Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈՒՆԻՍ 2012

 Սովորեցրեք ձեր երեխաներին

Նա համառեց, բայց ի վերջո հնազանդվեց

Նա համառեց, բայց ի վերջո հնազանդվեց

ԵՐԲԵՎԷ եղե՞լ է, որ համառես և չուզենաս հնազանդվել։~ * Գուցե հեռուստատեսությամբ դիտել ես այնպիսի հաղորդում, որը հայրիկդ կամ մայրիկդ արգելել են դիտել։ Հետո, երբ մտածել ես այդ մասին, ափսոսել ես, որ չես հնազանդվել նրանց։ Նեեման անունով մի մարդ, որն ապրել է մեզնից 3000 տարի առաջ, նույնպես սկզբում չէր ուզում հնազանդվել։ Եկ տեսնենք, թե ինչպես եղավ, որ նա ի վերջո հնազանդվեց։

Նեեմանը ասորական բանակի գլխավոր հրամանատարներից է։ Նա զինվորներին հրամաններ է տալիս, իսկ նրանք իրեն հնազանդվում են։ Այնպես է լինում, որ Նեեմանը մի սարսափելի մաշկային հիվանդություն է ստանում, որը կոչվում է բորոտություն։ Այս հիվանդության պատճառով Նեեմանը ահավոր տեսք ունի, բացի այդ, հիվանդությունը հավանաբար նրան շատ ցավ է պատճառում։

Նեեմանի կինը մի աղջիկ ծառա ունի, որն իսրայելացի է։ Մի օր այդ փոքրիկ աղջիկը իր տիրուհուն պատմում է Եղիսե անունով մի մարգարեի մասին, որն ապրում է իր հայրենիքում։ Նա ասում է, որ այդ մարդը կարող է բուժել իր տեր Նեեմանին։ Երբ Նեեմանը լսում է այդ մասին, որոշում է անմիջապես գնալ Եղիսեի մոտ։ Նա մեծաքանակ նվերներով զինվորների հետ ճանապարհ է ընկնում դեպի Իսրայել։ Հրամանատարը գնում է Իսրայելի թագավորի մոտ, որպեսզի տեղեկացնի նրան, թե ինչու է եկել։

Եղիսեն լսում է այս մասին և լուր է տալիս թագավորին, որ Նեեմանին ուղարկի իր մոտ։ Երբ Նեեմանը գալիս է, Եղիսեն պատգամաբեր է ուղարկում  և ասում, որ յոթ անգամ ընկղմվի Հորդանան գետում։ Մարգարեն ասում է, որ եթե Նեեմանն այդպես անի, կբուժվի։ Քո կարծիքով՝ ի՞նչ է այդ պահին զգում Նեեմանը։~ 

Նա բարկանում է, համառում և հրաժարվում հնազանդվել Աստծու մարգարեին։ Նեեմանն իր զինվորներին ասում է. «Մեր երկրում ավելի լավ գետեր կան, որտեղ կարելի է սուզվել»։ Նա շրջվում է և ուզում է հեռանալ։ Գիտե՞ս՝ ինչ են ասում նրան զինվորները։~ «Եթե մարգարեն քեզ մի դժվար բան ասած լիներ, չէի՞ր անելու։ Ինչո՞ւ չես ուզում հնազանդվել, երբ նա մի պարզ բան է ասում, որ անես»։

Նեեմանը լսում է զինվորներին և անում նրանց ասածի պես։ Վեց անգամ ընկղմվում է գետի մեջ։ Յոթերորդ անգամից հետո Նեեմանը ապշում է. հիվանդությունը չքացե՛լ է։ Նա առո՛ղջ է։ Հրամանատարը անմիջապես վերադառնում է Եղիսեի մոտ՝ անցնելով 48 կիլոմետր, որպեսզի շնորհակալություն հայտնի նրան։ Նեեմանը ուզում է թանկարժեք նվերներ տալ Եղիսեին, բայց մարգարեն հրաժարվում է։

Այդ ժամանակ Նեեմանն ինքն է մի բան խնդրում Եղիսեից։ Գիտե՞ս, թե ինչ։~ «Թույլ տուր, որ երկու ջորու բեռի չափ հող տանեմ իմ երկիր»,— ասում է նա։ Իսկ գիտե՞ս, թե ինչու է Նեեմանը հող ուզում։~ Քանի որ ուզում է զոհեր մատուցել Աստծուն Նրա ժողովրդի երկրից՝ Իսրայելից բերված հողի վրա։ Հետո Նեեմանը խոստանում է, որ բացի Եհովայից ուրիշ աստվածների այլևս չի պաշտի։ Նա այլևս չի համառում և պատրաստ է հնազանդվել ճշմարիտ Աստծուն։

Ի՞նչ ես սովորում Նեեմանից։~ Կամակոր մարդը կարո՛ղ է փոխվել։ Դրա համար նա պետք է ընդունի իրեն ցույց տրվող օգնությունը։

Կարդա քո Աստվածաշնչում

^ պարբ. 3 Եթե ընթերցում ես երեխայի հետ, ալիքաձև նշանը հիշեցնում է, որ պետք է դադար տալ և խրախուսել երեխային արտահայտվել։