունեցող» (2 Տիմոթեոս 3։1–3)։ Անկասկած, մենք ամեն օր ենք հանդիպում այսպիսի մարդկանց։ Սակայն դա չի նշանակում, որ բարություն չպետք է դրսևորենք ուրիշների հանդեպ։ Քրիստոնյաներին հորդոր է տրվում. «Ոչ մեկին չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք։ Արեք այն, ինչը բարի է բոլոր մարդկանց առաջ» (Հռոմեացիներ 12։17

Մենք կարող ենք ջանք գործադրել և բարություն դրսևորել բոլորի հանդեպ։ Աստվածաշունչն ասում է. «Ով սիրում է.... ճանաչում է Աստծուն»։ Իսկ սեր դրսևորելու կերպերից մեկը ուրիշների հանդեպ բարի լինելն է (1 Հովհաննես 4։7; 1 Կորնթացիներ 13։4)։ Մարդկանց հանդեպ բարություն դրսևորելով՝ մենք ավելի լավ կճանաչենք Աստծուն և ավելի երջանիկ կլինենք։ Հիսուսը Լեռան քարոզում ասաց. «Երջանիկ են բարի մարդիկ, որովհետև նրանք բարություն կգտնեն։ Երջանիկ են նրանք, ովքեր սրտով մաքուր են, որովհետև նրանք կտեսնեն  Աստծուն» (Մատթեոս 5։7, 8, Young’s Literal Translation)։

Երբ վարանում ես մի բան ասել կամ չգիտես՝ ինչ անես, պարզապես բարություն արա կամ մի բարի խոսք ասա

Նկատի առնենք երիտասարդ տնային տնտեսուհի Ակիի օրինակը, որը երկու որդի ունի։ Երբ նա անսպասելիորեն կորցրեց իր մորը, խոր դեպրեսիայի մեջ ընկավ։ Երբեմն Ակին իրեն այնքան վատ էր զգում, որ ստիպված էր բժշկի դիմել։ Մի օր նա ծանոթացավ իրենց նոր հարևանների հետ։ Այդ ընտանիքի հայրը վերջերս էր մահացել դժբախտ պատահարի հետևանքով, և մայրը մենակ մեծացնում էր հինգ փոքր երեխաների։ Ակին շատ մտահոգվեց այդ ընտանիքի համար և ջանքեր թափեց, որպեսզի ընկերանա նրանց հետ։ Նա անում էր հնարավորինս ամեն բան՝ ուտելիք, հագուստ և այլ անհրաժեշտ բաներ էր տալիս նրանց։ Դրա շնորհիվ նա էմոցիոնալ առումով վերականգնվեց։ Ակին համոզվեց, թե որքան ճշմարիտ են Աստվածաշնչի խոսքերը. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործեր 20։35)։ Ուրիշների համար բարի գործեր անելը, անշուշտ, կարող է լավագույն դեղամիջոցը լինել, երբ դու ընկճված ես։

Պարտք տալ Եհովային

Երբ ուրիշներին բարություն ենք անում, կարծես «Եհովային պարտք ենք տալիս»

Բարություն դրսևորելու համար պարտադիր չէ շատ փող ունենալ, և ոչ էլ հատուկ ընդունակություն կամ մեծ ուժ է հարկավոր։ Մի ժպիտը, մի ջերմ խոսքը, օգնության համար մեկնած ձեռքը, մի փոքրիկ նվերը կամ պարզապես հերթում զիջելը կարող է ավելի շատ գնահատվել։ Երբ վարանում ես մի բան ասել կամ չգիտես՝ ինչ անես, պարզապես բարություն արա կամ մի բարի խոսք ասա։ Երիտասարդը, որի մասին խոսվեց հոդվածի սկզբում, ավելի շատ տպավորվեց միսիոների բարի վերաբերմունքով, քան խոսքերով։ Ուստի զարմանալի չէ, որ Աստված իր երկրպագուներից պահանջում է «բարություն սիրել» (Միքիա 6։8

Արևելյան մի ասացվածք ասում է. «Մի բարի խոսքը կարող է ձմռան երեք ամիսները տաքացնել»։ Փոքր բարությունն անգամ կարող է մեծ ազդեցություն թողնել։ Եթե բարությունը ճիշտ մղումներով ենք դրսևորում, հատկապես Աստծու սիրուց մղված, այն կարող է ջերմացնել բոլորի սրտերը։ Նույնիսկ երբ մարդիկ չեն գնահատում քո արած բարությունը, մի՛ մտածիր, որ այն իզուր է։ Աստված այն շատ է գնահատում։ Աստվածաշունչը վստահեցնում է, որ երբ ուրիշներին բարություն ենք անում, կարծես «Եհովային պարտք ենք տալիս» (Առակներ 19։17)։ Ուստի որքա՜ն լավ կլինի առիթներ փնտրել մարդկանց հանդեպ բարություն ցուցաբերելու համար։