Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐ 2012

 Մոտեցեք Աստծուն

«Ազգերը պիտի իմանան, որ ես Եհովան եմ»

«Ազգերը պիտի իմանան, որ ես Եհովան եմ»

Ի՞ՆՉ կզգայիր, եթե քեզ մեղադրեին մի հանցագործության մեջ, որը դու չես արել, և իմանայիր, որ այդ հանցագործության պատճառով տառապում են շատ անմեղ մարդիկ։ Անկասկած, դու կուզեիր ապացուցել քո անմեղությունը։ Այսօր շատերը սխալմամբ Աստծուն են մեղադրում աշխարհում տիրող անարդարության և տառապանքի համար։ Եհովան ցանկանո՞ւմ է մաքրել իր անունը այդ զրպարտությունից։ Իհա՛րկե։ Տեսնենք, թե ինչ է գրված «Եզեկիել» գրքում (կարդա՛ Եզեկիել 39։7

«Այլևս թույլ չեմ տա, որ սուրբ անունս պղծվի»,— ասում է Եհովան։ Երբ մարդիկ մեղադրում են Աստծուն անարդարության համար, պղծում են նրա անունը։ Աստվածաշնչում «անուն» բառը հաճախ նշանակում է «համբավ»։ Մի աշխատության մեջ նշվում է, որ Աստծու անունը ցույց է տալիս, թե «ինչ է հայտնի նրա մասին, բացահայտում է նրա անձնավորությունը, թե ինչ հեղինակություն ու համբավ ունի»։ Իսկ ինչպե՞ս է Եհովան վերաբերվում անարդարությանը։ Նա ատում է այն և միևնույն ժամանակ կարեկցում նրանց, ովքեր անարդարության զոհ են դարձել * (Ելք 22։22–24)։ Երբ մարդիկ պնդում են, թե Աստված պատասխանատու է այն ամենի համար, ինչը իրականում ատում է, արատավորում են՝ «անարգում են [նրա] անունը» (Սաղմոս 74։10

Ուշադրություն դարձրու, որ Եհովան երկու անգամ գործածում է «իմ սուրբ անունը» արտահայտությունը (համար 7)։ Աստվածաշնչում Եհովայի անունը բազմիցս գործածվում է «սուրբ» բառի հետ։ «Սուրբ» բառը կրում է առանձին լինելու իմաստ, նշանակում է մաքրություն, անմեղություն։ Եհովայի անունը սուրբ է, քանի որ Աստված ինքն է սուրբ՝ լիովին զատված այն ամենից, ինչը անմաքուր է ու մեղքով լի։ Հասկանո՞ւմ ես, թե ինչու նրանք, ովքեր Եհովային մեղադրում են չարության համար, մեծ անարգանք են բերում նրա «սուրբ անվանը»։

Եհովան նպատակ ունի իր Թագավորության միջոցով սրբացնելու իր անունը։ Դա Աստվածաշնչի գլխավոր թեման է։ Այդ թեման ընդգծվում է «Եզեկիել» գրքում, որում պարբերաբար նշվում է հետևյալ միտքը՝ «ազգերը պիտի իմանան, որ ես Եհովան եմ» (Եզեկիել 36։23; 37։28; 38։23; 39։7)։ Ուշադրություն դարձրու, որ ազգերը չեն որոշելու՝ իմանալ, թե ոչ։ Նրանք «պիտի իմանան»։ Այլ խոսքով՝ Եհովան այնպես է անելու, որ երկրի վրա ապրող մարդիկ ընդունեն, որ ինքը Եհովան է՝ Գերիշխան Տերը, ում անունը փաստում է, որ նա սուրբ է, մաքուր և անբիծ։

Հաճախ կրկնվող այս խոստումը՝ «ազգերը պիտի իմանան, որ ես Եհովան եմ», բարի լուր է այն մարդկանց համար, ովքեր տենչում են տեսնել անարդարության ու տառապանքի վախճանը։ Եհովան շուտով կիրականացնի իր խոստումը և կմաքրի իր անունը անարգանքից։ Նա կվերացնի չարությունը և չարություն գործողներին, սակայն կենդանի կպահի այն մարդկանց, ովքեր ճանաչում ու հարգում են նրա անունը և այդ անունը կրողին (Առակներ 18։10)։ Մի՞թե սա քեզ չի մղում իմանալու, թե ինչպես կարող ես մոտենալ Եհովային՝ այն սուրբ Աստծուն, որը «սիրում է արդարությունը» (Սաղմոս 37։9–11, 28

Աստվածաշնչի ընթերցանության ծրագիր սեպտեմբեր ամսվա համար

Եզեկիել 39-48–Դանիել 1-3

^ պարբ. 4 Տե՛ս «Դիտարանի» 2008թ. նոյեմբերի 1-ի համարը՝ «Մոտեցեք Աստծուն. արդարություն սիրող Աստված» հոդվածը։