Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՄԱՅԻՍ 2012

 Ընտանեկան երջանկության բանալին

Վերականգնել վստահությունը

Վերականգնել վստահությունը

Ստիվ *. «Երբեք մտքովս չէր անցել, որ Ջոդին կարող է դավաճանել ինձ։ Ես լիովին կորցրի վստահությունս նրա հանդեպ։ Պարզապես չեմ կարող նկարագրել, թե որքան դժվար էր ներել նրան»։

Ջոդի. «Հասկանում եմ, թե ինչու էր Ստիվը կորցրել վստահությունն իմ հանդեպ։ Ինձնից երկար տարիներ պահանջվեցին ապացուցելու համար, որ զղջում եմ»։

ԱՄՈՒՍՆԱԿԱՆ դավաճանության դեպքում Աստվածաշունչը տուժած կողակցին հնարավորություն է տալիս որոշելու՝ ամուսնալուծվե՞լ, թե՞ ոչ * (Մատթեոս 19։ 9)։ Ստիվը որոշեց չամուսնալուծվել։ Նա և Ջոդին վճռեցին փրկել իրենց ամուսնությունը։ Բայց շուտով հասկացան, որ դա շատ ավելին է նշանակում, քան պարզապես շարունակել իրար հետ ապրել։ Ինչպե՞ս։ Վերևում բերված խոսքերից երևում է, որ Ջոդիի անհավատարմությունը վերացրեց նրանց միջև եղած վստահությունը, իսկ սա անչափ կարևոր է ամուսնական երջանկության համար։ Նրանք պետք է շատ ջանքեր թափեին փոխադարձ վստահությունը վերականգնելու համար։

Ամուսնական դավաճանությունից հետո մեծ սեպ է խրվում ամուսինների միջև։ Հատկապես ծանր կարող են լինել լուրն իմանալուց հետո առաջին մի քանի ամիսները։ Բայց թևաթափ մի եղեք. դուք կարո՛ղ եք պահպանել ձեր ամուսնությունը։ Իսկ ինչպե՞ս կարող եք վերականգնել վստահությունը միմյանց հանդեպ։ Ձեզ կարող է օգնել Աստվածաշունչը՝ իմաստուն խորհուրդների շտեմարանը։ Ուշադրություն դարձրեք հետևյալ չորս առաջարկներին։

1 Ազնիվ եղեք իրար հանդեպ։

«Հիմա, երբ արդեն ձեր վրայից հանել եք ստությունը, ամեն մեկդ ճշմարտությունը խոսեք»,— գրեց Պողոս առաքյալը (Եփեսացիներ 4։25)։ Սուտը, կես ճշմարտությունները և նույնիսկ լռությունը չեն նպաստում փոխադարձ վստահությանը։ Ուստի պետք է խոսեք անկեղծ, լինեք ազնիվ։

 Սկզբում գուցե այնքան վշտացած լինեք, որ չուզենաք քննարկել տեղի ունեցածը։ Բայց, ի վերջո, դուք պետք է բացեիբաց խոսեք այդ մասին։ Գուցեև չցանկանաք անդրադառնալ ամեն մի մանրամասնության, բայց թեմայից խուսափելը իմաստուն չէ։ «Սկզբում ինձ համար ահավոր դժվար ու տհաճ էր այդ մասին խոսելը,— ասում է Ջոդին։— Ես խորապես զղջում էի և ուզում էի իսպառ մոռանալ այդ մասին»։ Սակայն հաղորդակցվելուց փախչելը խնդիրներ է ստեղծում։ Ահա թե ինչ է ասում Ստիվը. «Քանի որ Ջոդին չէր ուզում խոսել այդ արարքի մասին, իմ սրտում շարունակում էին կասկածներ մնալ»։ Հետադարձ հայացք նետելով՝ Ջոդին խոստովանում է. «Ամուսնուս հետ այդ մասին չխոսելով՝ ես խոչընդոտում էի վերքի լավացմանը»։

Անկասկած, ամուսնական դավաճանության մասին ցանկացած խոսակցություն ցավոտ է լինում։ Դեբին, որի ամուսինը՝ Փոլը, անբարոյություն գործեց իր քարտուղարուհու հետ, ասում է. «Ես բազմաթիվ հարցեր ունեի. «Ինչպե՞ս։ Ինչո՞ւ։ Ինչի՞ մասին էին նրանք խոսում»։ Անընդհատ մտածում էի այդ մասին, էմոցիաները խեղդում էին ինձ, օրերն անցնում էին, բայց իմ մեջ ավելի շատ հարցեր էին ծագում»։ Փոլն ասում է. «Պարզ է, որ երբեմն իմ ու Դեբիի խոսակցությունը վերածվում էր թեժ վիճաբանության։ Բայց միշտ հետո ներողություն էինք խնդրում իրարից։ Այսպիսի անկեղծ զրույցները մեզ ավելի մտերմացրին»։

Ինչպե՞ս կարող ես թուլացնել լարվածությունը ձեր խոսակցություններում։ Հիշիր, որ քո գլխավոր նպատակը ոչ թե կողակցիդ պատժելն է, այլ այդ ողբերգությունից դասեր քաղելը և ամուսնական կապը ամրապնդելը։ Չուլ Սուն դավաճանեց իր կնոջը՝ Մի Յոնգին։ Ի՞նչը կարող էր նպաստել դրան։ Չուլ Սուն ասում է. «Ես հասկացա, որ չափազանց շատ եմ զբաղված եղել սեփական հետաքրքրություններով։ Նաև չափից դուրս շատ էի ձգտում հաճեցնել ուրիշներին և արդարացնել նրանց սպասելիքները։ Իմ ժամանակի մեծ մասը նրանց էի հատկացնում։ Բնականաբար, քիչ ժամանակ էր մնում կնոջս համար»։ Այսպիսի վերլուծություններն օգնեցին նրանց փոփոխություններ անելու, ինչը նպաստեց, որ ժամանակի ընթացքում ամուսնական կապն ամրանա։

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Եթե դավաճանել ես կողակցիդ, ապա արդարացումներ մի փնտրիր կամ մի մեղադրիր նրան։ Ընդունիր, որ վատ բան ես արել և ցավ ես պատճառել նրան։ Իսկ եթե դու ես տուժել, ձայնդ մի բարձրացրու կողակցիդ վրա, վիրավորական խոսքեր մի ասա։ Դրանով կմղես նրան շարունակելու անկեղծորեն խոսել քեզ հետ (Եփեսացիներ 4։32

2 Եղեք թիմակիցներ։

Աստվածաշնչում ասվում է. «Երկուսով ավելի լավ է, քան մենակ»։ Ինչո՞ւ։ «Որովհետև նրանք վարձատրություն ունեն իրենց տքնաջան աշխատանքից։ Եթե մեկն ընկնի, մյուսն իր ընկերոջը կբարձրացնի» (Ժողովող 4։9, 10)։ Այս սկզբունքը հատկապես տեղին է, երբ ամեն ինչ անում եք, որ վերականգնեք փոխադարձ վստահությունը։

Միասին դուք կարող եք վերացնել ձեր միջև եղած անվստահությունը։ Սակայն երկուսդ էլ պետք է վճռականորեն տրամադրված լինեք փրկելու ձեր ամուսնությունը։ Եթե փորձեք առանձին դա անել, ապա խնդիրները կարող են նույնիսկ շատանալ։ Դուք պետք է թիմակիցներ լինեք։

Ստիվն ու Ջոդին հասկացան, որ թիմակիցներ պիտի լինեն։ Ջոդին ասում է. «Ես ու Ստիվը գործում էինք ինչպես մեկ թիմի անդամներ՝ մեր փոխհարաբերություններն ամրացնելու համար։ Թեև շատ ժամանակ պահանջվեց մեզնից, բայց արժեր։ Ես հաստատ վճռել էի այլևս երբեք նրան ցավ չպատճառել։ Թեև Ստիվի սիրտը դեռ ցավից մղկտում էր, նա որոշեց թույլ չտալ մեր ամուսնության փլուզումը։ Ամեն օր փնտրում էի կերպեր, որ նրան հավաստիացնեմ իմ հավատարմության մեջ, իսկ նա շարունակում էր սիրել ինձ։ Սրա համար ես միշտ երախտապարտ կլինեմ նրան»։

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Վճռեք գործել ինչպես մեկ թիմ։

3 Հին սովորությունները փոխարինեք նորերով։

Հիսուսը իր ունկնդիրներին զգուշացրեց շնության մասին և հետո խորհուրդ տվեց. «Ուրեմն եթե քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր այն ու մի կողմ գցիր» (Մատթեոս 5։27–29)։ Եթե կողակիցդ քեզ դավաճանել է, կարո՞ղ ես հանուն ամուսնության փրկության «հանել ու մի կողմ գցել» որոշ գործեր կամ մտքեր։

 Ակնհայտ է, որ անհավատարիմ կողակիցը պետք է վերջ դնի ցանկացած շփման, որ կարող է լինել այն մարդու հետ, ում հետ դավաճանել է իր կողակցին * (Առակներ 6։32; 1 Կորնթացիներ 15։33)։ Փոլը, որի մասին հիշատակվեց վերևում, փոխեց աշխատանքի գրաֆիկը և բջջային հեռախոսի համարը, որպեսզի նախկին «ընկերուհու» հետ կապ չունենա։ Սակայն նրան չհաջողվեց խզել բոլոր կապերը, և քանի որ վճռել էր վերականգնել կնոջ վստահությունն իր հանդեպ, փոխեց աշխատանքը, նաև հրաժարվեց սեփական բջջային հեռախոսից, իսկ երբ անհրաժեշտ էր զանգահարել որևէ մեկին, օգտվում էր կնոջ հեռախոսից։ Այս ամենը, ինչ խոսք, անհարմարություններ ստեղծեց, բայց դա պետք էր։ Նրա կինը՝ Դեբին, ասում է. «Անցել է արդեն վեց տարի, բայց երբեմն անհանգստանում եմ, որ այդ կինը կարող է փորձել կապ հաստատել։ Սակայն հիմա վստահ եմ, որ Փոլն այլևս չի տրվի գայթակղությանը»։

Թերևս հարկ լինի, որ անհավատարիմ կողակիցը փոփոխություններ մտցնի իր մտածելակերպի և վարվելակերպի մեջ։ Օրինակ՝ գուցե հակված ես ֆլիրտ անելու կամ էլ այդպիսի տպավորություն ես թողնում կամ երևակայում ես ռոմանտիկ փոխհարաբերություններ ինչ-որ մեկի հետ։ Եթե այդպես է, ապա «հանիր քո վրայից հին անձնավորությունը իր գործերով»։ Հին սովորությունները փոխարինիր նորերով, որպեսզի կողակցիդ վստահությունը քո հանդեպ մեծանա (Կողոսացիներ 3։9, 10)։ Դժվարանո՞ւմ ես ջերմ զգացմունքներ արտահայտել կողակցիդ հանդեպ քո դաստիարակության պատճառով։ Եթե այո, միևնույն է, պետք է ջանք թափես, որ նրան հավաստիացնես քո սիրո մեջ։ Ստիվը հիշում է. «Ջոդին հաճախ էր ձեռքի հպումով ցույց տալիս իր գորովանքը։ Միշտ ասում էր, որ ինձ սիրում է»։

Լավ կլինի՝ մի որոշ ժամանակ կողակցիդ պատմես բոլոր այն բաները, որ տեղի են ունենում քեզ հետ օրվա ընթացքում։ Մի Յոնգը, որի մասին հիշատակվեց վերևում, ասում է. «Չուլ Սուն, ցանկանալով ցույց տալ, որ ոչինչ չի թաքցնում ինձնից, պատմում էր օրվա ընթացքում տեղի ունեցած բոլոր դեպքերը, նույնիսկ ոչ էական բաները»։

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Իրար հարցրեք, թե ինչ է անհրաժեշտ փոխադարձ վստահությունը վերականգնելու համար։ Գրի առեք այդ քայլերը ու կիրառեք։ Նաև ժամանակ հատկացրեք միասին որևէ բան անելուն։

4 Ժամանակ է հարկավոր։

Մի շտապիր եզրակացնել, որ արդեն ժամանակն է ապրելու առաջվա պես։ Առակներ 21։5-ը զգուշացնում է. «Ամեն շտապող կարիքի մեջ կընկնի»։ Ժամանակ է անհրաժեշտ, գուցեև տարիներ, փոխադարձ վստահությունը վերականգնելու համար։

Ժամանակ է անհրաժեշտ նաև կողակցին լիովին ներելու համար։ Մի Յոնգը հիշում է. «Ես միշտ մտածել եմ, որ տարօրինակ է, երբ կինը չի կարողանում ներել անհավատարիմ կողակցին։ Չէի հասկանում, թե ինչու է նա երկար ժամանակ բարկացած մնում։ Բայց երբ ամուսինս դավաճանեց ինձ, հասկացա, թե ինչու է ներելը դժվար»։ Այո՛, ժամանակ է պետք ներելու և վստահելու համար։

Այդուհանդերձ, Ժողովող 3։1–3 համարներում ասվում է, որ «ամեն ինչ իր ժամանակն ունի», և կա «բուժելու ժամանակ»։ Սկզբում գուցե մտածես, որ ցավերդ չշատացնելու համար լավ կլինի մտերմիկ զրույցներ չունենաս կողակցիդ հետ։ Բայց եթե այդպես երկար տևի, ապա դա չի նպաստի վստահության վերականգնմանը։ Որպեսզի «բուժես» ձեր հարաբերությունները, պետք է ներես կողակցիդ և արտահայտես ներումդ՝ նրա հետ խոսելով խորին զգացումներիդ մասին։ Հորդորիր նրան, որ ինքն էլ իր սիրտը բացի քո առջև։

Դառնացած մի մնա։ Ձգտիր բարկությունը հանել քո միջից (Եփեսացիներ 4։32)։ Աստծու օրինակի շուրջ մտածելը կարող է օգտակար լինել։ Նա խորապես վիրավորվեց, երբ իր երկրպագուները՝ հին իսրայելացիները, երես դարձրին իրենից։ Եհովա Աստված նույնիսկ իրեն համեմատեց դավաճանված կողակցի հետ (Երեմիա 3։8, 9; 9։2)։ Բայց նա «հավիտյան բարկացած չմնաց» (Երեմիա 3։12)։ Երբ իր ժողովուրդը անկեղծորեն զղջաց, նա ներեց։

 Երբ երկուսդ էլ համարեք, որ անհրաժեշտ փոփոխություններն արել եք, ապա փոխադարձ վստահություն կունենաք։ Այժմ, բացի ամուսնությունը փրկելու նպատակից, կարող եք կենտրոնանալ նաև ուրիշ նպատակների վրա։ Այդուհանդերձ, պարբերաբար ստուգեք ձեր առաջընթացը։ Ինքնագոհ մի դարձեք։ Մանր խնդիրներ կլինեն, բայց մի թողեք դրանք չլուծված։ Հավաստիացրեք միմյանց հավատարմության մեջ (Գաղատացիներ 6։9

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Ստեղծիր նոր և ավելի ամուր փոխհարաբերություններ և մի կենտրոնացիր ձեր նախկին հարաբերությունների վրա։

Դուք կարո՛ղ եք փրկել ձեր ամուսնությունը

Երբեմն գուցե անորոշության մեջ լինես՝ կստացվի, թե ոչ։ Հիշիր՝ Աստված է ամուսնության հիմնադիրը (Մատթեոս 19։4–6)։ Նրա օգնությամբ դուք հաջողության կհասնեք։ Հոդվածում հիշատակված բոլոր զույգերը կիրառեցին Աստվածաշնչի խորհուրդները և փրկեցին իրենց ամուսնությունը։

Ավելի քան 20 տարի է անցել այն ժամանակից, երբ Ստիվի ու Ջոդիի ամուսնությունը քայքայման եզրին էր։ Ստիվն ասում է, թե ինչպես իրենք փրկեցին իրենց միությունը. «Մեր փոխհարաբերություններում էական առաջընթաց եղավ այն բանից հետո, երբ սկսեցինք Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ Այս ամենի շնորհիվ կարողացանք հաղթահարել այդ ծանր ժամանակները»։ Ջոդին ասում է. «Անչափ ուրախ եմ, որ կարողացանք տոկալ այդ սարսափելի ժամանակներում։ Միասին Աստվածաշունչ ուսումնասիրելով և ահռելի ջանքեր գործադրելով՝ վերջապես հասանք մեր նպատակին. մեր ամուսնությունը փրկվեց»։

^ պարբ. 3 Անունները փոխված են։

^ պարբ. 5 Այդպիսի որոշում կայացնելու համար օգտակար կլինի անդրադառնալ «Արթնացե՛ք»-ի 1999թ. ապրիլի 22-ի (էջ 6, անգլ., ռուս.) և 1995թ. օգոստոսի 8-ի համարներին (էջ 10, 11, անգլ., ռուս.)։

^ պարբ. 17 Եթե միառժամանակ հնարավոր չէ խուսափել շփումից (օրինակ՝ աշխատանքի պատճառով), ապա այդ շփումը պետք է լինի միայն ու միայն ծայրահեղ դեպքում։ Հաղորդակցվիր ուրիշների ներկայությամբ։ Կողակցիդ պատմիր նրա հետ ունեցած բոլոր առնչությունների մասին։

ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ

  • Ինչո՞ւ որոշեցի պահպանել մեր ամուսնությունը։

  • Ի՞նչ դրական հատկություններ եմ տեսնում կողակցիս մեջ։

  • Ինչպե՞ս էի նախքան ամուսնանալս նրա հանդեպ ամենափոքր առիթներով անգամ սեր արտահայտում և ինչպե՞ս կարող եմ դա անել նորից։

 

Իմացիր ավելին

Ինչպե՞ս ընտանեկան կյանքը երջանիկ դարձնել

Սիրելու հարցում Հիսուսին պետք է ընդօրինակեն ամուսինները, կանայք, ծնողները և երեխաները։ Ի՞նչ ենք սովորում նրանից։?